ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ք. Երևան 20 դեկտեմբերի 2021 թ. |
ԲԴԽ-101-Ո-Կ-27 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՇԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
|
մասնակցությամբ՝ |
|
անդամներ |
Գ. Բեքմեզյանի, |
Դ. Խաչատուրյանի, | |
Մ. Մակյանի, | |
Լ. Մելիքջանյանի, | |
Ա. Մխիթարյանի, | |
Ս. Չիչոյանի, | |
Վ. Քոչարյանի, | |
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և |
Դ. Հակոբյանի, |
Վարչական դատարանի դատավոր |
Ա. Ալավերդյանի, |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի նոյեմբերի 18-ի N-Կ-14/2021 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) կողմից 07.07.2021 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ներկայացված Վարչական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Արշակ Ալավերդյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:
Հանձնաժողովի 07.09․2021 թվականի N-Կ-14/2021 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Հանձնաժողովի 18.11․2021 թվականի N-Կ-14/2021 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Հանձնաժողովը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի, 84-րդ հոդվածի, 114-րդ հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի մինչև 28.05.2021 թվականը գործող խմբագրությամբ 6-րդ մասի, 7-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը հանդիսանում է անձի դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մասը:
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն դատավարության ընթացքի և դատական ակտի օրինականության ու հիմնավորվածության միջև։
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս նշել է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ։
Ողջամիտ ժամկետի էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից։
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 18.06.2019 թվականի թիվ ՍԴՈ-1464 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ Հանձնաժողովը նշել է, որ վարչական դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի գործը ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու, այդ թվում` գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու և այն դատավարության մասնակիցներին հանձնելու ուղղությամբ: Ընդ որում, Օրենսգրքով նախատեսվել է սահմանված ժամկետում, այն է` գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակելուց անմիջապես հետո դատավարության մասնակիցներին հանձնելու, իսկ դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայության դեպքում դատական ակտը հրապարակման կամ հաջորդող օրը վերջինիս ուղարկելու դատարանի պարտականությունը:
Միաժամանակ, ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պետք է զերծ մնա դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության, անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, ինչպես նաև այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը: Ընդ որում, տևական ժամանակ վճռի օրինակը չուղարկելու արդյունքում՝ խախտվում է նաև գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը, քանի որ հետագայում դա անդրադառնում է գործի՝ ընդհանուր առմամբ բոլոր ատյաններում քննության ժամկետի վրա, արդյունքում՝ վճռի հասցեատերերը չեն ստանում ժամանակին հայցվող արդարադատության արդյունքը՝ վերջնական դատական ակտը:
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերի համաձայն՝ թիվ ՎԴ6/0206/05/12 վարչական գործով հայցադիմումը Դատարան ներկայացվել է 25.05.2012 թվականին, հայցադիմումն ընդունվել է վարույթ 31․05․2012 թվականին, և գործը քննվել է շուրջ 8 տարի:
Գործի քննության ընթացքում 2012 թվականին կայացել է 1 դատական նիստ, 2013 թվականին՝ 2 դատական նիստ, 2014 թվականին՝ 1, 2015-2018 թվականին կայացել է 3-ական դատական նիստ և 2 դատական նիստ է կայացել 2019 թվականի ընթացքում: Այնուհետև, 27.08.2019 թվականին նշանակվել է վճիռ հրապարակելու օր, սակայն գործի քննությունը վերսկսվել է:
07․05․2020 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն, առնվազն մինչև Կազմակերպության կողմից հաղորդում ներկայացվելու օրը՝ 07.07.2021 թվականը, վճիռը դատավարության մասնակիցներին չի ուղարկվել: Իսկ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում վճիռը տեղադրվել է 25.09.2021 թվականին: Ընդ որում, գործի քննության ընթացքը չի կասեցվել:
Միաժամանակ թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործով հայցադիմումը Դատարան ներկայացվել է 15.05.2012 թվականին, այն վարույթ է ընդունվել 22․05․2012 թվականին, և գործը քննվել է մինչև 2020 թվականը:
Գործի քննության ընթացքում 2012 թվականին կայացել է 1 դատական նիստ, 2013 թվականին՝ 2 դատական նիստ, 2014 թվականին՝ 1 դատական նիստ, 2015-2018 թվականների ընթացքում՝ 3-ական դատական նիստ, իսկ 2019 թվականին՝ 2 դատական նիստ: 27.08.2019 թվականին նշանակվել է վճիռ հրապարակելու օր, սակայն գործի քննությունը վերսկսվել։ 07․05․2020 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն, առնվազն մինչև Կազմակերպության կողմից հաղորդում ներկայացվելու օրը՝ 07.07.2021 թվականը, վճիռը դատավարության մասնակիցներին չի ուղարկվել: Իսկ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում վճիռը տեղադրվել է 25.09.2021 թվականին: Ընդ որում, գործի քննության ընթացքը չի կասեցվել:
Վերոգրյալի հիման վրա՝ Հանձնաժողովը գտել է, որ Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանը, միևնույն հայցվորի մասնակցությամբ թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերը վերևում ներկայացված դատական նիստերի հաճախականությամբ քննելով շուրջ 8 տարի, խախտել է ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքը, և վճիռները հրապարակելուց հետո, Օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետներում դատավարության մասնակիցներին չհանձնելով, խախտել է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետի պահանջները, քանի որ նշված վարչական գործերը շուրջ 8 տարի քննելով և կայացրած վճիռները հրապարակելուց հետո տևական ժամանակ չուղարկելով դրանք դատավարության մասնակիցներին՝ իր իրավասությանը վերապահված հարցը մինչև հաղորդում ներկայացնելու պահը փաստացի չի լուծել, դրսևորել է դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ, խախտել է գործը ողջամիտ ժամկետում քննելու սկզբունքը, վտանգել, կասկածի տակ է առել դատավորի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև վնաս հասցրել արդարադատության շահերին: Ընդ որում՝ վճիռները դատավարության մասնակիցներին չեն հանձնվել տևական ժամանակ, այն է՝ առնվազն 1 տարի 2 ամիս (հաշվարկված հաղորդումը ներկայացնելու պահից)։
Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ վարչական գործերի քննության տևողության ողջամտությունը որոշելիս Հանձնաժողովը Օրենքի 9-րդ հոդվածով սահմանված չափանիշների համատեքստում հաշվի է առել այն հանգամանքը, որ Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ չի հիմնավորվել, որ նշված գործերի քննության տևողությունը պայմանավորված է եղել գործի հանգամանքներով, ներառյալ` իրավական և փաստական բարդությամբ, վարույթի մասնակիցների վարքագծով։
Ինչպես նաև բացատրությամբ Դատավորը չի հիմնավորել նաև այն հանգամանքը, որ ձեռնարկել է անհրաժեշտ և բավարար դատավարական գործողություններ հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար։
Անդրադառնալով նախորդ տարիների ընթացքում աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ Դատավորի փաստարկներին՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված վիճակագրության տվյալներից, փաստերից ակնհայտ է, որ նախորդ տարիների ընթացքում Դատավորի ծանրաբեռնվածությամբ, հաշվի առնելով վերջինիս վարույթում քննվող և ավարտված վարչական գործերի քանակը, ողջամտորեն չի կարող հիմնավորվել վերոնշյալ վարչական գործերից յուրաքանչյուրի քննության տևողությունը և տևական ժամանակով դատավարության մասնակիցներին վերոնշյալ երկու վարչական գործերով վճիռները չհանձնելու անգործությունը՝ հատկապես հաշվի առնելով հիշյալ գործերով թույլ տրված կետանցի ժամանակահատվածն ու բուն գործի ըստ էության քննության տևողությունը:
Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ 14.12.2020 թվականի թիվ ԲԴԽ-81-Ո-178 որոշմամբ իր անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 15.12.2020-15.03.2021թթ. ներառյալ, ապա Հանձնաժողովն արձանագրել է, որ հաշվի առնելով թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերի քննության ժամանակահատվածները և այդ գործերով վճիռների հրապարակման ժամանակը, 15.12.2020-15.03.2021թթ. ներառյալ Դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու հանգամանքը տվյալ դեպքում էական նշանակություն ունենալ չի կարող։
Ավելին՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումներն նշված ժամանակահատվածում չվերացնելու հանգամանքը Հանձնաժողովը գնահատում է ի վնաս Դատավորի վկայող հանգամանք՝ հաշվի առնելով ԲԴԽ որոշման նպատակները, հիմնականում՝ ազատվել առկա ծանրաբեռնվածությունից, այդ թվում՝ վերացնել ժամկետների հետ կապված հնարավոր խախտումները, այնինչ այդ ընթացքում վկայակոչված գործերով վճիռները չեն հրապարակվել և դրանք հրապարակվել են տրված արտոնության ժամանակահատվածից՝ 15.03.2021 թվականից վեց ամիս հետո:
Հանձնաժողովն արձանագրել է, որ կարգապահական վարույթի շրջանակներում ձեռք բերված նյութերով և դատավորի բացատրությունով հաստատվում է, որ այդ արարքները Դատավորը կատարել է դիտավորությամբ՝ հաշվի առնելով նաև նույն դատավորի վերաբերյալ ԲԴԽ-ի 08.02.2021 թվականի թիվ 1-Ո-Կ-01 որոշմամբ նույնանման հանգամանքների շուրջ արտահայտած իրավական դիրքորոշումները, քանի որ դատավորը լիովին գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը, ինչը հաստատվում է նաև վերջինիս բացատրություններով:
Այսպիսով, Հանձնաժողովը գտել է, որ Դատավորը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի և Օրենքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել դիտավորությամբ, ուստի Հանձնաժողովի գնահատմամբ առկա են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործով, ըստ հայցի Կազմակերպության ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ «ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին», հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 22.05.2012 թվականի որոշմամբ:
Օրենսգրքով սահմանված կարգով գործը նախապատրաստվել է դատաքննության, հրավիրվել են նախնական դատական նիստեր, որոնց ընթացքում հայցվորը հայցի հիմքերի փոփոխություններ է ներկայացրել: Նշված գործով հրավիրվել են դատաքննություններ: 16.04.2020 թվականին հրավիրված դատական նիստում, Դատարանը, ղեկավարվելով Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է՝ Դատարանի Վանաձորի նստավայրում 07.05.2020 թվականին: Նշված օրը հրավիրված դատական նիստում հրապարակվել է թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործով Դատարանի վճռի եզրափակիչ մասը, որով հայցը մերժվել է ամբողջությամբ:
Դատավորը հայտնել է նաև, որ թիվ ՎԴ6/0206/05/12 վարչական գործով, ըստ հայցի՝ Կազմակերպության ընդդեմ Վանաձորի քաղաքապետի «Վանաձորի քաղաքապետի գործողություններն (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին», հայցադիմումը վարույթ է ընդունվել՝ Դատարանի 31.05.2012 թվականի որոշմամբ:
Օրենսգրքով սահմանված կարգով գործը նախապատրաստվել է դատաքննության, հրավիրվել են նախնական դատական նիստեր: Նշված գործով հրավիրվել են դատաքննություններ, 16.04.2020 թվականին հրավիրված դատական նիստում, ՀՀ վարչական դատարանը, ղեկավարվելով Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասով, ավարտել է գործի դատաքննությունը և հայտարարել է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը, այն է՝ Դատարանի Վանաձորի նստավայրում 07.05.2020 թվականին: Նշված օրը հրավիրված դատական նիստում հրապարակվել է թիվ ՎԴ6/0206/05/12 վարչական գործով Դատարանի վճռի եզրափակիչ մասը, որով հայցը մերժվել է ամբողջությամբ:
Նշված վարչական գործերով հրավիրված դատական նիստերում հետազոտվել են բազմաթիվ գրավոր ապացույցներ, նյութեր, տեսաերիզներ, հարցաքննվել են վկաներ:
Դատավորը նշել է, որ վերը նշված երկու վարչական գործերով դատական նիստերը նշանակվել են դատարանի գերհագեցած նիստերի ժամանակացույցին համապատասխան, իսկ դատական ակտերի եզրափակիչ մասերը հրապարակելուց հետո դրանք Օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին ուղարկելու անհնարինությունը պայմանավորված է եղել բացառապես աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, որն էլ կապված է եղել այդ ընթացքում նրա նախագահությամբ տեղի ունեցած հարյուրավոր դատական նիստերի, բազմաթիվ դատական ակտերի կայացմամբ, այդ գործերի բարդությամբ:
Միայն 2013 թվականին իրեն են մակագրվել 700-ից ավելի վարչական գործեր:
Դատավորը հայտնել է նաև, որ դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ իր վարույթում գտնվող 60 առանձնակի բարդության գործերը ողջամիտ ժամկետում քննելու անհրաժեշտությամբ պայմանավորված Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով իր անուն-ազգանունը ժամանակավորապես գործերի բաշխման ցանկից հանելու խնդրանքով:
Բարձրագույն դատական խորհրդի՝ 14.12.2020 թվականի թիվ ԲԴԽ-81-Ո-178 որոշմամբ իր անուն-ազգանունը հանվել է գործերի բաշխման ցանկից՝ 15.12.2020-15.03.2021թթ. ներառյալ:
Վերը նշված երկու վարչական գործերով արդեն դատավարության մասնակիցներին են ուղարկվել վճռի օրինակները, միաժամանակ Դատավորը հայտնել է, որ Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է:
Նշված վարչական գործերով վերաքննիչ բողոքներ չեն ներկայացվել: Վերը նշված փաստերի վերաբերյալ անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր աշխատանքային գերծանրաբեռնվածության վերաբերյալ մանրամասն վերլուծություն:
Ելնելով վերոգրյալից՝ Դատավորը խնդրել է Հանձնաժողովին համարել, որ իր կողմից թույլ տրված արարքը չի համարվում կարգապահական խախտում, քանի որ այն, թեև ձևականորեն պարունակում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, և կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը:
Միաժամանակ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած պատասխանով հայտնել է, որ Հանձնաժողովն իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ՝ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված վիճակագրության տվյալների և փաստերի արձանագրմամբ, ակնհայտ է համարել, որ նախորդ տարիների ընթացքում հաշվի առնելով իր ծանրաբեռնվածությամբ իր վարույթում քննված և ավարտված վարչական գործերի քանակը, ողջամտորեն չի կարող հիմնավորվել վերոնշյալ վարչական գործերից յուրաքանչյուրի քննության տևողությունը և տևական ժամանակով դատավարության մասնակիցներին վերոնշյալ երկու վարչական գործերով վճիռները չհանձնելու անգործությունը՝ հատկապես հաշվի առնելով հիշյալ գործերով թույլ տրված կետանցի ժամանակահատվածն ու բուն գործի ըստ էության քննության տևողությունը:
Դատավորը նշել է, որ համաձայն չէ Հանձնաժողովի վերոնշյալ դիտարկումներին, քանի որ համապատասխան ժամանակահատվածում, այն է՝ Կազմակերպության հայցադիմումները Դատարանում ստացվելու օրվանից՝ 15.05.2012 թվականից և 25.05.2012 թվականից մինչև տվյալ գործերով Դատարանի կողմից՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը դատավարության մասնակիցներին ուղարկելը՝ 27.09.2021 թվականը, իր ծանրաբեռնվածությունը գնահատելու համար, Հանձնաժողովն առնվազն պետք է մանրամասն ուսումնասիրեր, թե այդ ընթացքում ինքն ինչ ծավալի և տևողությամբ աշխատանքներ է կատարել, մասնավորապես, ինչքան ժամանակ է ծախսել նոր ներկայացված հայցադիմումների ուսումնասիրության, դրանք վարույթ ընդունելու, վերադարձնելու, ընդունումը մերժելու կամ վերահասցեագրելու և Օրենսգրքի 5-րդ հոդվածի պահանջներով դրանցում առկա ձևական սխալները մատնանշելու, ոչ հստակ հայցային պահանջները ճշտելուն, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելուն առաջարկելու և այլ հարցեր պարզելու, կազմված դատական ակտերի նախագծերն ուսումնասիրելու և վերջնական տեսքով ստորագրելու վրա, դատական նիստերի անցկացման վրա, միջանկյալ դատական ակտերի կազմման վրա, դատաքննությունն ավարտված գործերով դատական ակտերի կազմման վրա, դատարանում ստացված տարբեր միջնորդությունների քննարկման և դրանց արդյունքում ընդունված դատական ակտերի կազմման վրա:
Անհրաժեշտ էր պարզել նաև այդ ամբողջ աշխատանքների բարդությունը և ժամանակատարությունը: Մինչդեռ Հանձնաժողովը նման ուսումնասիրություն չի կատարել և տվյալ ժամանակահատվածում իր ծանրաբեռնվածությունը գնահատելու վերաբերյալ եկել է սխալ եզրահանգման:
Դատավորը նշել է, որ իր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ 15.05.2012 թվականի դրությամբ իր վարույթում առկա են եղել 609 վարչական գործեր: Տվյալ ժամանակահատվածում վարույթ են ընդունվել ևս 2413 վարչական գործեր, վարույթում առկա գործերի թիվը կազմել է 3022, ներկայացված 348 հայցադիմումների վերաբերյալ որոշումներ են ընդունվել՝ հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, գործը դատաքննության նախապատրաստելու և քննելու համար անց են կացվել ավելի, քան 15000 դատական նիստեր, կայացվել են 2642 գործն ըստ էության լուծող դատական ակտեր, առանձին դատական ակտի տեսքով կայացվել են հազարավոր որոշումներ՝ դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու, դատավարական իրավահաջորդության, ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու, ապացույցներ պահանջելու, հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունները բավարարելու կամ մերժելու, փորձաքննություն նշանակելու և այլ դատավարական հարցեր լուծելու վերաբերյալ, արձակվել են հազարավոր վճարման կարգադրություններ: Նշված ժամանակահատվածում աշխատել է մոտ 1900 աշխատանքային օր:
Դատավորը, ներկայացնելով մեկ աշխատանքային օրվա հաշվարկով միջինը կատարած աշխատանքների քանակը, նշել է, որ միայն աշխատանքային օրերին հնարավոր չէր կատարել վերը նշված ծավալի աշխատանքները, դրանք կատարելու համար, օգտագործել է նաև ոչ աշխատանքային, ներառյալ՝ արձակուրդային օրերը: Դատարանի աշխատակազմը նույնպես աշխատել է ծանրաբեռնված, շատ դեպքերում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Միաժամանակ Դատավորն անդրադարձել է տարբերի գործերի առանձնակի բարդությանն և քննման ժամանակատարությանը:
Միաժամանակ Դատավորը նշել է, որ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ հաշվի առնելով նշված երկու վարչական գործերի քննության ժամանակահատվածները և այդ գործերով վճիռների հրապարակման ժամանակը, 15.12.2020-15.03.2021թթ. ներառյալ, Բարձրագույն դատական խորհրդի 14.12.2020 թվականի ԲԴԽ-81-Ո-178 որոշմամբ իր անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու հանգամանքը տվյալ դեպքում էական նշանակություն ունենալ չի կարող: Ավելին, նույն որոշմամբ արձանագրված խախտումները նշված ժամանակահատվածում չվերացնելու հանգամանքը Հանձնաժողովը գնահատել է ի վնաս իրեն վկայող հանգամանք՝ հաշվի առնելով Խորհրդի որոշման նպատակները, հիմնականում ազատել առկա ծանրաբեռնվածությունից, այդ թվում՝ վերացնել ժամկետների հետ կապված հնարավոր խախտումները, այնինչ այդ ընթացքում վկայակոչված գործերով վճիռները չեն հրապարակվել և դրանք հրապարակվել են տրված արտոնության ժամանակահատվածից՝ 15.03.2021 թվականից վեց ամիս հետո:
Դատավորը նշել է, որ համաձայն չէ նաև Հանձնաժողովի վերոնշյալ դիտարկմանը, քանի որ իրականում թիվ ԲԴԽ-81-Ո-178 որոշմամբ իր անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու արդյունքում, հնարավորություն է ունեցել այդ ընթացքում քննել և ավարտել ավելի շատ վարչական գործեր, ինչի հնարավորությունը չէր ունենա նման որոշման բացակայության դեպքում:
Կազմակերպության կողմից վկայակոչված վերոնշյալ երկու վարչական գործերը նախապատրաստվել են դատաքննության, հրավիրվել են նախնական դատական նիստեր, իսկ դատաքննությամբ հետազոտվել են բազմաթիվ գրավոր ապացույցներ, նյութեր, տեսաերիզներ, հարցաքննվել են վկաներ: Նշված երկու վարչական գործերի քննության տևողության և կայացված դատական ակտերի տրամադրման ժամանակի ողջամտությունը դիտարկելիս, պետք է հաշվի առնել ոչ միայն այդ գործերի, այլ տվյալ ժամանակահատվածում իր վարույթում քննված մյուս գործերի բարդության և դրանց քննության ժամանակատարության հանգամանքը: Ակնհայտ է, որ տվյալ ժամանակահատվածում ողջամիտ ծանրաբեռնվածության պարագայում, նշված երկու վարչական գործերի քննությունն անհամեմատ ավելի կարճ կտևեր:
Վերը նշված վարչական գործերով, դատական նիստերը նշանակվել են դատարանի գերհագեցած նիստերի ժամանակացույցին համապատասխան, իսկ դատական ակտերի եզրափակիչ մասերը հրապարակելուց հետո, դրանք Օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին ուղարկելու անհնարինությունը պայմանավորված է եղել բացառապես աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ: Ավելին, Կազմակերպությունը վերը նշված երկու վարչական գործերով ՀՀ վարչական վերաքննիչ դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոքներ:
Ելնելով վերոգրյալից և վկայակոչելով նույնանման, այն է՝ դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին չուղարկելու փաստերով, Բարձրագույն դատական խորհրդի 30.05.2019 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-Կ-10 և 10.12.2020 թվականի թիվ ԲԴԽ-Ո-Կ-17 որոշումները՝ Դատավորը խնդրել է համարել, որ իր կողմից թույլ տրված արարքը չի համարվում կարգապահական խախտում, քանի որ այն, թեև ձևականորեն պարունակում է Օրենքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում իր համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, և մերժել՝ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Հանձնաժողովի միջնորդությունը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1) Թիվ ՎԴ6/0206/05/12 վարչական գործով ըստ հայցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ընդդեմ Վանաձորի քաղաքապետի՝ Վանաձորի քաղաքապետի գործողություններն (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 25.05.2012 թվականին, հայցադիմումն ընդունվել է վարույթ 31․05․2012 թվականին, և գործ քննվել է մինչև 2020 թվականը:
Գործի քննության ընթացքում 2012 թվականին կայացել է 1 դատական նիստ, 2013 թվականին՝ 2 դատական նիստ, 2014 թվականին՝ 1, 2015-2018 թվականներին կայացել է 3-ական դատական նիստ է, և 2 դատական նիստ է կայացել 2019 թվականի ընթացքում:
Այնուհետև 27.08.2019 թվականին նշանակվել է վճիռ հրապարակելու օր, սակայն գործի քննությունը վերսկսվել է: 07․05․2020 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր։ Այս ընթացում գործի քննությունը չի կասեցվել:
«Դատալեքս» դատական տեղեկատվական ծրագրում կատարվել է նշում, որ հայցը մերժվել է, սակայն վճիռը տեղադրվել է 25.09.2021 թվականին:
2) Թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործով ըստ հայցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումը Դատարան է ներկայացվել 15.05.2012 թվականին, այն վարույթ է ընդունվել 22․05․2012 թվականին, և գործը քննվել է մինչև 2020 թվականը:
Գործի քննության ընթացքում 2012 թվականին կայացել է 1 դատական նիստ, 2013 թվականին՝ 2 դատական նիստ, 2014 թվականին՝ 1 դատական նիստ, 2015-2018 թվականների ընթացքում՝ 3-ական դատական նիստ, իսկ 2019 թվականին՝ 2 դատական նիստ: 27.08.2019 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր, սակայն գործի քննությունը վերսկսվել է: 07․05․2020 թվականին նշանակվել է վճռի հրապարակման օր։ Այս ընթացում գործի քննությունը չի կասեցվել:
«Դատալեքս» դատական տեղեկատվական ծրագրում կատարվել է նշում, որ հայցը մերժվել է, սակայն վճիռը տեղադրվել է 25.09.2021 թվականին:
3) Ըստ ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված վիճակագրության՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի գործունեության վերաբերյալ 2015 թվականի հաշվետվության՝ 2014 թվականից 2015 թվականը Դատավորը փոխանցել է 280 գործ, 2015 թվականի ընթացքում ստացել է 254 նոր գործ, 2015 թվականի ընթացքում ավարտել է 186 գործ, որից ըստ էության լուծող՝ 153 գործ: Համաձայն 2016 թվականի հաշվետվության՝ 2015 թվականից 2016 թվականը վերջինս փոխանցել է 348 գործ, 2016 թվականի ընթացքում ստացել է 315 նոր գործ, 2016 թվականի ընթացքում ավարտել է 139 գործ, որից ըստ էության լուծող՝ 107 գործ: 2017 թվականի հաշվետվության՝ 2016 թվականից 2017 թվականը վերջինս փոխանցել է 663 գործ, 2017 թվականի ընթացքում ստացել է 379 նոր գործ, 2017 թվականի ընթացքում ավարտել է 320 գործ, որից ըստ էության լուծող՝ 199 գործ, 2018 թվականի հաշվետվության՝ 2017 թվականից 2018 թվականը վերջինս փոխանցել է 755 գործ, 2018 թվականի ընթացքում ստացել է 208 նոր գործ, 2018 թվականի ընթացքում ավարտել է 606 գործ, որից ըստ էության լուծող՝ 571 գործ, 2019 թվականի հաշվետվության՝ 2018 թվականից 2019 թվականը վերջինս փոխանցել է 357 գործ, 2019 թվականի ընթացքում ստացել է 199 նոր գործ, այլ դատավորի է փոխանցել 1 գործ, 2019 թվականի ընթացքում ավարտել է 282 գործ, որից ըստ էության լուծող՝ 219 գործ, 2020 թվականի հաշվետվության համաձայն՝ վերջինս 2019 թվականից 2020 թվականը փոխանցել է 274 գործ, 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ստացել է 250 նոր գործ, ավարտել՝ 143 գործ, որից ըստ էության լուծող՝ 96, իսկ 2021 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվության համաձայն՝ վերջինս 2020 թվականից 2021 թվականի 1-ին կիսամյակ փոխանցել է 381 գործ, 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ստացել է 99 նոր գործ, ավարտել՝ 90 գործ, որից ըստ էության լուծող՝ 71 գործ:
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի բացատրությունները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Իսկ ըստ նույն հոդվածի 5-րդ մասի՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
1. արդյո՞ք Դատավորի կողմից թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերի քննության տևողությունը և դատական ակտերը՝ կողմերին ուղարկելու օրենքով սահմանված ժամկետները խախտելը հանդիսանում են գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտում,
2. արդյո՞ք թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերի քննության և դատական ակտերը՝ կողմերին ուղարկելու օրենքով սահմանված ժամկետների խախտումը Դատավորի կողմից կատարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի իմաստով դիտավորությամբ:
3. արդյո՞ք թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտման:
Առաջին հարցի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ իր մի շարք որոշումներում (տե՛ս 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4) Խորհուրդն արդեն իսկ կարևորել է ողջամիտ ժամկետում գործի քննության անհրաժեշտությունը՝ այն հաշվառմամբ, որ այդպիսի ժամկետը չպահպանելը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև մի շարք այլ հիմնարար իրավունքների խախտման:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքն իր ամրագրումն է ստացել նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում (այսուհետ նաև՝ Կոնվենցիա), համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ գործի քննության ժամկետի ողջամտությունը պետք է գնահատվի յուրաքանչյուր գործի համար առանձին՝ հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով նախանշված ուղենիշերը, մասնավորապես՝ գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը և գործի քննության ընդհանուր տևողությունը։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրելով, որ դատական պաշտպանության իրավունքը ներառում է նախևառաջ խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը, իսկ մյուս կողմից ենթադրում է դատարանի պարտականությունը՝ ողջամիտ ժամկետում քննելու գործը և կայացնելու օրինական ու հիմնավորված որոշում, ուստի այս համատեքստում յուրաքանչյուր գործով դատարանները, ելնելով գործի հանգամանքներից, դրա իրավական և փաստական բարդությունից, գնահատելով վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, պետք է ձեռնարկեն արդյունավետ և օրինական բոլոր միջոցները՝ հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու համար։
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է հետևյալը.
Քննարկվող պարագայում թիվ ՎԴ6/0206/05/12 վարչական գործով Կազմակերպության կողմից ընդդեմ Վանաձորի քաղաքապետի 25.05.2012 թվականին ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ Դատարանի 31․05․2012 թվականի որոշմամբ, իսկ թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործով Կազմակերպության կողմից ընդդեմ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության 15.05.2012 թվականին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի 22․05․2012 թվականի որոշմամբ: Նշված գործերի քննության ընթացքում յուրաքանչյուրով նշանակվել են թվով 10 դատական նիստեր: Միաժամանակ նշված գործերով 07.05.2020 թվականին հրապարակման նշանակված վճիռները Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել են 25.09.2021 թվականին, այն բանից հետո, երբ 07․09․2021թ․ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթը:
Նշված փաստակազմը որևէ կերպ հնարավորություն չի տալիս գործերի քննության շուրջ 8 տարվա ժամկետը գնահատելու որպես ողջամիտ, ինչպես անկանխակալ դիտորդի տեսանկյունից, այնպես էլ դատավարության կողմերի օրինական իրավունքների իրացման, նրանց սպասելիքների, արդարադատության արդյունավետության տեսանկյունից։
Ժամկետների ողջամտությունը չի կարող որոշվել կամայականորեն, դրա որոշման չափանիշները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված ուղենիշերի և այլ ծանրակշիռ գործոնների վրա, ապահովելու համար ակնկալվող արդարադատության արդյունավետությունը։ Ուստի նշվածի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է քննարկվող գործերի դատավորի կողմից քննության ողջամիտ ժամկետների խախտում։
Հատկապես ընդգծելով դատական ակտերը կողմերին հասանելի լինելու կարևորությունը Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է, որ Դատավորի կողմից թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերով դատական ակտերը կողմերին ակնկալվող ժամկետից շուրջ մեկ տարի չորս ամիս հետո հասանելի դարձնելու պարագայում Դատավորը խախտել է ոչ միայն դատավարական ժամկետները, այլ կողմերի արդար դատաքննության հիմնարար իրավունքը, զրկել է նրանց ակնկալվող արդարադատության մասին տեղեկանալու և հնարավոր իրավունքների իրացման հնարավորությունից։ Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր չի համարում նաև դատավորի այն պատճառաբանությունը, որ գործերի քննության ձգձգումները և կողմերին վճիռների հանձնման ուշացումը եղել են Դատավորի գերծանրաբեռնվածության արդյունք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։
Բարձրագույն դատական խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծում է, որ օրենսդրությամբ ամրագրված դատավարական ժամկետներն ինքնանպատակ չեն, դրանք կոչված են երաշխավորելու դատավարական գործընթացներում իրավական որոշակիությունը, ապահովելու անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու նպատակով հաջորդիվ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը:
Վերոգրյալի հաշվառմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով Դատավորի բացատրությունները, Բարձրագույն դատական խորհուրդը նաև գտնում է, որ Դատավորի կողմից թիվ ՎԴ6/0206/05/12 և թիվ ՎԴ6/0190/05/12 վարչական գործերով թույլ է տրվել դատական ակտերի՝ կողմերին ուղարկելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետների խախտում։
Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները կատարվել են դիտավորությամբ՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:
Վերոգրյալ իրավանորմի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումները կատարվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի իմաստով դիտավորությամբ, քանի որ Դատավորը լիովին գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ լինելը, ինչը հաստատվել է նաև Բարձրագույն դատական խորհրդում դատավորի կողմից տրված բացատրություններով:
Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումը, այն է՝ գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտումը և դատական ակտերը կողմերին օրենքով սահմանված ժամկետից ուշ ուղարկելը, հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության նվազեցման:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Բարձրագույն դատական խորհուրդը Դատավորի նկատմամբ կարգապահական տույժի տեսակն ընտրելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդի 14.12.2020 թվականի թիվ ԲԴԽ-81-Ո-178 որոշմամբ Դատավորի անունը հանվել է դատական գործերի բաշխման համակարգից, ինչը, սակայն, չի օգտագործվել Դատավորի կողմից՝ քննարկվող գործերով վճիռները ժամանակին կողմերին հանձնելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առել նաև Դատավորի անձը բնութագրող հատկանիշները, ինչպես նաև այն հանգամանքը, որ չնայած Դատավորը գիտակցել է, որ խախտել է գործերի քննության ողջամիտ ժամկետները, սակայն դա արել է գերծանրաբեռնվածության պատճառով, ուշ է տրամադրել դատական ակտերը, սակայն միևնույն ժամանակ վստահ է եղել, որ կողմերը չեն զրկվի բողոքարկման իրենց իրավունքի իրացման հնարավորությունից, քանի որ հնարավոր բողոքարկման իրավունքի իրացումն երաշխավորված է բողոքարկման ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու օրենսդրական հնարավորությամբ և ձևավորված պրակտիկայով: Այնուամենայնիվ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատական ակտի բողոքարկումը չի կարող ինքնանպատակ լինել, և կողմի բողոքարկման իրավունքն երաշխավորված լինելուն հղում անելն այն դեպքում, երբ կողմի համար դատական գործի երկարաժամկետ քննությունը հանգեցրել է դրա արդյունքի անօգտակար լինելուն, չի կարող Դատավորի համար մեղմացուցիչ հանգամանք դիտվել։
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին հայտարարել խիստ նկատողություն։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | |
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
|
Մ. ՄԱԿՅԱՆ | |
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ս․ Միքայելյանի, | ||
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
Ս. Չիչոյան | ||
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|