Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-60
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2006-01.01.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.06.23/14(112)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.05.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.06.2000
Дата вступления в силу
01.07.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2000 թվականի մայիսի 17-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը` վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում` պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերի: Ուսումնասիրություն է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:

Որևէ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման առանձին կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային կամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններ չեն առաջադրվում:

Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի (ապահովադրի) գրավոր դիմումի հիման վրա:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ` ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր` ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովագրության, բնօգտագործման, բնապահպանական և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու և դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության, ապրանքների և տեխնոլոգիաների` ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության և նման այլ ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով և նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները` կապված սեփական և փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության և արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձանց գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման և անցկացման, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 121-րդ հոդվածով:

(1-ին հոդ. փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 24.09.03 ՀՕ-8-Ն, 11.07.04 ՀՕ-103-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն)

Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են`

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,

- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն,

- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,

- Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները,

- Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը,

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը,

- Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն,

- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

- լիցենզավորող պետական մարմինները:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:

2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:

(2-րդ հոդվածը փոփ. 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 07.10.03 ՀՕ-12-Ն, 24.09.03 ՀՕ-8-Ն, 09.06.04 ՀՕ-90-Ն, 08.12.04 ՀՕ-34-Ն)

Հոդված 3. Ստուգումների նպատակը և անցկացման կարգը

1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:

2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել հարկային (տարածքային) տեսչության պետին:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:

Հարկային մարմինների կողմից առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:

3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման, հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների կողմից արտարժույթի առքուվաճառքի գործառնությունների գրանցման, արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման, պարզեցված հարկ վճարողների մոտ իրենց պատկանող ապրանքային մնացորդների, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների (այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման) ճշտությանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կամ հարկային մարմինների կողմից չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված դեպքերում իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների և (կամ) բնապահպանական տեսչական մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ, ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների: Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն):

5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակներն ու շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը` ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

(3-րդ հոդ. փոփ. 03.04.01 ՀՕ-172, 14.12.01 ՀՕ-282, 06.11.02 ՀՕ-453-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 24.12.04 ՀՕ-53-Ն, 08.07.05 ՀՕ-150-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն, 11.11.05 ՀՕ-218-Ն)

Հոդված 4. Ստուգման ժամկետները

1. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ` տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների մասին:

2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառության կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ մինչև 20 անընդմեջ աշխատանքային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ հաշվետու տարվա արդյունքներով 1,0 մլրդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած և (կամ) 100,0 մլն դրամ և ավելի հարկի գումար հարկային մարմիններին վճարած տնտեսավարող սուբյեկտների մոտ` 45 աշխատանքային օրը (չհաշված կասեցման ժամկետը):

3. Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգում կարող է իրականացվել օրացուցային տարում ոչ ավելի, քան մեկ անգամ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի:

Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում իրականացնել կրկնակի ստուգում: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից իրականացվող տնտեսավարող սուբյեկտի համալիր կամ թեմատիկ ստուգումից հետո նույն տնտեսավարող սուբյեկտում նույն ժամանակաշրջանի համար կատարվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ցանկացած ստուգում համարվում է կրկնակի ստուգում:

4. Կրկնակի ստուգման անցկացման հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգման հետևանքով այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(4-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 11.12.02 ՀՕ-480-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն)

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է, բացի սույն օրենքի 3 հոդվածի 3-րդ մասում սահմանված և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ:

Վերստուգումներ կարող են անցկացվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.

ա) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս.

բ) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ.

դ) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս.

ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.

զ) սույն օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված դեպքերում.

է) (5-րդ հոդվածի «է» ենթակետը հանվել է 11.12.02 ՀՕ-480-Ն)

ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքում.

թ) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված և 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարկային պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները հարկ վճարողի դիմումի հիման վրա հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններին հաշվանցելուց կամ նրան վերադարձնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտի մոտ կատարվող ստուգման դեպքերում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ` օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, 06.11.02 ՀՕ-453-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն, 14.12.04 ՀՕ-186-Ն, 11.12.02 ՀՕ-480-Ն)

Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը

1. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից, խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ակտի դեպքում` տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), օրինակների քանակը և հերթական համարը:

Ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:

2. Կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու և տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել երեք աշխատանքային օրը: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմնին:

3. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, 25.12.03 ՀՕ-68-Ն)

Հոդված 7. Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները

Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`

ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

դ) սահմանել ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.

ե) առաջարկություններ ներկայացնել ստուգում նշանակող պետական մարմնի ղեկավարությանը` վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.

զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.

է) իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող և նմանատիպ այլ սարքերի ու սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ.

ը) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ և հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացնել գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց` միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ.

թ) ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և հաշվարկների գույքագրումներ: Գույքագրում կատարելիս ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների և մասնագետների.

ժ) անհրաժեշտության դեպքում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող, հարկային, մաքսային և այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պահանջել ստուգվող սուբյեկտի գործարքների հաշիվների շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ:

(7-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն, 08.07.05 ՀՕ-152-Ն)

Հոդված 8. Ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները

1. Ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են)`

ա) պահպանել ստուգման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և ստուգում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):

Սույն օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.

դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.

զ) ստուգման ընթացքում բացառապես հիմնվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքների և այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ.

է) ստուգման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման.

ը) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի գրավոր հանձնարարությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքերում իրականացվող կրկնակի ստուգման ժամանակ խախտումներ հայտնաբերելիս կիրառել միայն ստուգման հարցին (հարցերին) առնչվող խախտումների համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները:

2. Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության 1 օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին:

3. Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար:

4. Արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր և այլն, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույքագրման և չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:

(8-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-172, 11.12.02 ՀՕ-480-Ն)

Հոդված 9. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 3 և 4 հոդվածների պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին.

բ) ծանոթանալ ստուգումների ակտերին.

գ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.

զ) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Հոդված 10. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները.

բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները և խախտումները` այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին:

(10-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն)

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ստուգումն իրականացնող անձանց գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչև բողոքի նկատմամբ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ կետով սահմանված դեպքերի:

3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում: նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից:

4. Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

(11-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-172, փոփ. 11.12.02 ՀՕ-480-Ն)

Հոդված 12. Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասի հատուցումը

Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասները, այդ թվում նաև` բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հատուցման` պետական բյուջեի միջոցների հաշվին` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում:

Հոդված 121. Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները


Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների իմաստով ուսումնասիրությունը` լիազորված պետական կառավարման մարմնի ապահովագրական գործունեություն իրականացնողների ներկայացրած հաշվետվությունների, այլ փաստաթղթերի մեկնաբանման, ապահովադիրներից կամ այլ անձանցից ստացված ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից իրենց պարտականությունները կատարելու վերաբերյալ հիմնավորված տեղեկությունների պարզաբանման, ինչպես նաև առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով իրականացվող գործընթաց է:

(121 . հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-152-Ն)

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստուգումների կազմակերպման և անցկացման հարաբերությունները կարգավորող օրենքներն ու այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


12 հունիսի 2000 թ.
ՀՕ-60



Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-421-Ն 14.11.2024, ՀՕ-60
12.06.2024, ՀՕ-270-Ն ---------
14.09.2022, ՀՕ-347-Ն 05.10.2023, ՀՕ-60
10.02.2023, ՀՕ-33-Ն 06.03.2023, ՀՕ-60
26.10.2022, ՀՕ-394-Ն 15.11.2022, ՀՕ-60
09.06.2022, ՀՕ-175-Ն 01.07.2022, ՀՕ-60
26.05.2021, ՀՕ-232-Ն 09.08.2021, ՀՕ-60
01.07.2021, ՀՕ-290-Ն 25.07.2021, ՀՕ-60
03.03.2021, ՀՕ-115-Ն 01.07.2021, ՀՕ-60
03.03.2021, ՀՕ-93-Ն 31.05.2021, ՀՕ-60
16.07.2020, ՀՕ-401-Ն 16.08.2020, ՀՕ-60
09.07.2020, ՀՕ-369-Ն 21.07.2020, ՀՕ-60
04.03.2020, ՀՕ-131-Ն 30.03.2020, ՀՕ-60
19.11.2019, ՀՕ-220-Ն 12.12.2019, ՀՕ-60
16.01.2018, ՀՕ-62-Ն 09.04.2018, ՀՕ-60
21.03.2018, ՀՕ-195-Ն 09.04.2018, ՀՕ-60
23.03.2018, ՀՕ-251-Ն 08.04.2018, ՀՕ-60
21.03.2018, ՀՕ-174-Ն 07.04.2018, ՀՕ-60
21.12.2017, ՀՕ-299-Ն 01.01.2018, ՀՕ-60
24.11.2015, ՀՕ-168-Ն 01.01.2018, ՀՕ-60
17.11.2017, ՀՕ-205-Ն 23.12.2017, ՀՕ-60
01.03.2017, ՀՕ-66-Ն 30.03.2017, ՀՕ-60
17.05.2016, ՀՕ-92-Ն 15.12.2016, ՀՕ-60
16.05.2016, ՀՕ-85-Ն 25.06.2016, ՀՕ-60
12.05.2016, ՀՕ-75-Ն 18.06.2016, ՀՕ-60
07.05.2015, ՀՕ-40-Ն 01.07.2015, ՀՕ-60
20.11.2014, ՀՕ-179-Ն 17.03.2015, ՀՕ-60
17.12.2014, ՀՕ-258-Ն 09.01.2015, ՀՕ-60
21.06.2014, ՀՕ-127-Ն 28.10.2014, ՀՕ-60
21.06.2014, ՀՕ-130-Ն 01.10.2014, ՀՕ-60
30.09.2013, ՀՕ-108-Ն 09.11.2013, ՀՕ-60
05.02.2013, ՀՕ-2-Ն 10.03.2013, ՀՕ-60
19.12.2012, ՀՕ-242-Ն 01.01.2013, ՀՕ-60
22.06.2012, ՀՕ-168-Ն 21.07.2012, ՀՕ-60
07.12.2011, ՀՕ-309-Ն 01.01.2012, ՀՕ-60
15.11.2011, ՀՕ-276-Ն 24.12.2011, ՀՕ-60
23.06.2011, ՀՕ-243-Ն 06.08.2011, ՀՕ-60
12.04.2011, ՀՕ-138-Ն 23.05.2011, ՀՕ-60
20.05.2010, ՀՕ-81-Ն 03.07.2010, ՀՕ-60
08.04.2010, ՀՕ-45-Ն 15.05.2010, ՀՕ-60
04.02.2010, ՀՕ-17-Ն 30.03.2010, ՀՕ-60
21.08.2008, ՀՕ-144-Ն 01.01.2009, ՀՕ-60
22.10.2008, ՀՕ-180-Ն 06.12.2008, ՀՕ-60
30.09.2008, ՀՕ-167-Ն 15.11.2008, ՀՕ-60
17.06.2008, ՀՕ-121-Ն 02.08.2008, ՀՕ-60
08.04.2008, ՀՕ-37-Ն 31.05.2008, ՀՕ-60
06.12.2007, ՀՕ-297-Ն 17.01.2008, ՀՕ-60
24.10.2007, ՀՕ-237-Ն 01.01.2008, ՀՕ-60
13.11.2007, ՀՕ-265-Ն 22.12.2007, ՀՕ-60
11.10.2007, ՀՕ-214-Ն 17.11.2007, ՀՕ-60
25.12.2006, ՀՕ-10-Ն 17.06.2007, ՀՕ-60
22.02.2007, ՀՕ-108-Ն 14.04.2007, ՀՕ-60
22.02.2007, ՀՕ-82-Ն 07.04.2007, ՀՕ-60
27.11.2006, ՀՕ-195-Ն 30.12.2006, ՀՕ-60
23.05.2006, ՀՕ-84-Ն 28.12.2006, ՀՕ-60
07.07.2006, ՀՕ-162-Ն 19.08.2006, ՀՕ-60
15.12.2005, ՀՕ-28-Ն 01.07.2006, ՀՕ-60
15.11.2005, ՀՕ-235-Ն 22.01.2006, ՀՕ-60
08.12.2005, ՀՕ-250-Ն 01.01.2006, ՀՕ-60
11.11.2005, ՀՕ-218-Ն 01.01.2006, ՀՕ-60
08.07.2005, ՀՕ-152-Ն 22.08.2005, ՀՕ-60
08.07.2005, ՀՕ-150-Ն 22.08.2005, ՀՕ-60
24.12.2004, ՀՕ-53-Ն 01.04.2005, ՀՕ-60
14.12.2004, ՀՕ-186-Ն 01.04.2005, ՀՕ-60
08.12.2004, ՀՕ-34-Ն 31.01.2005, ՀՕ-60
11.06.2004, ՀՕ-103-Ն 31.07.2004, ՀՕ-60
09.06.2004, ՀՕ-90-Ն 24.07.2004, ՀՕ-60
25.12.2003, ՀՕ-68-Ն 26.01.2004, ՀՕ-60
24.09.2003, ՀՕ-8-Ն 08.11.2003, ՀՕ-60
07.10.2003, ՀՕ-12-Ն 06.11.2003, ՀՕ-60
11.12.2002, ՀՕ-480-Ն 01.02.2003, ՀՕ-60
06.11.2002, ՀՕ-453-Ն 21.12.2002, ՀՕ-60
14.12.2001, ՀՕ-282 01.01.2002, ՀՕ-60
03.04.2001, ՀՕ-172 01.05.2001, ՀՕ-60
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան