Գլխավոր տեղեկություն
Номер
N 2108-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 25.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.12.2021
Дата вступления в силу
26.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2108-Լ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-111-07.12.2021-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-111-07.12.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը լրացնել նոր մասով, համաձայն որի՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, իսկ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների՝ պետական (համայնքային) բյուջեի տվյալ տարվա ծախսային ծրագրերով նախատեսված չեն:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «Նախագծի նպատակն է էապես նպաստել գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ստեղծել այնպիսի իրավական-կարգավորող համակարգ, որի դեպքում կերաշխավորվի պետական գնումներին տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը և հավասար մրցակցությունը»:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ հրատապության հիմքով մեկ անձից գնում կատարելու համար անհրաժեշտ է դիտարկել հրատապ կարիքի առաջացման բոլոր հնարավոր դեպքերը՝ զսպելով այդպիսի կարիքի չբավարարման հնարավոր ռիսկերը:

Այսինքն հարկ է նկատի ունենալ, որ գնման կարիքների հրատապությունը և ժամանակի կոնկրետ պահին դրանք բավարարելու ակտուալությունը չի կարող սահմանափակվել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավիճակներով:

Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները ներդնելու միջոցով ոչ միայն հնարավոր չէ հասնել նախագծի առջև դրված նպատակի իրականացմանը, այլ այդ իրավակարգավորումների ներդրման արդյունքում կարող են ոտնահարվել պետական և հասարակական շահերը, ազգային անվտանգությունը և հասարակության առողջությունը: Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների ներդրման պարագայում սահմանափակվում է պետության՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով, գնման անհետաձգելի պահանջ ծագելու պարագայում, մեկ անձից գնում կատարելու օրենսդրական հնարավորությունը, որի արդյունքում պետությունը կարող է զրկվել հասարակության անվտանգության և առողջության ապահովման իր պոզիտիվ պարտականության արդյունավետ իրականացման հնարավորությունից, որը հանդիսանում է պետության սահմանադրաիրավական գործառույթը: Գտնում ենք, որ հիմնավոր չի կարելի համարել նախագծով պետության պոզիտիվ պարտականության վերոնշյալ սահմանափակումը և քաղաքացու համար անհամաչափ ռիսկերի ստեղծումը, մասնավորապես՝

1) նախագծով առաջարկվող այն իրավակարգավորման բովանդակությունից, որի համաձայն՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով արտակարգ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որն առաջացել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու արդյունքում, ստացվում է, որ պետությունը կարող է մեկ անձից գնում կատարել միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով սահմանված իրավիճակների ի հայտ գալու դեպքում, այն է՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման դեպքում:

Մասնավորապես՝ նախագծի վերոնշյալ կարգավորումից ստացվում է, որ պետությունը բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և վերոնշյալ արտակարգ իրավիճակների առաջացումը թույլ չտալու նպատակով չի կարող իրականացնել մեկ անձից գնում, այլ այդ գնումը կարող է իրականացնել միայն այդ արտակարգ իրավիճակներն առաջանալուց հետո, նման մոտեցումը գտնում ենք անթույլատրելի է.

2) նախագծի այն իրավակարգավորումը, որի համաձայն՝ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով գնման անհետաձգելի պահանջ է համարվում այն ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը, որոնք պատվիրատուների՝ պետական (համայնքային) բյուջեի տվյալ տարվա ծախսային ծրագրերով նախատեսված չեն, նույնպես խնդրահարույց է, քանի որ հնարավոր է մի իրավիճակ, երբ պետությունը բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և արտակարգ իրավիճակների առաջացումը թույլ չտալու նպատակով իրականացվող գործողությունների ապրանքների (ծառայությունների, աշխատանքների) գնման պահանջը նախատեսած լինի տվյալ տարվա պետական (համայնքային) բյուջեի ծախսային ծրագրերով, սակայն դրա հրատապությունից, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակի առաջացումը թույլ չտալու նպատակից ելնելով, անհրաժեշտ լինի գնումը կատարել մեկ անձից: Ավելին, հնարավոր են նաև դեպքեր, երբ կազմակերպված գնման մրցակցային ընթացակարգը չի կայանում, կամ կնքված պայմանագիրը պարտավորությունները չկատարելու հիմքով պայմանավորված միակողմանիորեն լուծվում է, և առկա է լինում հրատապ անհրաժեշտություն կարիքի բավարարման մասով:

Գործնականում հրատապության հիմքով մեկ անձից կատարվող գնումներն ի սկզբանե ներառված չեն լինում գնումների պլանում, դրանք պլանում լրացվում են հետագայում՝ հրատապ կարիքի առաջացման դեպքում՝ բյուջեում վերաբաշխում կատարելու կամ նոր հատկացումներ նախատեսվելու միջոցով։

Այս համատեքստում, կարծում ենք, որ նախաձեռնությունը խախտում է մասնավոր և հանրային շահերի հավասարակշռությունը, իսկ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից միանգամայն ընդունելի համարվող մեկ անձից գնումներ կատարելու կառուցակարգերի սահմանափակման նպատակադրումն անհրաժեշտ է իրացնել համակարգային և ինստիտուցիոնալ մակարդակում՝ զերծ մնալով հատվածական և չհիմնավորված լուծումներից։

Ուստի գտնում ենք, որ պետության այն լիազորությունների սահմանափակումը, որոնք կարող են կապված լինել պետության այնպիսի պոզիտիվ պարտականությունների իրականացման հետ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով ամրագրված անձի կյանքի իրավունքի պաշտպանությունը, կամ հասարակության անվտանգության և առողջության ապահովումը, չեն կարող կամայական սահմանափակվել, օրինակ՝ գնումների համակարգում ստվերային, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակից ելնելով։

Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան