Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.12.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2021
Дата вступления в силу
02.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31316/02/20

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31316/02/20

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի դեկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի(այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Արմինե Ավետիսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արմինե Ավետիսյանից բռնագանձել 317.827,20 ՀՀ դրամ, վարկի գումարի մնացորդի՝ 259.459,70 ՀՀ դրամի նկատմամբ մինչև պարտավորության փաստացի կատարման պահը ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` սկսած 21.10.2020 թվականից:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դ. Մխեյան) (այսուհետ՝ Դատարան) 29.01.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Հ Ենոքյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.03.2021 թվականի որոշմամբԴատարանի 29.01.2021 թվականին կայացված վճռի դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Դիանա Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» 8-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված վճարման հանձնարարականով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով` ինտերնետ-բանկինգ համակարգով, որը համապատասխանում է վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ հանձնարարականի ներքևի ձախ հատվածից ակնհայտ է, որ փաստաթուղթը հաստատված է էլեկտրոնային ստորագրությամբ «DIGIPASS GO» սարքի միջոցով, բացի այդ, վճարման հանձնարարականը համարվում է ուղարկված, երբ այն ուղարկվում է ստացող բանկին, այսինքն` վճարման հանձնարարականը վավեր է վճարողի կողմից ստացող բանկին ուղարկվելու պահից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է նաև այն հիմքով, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է Դիանա Խաչատրյանի կողմից, մինչդեռ գործի նյութերում բացակայում է, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված չէ վերջինիս` Ընկերության ներկայացուցիչ լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։ Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքում նշված հիմքն Ընկերության կողմից չի վիճարկվում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ պետական տուրքի մասով, վերացնել Վերաքննիչ դատարանի 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` էլեկտրոնային եղանակով կատարված և թղթային տարբերակով ներկայացված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթղթին առնչվող վավերապայմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն դեպքում, երբ այն ներկայացված է թղթային տարբերակով և դրանում առկա է վճարող իրավաբանական անձի իրավասու անձի էլեկտրոնային ստորագրությունը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (…) մասին ապացույցները։ (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Կանոններ) համապատասխան դրույթները, նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ՝ արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս, Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):

Կանոնների 1-ին կետի համաձայն՝ նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

Կանոնների 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`

1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (…):

Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.

Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`

1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,

2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,

3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,

4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը(...),

5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.

ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը (…):

8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,

9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,

10) «Գումարը (թվերով և (կամ) բառերովդաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:

Հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:

Ըստ հավելվածի նշված կետի նախատեսվել են «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները, որտեղ ի թիվս այլնի, մասնավորապես՝ 25-րդ կետում նշվել է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր է վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում։

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին՝ նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով, մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում քննարկվող իրավական հարցադրման համատեքստում հավելել, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը:

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն՝ Ընկերությունը փոստային առաքման եղանակով 03.03.2021 թվականին Դատարանի 29.01.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (գ.թ. 36-44):

Վերաքննիչ դատարանը 24.03.2021 թվականի որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը՝ ի թիվս այլ խախտման նաև պետական տուրքի գումարը վճարված լինելու փաստը հավաստող որևէ թույլատրելի ապացույց ներկայացված չլինելու հիմքով: Նշված որոշմամբ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ վերաքննիչ բողոքին կցված` որպես դրա ներկայացման համար նախատեսված պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը չի կարող պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց համարվել նախ՝ այն պատճառով, որ այն իրենից ներկայացնում է միակողմանի ստորագրված վճարման հանձնարարական և չի կարող դրանում նշված գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցված լինելու փաստը հավաստել, բացի այդ՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ (գ.թ. 57-58):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է դատարան թղթային տարբերակով: Մասնավորապես՝ նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը՝ «b64414e2-0954-4e14-a3a6-5a9o6fd96c77», վճարման օրը, ամիսը, տարին՝ «03.03.2021 թվական», վճարված գումարի չափը՝ «9,53480», արժույթը՝ «AMD» (ՀՀ դրամ), վճարման նպատակը՝ «Պետական տուրք դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության անվանումը՝ «ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ ՓԲԸ» (բողոքաբեր), վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)՝ «00260185», վճարող ընկերության բանկի անվանումը՝ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ»,շահառուի (ստացող) անվանումը՝ «Կենտրոնական գանձապետարան», շահառուի հաշվեհամարը՝ «900005016010, գործարքն իրականացնող անձի տվյալները, այն է՝ ստորագրող Արմինե Արշակյան, ստորագրության կարգ I, II, ամսաթիվը, սարքի անվանումը՝ «DIGIPASS GO», սարքի սերիան՝ 2795196746, էլեկտրոնային ստորագրությունը՝ 792226, վճարող ընկերության բանկի իրավասու անձի ստորագրությունը և կնիքը:

Վերոգրյալից հետևում է, որ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով և Հավելվածի 25-րդ կետով սահմանված վավերապայմանները, մասնավորապես՝ պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել է Վերաքննիչ դատարան թղթային տարբերակով՝հաճախորդի իրավասու անձի ստորագրությամբ, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ, իսկ սույն որոշմամբ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը ներկայացվել են թղթային տարբերակով՝ փոստային ծառայության միջոցով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքոմսխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը՝ թույլ տալով դատավարական նորմի խախտում։ Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում վերադարձնելով վերաքննիչ բողոքը, խախտել է Ընկերության արդար դատաքննության իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ նշել է նաև, որ վերաքննիչ բողոքը ստորագրվել է Դիանա Խաչատրյանի կողմից, մինչդեռ գործի նյութերում բացակայում է, իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված չէ վերջինիս` Ընկերության ներկայացուցիչ լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը։

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից բերված վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Ընկերության կողմից Դիանա Խաչատրյանին տրված պատշաճ լիազորագիրը (տրվել է 10.02.2021 թվականին մեկ տարի ժամկետով), հետևաբար տվյալ դեպքում բացակայում է վերաքննիչ բողոքը նշված հիմքով վերադարձնելու անհրաժեշտությունը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան