ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2022 թվականի N 111-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-130-07.01.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
03.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-130-07.01.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտողություններն ու առաջարկությունները՝
1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «10» թիվը փոխարինել «25»թվով, իսկ 2-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տասը» բառը փոխարինել «քսանհինգ» բառով:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով ծախս են համարվում նաև բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև 10 տոկոսին ծառայության մատուցման հետ կապված ծախսերը՝ անկախ այդ ծառայությունների դիմաց ուսանողների կողմից հատուցում կատարվելու հանգամանքից:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի համաձայն՝ հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսի՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ուսման վարձի փոխհատուցման գումարները:
Հարկ է նշել, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով իրենց միջոցների հաշվին ըստ առաջադիմության փոխհատուցում են վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձը՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած՝ մասնագիտություններին հատկացված տեղերի քանակի:», իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ պարբերությամբ սահմանված է, որ «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:»:
Միաժամանակ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:
Վերոնշյալի կապակցությամբ գտնում ենք, որ շահութահարկով և եկամտային հարկով հարկման բազաների կրճատման հաշվին բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու համակարգի երկարաժամկետ կիրառությունն ինքնին, իսկ քննարկվող նախագծի պարագայում՝ այդ համակարգի կիրառության շրջանակի ընդլայնման նպատակահարմարությունը լրացուցիչ քննարկման և հիմնավորման կարիք ունեն։ Մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ ներկայում առկա չեն շահառու համարվող ուսանողներին հասցեական աջակցության այլ գործիքներ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է ժամանակավոր լուծում՝ առաջարկում ենք քննարկել աջակցության գործիքի սահմանաչափն ուսանողական համակազմի մինչև 25 տոկոսի փոխարեն սահմանել մինչև 20 տոկոս՝ ակնկալելով, որ մինչև նախագծով առաջարկվող միջանկյալ ժամանակահատվածի ավարտը կներդրվեն հասցեական աջակցության այլ գործիքներ և Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգավորումներն ուժը կորցրած կճանաչվեն։
Միևնույն ժամանակ, առաջարկում ենք նախագծի 3-րդ հոդվածը վերախմբագրել՝ սահմանելով, որ նախագծով առաջարկվող կարգավորումները, ինչպես նաև մինչև նախագծի ուժի մեջ մտնելը գործող՝ Հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված կարգավորումները գործում են մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը՝ հաշվի առնելով, որ նշված ամսաթվին ավարտվում է կիրառության համար նախատեսվող վերջին՝ 2023-2024 թթ․ ուսումնական տարին։
2. Միաժամանակ, նախատեսվող փոփոխության ընդունման դեպքում կառաջանան անհամապատասխանություններ վերոնշյալ օրենքների և օրենսգրքի նշված դրույթների միջև: Այս առումով գտնում ենք, որ նախագծում նախատեսված փոփոխություններն անհրաժեշտ է նախատեսել «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքների համապատասխան դրույթներում, որից հետո առաջարկվող կարգավորումները նախատեսել օրենսգրքում:
3. Միևնույն ժամանակ, նախագծի վերնագիրն անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագիծը լրամշակման կարիք ունի: