Գլխավոր տեղեկություն
Номер
N 907-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.09.11/49(989) Հոդ.834
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.08.2013
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.08.2013
Дата вступления в силу
21.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 907-Ն

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1273-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների ու սաղմի պահպանման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 1273-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 907-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ ՈՒ ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սեռաբջիջների դոնորի (այսուհետ՝ դոնոր), ինչպես նաև դոնոր չհանդիսացող քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի) կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման հետ կապված հարաբերությունները:

2. Սեռաբջիջները (սպերմատոզոիդ և ձվաբջիջներ) ու սաղմն ստացվում և պահպանվում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման նպատակով:

3. Սեռաբջիջների ու սաղմի ստացման, դրանց պահպանման և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին տվյալները համարվում են բժշկական գաղտնիք և չեն կարող հրապարակվել` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

4. Սեռաբջիջների ու սաղմի ստացման և պահպանման, ինչպես նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման հետ կապված բժշկական ծառայությունները մատուցում են այն բժշկական կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունեն բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա:

5. Քաղաքացու կողմից պահպանման տրված, չիրացված կամ ժամկետանց սեռաբջիջների և սաղմի ոչնչացման (թափոնման) փաստը գրանցվում է բժշկական փաստաթղթերում, գրավոր հավաստվում քաղաքացու կամ նրա ներկայացուցչի կողմից, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ բուժանձնակազմի կողմից կազմված արձանագրությամբ:

 

II. ՍԵՌԱԲՋԻՋՆԵՐԻ (ՍՊԵՐՄԱՏՈԶՈԻԴՆԵՐ ԵՎ ՁՎԱԲՋԻՋՆԵՐ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Սեռաբջիջները (սպերմատոզոիդներ և ձվաբջիջներ) բժշկական կազմակերպությանը տրամադրվում են՝

1) դոնորների կողմից` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ժամանակ դոնորության կազմակերպման նպատակով.

2) այն քաղաքացիների կողմից, ովքեր գտնվում են կյանքը վտանգող իրավիճակում կամ ենթարկվում են սերնդարարման ունակությունը կորցնելու ռիսկի (առողջության համար վտանգ ներկայացնող մասնագիտական գործունեություն, զինվորական պարտականությունների կատարում, ինչպես նաև այլ բժշկասոցիալական ցուցումներ)` պահպանման նպատակով:

7. Դոնորն իր բեղմնունակ սերմը կամ ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում` համապատասխան բժշկական կազմակերպության կամ սեռաբջիջն օգտագործող անձի կամ անձանց կողմից` նախապես կնքված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:

8. Քաղաքացիների և բժշկական կազմակերպության միջև սեռաբջիջների տրամադրման ու պահպանման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրով, որով պետք է նախատեսվեն`

1) պայմանագրի կողմերը.

2) պայմանագրի կողմերի իրավունքները և պարտականությունները.

3) սեռաբջջի ու սաղմի պահպանման ժամկետը.

4) տնօրինման իրավունքը.

5) կողմերի համաձայնությամբ` այլ պայմաններ։

9. Սպերմատոզոիդների (սերմի) դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան բեղմնունակ սերմ ունեցող տղամարդիկ, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվում են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվում են դոնոր լինելու բժշկական հակացուցումները:

10. Սերմնաբջջի դոնորը կարող է լինել հայտնի կամ անհայտ:

11. Դոնորը, որը համաձայնում է պարբերաբար հանձնել սերմ, կոչվում է ակտիվ դոնոր: Ակտիվ դոնորությունը թույլատրվում է 3 տարվանից ոչ ավելի, իսկ սերմի հանձնումը՝ ամսական 3 անգամվանից ոչ ավելի։

12. Ձվաբջիջների դոնոր կարող են դառնալ 18-35 տարեկան, կանոնավոր դաշտանային ֆունկցիա ունեցող կանայք, ովքեր կամավորության սկզբունքով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտման, և արդյունքում ժխտվել են դոնոր լինելու բժշկական հակացուցումները: Ձվաբջջի դոնորի ձվարանների ֆոլիկուլներից ձվաբջիջների արտածծման քանակը չպետք է գերազանցի 5 անգամը (բացառությամբ նույն ընտանիքի համար անհրաժեշտության դեպքերի, սակայն ոչ ավելի, քան 7 անգամը):

(12-րդ կետը լրաց. 23.12.21 N 2120-Ն)

13. Պահպանման նպատակով սեռաբջիջներ կարող են տրամադրել այն քաղաքացիները, որոնց տարիքը մեծ է 18-ից, ունեն բեղմնունակ սեռաբջիջներ և չեն տառապում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով:

14. Դոնորները պետք է ենթարկվեն հետազոտման՝ համաձայն սույն կարգի և պայմանների 15-րդ ու 16-րդ կետերի պահանջների:

15. Սերմի դոնորների հետազոտման համար անհրաժեշտ է իրականացնել`

1) սերմի հետազոտում և բեղմնունակության (պիտանիության) գնահատում` սերմի յուրաքանչյուր հանձնման դեպքում: Սերմը համարվում է պահպանման և հետագա օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շրջանակում օգտագործման համար պիտանի, եթե սերմի ծավալը 2,0 և ավելի միլիլիտր է, մեկ միլիլիտր սերմում առկա է առնվազն 40 մլն սպերմատոզոիդ, որոնց 60 և ավելի տոկոսը կատարում են ակտիվ-համընթաց շարժումներ, և ախտաբանական ձևերը չեն գերազանցում 20 տոկոսը.

2) զննում` ուրոլոգի և թերապևտի կողմից, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների ներգրավմամբ` տարեկան մեկ անգամ.

3) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում` միանվագ.

4) հոգեթերապևտի կողմից զննում և բժշկագենետիկական խորհրդատվություն (կարիոտիպավորում՝ ըստ ցուցումների)՝ միանվագ.

5) սերմնահեղուկի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.

6) սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսակրության, հեպատիտ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի հայտնաբերման նպատակով հետազոտություն՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ:

16. Ձվաբջջի դոնորների հետազոտման համար անհրաժեշտ է իրականացնել`

1) թերապևտիկ զննում` տարեկան մեկ անգամ.

2) գինեկոլոգի կողմից զննում, յուրաքանչյուր փորձից առաջ, անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետների ներգրավում.

3) լաբորատոր հետազոտություն` արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում՝ միանվագ.

4) արյան ընդհանուր անալիզ, կոագուլոգրամ.

5) հեշտոցի քսուքի մանրէադիտակային հետազոտություն և մանրէաբանական ցանքս՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.

6) սեռավարակների, այդ թվում՝ իմունային անբավարարության վիրուսակրության, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի և սիֆիլիսի հայտնաբերման նպատակով հետազոտություն՝ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ.

7) ձվազատման հետազոտության ապահովում՝ գերձայնային ֆոլիկուլոմետրիայի միջոցով.

8) զննում` հոգեթերապևտի կողմից, և բժշկագենետիկական խորհրդատվություն (կարիոտիպավորում՝ ըստ ցուցումների)՝ միանվագ:

17. Հետազոտումից ստացված դրական արդյունքների հիման վրա տղամարդը կամ կինը կարող է ընտրվել որպես դոնոր` նրա կողմից տրված գրավոր համաձայնության առկայության դեպքում:

17.1. Սեռաբջջի յուրաքանչյուր դոնորից ծնված երեխաների թիվը չպետք է գերազանցի 5 ընտանիքում ծնված 7 երեխայի քանակը:

(17.1-ին կետը լրաց. 23.12.21 N 2120-Ն)

18. Քաղաքացիների կողմից պահպանման նպատակով բժշկական կազմակերպություններին սեռաբջիջների տրամադրման դեպքում համապատասխանաբար ապահովվում է սույն կարգի ու պայմանների 15-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ (միանվագ) ու 16-րդ կետի 2-րդ, 3-րդ (միանվագ), 5-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված հետազոտությունների իրականացումը:

 

III. ՍԵՐՄԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Նախքան սերմը հանձնելը` դոնորը և (կամ) քաղաքացին 3-4 օր պետք է խուսափեն սեռական հարաբերությունից և ալկոհոլի օգտագործումից, ինչպես նաև սահմանափակեն ծխելը:

20. Սերմը հավաքվում և հանձնվում է ախտազերծված սրվակի մեջ` առանձին մուտք, սանհանգույց և լվացարան ունեցող հատուկ սենյակում:

21. Սերմի ստացման վերաբերյալ գրանցումը կատարվում է հետազոտությունների և դրանց արդյունքների գրանցամատյանում, որում նշվում են սերմի հանձնման ամսաթիվը, հանձնողի ազգանունը, անունը, հայրանունը, իսկ դոնորի դեպքում՝ նաև նրա սոցիալ-կենսաբանական տվյալները:

22. Թարմ կամ կրիոկոնսերվացված սերմի ստացման, պահպանման և օգտագործման վերաբերյալ գրանցումները կատարվում են դոնորի և (կամ) քաղաքացու անհատական քարտում, որի ձևը հաստատում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:

 

IV. ՁՎԱԲՋԻՋՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

23. Ձվաբջջի ստացման նպատակով ձվարանների խթանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 214-Ն որոշման դրույթներին համապատասխան:

 

V. ՍԵՐՄԻ ՈՒ ՍԱՂՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

24. Սերմը կարող է օգտագործվել թարմ վիճակում կամ կրիոկոնսերվացված:

25. Սերմի պահպանման նպատակով այն պետք է կրիոկոնսերվացվի և ծածկագրավորվի:

26. Կրիոկոնսերվացված սեռական բջիջները և սաղմերը կարող են պահպանվել անժամկետ:

27. Սեռական բջիջների և սաղմերի կրիոկոնսերվացման եղանակի ընտրությունը կատարվում է սաղմնաբանի հայեցողությամբ:

28. Սեռական բջիջների և սաղմերի պահպանման աշխատանքների ճիշտ կազմակերպման նպատակով անհրաժեշտ է կատարել կրիոկոնսերվացված սերմի ու սաղմի ծածկագրավորում և նշագրում:

29. Յուրաքանչյուր դոնոր պետք է ունենա իր ծածկագիրը` կազմված դոնորի ազգանվան առաջին և երրորդ տառերից, ծննդյան ամսաթվի, ամսվա ու ծննդյան տարեթվի վերջին երկու թվից:

30. Դոնորի և քաղաքացու անհատական քարտում պետք է նշվեն նաև ազոտ պարունակող փորձանոթի համարը՝ ըստ առկա անոթների թվի, սկավառակի համարը, սերմի ու ձվաբջջի հանձնման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

31. Ծածկագրով պետք է նշագրվեն այն պոլիմերային փորձանոթները, որոնք պարունակում են սառեցված սերմի ձողիկները և սաղմը:

32. Սեռական բջիջների և սաղմերի ծածկագրերը պետք է գրանցվեն նաև դոնորի (կամ) քաղաքացու անհատական քարտում, իսկ արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման դեպքում` նաև կնոջ ամբուլատոր քարտում:

33. Կենսանյութի կրիոկոնսերվացման ցուցումներն են՝

1) սեռական բջիջների և սաղմերի պահպանման անհրաժեշտությունը` մինչև քիմիոթերապիայի և (կամ) ճառագայթային թերապիայի անցկացումը.

2) սեռական բջիջների և սաղմերի պահպանման անհրաժեշտությունը` հետագայում անպտղության բուժման նպատակով.

3) սեռական բջիջների և սաղմերի կրիոկոնսերվացիան և կրիոպահպանումը պացիենտի ցանկությամբ:

34. Ամորձու և մակամորձու հյուսվածքների կրիոկոնսերվացիան և կրիոպահպանումը հետագա օգտագործման նպատակով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների շրջանակներում կատարվում է միայն այն դեպքում, երբ նրանցում առկա են սերմնաբջիջներ:

35. Կենսանյութերի փոխադրումը կատարվում է` պահպանելով 36.6-370C ջերմաստիճանը: Կենսանյութը պետք է հասցվի սաղմնաբանական լաբորատորիա` կենսանյութն ստանալուց հետո առնվազն 3 ժամվա ընթացքում:

36. Սեռական բջիջների և սաղմերի կրիոկոնսերվացման, կրիոպահպանման և ապասառեցման մեթոդի ընտրությունը կատարվում է անհատական մոտեցման սկզբունքով:

37. Կրիոկոնսերվացված սեռական բջիջների և սաղմերի պահպանման ժամկետը տասնյակ և ավելի տարիներ է:

38. Կրիոկոնսերվացված սեռական բջիջները և սաղմերը պահպանվում են հատուկ նշագրված պահոցներում, հեղուկ ազոտի միջավայրում:

39. Բժշկական հաստատությունը օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում սեռական բջիջների և սաղմերի կրիոպահպանման պայմանների ապահովման համար:

40. Կրիոկոնսերվացված սեռական բջիջների և սաղմերի փոխադրման դեպքում ձևակերպվում է ուղեկցող փաստաթուղթ, որում նշվում են՝

1) կրիոկոնսերվացման ամսաթիվը և կենսանյութի տեսակը.

2) պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը (սաղմի (սաղմերի) դեպքում՝ տղամարդու և կնոջ անունը, ազգանունը, հայրանունը (անհայտ դոնորի դեպքում` անունը, ազգանունը և հայրանունը չեն նշվում).

3) սառեցված կենսանյութի որակը.

4) սառեցման և պահպանման ժամանակ օգտագործված միջավայրը.

5) կենսանյութի տեղափոխման հանձնման ամսաթիվը.

6) այն անձի ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը, ով կենսանյութն ընդունել է տեղափոխման համար:

41. Պացիենտի գրավոր դիմումի հիման վրա կենսանյութը կարող է տրամադրվել նրան:

(հավելվածը լրաց. 23.12.21 N 2120-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան