Գլխավոր տեղեկություն
Номер
N 394-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2021
Принят
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Дата принятия
28.12.2021
Подписан
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Дата подписания
28.12.2021
Дата вступления в силу
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

28 դեկտեմբերի 2021 թվականի

 N 394-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ, ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը և 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել.

1) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման կարգը` համաձայն հավելված 1-ի․

2) ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման կարգը՝ համաձայն հավելված 2-ի․

3) վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի վարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելված 3-ի․

4) վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելված 4-ի․

5) վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելված 5-ի․

6) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման և արխիվացման կարգը՝ համաձայն հավելված 6-ի։

2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ընթացիկ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում է մինչև սույն որոշման ընդունումը գործող օրենսդրությունը:

 

Նախագահ

Գ. Գևորգյան

 

2021 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

Հավելված 1

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) փաստաթղթերի հանձնման հետ կապված հարաբերությունները։

2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված իմաստով:

3. Հանձնաժողովին փաստաթղթերի հանձնումը ներառում է Հանձնաժողով փաստաթղթերի ներկայացումը, դրանց ընդունումը և գրանցումը։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովին փաստաթղթերի ներկայացումը իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

5. Թղթային եղանակով փաստաթղթերը Հանձնաժողովին ներկայացվում են առձեռն, փոստային առաքման և սուրհանդակային կապի ծառայության միջոցով։

6. Փաստաթղթերը առձեռն եղանակով ներկայացվում են Հանձնաժողովի քարտուղարության (այսուհետ նաև՝ Քարտուղարություն) համապատասխան աշխատողին։ Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև Հանձնաժողովի նիստի ընթացքում՝ փոխանցելով Քարտուղարության համապատասխան աշխատողին։

7. Հանձնաժողովին ներկայացվող այլ նյութերը, այդ թվում՝ իրեղեն ապացույցները ներկայացվում են ուղեկցական գրությամբ։

8. Հանձնաժողովին հաղորդումները, դիմումները և ցանկացած պահանջ ամրագրող այլ փաստաթղթերը ներկայացվում են իրավասու անձի կողմից ստորագրված։

9. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը Հանձնաժողովին ներկայացվում են էլեկտրոնային համակարգերի՝ Հանձնաժողովի «e-Compete» էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ «e-Compete» համակարգ), էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի (այսուհետ նաև` «Mulberry» համակարգ), էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am հարթակ) կամ Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի (info@competition.am) միջոցով։

10. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով, բացառությամբ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի և «e-Compete» համակարգով փաստաթուղթ ներկայացնելու դեպքերի, ներկայացվում են «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ և Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով։

11. էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով, ինչպես նաև «e-Compete» համակարգում գրանցված անձի՝ «e-Compete» համակարգով ներկայացրած փաստաթղթերը համարվում են այդ անձի կողմից ստորագրված:

12. Հանձնաժողով թղթային և էլեկտրոնային եղանակով ներկայացվող այն փաստաթղթերը, որոնք պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկություն, տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացվում են «պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք» նշումով։ Յուրաքանչյուր դեպքում գաղտնիք կազմող տեղեկություն ներկայացնողն ուղեկցական գրությամբ նշում է՝ իր կողմից ներկայացվող նյութերում որ տեղեկությունն է գաղտնիք կազմող տեղեկություն և ներկայացնում համապատասխան հիմնավորումներ։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերն ընդունում է Քարտուղարությունը։

14. Թղթային եղանակով փաստաթղթեր ընդունելիս ծրարները բացվում են Քարտուղարության աշխատողի կողմից։

15. Եթե Հանձնաժողովին առձեռն եղանակով փաստաթղթեր հանձնելիս ներկայացվում է փաստաթղթի պատճենը կամ երկրորդ օրինակը՝ Քարտուղարության կողմից դրոշմակնիք դրվելու նպատակով, Քարտուղարության աշխատողը փաստաթղթերը ընդունելիս ստուգում է փաստաթղթերի առկայությունը, ներառյալ՝ թերթերի քանակը։

16. Փաստաթղթերն առձեռն հանձնելիս ամբողջականության հետ կապված խնդիրներ արձանագրելու դեպքում Քարտուղարության աշխատողը մատնանշում է արձանագրված խնդիրները՝ հնարավորություն տալով ներկայացնողին շտկելու դրանք։ Արձանագրված խնդիրները շտկելու նպատակով ներկայացվող փաստաթղթում փոփոխություններ կատարելու դեպքում ներկայացնող անձը ստորագրում է՝ հաստատելով իր կողմից կատարվող փոփոխությունները։ Արձանագրված խնդիրները ներկայացնողի կողմից չշտկելու դեպքում համապատասխան փաստաթուղթը չի ընդունվում։

17. Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց կամ մատնանշված խնդիրները վերացվելուց հետո Քարտուղարության աշխատողը պատճենի կամ երկրորդ օրինակի վրա դնում է Հանձնաժողովի դրոշմակնիքը, առանձին մասում նշում է հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, ընդունման ամսաթիվը, ժամը։

18. «Mulberry» համակարգով ստացված փաստաթղթերում անհամապատասխանության առկայության դեպքում Քարտուղարության աշխատողը չեղարկում է փաստաթուղթը և այդ մասին տեղեկացնում է փաստաթուղթը ներկայացրած անձին։

19. Ընդունված թղթային փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է Հանձնաժողովի կնիքը, որի վրա նշվում է գրանցման մտից համարը և ամսաթիվը, ինչպես նաև փաստաթղթի թերթերի ընդհանուր քանակը: Կնիքը դրվում է այնպես, որ չաղավաղվի փաստաթղթի գրառումը։ Փաստաթղթի աջ անկյունում կնքելու անհնարինության դեպքում կնիքը դրվում է փաստաթղթի ազատ մասում։

20. Ծրարները կցվում են ստացված այն փաստաթղթերին, որոնք ծրարով ներկայացվել են և պարտադիր պահպանվում են դրանց հետ։ Մեկ ծրարով ստացված մի քանի առանձին փաստաթղթերի դեպքում ծրարը կամ պատճենահանվում և կցվում է բոլորին, կամ կցվում է մեկին՝ մյուսների վրա կատարելով համապատասխան նշում ծրար պարունակող փաստաթղթի համարի մասին։

21. Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն բացվում, փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը և նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

22. Հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթղթերը գրանցում է Քարտուղարությունը։

23. Հանձնաժողովին թղթային կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Քարտուղարությունը գրանցում է փաստաթղթերը և փոխանցում մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատողին։ Փաստաթղթերի ամբողջականության հետ կապված խնդիրներ արձանագրելու դեպքում Քարտուղարությունը ներկայացված փաստաթղթերը փոխանցելիս էլեկտրոնային համակարգում նշում է արձանագրված խնդիրը։

24. Փաստաթղթերի ամբողջականության հետ կապված խնդրի վերաբերյալ Հանձնաժողովի նախագահի կամ գլխավոր քարտուղարի գրությունը ուղարկվում է փաստաթղթերը ներկայացնողին։

25. Գրության մեջ նշվում են.

1) կազմման տարին, ամիսը և ամսաթիվը․

2) ներկայացնողի անունը, ազգանունը (անվանումը).

3) փաստաթղթերի ներկայացման եղանակը.

4) փաստաթղթերի ամբողջականության հետ կապված խնդիրները․

5) նախագահի կամ գլխավոր քարտուղարի ստորագրությունը։

26. Հանձնաժողով ընդունված բոլոր փաստաթղթերը անհապաղ, բայց ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում սքանավորվում և գրանցվում են «e-Compete» համակարգում, իսկ «Mulberry» համակարգով ներկայացրած փաստաթղթերը Քարտուղարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է «Mulberry» և «e-Compete» համակարգերում:

27.Հանձնաժողովի ընդունած փաստաթղթերը «e-Compete» համակարգում գրանցելու անհնարինության դեպքում Քարտուղարությունը դրանք գրանցում է «Mulberry» համակարգում։

28. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ու փոխվարչապետերի գրասենյակներից ստացված «Շտապ» կատարման նշումն ունեցող փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են Հանձնաժողովի նախագահին անհապաղ:

29. Քարտուղարությունը մուտքագրվող գրությունների բնօրինակները հանձնում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանմանը, որին մակագրվել է գործը՝ այդ մասին նշում կատարելով «Mulberry» կամ «e-Compete» համակարգերում։

30. Քարտուղարությունը էլեկտրոնային եղանակով իրականցնում է մուտքագրվող գրությունների վարում։ Էլեկտրոնային եղանակով վարման անհնարինության դեպքում Քարտուղարությունն իրականցնում է մուտքագրվող գրությունների գրանցամատյանի թղթային եղանակով վարում:

31. Թղթային եղանակով վարվող գրանցամատյանի կազմը պարունակում է.

1) «Մտից գրություններ» նշումը․

2) կազմման տարեթիվը․

3) գրանցամատյանը վարող պատասխանատու աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը։

32. Թղթային եղանակով վարվող գրանցամատյանում նշվում են.

1) գրության հերթական համարը.

2) գործի համարը, որի շրջանակում ներկայացվում է գրությունը (առկայության դեպքում).

3) գրության ստացման տարին, ամիսը և ամսաթիվը․

4) բնօրինակը ստացող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը, որին մակագրվել է գործը։

 

Հավելված 2

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) գործերի դասակարգման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի կողմից վարվող գործերը դասակարգվում են հետևյալ տեսակների.

1) տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վարույթի վերաբերյալ գործ, որը ներառում է հետևյալ ենթատեսակները․

ա․ հակամրցակցային համաձայնություն.

բ. տնտեսական գործունեության արգելված համակարգում.

գ. գերիշխող դիրքի չարաշահում.

դ. բանակցային ուժեղ դիրքի չարաշահում.

ե. չհայտարարագրված համակենտրոնացում.

զ. արգելված համակենտրոնացում.

է. անբարեխիղճ մրցակցություն.

ը.պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողություն.

թ.տեղեկատվության տրամադրման կապակցությամբ կատարվող իրավախախտում.

ժ. Հանձնաժողովի գործունեության խոչընդոտում.

ժա. Հանձնաժողովի որոշումների կատարման կապակցությամբ կատարվող իրավախախտում.

ժբ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իրավախախտում:

2) թույլատրելիության գնահատման վարույթի վերաբերյալ գործ, որը ներառում է հետևյալ ենթատեսակները․

ա. պետական օժանդակության թույլատրելիության գնահատում.

բ. համակենտրոնացման թույլատրելիության գնահատում:

3) վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի վերաբերյալ գործ․

4) որոշումների վերանայման վարույթի վերաբերյալ գործ, որը ներառում է հետևյալ ենթատեսակները․

ա. դատական ակտի հիման վրա իրավախախտման վարույթի վերսկսում.

բ. նոր երևան եկած հանգամանքներով Հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի վերանայում:

5) ոլորտային ուսումնասիրության իրականացման վերաբերյալ գործ․

6) եզրակացությունների ընդունման վերաբերյալ գործ․

7) այլ որոշումների ընդունման վերաբերյալ գործ, որը ներառում է հետևյալ ենթատեսակները․

ա. զգուշացում.

բ. որոշումների կամ եզրակացությունների պարզաբանում.

գ. անձանց խմբի ցուցակի հրապարակում.

դ. որոշումների գրասխալների, թվաբանական սխալների ու վրիպակների ուղղում.

ե. եզրակացությունների գրասխալների, թվաբանական սխալների ու վրիպակների ուղղում.

զ. պաշտոնական պարզաբանում.

է. ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր.

ը. այլ:

8) փաստաթղթերի շրջանառության վերաբերյալ գործ, որը ներառում է հետևյալ ենթատեսակները․

ա. մտից փաստաթղթերի շրջանառություն․

բ. ներքին փաստաթղթաշրջանառություն:

 

Հավելված 3

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններով (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի վարման հետ կապված հարաբերությունները։

2. Կարգի իմաստով վարչական վարույթի վերաբերյալ գործը ներառում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վարույթի վերաբերյալ, թույլատրելիության գնահատման վարույթի վերաբերյալ և վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի վերաբերյալ գործերը։

3. Կարգի իմաստով վարույթի վերաբերյալ այլ գործերը ներառում են ոլորտային ուսումնասիրության իրականացման վերաբերյալ, եզրակացությունների ընդունման վերաբերյալ, այլ որոշումների ընդունման վերաբերյալ գործերը։

4. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը և այլ գործերը համարակալվում են ՀԳ-00000/00 ձևաչափով, որտեղ «ՀԳ»-ն Հանձնաժողովի գործն է, «00000» դաշտը՝ գործի հերթական համարը, իսկ «00» դաշտը՝ հերթական տարվա վերջին երկու թիվը։

5. Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

6. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի վարման անհնարինության դեպքում դրանք վարվում են թղթային եղանակով։

7. Եթե նյութերից մեկը կամ մի քանիսը ներկայացվել են Հանձնաժողով թղթային եղանակով, դրանց վարումն իրականացվում է նաև թղթային եղանակով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործի վարումն իրականացնում է Հանձնաժողովի այն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը, որին մակագրվել է գործը։

9. Հարուցված վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պատասխանատու կատարողի կողմից ժամանակագրական կարգով ներառվում են վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած փաստաթուղթը և մյուս նյութերը, այդ թվում՝ ծանուցումներ, միջնորդություններ, գրություններ, տեղեկանքներ և այլ տեղեկատվություն, գործով ձեռք բերված ապացույցները, վարույթի ընթացքում Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների պատճենները, վարույթը եզրափակող ակտի պատճենը, դատարան ներկայացված հայցը, դրա կապակցությամբ կայացված դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը։

10. Վարչական վարույթի վերաբերյալ գործի կազմի վրա նշվում են.

1) Հանձնաժողովի անվանումը.

2) Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման անվանումը.

3) վարչական վարույթի վերաբերյալ գործի համարը: Վարչական վարույթի վերաբերյալ գործի համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթի վերաբերյալ գործ, թիվ».

4) գործի ենթատեսակը.

5) հատորի էջերի քանակը.

6) վարչական վարույթի հարուցման և ավարտի տարին, ամիսը, ամսաթիվը.

7) գրառում վարույթի մասնակիցների մասին.

8) գրառում նույն գործով այլ հատորների առկայության կամ վարչական բողոքի առկայության դեպքում՝ նշում գործի հատորների ընդհանուր քանակի մասին.

9) նշում գործի նյութերի մի մասի՝ էլեկտրոնային եղանակով վարվելու վերաբերյալ։

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործի կազմի ներքևի աջ անկյունում նշվում են գործով վարույթի իրականացման համար պատասխանատու կատարող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը: Նշված աշխատողների փոփոխության դեպքում, նշվում են նաև վերջիններիս պաշտոնը, անունը, ազգանունը։

12. Վարչական վարույթի շրջանակում Հանձնաժողովին թղթային եղանակով հանձնված փաստաթուղթը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պատասխանատու կատարողի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում կարվում և պահվում է թղթապանակում։

13. Թղթային եղանակով վարվող գործով էլեկտրոնային եղանակով նյութեր ստանալու դեպքում վարվում է էլեկտրոնային նյութերի անվանացանկ, որում նշվում են նյութի անվանումը, ստացման տարին, ամիսը, ամսաթիվը և նյութի էջերի քանակը։ Անվանացանկում յուրաքանչյուր էլեկտրոնային նյութի վերաբերյալ նշում է կատարվում այն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում։

14. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքով պատասխանատվությունից ազատվելու և տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվելիք տուգանքի չափը նվազեցնելու վերաբերյալ դիմումները պահվում են առանձին՝ վարչական վարույթի գործից անջատ։

15. Վարչական գործի համար վարվող թղթապանակը չի կարող գերազանցել 250 էջը։ Գործի վարույթի նյութերի սահմանված քանակը գերազանցելու դեպքում աշխատողը վարում է նոր հատոր՝ յուրաքանչյուրի վրա նշելով հատորի համարը։

16. Վարչական վարույթի վերաբերյալ կազմված յուրաքանչյուր առանձին գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերը՝ Հանձնաժողովին թղթային եղանակով հանձնված տեսքով:

17. Իրեղեն ապացույցները (բացառությամբ այն նյութերի, որոնք ենթակա են ոչնչացման) հնարավորության դեպքում գործի թղթային տարբերակին կցվում են փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված Հանձնաժողովի կնիքով:

18. Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ունենալ Հանձնաժողովի անունը պարունակող և հերթական համար ունեցող դրոշմակնիքներ, որոնցով կնքում են համապատասխան ստորաբաժանման կողմից վարվող գործերի յուրաքանչյուր էջը։

19. Դրոշմակնիքներն ունեն հետևյալ հերթական համարները.

1) Իրավաբանական վարչություն՝ 01.

2) Մրցակցության գնահատման և վերահսկողության վարչություն՝ 02.

3) Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչություն՝ 03.

4) Անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչություն՝ 04.

5) Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ 05.

20. Դրոշմակնիքները հանձնվում են հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

21. Հանձնաժողովի որոշման, գործողության կամ անգործության վարչական կարգով բողոքարկման դեպքում գործի հատորների շապիկի վերին աջ անկյունում «Գործը վարչական կարգով բողոքարկվել է» նշումով գործի վերաբերելի մասը կամ անհրաժեշտության դեպքում գործն ամբողջությամբ ծառայողական գրությամբ փոխանցվում է Հանձնաժողովի այն հիմնական կառուցվածքային ստորաբաժանմանը, որին մակագրվել է գործը։

22. Հանձնաժողովի որոշման, գործողության կամ անգործության դատական կարգով բողոքարկման և հայցադիմումը ստանալու դեպքում գործի հատորների շապիկի վերին աջ անկյունում «Գործը դատական կարգով բողոքարկվել է» նշումով գործի վերաբերելի մասը կամ անհրաժեշտության դեպքում գործն ամբողջությամբ ծառայողական գրությամբ փոխանցվում է Հանձնաժողովի իրավաբանական վարչությանը։

23. Վարչական վարույթի վերաբերյալ գործն ավարտվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում վարույթի իրականացման համար պատասխանատու աշխատողը կազմում և գործի հատորի վերջին էջին կցում է գործում առկա էլեկտրոնային և թղթային եղանակով ներկայացված նյութերի անվանական ցանկը` նշելով թղթային եղանակով վարվող նյութերի էջերի քանակը: Ցանկում պետք է նշվեն նաև վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա իրեղեն ապացույցների անվանումները և դրանց քանակը: Եթե իրեղեն ապացույցները պահպանման ենթակա չեն, նշվում է դրանց համառոտ նկարագիրը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու աշխատողը` նշելով անունը, ազգանունը, պաշտոնը և ցանկը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը:

24. Ավարտված վարչական վարույթի վերաբերյալ գործերը կարվում և կնքվում են Հանձնաժողովի կնիքով:

25. Վարչական վարույթի վերաբերյալ գործի կարված մասում պետք է լինեն Հանձնաժողովի համապատասխան հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման գործի վարման համար պատասխանատու աշխատողի ստորագրությունը` ստորագրման ամսաթվի նշմամբ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

26. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի էլեկտրոնային վարումը իրականացվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «e-Compete» էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ «e-Compete» համակարգ) միջոցով։

27.Վարչական վարույթի վերաբերյալ գործերի էլեկտրոնային վարումն իրականցվում է գործի ստեղծման պահից մինչև արխիվացման պահը:

28. Վարչական վարույթի վերաբերյալ գործը ստեղծում է Քարտուղարությունը «e-Compete» համակարգում գրանցված փաստաթղթի հիման վրա։

29. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը առնվազն պարունակում են․

1) գործի մասին ընդհանուր բնույթի տեղեկատվությունը՝ գործի համարը, նկարագրությունը, տեսակը, ենթատեսակը, գործի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթի հղումը, գործի ստեղծման ամսաթիվը.

2) գործի շրջանակում կատարված մակագրություններն ու նշանակումները.

3) գործին առնչվող փաստաթղթերը.

4) գործի շրջանակում ընդունված որոշումները.

5) գործի մասնակիցների՝ դիմողների, պատասխանողների, շահագրգիռ անձանց, իրավասու մարմինների մասին մանրամասները՝ առկայության դեպքում.

6) գործի շրջանակում անցկացված նիստերի մասին տեղեկատվությունը.

7) գործի շրջանակում իրականացված գործողությունների պատմությունը։

 

ԳԼՈՒԽ 4

 

ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

30. Կարգով սահմանված կարգավորումները տարածվում են նաև այլ գործերի վարման կարգի ու պայմանների վրա այնքանով որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ գործերի վարման կարգի ու պայմանների վրա։

 

Հավելված 4

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով ու պայմաններով (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման հետ կապված հարաբերությունները։

2. Կարգի իմաստով վարչական վարույթի վերաբերյալ գործը ներառում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վարույթի վերաբերյալ, թույլատրելիության գնահատման վարույթի վերաբերյալ և վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի վերաբերյալ գործերը։

3. Կարգի իմաստով այլ գործերը ներառում են ոլորտային ուսումնասիրության իրականացման վերաբերյալ, եզրակացությունների ընդունման վերաբերյալ, այլ որոշումների ընդունման վերաբերյալ գործերը։

4. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման անհնարինության դեպքում դրանք վարվում են թղթային եղանակով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի քարտուղարությունը (այսուհետ նաև՝ Քարտուղարությունը) կազմում և վարում է Հանձնաժողովի վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման գրանցամատյանը։

6. Վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման թղթային գրանցամատյանը կազմվում և վարվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:

7. Գրանցամատյանի կազմի վրա նշվում են.

1) Հանձնաժողովի անվանումը.

2) «Վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման գրանցամատյան» գրառումը՝ կենտրոնում.

3) գրանցամատյանում հաշվառված գործերի ընդհանուր քանակը.

4) գրանցամատյանի վարման տարին:

8. Գրանցամատյանում նշվում են.

1) գործի համարը.

2) գործի տեսակը և ենթատեսակը (առկայության դեպքում).

3) դիմումը Հանձնաժողով ներկայացնելու կամ վարույթ հարուցելու որոշման ընդունման տարին, ամիսը, օրը.

4) դիմողի անունը, ազգանունը (անվանումը), իսկ վարչական վարույթի հարուցման դեպքում` այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ հարուցվել է վարույթ.

5) դիմումում բարձրացված կամ Հանձնաժողովի՝ վարույթի հարուցման որոշմամբ արձանագրված հարցի համառոտ շարադրանքը.

6) դիմումի վարույթի արդյունքում ընդունված որոշման համարը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը.

7) նշում վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման ամսաթվի մասին.

8) վարչական բողոք բերելու ամսաթիվը.

9) վարչական բողոք բերողի անունը, ազգանունը (անվանումը).

10) վարչական բողոքի համառոտ շարադրանքը.

11) վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ամսաթիվն ու համառոտ շարադրանքը.

12) նշում վարչական բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և ամսաթվի մասին.

13) դատարան հայց ներկայացնելու ամսաթիվը և հայցի համառոտ շարադրանքը.

14) դատարան հայց ներկայացնողի անունը, ազգանունը (անվանումը).

15) հայցի վերաբերյալ ընդունված դատական ակտի ամսաթիվը և համառոտ շարադրանքը։

9. Կազմում լրացվող տեղեկությունների փոփոխման դեպքում դրանք լրացվում են պատասխանատու աշխատողի կողմից։

10. Գրանցամատյանում լրացվում են գրանցամատյանի վարման տարվա ընթացքում սկսված գործերը։ Վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարույթը սկսելու օրվանից և վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում են:

11. Գրանցամատյանի թղթային տարբերակում ուղղումներ կատարելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան աշխատողը տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարվել են իր կողմից և ստորագրում է:

12. Գրանցամատյանը կարվում և կնքվում է Հանձնաժողովի կնիքով:

13. Գրանցամատյանի վերջին էջի վրա նշվում է` «Գրանցամատյանը լրացված է» և Քարտուղարության պետի կողմից ստորագրվում է` ստորագրման ամսաթվի նշմամբ:

14. Սույն գլխով սահմանված կարգավորումները տարածվում են նաև այլ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի ու պայմանների վրա այնքանով որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ գործերի վարման կարգի ու պայմանների վրա։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

15. Վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի վարումը իրականացվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «e-Compete» էլեկտրոնային համակարգում (այսուհետ նաև՝ «e-Compete» համակարգ)։

16. «e-Compete» համակարգում վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանի վարումն իրականացվում է գործի ստեղծման պահից։

17. «e-Compete» համակարգում վարչական վարույթի վերաբերյալ և այլ գործերի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանը պարունակում է․

1) գործի համարը.

2) գործի նկարագրությունը.

3) գործի տեսակը և ենթատեսակը.

4) գործի կարգավիճակը.

5) գործի ստեղծման ամսաթիվը.

6) գործի արխիվացման ամսաթիվը:

 

Հավելված 5

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով և պայմաններում (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի ու պայմանների հետ կապված հարաբերությունները։

2. Հանձնաժողովի կողմից վարչական և այլ իրավական ակտերի գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով Հանձնաժողովի կողմից վարչական և այլ իրավական ակտերի գրանցամատյանների վարման անհնարինության դեպքում դրանք վարվում են թղթային եղանակով։

3. Կարգով սահմանված կարգավորումները տարածվում են նաև Հանձնաժողովի կողմից ընդունվող եզրակացությունների հաշվառման կարգի ու պայմանների վրա։

4. Վարչական և այլ իրավական ակտերը համարակալվում են միասնական համարակալման համակարգով։

5. Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

6. Վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանը կազմվում և վարվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին:

7. Վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանի կազմի վրա նշվում են.

1) Հանձնաժողովի անվանումը.

2) գրանցամատյանում ակտերի հաշվառման տարեթիվը.

3) գրանցամատյանը վարող պատասխանատու աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը.

4) գրանցամատյանում հաշվառված ակտերի ընդհանուր քանակը.

5) «Գրանցամատյան վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման» գրառումը՝ կազմի կենտրոնում:

8. Գրանցամատյանում նշվում են.

1) հաշվառվող վարչական և այլ իրավական ակտերի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) հաշվառվող վարչական և այլ իրավական ակտերի վերնագիրը.

3) հաշվառվող վարչական և այլ իրավական ակտի համարը և նշում դրա բնույթի մասին.

4) վարչական ակտերի դեպքում՝ գործի համարը, որի շրջանակում ընդունվել է որոշումը.

5) վարչական և այլ իրավական ակտերին կից հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, ծավալուն լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

6) վարչական և այլ իրավական ակտի էջերի, ներառյալ՝ ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի, հավելվածների էջերի ընդհանուր քանակը:

9. Վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշվում է ուղղումներ կատարելու ամիսը, տարին, ամսաթիվը և ուղղումները կատարող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը:

10. Գրանցամատյանը կարվում և կնքվում է Հանձնաժողովի կնիքով:

11. Վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանի վերջին էջի վրա նշվում է` «Գրանցամատյանը լրացված է» և ստորագրվում` Քարտուղարության պետի կողմից ստորագրման ամսաթվի նշմամբ:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

12. Վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանների վարումն իրականացվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի «e-Compete» էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ «e-Compete» համակարգ) միջոցով։

13. Վարչական և այլ իրավական ակտերը՝ որոշումները, համարակալվում են 0001 ձևաչափով, որոնց հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

14. «e-Compete» համակարգում վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանը առնվազն պարունակում է.

1) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

2) վերնագիրը.

3) որոշման համարը և նշում դրա բնույթի մասին.

4) գործի համարը, որի շրջանակում ընդունվել է որոշումը։

 

Հավելված 6

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի

2021 թվականի դեկտեմբերի 28-ի

թիվ 394-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵԼՔԱԳՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից փաստաթղթերի ելքագրման, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԵԼՔԱԳՐՈՒՄԸ

 

2. Հանձնաժողովի կողմից թղթային եղանակով փաստաթղթերի ելքագրումն իրականացվում է առձեռն, փոստային առաքման և սուրհանդակային կապի ծառայության միջոցով։

3. Հանձնաժողովի կողմից բոլոր փաստաթղթերն ելքագրվում են Հանձնաժողովի քարտուղարության (այսուհետ նաև՝ Քարտուղարություն) միջոցով։

4. Փաստաթղթերը առձեռն հասցեատիրոջը կամ ներկայացուցչին հանձնելու ժամանակ ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա համապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում են նրան։ Ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա պարտադիր նշվում է կից հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, հանձնման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը, որը կցվում է հանձնված փաստաթղթի Հանձնաժողովի օրինակին։ Փաստաթղթերը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում ստացողի կողմից ներկայացվում է լիազորագիրը, եթե գործում առկա չէ։

5. Քարտուղարության աշխատողը ելքագրվող փաստաթղթի վրա նշում է ելքի ամսաթիվը և հերթական համարը։

6. Հանձնաժողովի որոշումների կամ գործողությունների (անգործության) դատական կարգով բողոքարկման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ դատական մարմնի որոշմամբ, ապա վարույթի՝ դատական գործի շրջանակում վիճարկվող հարցերը պարզելու համար անհրաժեշտ նյութերի պատճենները թղթային և (կամ) էլեկտրոնային կրիչով ուղեկցող գրությամբ կամ ներկայացվող դատավարական փաստաթղթին կից փոստային առաքմամբ ուղարկվում կամ առձեռն հանձնվում են դատական մարմնին` նշելով առդիրների քանակը։

7. Հանձնաժողովի կողմից դատական մարմնին ներկայացվող վարույթի նյութերը գաղտնիք կազմող տեղեկություն պարունակելու դեպքում տրամադրվում են ուղեկցական գրության մեջ այդ մասին համապատասխան նշումով:

8. Այն դեպքում, երբ դատարանը Հանձնաժողովից պահանջում է էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերից որևէ փաստաթղթի թղթային տարբերակ, ապա դրանք ներկայացվում են տպված և յուրաքանչյուր էջը կնքված տարբերակով։

9. Հանձնաժողովի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Հանձնաժողովի որոշումը ուղարկվում է առանց գաղտնիք կազմող տեղեկությունների՝ ստորագրված և վերջին էջը կնքված Հանձնաժողովի նախագահի կողմից։

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԵԼՔԱԳՐՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի ծանուցումներն ու այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ելքագրվում են «e-Compete» համակարգի (այսուհետ նաև՝ «e-Compete» համակարգ), էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի կամ Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի (info@competition.am) միջոցով։

11. Պետական մարմիններին հասցեագրված ծանուցումները կամ այլ փաստաթղթերը ելքագրվում են «Mulberry» համակարգի միջոցով։

12. Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովի որոշումները, ծանուցումները կամ այլ փաստաթղթերը ելքագրվում են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով։

13. Հանձնաժողովի ծանուցումներն ու այլ փաստաթղթերը Հանձնաժողովի «e-Compete» էլեկտրոնային համակարգում գրանցված անձանց ուղարկվում են «e-Compete» համակարգի միջոցով: «e-Compete» համակարգում գրանցված անձին Հանձնաժողովի ծանուցումներն ու այլ փաստաթղթերը «e-Compete» համակարգով ուղարկելու անհնարինության դեպքում դրանք ուղարկվում են օրենսդրությամբ սահմանված այլ եղանակով։

14. Հանձնաժողովի «e-Compete» էլեկտրոնային համակարգով ելքագրվող փաստաթղթերը համարվում են ստորագրված, իսկ էլեկտրոնային այլ եղանակներով ելքագրվող փաստաթղթերը համարվում են ստորագրված՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը մինչև արխիվացումը պահվում են տվյալ վարույթն իրականացնող Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումում:

16. Հանձնաժողովին հասցեագրված դիմումը և կից հանձնված փաստաթղթերը վերադարձնելու դեպքում դրանց սքանավորված տարբերակը պահպանվում է Հանձնաժողովի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումում։

17. Հանձնաժողովի վարչական և այլ իրավական ակտերը ստորագրվելուց հետո հանձնվում և պահվում են Քարտուղարությունում։

18. Հանձնաժողովի թղթային արխիվը վարում է Քարտուղարությունը։

19. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո վարչական վարույթի վերաբերյալ և այլ ավարտված գործերը (այսուհետ նաև՝ գործեր), դրանց հաշվառման գրանցամատյանը, ինչպես նաև վարչական և այլ ակտերն ու դրանց հաշվառման գրանցամատյանները, որոնց վարումն իրականացվել է թղթային եղանակով մինչև դրան հաջորդող տարվա փետրվարի 20-ը փոխանցվում են Հանձնաժողովի արխիվ:

20. Էլեկտրոնային արխիվացումն արվում է տվյալ գործով վարչական ակտի կամ դատական ակտի ուժի մեջ մտնելուց, ինչպես նաև կատարողական վարույթի ավարտից հետո։

21. Հանձնաժողովի արխիվում փաuտաթղթերը համալրվում, հաշվառվում և պահպանվում են «Արխիվային գործի մաuին» oրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատաuխան։

22. Գործերը Հանձնաժողովի արխիվ են փոխանցվում հանձնման-ընդունման ակտ կազմելու միջոցով, որը ստորագրվում է հանձնող աշխատողի և Քարտուղարության պետի կողմից:

23. Գործերը Հանձնաժողովի արխիվ փոխանցելիս հանձնման-ընդունման ակտում նշվում են.

1) գործերի հանձնման-ընդունման ամսաթիվը.

2) գործերի համարները.

3) հատորների քանակը, դրանցից յուրաքանչյուրի էջերի քանակը, ընդհանուր էջերի քանակը:

24. Հանձնաժողովի արխիվը պահպանության համար փաuտաթղթերն ընդունում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան վիճակում` ըuտ ցուցակների, որի մեկ oրինակը տրվում է գործը հանձնողին, մյուuը պահվում է Հանձնաժողովի արխիվում։

25. Հանձնաժողովի համապատասխան հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը զեկուցագրով մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Հանձնաժողովի նախագահին ներկայացնում է հանձնված գործերի ցանկը՝ կցելով բոլոր հանձնման-ընդունման ակտերը։

26. Հանձնաժողովի արխիվում գտնվող փաստաթղթերը ժամանակավոր պահպանման ժամկետի ավարտից հետո «Արխիվային գործի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հանձնվում են մշտական պահպանության։

27. «e-Compete» hամակարգում ներառված ցանկացած փաստաթղթի գործողության ընթացքն ավարտվելուց հետո տվյալ փաստաթուղթը «Արխիվային գործի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պահպանվում և արխիվացվում է համակարգում, որի միջոցով օգտվողը ըստ հասանելիության կարող է մտից կամ ելից համարներով գտնել տվյալ փաստաթուղթը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան