Գլխավոր տեղեկություն
Номер
N 725-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.2021-30.07.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.07.06/43(1318) Հոդ.698
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2017
Дата вступления в силу
06.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2017 թվականի N 725-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԱՆՎԱՆ ԵՎ ԱԶԳԱՆՎԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ ԵՎ ՀԱՅՐԱՆՎԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2.1-ին և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված անձնագրում և (կամ) նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան գրառումը սույն որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում քաղաքացին կարող է օրենքով սահմանված կարգով դիմել անձնագիրը և (կամ) նույնականացման քարտը փոխանակելու և անվան, ազգանվան և հայրանվան գրառումը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 28

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 23-ի N 725-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈՒՄ ԱՆՎԱՆ ԵՎ ԱԶԳԱՆՎԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ ԵՎ ՀԱՅՐԱՆՎԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն, ինչպես նաև անվան և ազգանվան անգլերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և (կամ) նույնականացման քարտ տրամադրելիս նշված փաստաթղթերում նրանց ազգանվան, անվան և հայրանվան հայերեն ամրագրման համար հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված` նրա ծննդյան վկայականում առկա անձնական տվյալները:

3. Օտարերկրյա պետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և (կամ) նույնականացման քարտ տրամադրելիս այդ փաստաթղթերում ազգանվան, անվան և հայրանվան հայերեն ամրագրման համար հիմք է ընդունվում ծննդյան վկայականի` Հայաստանի Հանրապետության գործող օրենքներով և միջազգային պայմանագրերով (այսուհետ` օրենսդրությամբ) սահմանված կարգով վավերացված թարգմանությունը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձին, որն ունի նաև օտարերկրյա պետության քաղաքացիություն, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և (կամ) նույնականացման քարտ տրամադրելիս այդ փաստաթղթերում ազգանվան, անվան և հայրանվան հայերեն ամրագրման համար հիմք են ընդունվում ծննդյան վկայականի և օտարերկրյա պետության կողմից տրված անձնագրի` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված թարգմանությունները: Նշված անձը հաստատող փաստաթղթերի թարգմանություններում անհամապատասխանությունների կամ օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր ներկայացնելու անհնարինության դեպքում հիմք է ընդունվում ծննդյան վկայականի թարգմանությունը:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձին, ով նախկինում հանդիսացել է քաղաքացիություն չունեցող անձ կամ ունեցել է փախստականի կարգավիճակ, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր և (կամ) նույնականացման քարտ տրամադրելիս ազգանվան, անվան և հայրանվան հայերեն ամրագրման համար հիմք է ընդունվում անձը հաստատող միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթուղթը կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող այլ փաստաթուղթ:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվան և ազգանվան անգլերեն գրառումը կատարվում է՝ հիմք ընդունելով համապատասխան ազգային ստանդարտը (ստանդարտները), որը հասանելի է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքերում:

7. Քաղաքացու կողմից տառադարձման վերաբերյալ անհամաձայնություն հայտնելու դեպքում հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության (այսուհետ` լեզվի պետական տեսչություն) կողմից տրված տեղեկանքը` անձի նախընտրած տարբերակով իր անունը և (կամ) ազգանունը գրելու հնարավորության վերաբերյալ:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկանքը լեզվի պետական տեսչությունից ստանալու պարտականությունը կրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ծառայությունը (այսուհետ` անձնագրային ծառայություն): Անձնագրային ծառայության կողմից կատարվող հարցմանը կցելու նպատակով քաղաքացին կարող է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր` իր անհամաձայնությունը հիմնավորելու համար: Անձնագրային ծառայության հարցումն ստանալուց հետո լեզվի պետական տեսչությունն անձի նախընտրած տարբերակով իր անունը և (կամ) ազգանունը գրելու հնարավորության վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Տեղեկանքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստեղծվում է շտեմարան՝ նմանօրինակ դեպքերում կրկնակի հարցումներ չկատարելու և այդ շտեմարանով առաջնորդվելու նպատակով:

9. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր կամ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական այլ փաստաթուղթ կամ օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետությունում բնակության իրավունք տրամադրող և անձը (ինքնությունը) հավաստող փաստաթուղթ (այսուհետ` անձը հաստատող փաստաթուղթ), ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված՝ անձը հաստատող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ: Քաղաքացու կողմից ներկայացված՝ օտարերկրյա պետությունում բնակության իրավունք տվող և անձը (ինքնությունը) հավաստող փաստաթղթի համապատասխանությունը տվյալ պետությունում հաստատված փաստաթղթի նմուշին հավաստվում է արտաքին գործերի բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված նմուշ-օրինակների միջոցով:

(9-րդ կետը խմբ. 24.12.20 N 2152-Ն)

9.1. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած անձն ունի միայն օտարերկրյա պետության կողմից տրված ծննդյան վկայական, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում նրա ազգանվան և անվան անգլերեն գրառումը պետք է համընկնի տվյալ պետության կողմից տրված ծննդյան վկայականում կատարված անգլերեն գրառման հետ:

(9.1-ին կետը լրաց. 04.11.21 N 1812-Ն)

10. Անձնագրում և (կամ) նույնականացման քարտում անգլերեն գրառում կատարելու համար սույն կարգի 9-րդ և 9․1 կետերում նշված անձը հաստատող փաստաթուղթն անձնագրային ծառայություն ներկայացնում է քաղաքացին: Նշված փաստաթուղթը քաղաքացու կողմից չներկայացվելու դեպքում ազգանվան և անվան անգլերեն տառադարձումը կատարվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով:

(10-րդ կետը լրաց., փոփ. 04.11.21 N 1812-Ն)

11. Սույն կարգի 9-րդ և 9․1 կետերում նշված դեպքերում անձը հաստատող փաստաթղթում անգլերեն գրառման բացակայության պարագայում (եթե առկա է միայն այլ օտարալեզու գրառում) ազգանվան և անվան անգլերեն տառադարձումը կատարվում է 6-րդ կետով սահմանված կարգով, իսկ քաղաքացու անհամաձայնության դեպքում` հիմք է ընդունվում քաղաքացու կողմից ներկայացված` անգլերեն թարգմանությամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված փաստաթուղթը:

(11-րդ կետը լրաց., փոփ. 04.11.21 N 1812-Ն)

12. Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում ազգանվան հայերեն գրառման համար հիմք է հանդիսանում նրա ամուսնու անձնագրի և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթի` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունը, իսկ անձնագրում ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի ամուսնու անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ: Ամուսնու անձնագրում անգլերեն գրառման բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում ազգանվան անգլերեն ամրագրումը կատարվում է սույն կարգի 11-րդ կետին համապատասխան:

13. Օտարերկրացու կողմից որդեգրվելու և որդեգրողի ազգանունն ընդունելու կամ հայրություն ճանաչելու պարագայում` հոր ազգանունը վերցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում ազգանվան հայերեն գրառման համար հիմք է հանդիսանում համապատասխանաբար որդեգրողի կամ երեխայի հոր անձնագրի՝ օրենքով սահմանված կարգով վավերացված թարգմանությունը, իսկ անգլերեն գրառումը պետք է համընկնի համապատասխանաբար որդեգրողի կամ երեխայի հոր անձնագրում կատարված անգլերեն գրառման հետ:

14. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխան կրում է օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող ծնողի ազգանունը և չունի օտարերկրյա պետության կողմից տրված անձնագիր, ապա երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում անգլերեն գրառումը կատարվում է այդ ծնողի անձնագրի անգլերեն գրառմանը համապատասխան:

15. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի` օտարերկրյա պետության կողմից տրված անձնագրում ամրագրված անձնական տվյալներից հնարավոր չէ պարզել ազգանվան, անվան և հայրանվան հերթականությունը, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և (կամ) նույնականացման քարտում գրառումը կատարվում է քաղաքացու կողմից ներկայացված` անձը հաստատող փաստաթուղթ տրամադրած պետության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված կամ Հայաստանի Հանրապետությունում դրանց բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ստացված` նշված հերթականությունը հավաստող համապատասխան փաստաթղթի հիման վրա, իսկ անգլերեն գրառումը կատարվում է օտարերկրյա պետության կողմից տրված անձնագրի անգլերեն գրառմանը համապատասխան:

16. Սույն կարգի 3-րդ, 4-րդ, 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված դեպքերում պահանջվող հայերեն թարգմանությունները պետք է կատարված լինեն համապատասխան ազգային ստանդարտի (ստանդարտների) պահպանմամբ: Ազգային ստանդարտի (ստանդարտների) պահպանմամբ չիրականացված թարգմանություններն անձնագրային ծառայությունների կողմից չեն կարող քաղաքացու անձնագրում կամ նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման համար հիմք հանդիսանալ:

(հավելվածը խմբ. 24.12.20 N 2152-Ն, լրաց., փոփ. 04.11.21 N 1812-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան