ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ապրիլի 2017 թվականի |
N 38 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի N 48 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթի 6-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող ակտերով կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 18 ամիս:
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.
բ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամսվա ընթացքում թույլատրվում է արտադրանքի արտադրությունն ու Միության տարածքում շրջանառության մեջ դնելը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում։
Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
գ) տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու Միության տարածքում շրջանառության մեջ դնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել համապատասխանության պարտադիր գնահատման՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերի կամ անդամ պետության օրենսդրության համաձայն՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.
դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի և (կամ) երաշխիքային ժամկետի ընթացքում:
2. Խնդրել Բելառուսի Հանրապետության կառավարությանը՝ անդամ պետությունների հետ համատեղ ոչ ուշ, քան 6 ամիս առաջ՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, ապահովել հետևյալի մշակումն ու ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝
ա) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և արտադրանքի համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը.
բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի ներկայացմամբ։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ ոչ ուշ, քան վեց ամիս առաջ՝ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը, ապահովել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի N 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների նախապատրաստումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացումը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: