Գլխավոր տեղեկություն
Номер
N 2039-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 18.12.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.12.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.12.2021
Дата вступления в силу
19.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2021 թվականի N 2039-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-098-22.11.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

16.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-098-22.11.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) նախատեսվում է հնարավորություն տալ ժառանգներին ընդունելու ժառանգությունը ոչ թե անձի մահվան պահից վեց ամսվա ընթացքում, այլ մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները`

1. Օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը բացվում է քաղաքացու մահվանից հետո:

Օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում դրա մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

Օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:

Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Օրենսգրքի 1249-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

Սույն հոդվածի 1-ին կետի հիմքով գումարներ վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Վերոնշյալ դրույթներից բխում է, որ օրենսգրքով քաղաքացու մահվանից հետո այլ անձանց մի շարք իրավունքների իրացման ժամկետը, ինչպես նաև ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելու ժամկետը, պայմանավորված են ժառանգության բացման օրվա հետ, որը համարվում է քաղաքացու մահվան օրը:

Առաջարկվող կարգավորմամբ կլուծվի միայն ժառանգությունն ընդունելու հետ կապված խնդիրը, սակայն գործող կարգավորումների դեպքում, եթե ժառանգատուի ինքնությունը մահվան պահից առնվազն մեկ ամսում հաստատված չի լինի, և ինքնությունը պարզելուց հետո կկատարվի մահվան պետական գրանցում՝ կառաջանա խնդիր այլ անձանց իրավունքների իրացման՝ օրենսգրքով սահմանված ժամկետների հաշվարկման սկիզբը որոշելու առնչությամբ:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ առաջարկում ենք նախագծով առաջարկվող լրացման փոխարեն օրենսգրքի 1188-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է քաղաքացու մահվան պետական գրանցման օրը:»:

2. Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է մահվան մասին պետական գրանցման օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու հնարավորություն, միաժամանակ, անցումային դրույթներով օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու հնարավորություն է նախատեսվում այն դեպքերում, երբ ժառանգատուն մահացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:

Հարկ է նկատի ունենալ, որ նախատեսված կարգավորումների դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մահվան պետական գրանցում իրականացվելու դեպքում հստակ չի լինի՝ ժառանգության ընդունման ժամկետի հոսքը պետք է հաշվարկվի մահվան պետական գրանցման, թե օրենքն ուժի մեջ մտնելու պահից:

Վերոնշյալով պայմանավորված՝ առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև այն ժառանգատուների ժառանգության ընդունման հարաբերությունների նկատմամբ, որոնք մահացել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո և որոնց ինքնությունը չի հաստատվել մահվան պահից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում։

3. Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո մահացած և առնվազն մեկ ամսվա ընթացքում ինքնությունը չհաստատված քաղաքացու մահվան պետական գրանցումն իրականացվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ժառանգությունը կարող է ընդունվել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա է ժառանգատուի ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման վայրի նոտարին օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանմամբ հանձնված դիմում։»: