Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.11.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.12.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.11.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
19.11.2021
Дата вступления в силу
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/1026/02/18

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/1026/02/18

Նախագահող դատավոր՝  Ն Մարգարյան

Դատավորներ՝

 Ա Մխիթարյան

 Ն Կարապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի նոյեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ոստիկանության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05122019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ընդդեմ Արկադի Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը պահանջել է պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության բռնագանձել 23.4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 519140 ՀՀ դրամ և նախապես վճարված պետական տուրքի գումարը:

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա Կուրեխյան) (այսուհետ` Դատարան) 05062019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05122019 թվականի որոշմամբ Դատարանի 05.06.2019 թվականի վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործի վարույթն ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ընդդեմ Արկադի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին կարճվել է։ Դատավոր Ն Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը (ներկայացուցիչ Լիլիթ Զաքարյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ոստիկանության կառուցվածքը սահմանող նորմը՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 365-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 11-րդ կետը և 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտը հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է՝ արձանագրելով, որ հայցադիմում ներկայացրած և որպես հայցվոր հանդես եկող անձը` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը ՀՀ ոստիկանության ստորաբաժանում է, մինչդեռ այդ իրավահարաբերության սուբյեկտը ՀՀ ոստիկանությունն է: Այսինքն` ոստիկանության մարզային վարչությունը չի կարող լինել իրավահարաբերությունների սուբյեկտ, իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել իր անունից, պատասխանատվություն կրել ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից իրավաբանական անձանց իրավունակության և գործունակության տարբեր ժամանակահատվածներում ծագման վերաբերյալ դիտարկումն անհասկանալի է և չի բխում իրավաբանական անձանց իրավասուբյեկտության էությունից:

Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով, ինչը որ արել է Վերաքննիչ դատարանը։

Վերաքննիչ դատարանի կողմից գործի իրավական և փաստական հանգամանքերը լիարժեք չեն ուսումնասիրվել, առհասարակ որևէ ապացույց չի պահանջվել և քննության առարկա չի դարձվել, ինչը պետք է իրականացվեր գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու նկատառումներից ելնելով, չի պահանջվել և ուսումնասիրվել այն իրավական ակտը՝ ոստիկանության պետի հրամանը, որն իրավունք է վերապահում ոստիկանության Տավուշի մարզային վարչությանը՝ դատարաններում և այլ պետական մարմիններում հանդես գալու ՀՀ ոստիկանության անունից:

Վերաքննիչ դատարանի սույն գործով կայացրած դատական ակտն օրինական չէ, ընդունվել է նյութական և դատավարական նորմերի խախտման, սխալ կիրառման և մեկնաբանման արդյունքում, ինչն ազդել է գործի ելքի վրա և հանգեցրել գործի սխալ լուծմանը:

Վերաքննիչ դատարանը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հանգամանքը ուղղակիորեն կապել է հայցվոր կողմի իրավասուբյեկտության ենթադրյալ բացակայության հանգամանքի հետ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրավասուբյեկտության բացակայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմք նախատեսված չէ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05122019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 05062019 թվականի վճռին։

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արկադի Հարությունյանի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության միջև 25.05.2015 թվականին կնքվել է «Ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման (որակավորման), ինչպես նաև միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու նպատակով ուսումնական փորձաշրջան անցնելու համար (այսուհետ ուսման) պետության կատարած ծախսերի փոխհատուցման» մասին պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):

Պայմանագրի 3-րդ կետի դ/ կետի համաձայն՝ սովորողը պարտավոր է փոխհատուցել իր ուսման համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝ անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: Նույն պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ ծախսեր են համարվում նաև ուսման ժամանակահատվածի համար տրված դրամական բավարարումը, գործուղման ծախսերը, ինչպես նաև վճարված կրթաթոշակի /նպաստի ծախսերը/: Պայմանագրի 5-րդ կետի բ/ ենթակետի համաձայն՝ ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են ուսումնառությունն ավարտելուց հետո ծառայությունից ազատվելու դեպքում՝ վերջնահաշվարկի ընթացքում:

Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն Արկադի Հարությունյանը պայմանագրի 3-րդ կետով նախատեսված դեպքերում սահմանված ժամանակահատվածում պարտավոր է վճարել փոխհատուցման ենթակա գումարը:

Պայմանագիրը ստորագրվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ՝ Ա.Գևորգյանի և Արկադի Հարությունյանի կողմից(հատոր 1-ին գթ 8):

2) Արկադի Հարությունյանը 25.02.2015-01.07.2015 թվականներին ընկած ժամանակահատվածում վերապատրաստում է անցել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (հատոր 1-ին գթ 10)։

3) ՀՀ ոստիկանության պետի 27.07.2016 թվականի 1941-Ա հրամանով Արկադի Հարությունյանը, համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (հատոր 1-ին գթ 7)։

4) ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը հայցի փաստական հիմքում դրել է կողմերի միջև 25.05.2015 թվականին կնքված պայմանագրի ուժով պատասխանողի՝ հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունները:

5) Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով և այն պատճառաբանությամբ, որ « (...) մարզային վարչությունը չի կարող լինել իրավահարաբերությունների սուբյեկտ, իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել իր անունից, պատասխանատվություն կրել ստանձնած պարտավորությունները չկատարելու համար (...)»: (հատոր 3-րդ գթ 59-68)։

6) ՀՀ ոստիկանության պետի 01.03.2016 թվականի թիվ 444-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կանոնադրությունը, որով մարզային վարչությանը լիազորություն է վերապահվել դատարաններում և պետական այլ մարմիններում ՀՀ ոստիկանության անունից ներկայացուցչության ապահովում (վճռաբեկ բողոքին կից ներկայացրած փաստաթուղթ):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե´ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 19062001 թվականի, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 91-93-րդ կետեր):

Եվրոպական դատարանի կայուն դատական պրակտիկայի համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հովածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Վերոնշյալ նորմերի լեզվաբանական մեկնաբանությունից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի քննությանն են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա քաղաքացիաիրավական բոլոր վեճերը, ընդ որում դատարանը կարող է կարճել գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

 Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական իրավահարաբերությունների տարատեսակներից են պարտավորական իրավահարաբերությունները, որոնք իրենցից ներկայացնում են տիպային իրավահարաբերություններ՝ մասնակիցների լրիվ որոշակիությամբ բնութագրվող սուբյեկտային կազմով: Պարտավորական իրավահարաբերություններում իրավազոր անձը (պարտատերը) օժտված է սուբյեկտիվ իրավունքով, որն իրենից ենթադրում է պահանջել պարտավոր անձից (պարտապանից) կատարելու որոշակի ակտիվ գործողություններ՝ գույք հանձնել, աշխատանք կատարել, ծառայություն մատուցել, դրամ վճարել և այլն կամ ձեռնպահ մնալ գործողություններ կատարելուց: Այդ պատճառով էլ պարտավորական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքը կոչվում է պահանջի իրավունք: Պարտավորություններն իրենցից ներկայացնում են հարաբերական քաղաքացիական իրավահարաբերություններ, երբ մի կողմը պարտավորվում է հօգուտ մյուս կողմի կատարել գույքային բնույթի որոշակի գործողություն կամ զերծ մնալ դրա կատարումից, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջելու կատարել նրա պարտականությունները, ինչը երրորդ անձանց համար առաջ չի բերում ուղղակի իրավական հետևանքներ:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից

Ոստիկանությունը բաղկացած է ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներից, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններից և դրանց ենթակա բաժիններից

Ոստիկանության կանոնադրությունը հաստատում և աշխատողների քանակը սահմանում է վարչապետը: Ոստիկանության պետը ոստիկանության կառուցվածքի և քանակի սահմաններում իրավասու է ստեղծելու ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ:

Ոստիկանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Կառավարությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված անձինք համարվում են գործին մասնակցող անձի ի պաշտոնե ներկայացուցիչներ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձի գործերը վարում են օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:

Սույն գործով հայցը հարուցվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կողմից ընդդեմ Արկադի Հարությունյանի պահանջելով պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության բռնագանձել 23.4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 519140 ՀՀ դրամ։ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը պատճառաբանելով, որ «․․․Պատասխանողը 25.05.2015-01.07.2015 թվակաների ընկած ժամանակահատվածում վերապատրաստում է անցել ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: ՀՀ ոստիկանության պետի 27.07.2016 թվականի 1941-Ա հրամանով Արկադի Հարությունյանը համաձայն ՀՀ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: ՀՀ կառավարության 16.01.2003 թվականի թիվ 111-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն «ուսման կամ վերապատրաստման որակավորման գործուղվող ոստիկանության ծառայողի, ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի, այդ թվում՝ այլ ուսումնական հաստատություններ գործուղվածի, ուսումնական փորձաշրջան անցնողի և պետական կառավարման լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր․․․»: Արկադի Հրանտի Հարությունյանի և ՀՀ ոստիկանության միջև 25.05.2015 թվականին կնքվել է պայմանագիր: Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն Պատասխանողը պայմանագրի 3-րդ կետով նախատեսված դեպքերում սահմանված ժամանակահատվածում պարտավոր է վճարել փոխհատուցման ենթակա գումարը: Պայմանագրի 5-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են ուսումնառությունն ավարտելուց հետո ծառայությունից ազատվելու դեպքում՝ վերջնահաշվարկի ընթացքում: (...) Առաջացած դրամական պարտավորության մասին պատասխանողին տեղեկացվել է 15.08.2018 թվականի թիվ 85/1-1-1342 գրությամբ և տրամադրվել է 7-օրյա ժամկետ այն վճարելու համար, սակայն պատասխանողը սահմանված ժամանակահատվածում չի փոխհատուցել իր վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերը, (..., խնդրել է Պատասխանողից հօգուտ ՀՀ ոստիկանության բռնագանձել 23.4 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 519140 ՀՀ դրամ և նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Դատարանը 05062019 թվականի վճռով հայցը բավարարել է հետևյալ պատճառաբանությամբ «․․․հաստատված համարելով, որ պատասխանողը 25.05.2015-01.07.2015 թվականներն ընկած ժամանակահատվածում վերապատրաստում է անցել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, իսկ ուսումնառությունն ավարտելուց հետո մեկ տարի անց` ՀՀ ոստիկանության պետի 27.07.2016 թվականի 1941-Ա հրամանով անձնական նախաձեռնությամբ՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից, դատարանը գտնում է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի և 22.11.2011 թվականին կնքված պայմանագրի 3-րդ և 4.2 կետերի ուժով Պատասխանողից հօգուտ Հայցվորի ենթակա է բռնագանձման 23.4 ԱՄՆ դոլար՝ որպես ուսման համար պետության կատարած ծախս, 214140 ՀՀ դրամ՝ դրամական բավարարման և 305.000 ՀՀ դրամ՝ գործուղման համար վճարված գումար»։

Վերաքննիչ դատարանի 05122019 թվականի որոշմամբ Դատարանի 05.06.2019 թվականի վճիռը բեկանվել է և քաղաքացիական գործի վարույթը կարճվել, այն պատճառաբանությամբ, որ « (…) հայցը հարուցվել է իրավունակությամբ և գործունակությամբ չօժտված անձի կողմից: Այս դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: (…) սույն դեպքում հայցադիմում ներկայացրած և որպես հայցվոր հանդես եկող անձը (ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը) ՀՀ ոստիկանության ստորաբաժանում է: (…) Մինչդեռ այդ իրավահարաբերության սուբյեկտը ՀՀ ոստիկանությունն է` պետական կառավարման համակարգի մարմին: Այսինքն` մարզային վարչությունը չի կարող լինել իրավահարաբերությունների սուբյեկտ, իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել իր անունից, պատասխանատվություն կրել ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Ասվածը նշանակում է, որ այդ դեպքում հնարավոր չէ հանդես գալ նաև որպես հայցվոր, իսկ եթե բոլոր դեպքերում հայցադիմում ներկայացվել է, և առկա է քննվող գործ, ապա այդ գործի վարույթը ենթակա է կարճման:

(…) ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը օժտված չէ դատավարական իրավունակությամբ և գործունակությամբ, չի հանդիսանում պատշաճ հայցվոր, իսկ օրենսդիրը քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ չի նախատեսել իրավական հնարավորություն փոխարինելու ոչ պատշաճ հայցվորին, պատշաճ հայցվորով (…)»:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է.

 Վերաքննիչ դատարանը գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հանգամանքն ուղղակիորեն կապել է հայցվոր կողմի իրավասուբյեկտության բացակայության հետ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրավասուբյեկտության բացակայության հիմքով վարույթը կարճելու հիմք նախատեսված չէ բացի այդ, Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ, այն է՝ գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, մինչդեռ սույն գործը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ վիճելի իրավահարաբերությունը ծագել է քաղաքացիաիրավական պայմանագրից:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանություններին, որոնք վերաբերում են ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վիճելի իրավահարաբերության սուբյեկտն չլինելուն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Արկադի Հարությունյանի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության միջև 25.05.2015 թվականին կնքվել է «Ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման (որակավորման), ինչպես նաև միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու նպատակով ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման» մասին պայմանագիր: Պայմանագրի 3-րդ կետի դ/ կետի համաձայն՝ սովորողը պարտավոր է փոխհատուցել իր ուսման համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝ անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: Նույն պայմանագրի 4.2 կետի համաձայն՝ ծախսեր են համարվում նաև. ուսման ժամանակահատված համար տրված դրամական բավարարումը, գործուղման ծախսերը, ինչպես նաև վճարված կրթաթոշակի /նպաստի/ ծախսերը: Պայմանագրի 5-րդ կետի բ/ ենթակետի համաձայն՝ ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են ուսումնառությունն ավարտելուց հետո ծառայությունից ազատվելու դեպքում՝ վերջնահաշվարկի ընթացքում: Պայմանագրի 2.2.4 կետի համաձայն՝ Պատասխանողը պայմանագրի 3-րդ կետով նախատեսված դեպքերում սահմանված ժամանակահատվածում պարտավոր է վճարել փոխհատուցման ենթակա գումարը: Պայմանագիրը ստորագրվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ՝ Ա. Գևորգյանի և Արկադի Հարությունյանի կողմից:

 ՀՀ ոստիկանության պետի 01.03.2016 թվականի թիվ 444-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կանոնադրությունը, որով մարզային վարչությանը լիազորություն է վերապահվել դատարաններում և պետական այլ մարմիններում ՀՀ ոստիկանության անունից ներկայացուցչության ապահովում:

Վերոգրյալից ուղղակիորեն հետևում է, որ «Ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման (որակավորման), ինչպես նաև միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակվելու նպատակով ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման» մասին պայմանագիրը պատասխանողի հետ կնքել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը՝ համապատասխան կառույցի՝ ՀՀ Ոստիկանության կողմից տրված լիազորությունների սահմաններում, և վերջինս սույն հայցը հարուցել է որպես պայմանագրի կողմ, կրկին նույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, որպիսի պայմաններում դատավարական սուբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ խոսք չի կարող լինել:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ոչ իրավաչափորեն է կարճել քաղաքացիական գործի վարույթը, միաժամանակ սահմանափակելով հայցվորի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործի վարույթը կարճման ենթակա լինելու եզրահանգման պայմաններում, չի անդրադարձել ապացույցների սխալ գնահատման վերաբերյալ վերաքննիչ բողոք բերած անձի փաստարկներին, ինչպես նաև Դատարանի կողմից այլ դատավարական խախտումներ թույլ տալու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն մասնակիորեն բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1 Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05122019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ ԲԵԴևՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան