Գլխավոր տեղեկություն
Номер
N 2076-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2021
Дата вступления в силу
26.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2076-Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 285-րդ հոդվածը, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ժ» պարբերությունը, 19-րդ հոդվածի 2-րդ մասը, «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 16-ի N 2076-Ն որոշման

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգով նախատեսված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի և այլ միջոցների օգտագործման դիմաց հետագա համարժեք փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու պետական կառավարման մարմնի կողմից վերցնելու դեպքում և համայնքային բյուջեից՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերցնելու դեպքում:

3. Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները վերադարձնելու, ինչպես նաև վերադարձման անհնարինության դեպքում գույքի և այլ միջոցների օգտագործված օրերի ընթացքում, բաց թողնված օգուտի չափով տրվում է փոխհատուցում՝ հավաստող փաստաթղթի (տեղեկանք գործատուից, հարկային մարմնից, հաշիվ-ապրանքագրեր և այլն) առկայության դեպքում։

4. Գույքի և այլ միջոցների վերադարձման անհնարինության դեպքում բաց թողնված օգուտի չափով տրվում է փոխհատուցում մինչև գույքի համարժեք փոխհատուցումը։

5. Փոխհատուցում ստանալու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձի (ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից լիազորված անձի և օրինական տիրապետողի կամ նրանց իրավահաջորդի) դիմումը, առցանց կամ առձեռն եղանակով, գույքը վերադարձնելուց հետո 10-օրյա ժամկետում, ներկայացվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու հանդիսացող պետական կառավարման համակարգի կամ տեղական ինքնակառավարման համակարգի մարմիններ (այսուհետ՝ լիազոր մարմին)։

6. Դիմումները քննելու նպատակով լիազոր մարմնում ստեղծվում է համապատասխան աշխատանքային խումբ։

7. Փոխհատուցում տալու նպատակով լիազոր մարմինն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում արտակարգ իրավիճակով պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով իրենց կողմից օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները վերադարձնելու անհնարինության դեպքում համարժեք փոխհատուցում տալու նպատակով ընդունում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, կամ նրանց կողմից լիազորված անձի և օրինական տիրապետողի, ինչպես նաև նրանց իրավահաջորդի կողմից համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), դիմումն օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից ներկայացվելու դեպքում՝ համապատասխանաբար ներկայացուցչի լիազորությունները կամ անձի իրավահաջորդ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթղթեր, տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, հանձնման-ընդունման ակտը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գույքի և այլ միջոցների հանձնումը հավաստող փաստաթուղթ, և դրանք ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է սույն կարգի 6-րդ կետով ստեղծված աշխատանքային խմբում։

8. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմինը, համապատասխան ֆինանսավորում ստանալու նպատակով, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համապատասխան որոշման նախագիծ:

9. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտի պատասխանատու հանդիսացող տեղական ինքնակառավարման համակարգի մարմինն օրենքով սահմանված կարգով փոխհատուցումը տրամադրում է իր միջոցների հաշվին։

10. Գույքի և այլ միջոցների օգտագործման կամ վերադարձման անհնարինության դեպքում փոխհատուցման չափը որոշելու համար, որպես չափորոշիչ ընդունվում է տվյալ պահին տվյալ գույքի միջին շուկայական արժեքը, որտեղ հաշվի է առնվում գույքի մաշվածությունը։

11. Սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում դիմումին կցվում է նաև բաց թողնված ժամկետները հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումներ, որոնք քննարկվում են սույն կարգի 6-րդ կետով ստեղծված աշխատանքային խմբում և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումին ընթացք տալու կամ այն վերադարձնելու մասին պատշաճ իրազեկվում է դիմումը ներկայացնողը։

12. Դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դիմումն ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտնաբերելուց հետո դիմումն առձեռն վերադարձնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, կամ նրանց կողմից լիազորված անձին կամ օրինական տիրապետողին՝ առաջարկելով դիմումի ստացման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ, 33-րդ և 41-րդ հոդվածներով:

13. Սույն կարգով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է հետևյալ դեպքերում՝

1) անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացնելու դեպքում.

2) այդ մասին պատշաճ ձևով լիազոր մարմնի կողմից դիմումի վերադարձման պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց, կամ նրանց կողմից լիազորված անձի կամ օրինական տիրապետողի կողմից չեն վերացվում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չեն ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր.

3) ներկայացված փաստաթղթերը պարունակում են ակնհայտ սխալ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն:

14. Դիմումի մերժման վերաբերյալ որոշումը համապատասխան հիմնավորումներով ֆիզիկական և իրավաբանական անձանց, կամ նրանց կողմից լիազորված անձին կամ օրինական տիրապետողին ներկայացվում է սույն կարգի 7-րդ կետով դիմումի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

15. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների ընթացքում արտակարգ իրավիճակով պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները վերադարձնելու անհնարինության դեպքում, որպես համարժեք փոխհատուցում, կարող է դիտարկվել այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվում են կամ հասանելի են հանրային աղբյուրներում, ընդ որում նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք։

16. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն կարգի 8-րդ կետով սահմանված որոշման նախագիծն ստանալուց հետո ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, գույքի կամ այլ միջոցների անվանումը և փոխհատուցման չափը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան