Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-36-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.01.2006-20.05.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.21/6(378) Հոդ.109
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.01.2005
Дата вступления в силу
31.01.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով՝

ա) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման գործունեություն իրականացնող անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական, ջերմային էներգիա և բնական գազ սպառողների (այսուհետ՝ սպառողներ) էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ստուգումների միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.

բ) սահմանվում են էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունները:

(1-ին հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տեխնիկական ստուգումներ`  էներգատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ.

պետական տեխնիկական վերահսկողություն՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում տեխնիկական ստուգումների միջոցով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց, որն ուղղված է էներգատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման, սպասարկման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.

էներգատեղակայանքներ՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների, գազային, ջերմային կարգավորիչ ու բաշխիչ հանգույցների և այլ սարքավորումների համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի կերպափոխման, էլեկտրական, ջերմային էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման և սպառման համար.

վերակառուցվող էներգատեղակայանք` գործող էներգատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էներգատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.

գործարկման եզրակացություն՝ տեխնիկական կանոնակարգերի նորմերին էներգատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր կառավարման մարմինը և հավաստում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էներգատեղակայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.

պատահար՝  էներգատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում՝ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 3.

Օրենքի գործողության ոլորտը
 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 4.

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները

(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են՝

ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.

բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:

(4-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 5.

Պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը

(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

 

Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:

(5-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 6.

Լիազոր մարմնի գործառույթները
 

1. Լիազոր մարմինը`

ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ՝

- էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, գազի ցածր ճնշման գազամատակարարման համակարգերում, ինչպես նաև սպառման էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ՝ մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում՝ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.

գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.

դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն.

ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

2. Լիազոր մարմինը էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 7.

Տեխնիկական ստուգումների կարգը
 

1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էներգատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:

3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էներգատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:

4. Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:

(7-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 8.

էներգետիկայի բնագավառում գործունեություն  իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները

(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)
 

1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր մարմնի պետական տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:

2. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`

ա) թույլատրել լիազոր մարմնի ներկայացուցիչների մուտքը էներգատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.

բ) լիազոր մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը.

գ) ինքնուրույն կամ լիազոր մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էներգատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.

դ) չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր մարմնին:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 9.

Պատասխանատվության միջոցները
 

1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում.

բ) էներգատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.

գ) տուգանք:

2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի տեսչական անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էներգատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսուչը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը՝ մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը՝ կատարած գործողությունների հիմնավորմամբ:

Լիազոր մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:

3. Լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում:

(9-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

Հոդված 10.

Լիազոր մարմնի պատասխանատվությունը

 

Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ


Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 13
Երևան
ՀՕ-36-Ն

<

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2021, ՀՕ-381-Ն 01.01.2022, ՀՕ-36-Ն
09.07.2020, ՀՕ-372-Ն 21.07.2020, ՀՕ-36-Ն
09.04.2007, ՀՕ-162-Ն 20.05.2007, ՀՕ-36-Ն
08.12.2005, ՀՕ-1-Ն 21.01.2006, ՀՕ-36-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան