ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2022 թվականի N 353-Ն
«ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 273.210.03427, հասցեն՝ քաղ. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց, 28 շենք, 3 շինություն) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.01305, հասցեն՝ քաղ. Երևան, Կենտրոն, Իսահակյան փողոց, 1 շենք):
2. Սահմանել, որ՝
1) «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում ապահովել գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաև «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 419 որոշման՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության համերգային կազմակերպությունների ցանկի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության 2018 թվականի հուլիսի 17-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 134/0018 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
24.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մարտի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|