Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 27-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2022
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.02.2022
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
10.02.2022
Дата вступления в силу
25.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

08 փետրվարի 2022 թվականի

թիվ 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել քրաուդֆանդինգի ծառայությունների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունների շրջանակը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 83-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի ««Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1- 28.6-րդ կետերով.

«28.1. Ի լրումն սույն կանոնակարգի 27-րդ և 28-րդ կետով սահմանված տեղեկատվության, քրաուդֆանդինգի ծառայությունների մասին ներկայացվում են սույն կանոնակարգի 28.2-րդ և 28.3-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

28.2. Ի լրումն ներդրումային ծառայություններ մատուցող անձանց համար սույն կանոնակարգով սահմանված տեղեկությունների, քրաուդֆանդինգի հարթակի օպերատորի կողմից ներկայացվում է առնվազն.

1) հայտարարություն առ այն, որ քրաուդֆանդինգի հարթակի միջոցով առաջարկվող արժեթղթերում ներդրումները կարող են պարունակել զգալի ռիսկեր և կարող են հանգեցնել ներդրված գումարի ամբողջությամբ կամ մասնակի կորստի,

2) տեղեկատվություն առ այն, որ ներդրողը պետք է մանրամասն ծանոթանա քրաուդֆանդինգի առաջարկի հետ կապված փաստաթղթերին և այլ տեղեկություններին՝ իրազեկ որոշում կայացնելու համար,

3) տեղեկատվություն ոչ պրոֆեսիոնալ հաճախորդ հանդիսացող ներդրողների համար մտածելու ժամանակի առկայության (բացակայության), դրա տևողության և այլ մանրամասների մասին,

4) ներդրողի կողմից ներդրման առավելագույն կամ նվազագույն գումարի սահմանափակումների կամ դրանց բացակայության մասին տեղեկատվություն։

 28.3. Քրաուդֆանդինգի հարթակում՝ յուրաքանչյուր թողարկողի էջում, առնվազն ներկայացվում է հետևյալ տեղեկատվությունը.

1) թողարկողի վերաբերյալ տեղեկություններ՝ թողարկողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում անունը, ազգանունը),

2) թողարկողի գտնվելու վայրը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում պետական հաշվառման համարը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն), կապի միջոցները (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար),

3) նախագծի հակիրճ նկարագիրը, այդ թվում՝ նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ նպատակային գումարի մեծությունը (միաժամանակ նվազագույն և առավելագույն նպատակային գումար նախատեսված լինելու դեպքում՝ նվազագույն և առավելագույն նպատակային գումարը), ֆինանսավորման ներգրավման նպատակը, նախագծին առնչվող հիմնական ռիսկերի նկարագիրը,

4) նախագծի գովազդը (առկայության դեպքում), որը պետք է համապատասխանի «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ով սահմանված պահանջներին,

5) նախագծի ֆինանսավորման համար թողարկվող արժեթղթի տեսակը, դասը, տեղաբաշխման գինը,

6) մշտապես թարմացվող տեղեկատվություն առ այն, թե նախագծի համար որքան ներդրում է կատարվել, այդ թվում՝ մտածելու ժամանակի ընթացում չեղյալ չհամարված հայտերի հիման վրա,

7) քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ ամփոփ փաստաթուղթը,

8) թողարկողի գործարար ծրագիրը,

9) թողարկողի վերջին հաշվետու ֆինանսական տարվա տարեկան հաշվետվությունները (առկայության դեպքում), իսկ 1 տարուց պակաս գործունեություն ծավալած թողարկողի դեպքում հաշվետվությունները ներկայացվում են թողարկողի գործունեության ողջ ժամանակահատվածի համար, անհատ ձեռնարկատեր հանդիսացող թողարկողի դեպքում` ֆինանսական վիճակը բնութագրող էական ցուցանիշների հակիրճ նկարագրությունը,

10) թողարկողին և նրա կողմից տվյալ քրաուդֆանդինգի հարթակում հրապարակվող քրաուդֆանդինգի առաջարկին առնչվող այլ տեղեկություններ:

28.4. Քրաուդֆանդինգի առաջարկի ավարտից հետո թողարկողի անձնական էջում պահպանվում է քրաուդֆանդինգի առաջարկի վերաբերյալ հրապարակված ողջ տեղեկատվությունը հաշվի գործողության ողջ ընթացքում:

28.5. Քրաուդֆանդինգի հարթակում՝ յուրաքանչյուր ներդրողի անձնական էջում, ներկայացվում է առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

1) տեղեկատվություն ներդրողի պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կարգավիճակի վերաբերյալ,

2) ներկայացված հայտերի, ինչպես նաև կատարված ներդրումների պատմությունը:

28.6. Սույն կանոնակարգի 28.1-28.5-րդ կետերում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում կիրառվող նշանակությունը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. փետրվարի 10

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: