ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30236/02/18 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30236/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Հ. Բեդևյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի նոյեմբերի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի ընդդեմ Սոնա Հայրապետյանի, Արթուր Հովսեփյանի, Կարեն Գևորգյանի, Անդրանիկ Էլմասյանի, երրորդ անձինք ՀՀ Կենտրոն տարածքի նոտար Մարինե Մանուկյանի, ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի, ՀՀ Էրեբունի տարածքի նոտար Մարինե Սարգսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի անունից ներկայացված միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչպես նաև նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 200-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ սույն գործով հայցվորը Մարինա Ռոստոմյանն է, ով հանդես է գալիս Զարուհի Հայրապետյանի անունից և վերջինիս իրավունքների ու շահերի պաշտպանության հարցով, ըստ էության ընդունել է հայցվորի նկատմամբ կիրառելի՝ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, որի ուժով բողոք բերող անձն ազատված էր վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունից:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշվածը և հայցվորին չի ազատել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումից:
Բացի այդ, անկախ օրենքի ուժով պետական տուրքի վճարումից ազատված լինելու հանգամանքից, առկա է եղել նաև անձի գույքային դրությամբ պայմանավորված պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմք։ Տվյալ դեպքում այն անձը, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայց է ներկայացվել դատարան, անչափահաս է, ով իր իրավունքներն իրականացնում է ներկայացուցչի միջոցով, հետևաբար անչափահաս Զարուհի Հայրապետյանը զրկված է ինքնուրույն նյութական ապահովվածությունն ունենալու հնարավորությունից, որպիսի փաստը հակառակի մասին վկայող ապացույցների բացակայության պայմաններում վկայում է այն մասին, որ անձի գույքային վիճակը չի կարող վերջինիս զրկել դատարան դիմելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ տվյալ դեպքում պետք է պարզել Մարինա Ռոստոմյանի գույքային դրությունը,հաշվի չի առել, որ Մարինա Ռոստոմյանի, որպես ծնողի իր անչափահաս երեխայի կողմից հայցադիմում ներկայացնելն ուղղված է ոչ թե իր, այլ՝ մեկ այլ անձի իրավունքների պաշտպանությանը, հետևաբար պետական տուրքի պարտականությունը Մարինա Ռոստոմյանի վրա դնելն ակնհայտ ծանր վիճակում է դնում վերջինիս և վտանգում է Զարուհի Հայրապետյանի համար վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունը:
Նման պայմաններում խախտվել է Զարուհի Հայրապետյանի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, ինչն էլ հանգեցրել էարդարադատության բուն էության խախտմանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է.
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գծով արտոնությունները կիրառելիս միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
Արդյո՞ք անձի կողմից պետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե հայցը կամ դիմումը ներկայացվել է այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով ներկայացնում է մեկ այլ անձի (անձանց)՝ օրենքով պաշտպանվող իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտիվերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք:
Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս,Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս,Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց իրավունքները և օրինական շահերը դատարանում համապատասխանաբար ներկայացնում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչված անձի անունից դատարանում հանդես է գալիս նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը (որդեգրողը), հոգաբարձուն կամ խնամակալը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդհոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն`վերաքննիչ բողոքում նշվում են բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը, իսկ նույնհոդվածի5-րդ մասիհամաձայն՝ բողոքին կցվում ենպետական տուրքը վճարելու (...)
մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթեբողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների (...), դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`ա) պետական տուրքի վճարումից ազատում (...):
Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով:
Համանման դրույթ է նախատեսում նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ (…) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող հայցադիմումների (դիմումների) գծով (…)։
ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: (…) Ընդ որում, համապատասխան արտոնություններն ի թիվս այլոց, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ իրավունքների դատական պաշտպանությունը պահանջում է նաև որոշակի ծախսերի կատարում, որոնց մի մասն օրենսդիրը ներառել է դատական ծախսերի կազմում: Հետևաբար, դատական ծախսերը քաղաքացիական գործի ընթացքում անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված և գանձման ենթակա գումարներն են, որոնք անհրաժեշտ են ներկայացված հայցադիմումների ու դիմումների հիման վրա քաղաքացիական գործը հարուցելու և այն հետագայում քննելու համար: Ըստ այդմ էլ օրենսդիրը սահմանել է, որ պահանջների քննության համար պետք է ներկայացվեն սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցներ (կամ պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն), ինչն իր հերթին ի թիվս հայացադիմումի (դիմումի, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների) ձևին և բովանդակության վերաբերող օրենքով նախատեսված այլ պահանջների պահպանման, հիմք է գործի հետագա քննությունն սկսելու և դատավարական այլ գործընթացներն իրականացնելու համար:
Միաժամանակ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ օրենսդիրը, ելնելով դատական պաշտպանության իրավունքի մատչելիության սկզբունքից, առանձին հոդվածներով սահմանել է պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները: Այլ կերպ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը ոչ միայն սահմանում է պետական տուրքի գանձման օբյեկտները, դատարաններում պետական տուրքի վճարման դրույքաչափերը, այլ նաև հստակեցնում է դատարաններում պետական տուրքի գծով կիրառվող արտոնությունները, որոնքուղղված են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը (տե՛ս, Հասմիկ Զատիկյանի ընդդեմ Պետրոս Սարգսյանի, Մարիաննա Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/2005/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.08.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես`«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: (...)(տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում անձն ազատված է պետական տուրքի վճարումից օրենքի ուժով, հետևաբար պետական տուրքի գծով արտոնության կիրառումը չի կարող թողնվել դատարանի հայեցողությանը: Ըստ այդմ էլ, բոլոր այն դեպքերում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀօրենքի22-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկով անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, անձի կողմից չպետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատում կիրառելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ դրա ներկայացումը վերը նշված պատճառաբանությամբ արդեն իսկ առարկայազուրկ է:
Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի գծով արտոնության այն հիմքին, երբ հայցը կամ դիմումը ներկայացվել է այնպիսի անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով իրավասու է իրականացնել այլ անձի (անձանց)՝ օրենքով պահպանվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը՝ Վճռաբեկ դատարանըգտնում է, որ օրենսդրի կողմից վերը նշված անձանց պետական տուրք վճարելու պարտականությունից ազատելն ինքնանպատակ չէ:
Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենսդիրն ըստ էության պետական տուրքի վճարումից ազատել է այն հայցվորներին, որոնք հարուցված հայցով նյութաիրավական հարաբերության կողմ չեն և օրենքով սահմանված կարգով դատավարությունում հանդես են գալիս այլ անձանց՝ (օր.՝ անչափահաս, անգործունակ ճանաչված, սահմանափակ գործունակ ճանաչված և այլն) անունից և ի շահ նրանց: Այլ կերպ ասած, դրանք այն հայցվորներն են, որոնք օրենքով սահմանված կարգով իրավասու են ներկայացնելու այլ անձանց իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունը, քանի որ վերջիններս՝ առողջական, տարիքի և այլ պատճառներով պայմանավորված չեն կարող ինքնուրույն իրացնել իրենց դատական պաշտպանության իրավունքը:
Հետևաբար,այլ անձի (անձանց)՝ օրենքով պահպանվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող հայցվորներին պետական տուրքից ազատելը բխում է նաև անչափահաս, անգործունակ ճանաչված, սահմանափակ գործունակ ճանաչված անձի և օրենքով սահմանված կարգով այլ անձանց՝ խոցելի սոցիալական կարգավիճակից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերը նշված հիմքով պետական տուրքի վճարումից ենթակա են ազատման նաև, ի թիվս՝ օրենքով սահմանված այլ անձանց, հայցվորի դատավարական կարգավիճակում հանդես եկող օրինական ներկայացուցիչները:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 16.12.2019 թվականի վճռով Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի հայցը մերժվել է:
Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 16.12.2019 թվականի վճռի դեմ՝ միաժամանակ ներկայացնելով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն: Վերաքննիչ բողոք բերած վերը նշված միջնորդությունը հիմնավորել է հետևյալ հանգամանքներով, որ «բողոք բերող անձն անչափահաս է, ով իր իրավունքներն իրականացնում է ներկայացուցչի միջոցով, հետևաբար անչափահաս լինելով Զարուհի Հայրապետյանը զրկված է ինքնուրույն նյութական ապահովվածությունն ունենալու հնարավորությունից, որպիսի փաստը հակառակի մասին վկայող ապացույցների բացակայության պայմաններում վկայում է այն մասին, որ անձի գույքային վիճակը չի կարող վերջինիս զրկել դատարան դիմելու հնարավորությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական տուրքի գումարը նվազագույն աշխատավարձի կեսից ավելին է և բեռ է համապատասխան աշխատանք ունեցող ու աշխատավարձ ստացող անձի համար» (հատոր 3-րդ գ.թ. 136-137):
Վերաքննիչ դատարանը, 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի ներկայացուցչի միջնորդությունը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ տվյալ դեպքում բողոքաբերը միջնորդության հիմքում դրել է Զարուհի Հայրապետյանի անչափահաս լինելու, համապատասխանաբար ինքնուրույն միջոցներ չունենալու հանգամանքները: Մինչդեռ, հայցվորի գույքային դրությունը կարող է գնահատվել միայն դրա վերաբերյալ բավարար տեղեկությունների առկայության պայմաններում ու ելնելով դրա բնույթից, որպիսի պայմաններում վերաքննիչ ատյանը կարող է գնահատել պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցը, ինչպես նաև հաստատված համարել պետական տուրքըվճարելու անհնարինությունը (հատոր 3-րդգ.թ. 143-145):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարումարձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում, ինչպես նշվեց վերը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու եղանակով արտոնություն կիրառելու հիմքերը` սահմանելով դատարան դիմելու համար գանձվող պետական տուրքի վճարումից օրենքի ուժով ազատելու դեպքերի հստակ շրջանակ: Այդ դեպքերից է՝ երբ հայցը կամ դիմումը ներկայացվել է այն անձի կողմից, ով օրենքով նախատեսված դեպքերում իրավասու է այլ անձանց` օրենքով պահպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դիմելու դատական պաշտպանության: Այլ կերպ ասած՝ օրենդիրը որդեգրել է այն մոտեցումը, ըստ որի՝ օրինական ներկայացուցիչներն օրենքի ուժով ազատվում են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ իրենց խնամարկյալների անունից և ի շահ նրանց դատարան տրվող հայցադիմումների և դիմումների համար, որպիսի պայմաններում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդություն ներկայացնելու և պետական տուրքի գծով որևէ արտոնություն հայցելու անհրաժեշտությունը բացակայում է:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հայցվոր Մարինա Ռոստոմյանը, Զարուհի Հայրապետյանի (ծնվ. 02.03.2002 թվականին)մայրն է(հիմք հատոր 1-ին, գ.թ. 12): Ընդ որում սույն գործով ինչպես հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին Զարուհի Հայրապետյանն անչափահաս էր: Այսինքն՝ Մարինա Ռոստոմյանը, որպես իր դստեր օրինական ներկայացուցիչ, վերջինիս անունից և նրա իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության հայցով է դիմել դատական պաշտպանության:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցով հայցվորն օրենքի ուժով ազատված էր վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից՝ պետական տուրքի գծով որևէ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը, բացակայում էր, իսկ ներկայացված միջնորդությունն ինքնին առարկայազուրկ էր:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացրել վերը նշված հանգամանքները և առանց պարզելու, թե արդյոք վերաքննիչ բողոք ներկայացրած անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից, թե՝ ոչ, քննության է առել առարկայազուրկ միջնորդությունը և այն մերժել՝ դրանով իսկ վերաքննիչ բողոք բերած անձի համար ստեղծելով դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու անհարկի խոչընդոտ:
Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ քննության առնելով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ առարկայզուրկ միջնորդությունը և ոչ իրավաչափորեն վերադարձնելով վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Զարուհի Հայրապետյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձն օրենքի ուժով արդեն իսկ ազատված է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի«Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/30236/02/18 քաղաքացիական գործով 2021 թվականի նոյեմբերի 02-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
02․11.2021 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի ընդդեմ Սոնա Հայրապետյանի, Արթուր Հովսեփյանի, Կարեն Գևորգյանի, Անդրանիկ Էլմասյանի, երրորդ անձինք ՀՀ Կենտրոն տարածքի նոտար Մարինե Մանուկյանի, ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Կարինե Ադամյանի, ՀՀ Էրեբունի տարածքի նոտար Մարինե Սարգսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, 02․11․2021 թվականին որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Ս․ Անտոնյանս, Ս․ Միքայելյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը որոշման վերաբերյալ:
Դիմելով դատարան` Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 16.12.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.02.2020 թվականի որոշմամբ Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանի անունից ներկայացված միջնորդությունը՝ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Հայրապետյանի օրինական ներկայացուցիչ Մարինա Ռոստոմյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման ժամանակ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, ինչպես նաև նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 200-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ սույն գործով հայցվորը Մարինա Ռոստոմյանն է, ով հանդես է գալիս Զարուհի Հայրապետյանի անունից և վերջինիս իրավունքների ու շահերի պաշտպանության հարցով, ըստ էության ընդունել է հայցվորի նկատմամբ կիրառելի՝ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, որի ուժով բողոք բերող անձն ազատված էր վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումարը վճարելու պարտականությունից:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է վերը նշվածը և հայցվորին չի ազատել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի վճարումից:
Բացի այդ, անկախ օրենքի ուժով պետական տուրքի վճարումից ազատված լինելու հանգամանքից, առկա է եղել նաև անձի գույքային դրությամբ պայմանավորված պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հիմք։ Տվյալ դեպքում այն անձը, ում իրավունքների պաշտպանության նպատակով հայց է ներկայացվել դատարան, անչափահաս է, ով իր իրավունքներն իրականացնում է ներկայացուցչի միջոցով, հետևաբար անչափահաս Զարուհի Հայրապետյանը զրկված է ինքնուրույն նյութական ապահովվածությունն ունենալու հնարավորությունից, որպիսի փաստը հակառակի մասին վկայող ապացույցների բացակայության պայմաններում վկայում է այն մասին, որ անձի գույքային վիճակը չի կարող վերջինիս զրկել դատարան դիմելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանն արձանագրելով, որ տվյալ դեպքում պետք է պարզել Մարինա Ռոստոմյանի գույքային դրությունը, հաշվի չի առել, որ Մարինա Ռոստոմյանի, որպես ծնողի իր անչափահաս երեխայի կողմից հայցադիմում ներկայացնելն ուղղված է ոչ թե իր, այլ՝ մեկ այլ անձի իրավունքների պաշտպանությանը, հետևաբար պետական տուրքի պարտականությունը Մարինա Ռոստոմյանի վրա դնելն ակնհայտ ծանր վիճակում է դնում վերջինիս և վտանգում է Զարուհի Հայրապետյանի համար վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունը:
Նման պայմաններում խախտվել է Զարուհի Հայրապետյանի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, ինչն էլ հանգեցրել էարդարադատության բուն էության խախտմանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.02.2020 թվականի «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարել է այն հիմնավորմամբ, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում անձն ազատված է պետական տուրքի վճարումից օրենքի ուժով, հետևաբար պետական տուրքի գծով արտոնության կիրառումը չի կարող թողնվել դատարանի հայեցողությանը: Ըստ այդմ էլ, բոլոր այն դեպքերում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկով անձն օրենքի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, անձի կողմից չպետք է ներկայացվի պետական տուրքի գծով արտոնություն՝ պետական տուրքի վճարումից ազատում կիրառելու վերաբերյալ միջնորդություն, քանի որ դրա ներկայացումը վերը նշված պատճառաբանությամբ արդեն իսկ առարկայազուրկ է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշման պատճառաբանությունների հետ համաձայն չենք, քանի որ Վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝ հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով:
Իրավանորմի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ պետական տուրքի գծով արտոնությունը վերաբերում է այն անձանց, որոնք օրենքով նախատեսված դեպքերում դատարանում հանդես են գալիս հայցվորի դատավարական կարգավիճակով, սակայն պաշտպանում են հայցվոր կամ դիմող չհանդիսացող անձի շահեր։
Սույն գործով հայցը ներկայացվել է անչափահասի անունից հանդես եկող օրինական ներկայացուցչի կողմից, որը սույն քաղաքացիական գործով հայցվորի դատավարական կարգավիճակ չունի և հայցվոր չհանդիսացող այլ անձի շահեր չի ներկայացնում։ Հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված արտոնությունը չի կարող տարածվել վերջինիս վրա, քանի որ իրականացնում է օրենքով նախատեսված դատական ներկայացուցչություն։
Գտնում ենք, որ տվյալ դեպքում պետք է քննարկվեր ներկայացված միջնորդությունը, և պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու հարցը լուծվեր ելնելով հայցվորի գույքային դրությունից, քանի որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը կիրառելի չէ սույն գործով հայցվորի նկատմամբ։
Դատավորներ` Ս. Անտոնյան Ս. Միքայելյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական: