Գլխավոր տեղեկություն
Номер
N 1026-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.12.2021-22.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.08.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
01.08.2019
Дата вступления в силу
02.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2019 թվականի N 1026-Ա

 

Թվայնացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը ԵՎ աշխատակարգը հաստատելու մասին

(վերնագիրը խմբ. 15.10.19 n 1472-Ա, փոփ. 18.08.21 n 875-Ա)

 

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծել Թվայնացման խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 15.10.19 n 1472-Ա, 18.08.21 N 875-Ա)

2. Հաստատել Թվայնացման խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 15.10.19 n 1472-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. օգոստոսի 1

Երևան

 

  

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թվականի 

օգոստոսի 1-ի N 1026-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
(վերնագիրը խմբ. 18.08.21 N 875-Ա)

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Սուրեն Քրմոյան - ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի աջակցության նախաձեռնության թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար

Տիգրան Ճորոխյան - ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ., լրաց. 15.10.19 n 1472-Ա, լրաց. 11.06.20 n 684-Ա, փոփ. 16.06.20 n 717-ա, խմբ. 05.03.21 n 204-ա, 18.08.21 N 875-Ա, փոփ. 23.12.21 n 1480-ա)

  

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

օգոստոսի 1-ի N 1026-Ա

որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

   

ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

  

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն աշխատակարգը կարգավորում է Թվայնացման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Գործունեության ընթացքում խորհուրդը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խորհրդի գործառույթները սահմանվում են սույն աշխատակարգով:

4. Խորհրդի կազմը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ աշխատանքային խմբի անհատական կազմը՝ փոխվարչապետի որոշմամբ:

  

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

5. Խորհրդի գործունեության նպատակներն են՝

1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացման ապահովումը, թվային հմտությունների զարգացման խթանումը, ինչպես նաև թվայնացման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակեցումը.

2) միջազգային և միջպետական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում (այդ թվում՝ դոնորների կողմից ֆինանսավորվող) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի և տնտեսության թվայնացմանը վերաբերող ծրագրերի և նախագծերի իրականացման համակարգումը:

(5-րդ կետը խմբ. 11.06.20 n 684-Ա)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելուց, դոնոր կազմակերպություններին ներկայացնելուց կամ իրականացնելուց առաջ թվայնացմանը վերաբերող բոլոր ռազմավարական և ծրագրային փաստաթղթերը, նոր ծրագրային լուծումները, գործող էլեկտրոնային համակարգերի արդիականացմանը վերաբերող լուծումները և խորհրդի նախագահի կողմից առաջարկվող այլ ձևաչափով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են խորհրդի կարծիքին:

(6-րդ կետը խմբ. 07.07.20 n 787-Ա)

7. Խորհրդի խնդիրներն են՝

1) թվայնացման ոլորտի բարեփոխումներին վերաբերող ռազմավարական գերակայությունների և ուղղությունների, ծրագրի նախագծերի, փաստաթղթերի նախագծերի քննարկումը, ներդաշնակեցումը և կարծիքի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

2) թվայնացման ոլորտին վերաբերող քաղաքականությունների ներդաշնակեցումը.

3) թվայնացման ոլորտում ներգրավված միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցության ներդաշնակեցումը։

  

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

8. Խորհրդի գործառույթներն են՝

1) խորհրդի գործունեության հետ կապված առանձին հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը.

2) խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ տեղեկանքների ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) աշխատանքային խմբի գործունեության համակարգումը.

4) աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների քննարկումը և հաստատումը.

5) Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

6) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովմանն ուղղված թիրախների նախանշման և միջոցառումների մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:

(8-րդ կետը լրաց. 11.06.20 n 684-Ա)

 

IV. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

   

9. Խորհրդի քարտուղարության գործառույթը վերապահվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին:

(9-րդ կետը խմբ. 18.08.21 N 875-Ա)

10. Քարտուղարության գործառույթներն են՝

1) գլխավոր տեղեկատվական համակարգողի համակարգման և ներդաշնակեցման գործառույթների իրականացմանն աջակցությունը.

2) խորհրդի աշխատանքների կազմակերպումը և սպասարկումը.

3) զարգացման գործընկերների հետ համագործակցության կազմակերպումը.

4) աշխատանքային խմբի աշխատանքների վերաբերյալ խորհրդին պարբերական հաշվետվողականության ապահովումը.

5) խորհրդի որոշումների կատարման ընթացքի մշտադիտարկումը:

  

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  

11. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի և շրջաբերական գրությունների միջոցով: Խորհրդի հերթական նիստերը գումարվում են տարին առնվազն երկու անգամ:

12. Խորհրդի տարեկան նիստերից մեկը նվիրված է լինում միջազգային երկկողմ և բազմակողմ կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերի քննարկմանը։

13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ կարող են գումարվել արտահերթ նիստեր:

14. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ խորհրդի անդամներից որևէ մեկը` խորհրդի նախագահի ցուցումով:

15. Խորհրդի նախագահի կամ քարտուղարության կողմից աշխատանքային գործընթացը խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպվում է գրավոր հաղորդակցության միջոցով:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։

17. Խորհրդի աշխատանքներին մասնակցելու նպատակով խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ խորհրդի կազմում չընդգրկված անդամները։

18. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի մասով պետական մարմինների համապատասխան ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, պետական գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կառույցների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ:

19. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերին մասնագիտական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով կարող են ներգրավվել փորձագետներ:

20. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

21. Խորհրդի նիստի օրակարգը և օրակարգի հարցերի շուրջ առկա նյութերը խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային եղանակով խորհրդի նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

22. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին համապատասխան ներկայացուցչի զեկուցմամբ։

23. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է քարտուղարությունը:

24. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում և տրամադրվում խորհրդի անդամներին և աշխատանքային խմբի ղեկավարին:

25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են փոխվարչապետի գրասենյակում։

  

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

26. Խորհրդի նախագահը՝

1) հրավիրում և նախագահում է խորհրդի նիստերը.

2) ստորագրում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է կայացնում խորհրդի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց վերաբերյալ.

4) խորհրդի նիստերի ընթացքում կարող է տալ ցուցումներ ու հանձնարարականներ.

5) իրականացնում է սույն աշխատակարգի դրույթներից բխող այլ գործառույթներ:

27. Խորհրդի անդամը՝

1) անձամբ մասնակցում է խորհրդի նիստերին և աշխատանքներին, իսկ մասնակցության անհնարինության դեպքում՝ խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստին մասնակցում է խորհրդի անդամի կողմից մատնանշված այլ անձ.

2) կարող է խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր՝ համապատասխան հիմնավորմամբ.

3) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք.

4) քվեարկում է խորհրդի օրակարգում ներառված հարցերի շուրջ կայացվող որոշումների համար.

5) խորհրդի կողմից ընդունված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ներկայացնում է գրավոր (հատուկ) կարծիք.

6) խորհրդի նախագահի հանձնարարությամբ՝ հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

7) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև զեկուցում է գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին:

 

VII. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(գլուխը լրաց. 07.07.20 N 787-Ա)

 

28. Խորհրդի նիստում պարտադիր քննարկման ենթակա են`

1) թվայնացման տարեկան և բազմամյա ծրագրերը.

2) թվայնացման տարեկան և բազմամյա ծրագրերում ընդգրկված միջոցառումներին վերաբերող հայեցակարգային դրույթները, տեխնիկական առաջարկությունները, տեխնիկական պահանջները, ռազմավարական փաստաթղթերը.

3) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կամ պետական կառավարման hամակարգի մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվող նոր ծրագրային լուծումները (էլեկտրոնային ծրագրեր, կայք, հարթակ, ծրագրային ապահովում), գործող ծրագրային լուծումներն ամբողջությամբ նորով փոխարինելու կամ ավելի քան 50 տոկոս արդիականացվող ծրագրերը.

4) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից կամ պետական կառավարման համակարգի մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ամբողջությամբ կամ մասնակի ֆինանսավորվող ցանկացած ծրագրային լուծում (էլեկտրոնային ծրագրեր, կայք, հարթակ, ծրագրային ապահովում և այլն), որի արժեքը գերազանցում է 25 միլիոն դրամը կամ համարժեք գումարը.

5) թվայնացմանը և էլեկտրոնային կառավարմանն առնչվող ռազմավարական փաստաթղթերը.

6) սերվերային ենթակառուցվածքների արդիականացմանը վերաբերող լուծումները:

29. Խորհրդի նիստում քննարկման ենթակա չեն՝

1) առկա ծրագրային գործիքների ոչ էական, ընթացիկ բարելավումները, որոնց շնորհիվ արդիականացվում է գործող էլեկտրոնային կառավարման համակարգը, բարելավվում է համակարգի գործառնությունը և որոնց արժեքը չի գերազանցում 25 միլիոն դրամը կամ համարժեք գումարը.

2) համակարգչային տեխնիկայի գնման, արդիականացման (բացառությամբ սերվերային տնտեսությանը վերաբերող արդիականացումների) ծրագրերը.

3) էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովում քննարկվող հարցերը:

30. Խորհրդի քննարկմանը հարցեր կարող են ներկայացնել՝

1) խորհրդի անդամները.

2) խորհրդի անդամ չհանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները.

3) պետական կառավարման համակարգի մարմինները.

4) միջազգային կազմակերպությունները.

5) տեղական ինքնակառավարման մարմինները.

6) «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը։

31. Խորհրդի քննարկմանը հարցերը ներկայացվում են հետևյալ ձևաչափով՝

1) հայեցակարգային լուծումներ.

2) տեխնիկական առաջադրանքներ (Terms of reference (ToR) և (կամ) տեխնիկական պահանջներ (Technical requirments (TR)).

3) էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման և ներդրման ծրագրեր.

4) իրականացված կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացումներ.

5) թվայնացմանը և էլեկտրոնային կառավարմանը վերաբերող ռազմավարական փաստաթղթեր.

6) այլ ոլորտի ռազմավարական և ծրագրային փաստաթղթեր, որոնք առնչվում են թվայնացմանը և էլեկտրոնային կառավարմանը.

7) խորհրդի նախագահի կողմից սահմանված այլ ձևաչափով սահմանված փաստաթղթեր:

32. Թվայնացման ոլորտում առկա խնդիրների վերլուծությունները խորհրդի քննարկմանն են ներկայացվում սույն աշխատակարգի 28-րդ կետով ներկայացված հարցերի շրջանակներում՝ ներառյալ համապատասխան լուծման առաջարկը:

33. Եթե հարցը խորհրդի քննարկմանը ներկայացված է հայեցակարգային լուծումների կամ ծրագրի ձևաչափով, տվյալ հարցը հավանության արժանանալու դեպքում խորհրդի նախագահի որոշմամբ հայեցակարգային լուծման կամ ծրագրի հիման վրա մշակված տեխնիկական առաջադրանքը և (կամ) տեխնիկական պահանջը նույնպես պետք է քննարկվի և հավանության արժանացվի խորհրդի կողմից:

34. Հարցը ներկայացնողի հայեցողությամբ և խորհրդի նախագահի որոշմամբ հայեցակարգային լուծումները խորհրդի քննարկմանը կարող են ներկայացվել առանց նախնական շրջանառության և շահագրգիռ մարմինների կարծիքներն ստանալու:

35. Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակված սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերը, բացառությամբ 1-ին և 4-րդ ենթակետերի, նախքան խորհրդի քննարկմանը ներկայացնելը պետք է համաձայնեցվեն պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների հետ, որոնք իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն տասը օրվա ընթացքում՝ համապատասխան կարծիքների հիման վրա լրացված ամփոփաթերթը (այսուհետ՝ ամփոփաթերթ) ներկայացնելով։ Խորհրդի քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի շրջանառությունն իրականացվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

36. Շահագրգիռ մարմինների ցանկը որոշում է խորհրդի քննարկմանը հարց ներկայացնողը։ Միևնույն ժամանակ, սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (պետական կամ վարկային միջոցների հաշվին ծրագրերը ֆինանսավորվելու դեպքում), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (ծրագրի ներդրման արդյունքում իրավական փոփոխությունների անհրաժեշտության դեպքում), «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության և խորհրդի անդամների հետ:

(36-րդ կետը փոփ. 18.08.21 N 875-Ա)

37. Եթե հարցը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի կամ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, սույն աշխատակարգի 34-36-րդ կետերում նշված համաձայնեցումներն իրականացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի կամ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

38. Խորհրդի քննարկմանը ներկայացվող հայեցակարգային լուծումները պետք է առնվազն պարունակեն՝

1) անվանումը.

2) հակիրճ նկարագրությունը.

3) նպատակը և շրջանակը.

4) նախահաշվային բյուջեն (առկայության դեպքում).

5) ակնկալվող արդյունքները.

6) շահառուները.

7) իրականացնող կառույցը կամ կառույցները.

8) ամփոփաթերթը (առկայության դեպքում).

39. Խորհրդի քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է առնվազն պարունակեն՝

1) անվանումը.

2) նկարագրությունը.

3) նպատակը և շրջանակը.

4) նախահաշվային բյուջեն.

5) շահառուները.

6) ակնկալվող արդյունքները.

7) իրականացնող կառույցը կամ կառույցները.

8) իրականացման հնարավոր ռիսկերի նկարագրությունը.

9) ամփոփաթերթը:

40. Խորհրդի քննարկմանը ներկայացվող տեխնիկական առաջադրանքները (TOR) և (կամ) տեխնիկական պահանջները (TR) պետք է առնվազն պարունակեն`

1) անվանումը.

2) հակիրճ նկարագրությունը.

3) նպատակը և շրջանակը.

4) շահառուները.

5) բիզնես նպատակները (ցանկալի է).

6) բիզնես գործառույթներին և աշխատանքային բնութագրերին ներկայացվող պահանջները (ցանկալի է).

7) ներդրման ժամանակացույցը.

8) ակնկալվող արդյունքները.

9) բյուջեն.

10) իրականացման հնարավոր ռիսկերի նկարագրությունը.

11) ամփոփաթերթը:

41. Խորհրդի քննարկմանը ներկայացվող ռազմավարական փաստաթղթերը պետք է առնվազն պարունակեն՝

1) ընդգրկումը.

2) ժամկետայնությունը.

3) մշակման հիմքերը (Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններ, Հայաստանի Հանրապետության օրենքներ).

4) նպատակը և շրջանակը.

5) ակնկալվող արդյունքները.

6) մշակող և հաստատող մարմինը.

7) իրականացնող մարմինը կամ մարմինները.

8) պետական ծախսերի վրա ազդեցությունը.

9) ռազմավարական նպատակների սահմանումը.

10) փաստաթղթում նշված նպատակներին հասնելու ճանապարհների, գործողությունների կամ միջոցառումների նկարագրությունը.

11) արդյունքային ցուցանիշների սահմանումը.

12) գերակայությունների սահմանումը.

13) ծախսային գնահատականները ներկայացնելը.

14) իրականացման հնարավոր ռիսկերի նկարագրությունը.

15) տիտղոսաթերթը.

16) ամփոփաթերթը:

42. Սույն աշխատակարգով սահմանված ձևաչափով ներկայացված փաստաթղթի՝ խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցը որոշում է խորհրդի նախագահը։ Խորհրդի նախագահն իրավասու է հարցը վերադարձնելու ներկայացնող մարմին՝ լրամշակման, եթե հարցը չի քննարկվել շահագրգիռ մարմինների հետ կամ ներկայացվող հարցի շուրջ առկա են շահագրգիռ մարմինների հետ չհամաձայնեցված հարցեր։

43. Խորհրդի հավանությանն արժանացած՝ սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերի վերաբերյալ մշտադիտարկումը (մոնիթորինգը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը։

44. Խորհրդի քննարկմանը հարց ներկայացնող սուբյեկտը խորհրդի կողմից սահմանված ձևաչափով յուրաքանչյուր կիսամյակ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ։

45. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակը կիսամյակային կտրվածքով խորհուրդ է ներկայացնում համառոտ տեղեկանք խորհրդի հավանությանն արժանացած՝ սույն աշխատակարգի 31-րդ կետով սահմանված հարցերի վերաբերյալ:

(հավելվածը լրաց. 15.10.19 n 1472-Ա, խմբ., լրաց. 11.06.20 n 684-Ա, 07.07.20 n 787-Ա, խմբ., փոփ. 18.08.21 N 875-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան