Գլխավոր տեղեկություն
Номер
N 332-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 18.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.03.2022
Дата вступления в силу
19.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2022 թվականի N 332-Լ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-169-22.02.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-169-22.02.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 305-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

Նախագծով նախատեսվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով» նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի 70 տոկոսը, իսկ օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ և 170.3-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի 50 տոկոսը, տուգանք նշանակելու մասին որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում վճարելու դեպքում, իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքը համարվելու է ամբողջությամբ մուծված:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է մի կողմից վարչարարության բարելավման պետության պոզիտիվ պարտականությունից, մյուս կողմից՝ քաղաքացիների օրինաչափ վարքագիծ դրսևորելու պարտականությունից:

Պայմանավորված իրավախախտումների առանձնահատկություններով՝ նախագծով տարբեր իրավախախտումների համար սահմանվում են տարբեր արտոնություններ՝ կապված իրավախախտման համար տուգանքը սահմանված ժամկետի ավարտից շուտ վճարելու փաստով:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել քաղաքացիների կողմից տուգանքները ժամանակին վճարելու պատրաստակամությունը՝ իջեցնելով տուգանքի չափը օրինապահ քաղաքացիների համար:

Միաժամանակ, ներկայացված նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբեռնաթափվեն վարչական մարմինները, կնվազեն նրանց կողմից օգտագործվող միջոցները, քանզի վարչական ակտի բողոքարկման համար վճարվող պետական տուրքը որոշ դեպքերում գրեթե հավասար է լինում 10-օրյա ժամկետում տուգանքի մուծման չափին, մյուս կողմից՝ կթեթևանա վարչական դատարանների գերծանրաբեռնված վիճակը, ինչպես նաև քաղաքացիները կազատվեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

Նախագծով առանձնացվել են մի քանի իրավախախտումներ, որոնց դեպքում արտոնության հնարավորությունն առավել է և տալիս է կիսով չափ վճարման ենթակա գումարը նվազեցնելու հնարավորություն, ինչը պայմանավորված է այդ իրավախախտումների առանձնահատկություններով և տեսակով: Մյուս իրավախախտումների համար առաջարկվում է տուգանքի 30 տոկոսի չափով պակաս վճարելու արտոնության սահմանում: Տվյալ արտոնություններից օգտվելու պայման է նախագծով առաջարկվող ժամկետում սահմանված տուգանքների վճարումը:

Հարկ է նշել նաև, որ ոչ սթափ վիճակում կատարված իրավախախտումների նկատմամբ նախագծով նախատեսվող արտոնությունները չեն տարածվելու:

Նախագծի վերաբերյալ առկա են հետևյալ դիտարկումները:

Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 305-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքի չափի յոթանասուն տոկոսը տուգանք նշանակելու որոշումը վարչական իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը համարվում է ամբողջությամբ մուծված՝ բացառությամբ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասով նախատեսված դեպքերի:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումները միմյանցից էականորեն տարբերվող բովանդակություն ունեցող արարքներ են և ունեն վտանգավորության տարբեր աստիճաններ, ուստի օրենսգրքով նախատեսված բոլոր վարչական իրավախախտումների համար նույն՝ տուգանքի չափի յոթանասուն տոկոս դրույքաչափ նախատեսելը խնդրահարույց է: Այս համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 305-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսվող որոշ վարչական իրավախախտումներ կապված են առավել վտանգի աղբյուրի՝ տրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում իրավախախտումների կատարման հետ, որոնց համար նախատեսված են առավել խիստ սանկցիաներ, որն իրավաչափ է և բխում է վարչական պատասխանատվության տրամաբանությունից:

Ներկայացված տեքստով նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի իրավախախտումների թվի ավելացմանը, ինչպես նաև կանխարգելիչ և դաստիարակչական գործառույթի բովանդակազրկմանը կամ անհիմն թուլացմանը:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագծով նախատեսված իրավական կարգավորումների իրացման համար հստակ կառուցակարգեր սահմանված չեն, որոնք հնարավոր կդարձնեն դրանց արդյունավետ և նպատակային կիրառումը:

Անդրադառնալով նախագծի հիմնավորվածությանը՝ հարկ է նշել, որ այն հնարավորություն չի տալիս գնահատելու նախագծով նախատեսվող իրավական կարգավորումների գործնական անհրաժեշտությունը, քանի որ պարզ չէ, թե ինչ ուսումնասիրությունների կամ վերլուծությունների հիման վրա է նախագծի հեղինակը եկել այն եզրահանգման, որ նման կարգավորումների առկայության պարագայում էականորեն կբեռնաթափվեն վարչական մարմինները, կնվազեն նրանց կողմից օգտագործվող միջոցները, կբարձրանա քաղաքացիների կողմից տուգանքները ժամանակին վճարելու պատրաստակամությունը, ինչպես նաև չի ներկայացվել որևէ տեղեկատվություն, որը հավաստում է, որ իրականացվել են վիճակագրական վերլուծություններ վարչական վարույթների ավելացման, ինչպես նաև տուգանքների չվճարման պատճառների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ գանձված գումարների տոկոսների համեմատական արտահայտությամբ 2021 թվականին գանձման ենթակա գումարներից չի գանձվել 30%, 2020 թվականին գանձման ենթակա գումարներից չի գանձվել 25%, իսկ 2019 թվականին` 26% գումար կամ միջինացված ցուցանիշով յուրաքանչյուր տարի գանձվել է ընդհանուր գումարի 70-75%-ը։

Այս առումով հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծը և դրան կից ներկայացված հիմնավորումը հնարավորություն չեն տալիս գնահատելու նախագծով կատարվող փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը կնախաձեռնի համապարփակ ուսումնասիրություն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում անձի նկատմամբ նշանակված տուգանքի առավել սեղմ ժամկետում վճարման հետ կապված խրախուսական նորմեր նախատեսելու հարցի վերաբերյալ՝ վերլուծելով նաև վիճակագրական տվյալները և որից հետո, ըստ անհրաժեշտության՝ կախված ուսումնասիրության արդյունքներից, հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան