Գլխավոր տեղեկություն
Номер
N 1250-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.11.2021
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.11.2021
Дата вступления в силу
05.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1250-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում կրթահամալիրներ ձևավորելու և առանձին գործող կրթական հաստատություններում կրթության որակի բարելավման առաջարկն ու չափորոշիչները՝ ապահովելով հանրակրթական և նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը,

բ. կազմել կրթահամալիրներն ու առանձին գործող հաստատությունները գույքով և սարքավորումներով համալրելու առաջարկ, ներառյալ՝ սարքավորումների և գույքի ցանկերն ու տեխնիկական բնութագրերը,

գ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում գործող և շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների ցանկը՝ ըստ անհրաժեշտության,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, քաղաքաշինության կոմիտեի նախագահի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի քաղաքային բնակավայրերում նախադպրոցական և հանրակրթական որակյալ ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների բարելավման և գույքով հագեցման աշխատանքների առաջարկ.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնամսյա ժամկետում սույն որոշման 3-րդ կետն ամփոփելով՝ կազմել ծրագրային գործողությունների իրականացման նախահաշիվը և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ միջոցների վերաբաշխման առաջարկ։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի հետ համատեղ կազմել անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների նկարագիրն ու նախահաշիվը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ներկայացված ցանկում ներառված կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների շենքային պայմանները և ներկայացնել առաջարկություններ՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1250-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

I. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Երկրի զարգացման կարևորագույն գրավականը մարդկային կապիտալի զարգացումն է, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու լիարժեք օգտագործել իր ներուժն ու կարողությունները` դրանով նպաստելով երկրի զարգացմանը։

2. 2020 թվականին հրապարակված մարդկային կապիտալի ինդեքսի համաձայն՝ տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Սա շատ ավելի բարձր է տարածաշրջանի համեմատ՝ 11 %, չնայած ավելի ցածր է, քան համանման տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշը՝ 38 %։ Այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015 թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science StudyՄաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015 թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։

3. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այսօր ծնված երեխան, երկրում գործող կրթության համակարգի միջով ամբողջությամբ անցնելով և լիովին առողջ լինելով, իր հնարավոր կարողությունները կիրացնի 57 տոկոսով։ Սա նշանակում է, որ մասնավորապես, ներկայիս կրթական համակարգն ընդամենը 57 տոկոսով է կարողանում բացահայտել և զարգացնել քաղաքացու ներուժն ու կարողությունները։ Այս հանգամանքն էապես ազդում է երկրի տնտեսական զարգացման վրա։ ՏՀԶԿ Համընդհանուր հիմնական հմտությունների 2015 թ. զեկույցի համաձայն՝ եթե մինչև 2030 թվականը 15 տարին բոլորած շրջանավարտները հատեն ընթերցանության, մաթեմատիկայի և բնական գիտությունների գնահատման նվազագույն շեմը, ապա, ըստ զեկույցի, Հայաստանի համախառն ներքին արդյունքն այլ հավասար պայմաններում 2015 թվականի համեմատ կաճի 293 %-ով:

4. Գրանցվող կրթական արդյունքը էապես տարբեր է գյուղական և քաղաքային բնակավայրերում, ինչը գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովումը դարձնում է առաջնահերթ։

5. Գյուղական և քաղաքային բնակավայրերի սովորողների գրանցած արդյունքների տարբերությունը ներկայացված է ստորև տրվող աղյուսակում, որից երևում է, որ հատկապես խնդրահարույց է 9-րդ դասարանում գրանցված տարբերությունը՝ 15 միավորի չափով։

 

Ներմուծեք նկարագրությունը_21451

 

6. Կրթական արդյունքի վրա ազդող և հետագայում գյուղական և քաղաքային բնակավայրերի սովորողների ուսումնառության տարբերությունները խորացնող մեկ այլ գործոն է նախադպրոցական ծառայությունների հասանելիությունը։ Նախադպրոցական ծառայություններում ընդգրկված լինելը, ինչպես ցույց են տալիս TIMSS-ի արդյունքները, դրական կապ ունի դպրոցում երեխայի կրթական արդյունքների հետ։ Ինչքան ավելի երկար ժամանակով է երեխան ընդգրկված եղել նախադպրոցական ծառայության մեջ, այնքան ավելի բարձր կրթական արդյունք է ցույց տվել հետագայում տարրական դպրոցի ավարտին։ Սա վկայում է այն մասին, որ կրթական արդյունքի շեշտակի աճի համար անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել ու բարելավել նախադպրոցական ծառայությունների հասանելիությունն ու որակը։ 2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում 0-5 տարեկան բնակչության թվաքանակից կազմել է 34.7 %, քաղաքներում` 39.6 %, գյուղերում` 25.4 %։ Նկատելի է գյուղական բնակավայրերում անհրաժեշտ ծառայությունների բացակայության խնդիրը։ Նախադպրոցական տարիքի երեխաները կազմում են շուրջ 236 հազար հոգի, որոնցից չհաճախող երեխաները կազմում են շուրջ 154 հազար, այդ թվում՝ գյուղական համայնքներում՝ շուրջ 62 հազար հոգի։

7. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանություն տրված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում սահմանել է հետևյալ ծրագրային նպատակները՝

1) բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի.

2) ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ.

3) ներդնել փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մոդելներ։

8. Այս նպատակներն ամբողջությամբ համահունչ են նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի կողմից 2015 թվականի սեպտեմբերին ընդունված՝ կայուն զարգացման նպատակ 4-ի հետ, որով սահմանվում է պետության պարտավորությունը՝ ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ուսման հնարավորությունները ողջ կյանքի ընթացքում։

9. Իրավիճակի մեկ այլ առանձնահատկություն է այն, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ թիվ են կազմում փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող գյուղական դպրոցները. մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները կազմում են դպրոցների ընդհանուր թվի շուրջ 31,5 տոկոսը, դպրոցների ևս շուրջ 35 տոկոսն ունի 101-300 սովորող։ Նման դեպքերում հաստատությունը պետք է ընդլայնի իր նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Բացի այդ, նման դեպքերում կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ հանրակրթական ծրագրերից զատ, կարող են իրականացվել նաև նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում՝ արհեստագործական, լրացուցիչ կրթական ծրագրեր։

10. Այս խնդիրները հատկապես զգալի են Սյունիքի մարզում, որտեղ գործել է ընդամենը 51 նախադպրոցական հաստատություն, որտեղ ընդգրկված են շուրջ 4621 երեխաներ կամ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաների շուրջ 5,6 տոկոսը։ Սյունիքի մարզում գործող 117 հանրակրթական ուսումնական հաստատություններից 78-ը կամ հաստատությունների 66,7 տոկոսը մինչև 100 աշակերտ ունի, ինչը հանրապետության ամենաբարձր ցուցանիշն է։ Մյուս կողմից, Սյունիքի մարզում ամբողջությամբ իրացվել է համայնքների խոշորացման տարածքային ռեֆորմը, ինչը լավ հիմքեր է ստեղծում կրթության կազմակերպման տեսանկյունից արդյունավետ լուծումներ գտնելու առումով։ Հետևաբար, նպատակահարմար է վերոնշյալ խնդիրների մոդելային կարգավորումը ծրագրել Սյունիքի մարզում՝ թե՛ կրթական ծառայությունների որակի շեշտակի բարձրացման խնդիրը առաջնահերթ ապահովելու, թե՛ նկարագրված միտումներն առավել տեսանելի դարձնելու և դրանց լուծումներն առավել հստակ ուրվագծելու հիմքով։

11. ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 26-ի N 790-Լ որոշմամբ մեկնարկեց այս մոտեցման նախագծումը Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար։ Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերում գործում է 18 հանրակրթական ուսումնական հաստատություն. մյուս բնակավայրերի դպրոցահասակ երեխաները հաճախում են մոտակա բնակավայրի դպրոցներ։ 31 բնակավայրերից միայն 6-ում են առկա նախադպրոցական ծառայություններ։ 31 բնակավայրերում ներկայում շահառու երեխաների թիվը շուրջ 1000 է, ներառյալ՝ դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան երեխաները:

12. Ըստ իրականացված ուսումնասիրությունների և տեղազննությունների՝ 31 բնակավայրերից 7-ում անհրաժեշտ է ունենալ առանձին գործող հաստատություն նախադպրոցական և դպրոցական ծառայությունների համար՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը։ Մնացյալ բնակավայրերը կարող են միավորվել 6 կլաստերներում՝ ձևավորելով կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ հանրակրթական, թե՛ նախադպրոցական, թե՛ այլ կրթական ծրագրեր՝ ըստ անհրաժեշտության։ Ընտրված թվով 13 բնակավայրերից անհրաժեշտ է՝ թվով 2-ի դեպքում առկա դպրոցների շենքերի փոխարեն կառուցել նոր շենքեր՝ յուրաքանչյուրում նախատեսելով նաև մարզադահլիճի կառուցում, թվով 8-ի դեպքում վերակառուցել առկա դպրոցների շենքերը, թվով 3-ի դեպքում, ելնելով շենքային անբարենպաստ պայմաններից, վերակառուցման համար տնտեսապես անարդյունավետությունից, առկա դպրոցների շենքերի փոխարեն կառուցել փոքրաքանակ երեխաներով համալրված «մոդուլային» տիպի հանրակրթական ուսումնական հաստատություններ: Կրթահամալիրների գործունեության համար նախագծվել և ծրագրվել են 8 տրանսպորտային ուղիներ, որոնք պետք է ապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր՝ ներառելով նաև ուղեկցորդի ծառայությունը։ Ե՛վ առանձին գործող հաստատությունները, և՛ կրթահամալիրները պետք է ունենան վերանորոգված շենքային պայմաններ, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գույքային և լաբորատոր հագեցվածություն։ Բոլոր հաստատությունները պետք է ունենան նաև որակյալ աշխատակազմ՝ ապահովված համարժեք աշխատանքային պայմաններով։ Իրականացված աշխատանքների համաձայն Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում ծրագիրն իրականացնելու համար կպահանջվի շուրջ 9 մլրդ դրամ։ Արդեն իսկ մեկնարկել են դրա իրագործմանն ուղղված աշխատանքները։ Միաժամանակ, կարիք կա այս մեթոդաբանությամբ շարունակել կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ տեղորոշման և քարտեզագրման աշխատանքները՝ կիրառելով արդեն իսկ փորձարկված մոտեցումները։

13. Այս ծրագրով նախատեսվում է նույն մեթոդաբանությամբ Սյունիքի մյուս 7 խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերում իրականացնել նշված աշխատանքները՝ հասնելով ամբողջ Սյունիքի մարզում որակյալ կրթական ծառայությունների լիարժեք քարտեզին, ինչը թույլ կտա սկսել նաև դրա իրականացումը։

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Ծրագրի նպատակն է՝ ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում։

15. Ծրագրի խնդիրներն են՝

1) ուսումնասիրել և դրա արդյունքում սահմանել կրթահամալիրների ձևավորման և առանձին հաստատությունների գործունեության նպատակահարմարության վերջնական առաջարկ.

2) ուսումնասիրել և կազմել կրթահամալիրների և առանձին գործող հաստատությունների վերանորոգման, գույքով և սարքավորումներով համալրման առաջարկ.

3) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, համագործակցելով Սյունիքի մարզպետարանի հետ, պետք է կազմի կրթահամալիրներում անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների նկարագիրը.

4) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է կազմի հաստատություններում անհրաժեշտ աշխատակազմի նկարագիրը, գնահատի առկա մարդկային ռեսուրսները և կազմի աշխատակազմի համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման առաջարկ՝ ըստ անհրաժեշտության.

5) Քաղաքաշինության կոմիտեն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, պետք է կազմեն ծրագրի նախահաշիվն ու իրականացման ժամանակացույցը և սահմանված կարգով ներկայացնեն հաստատման.

6) ապահովել ծրագրի իրականացումը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի և սույն հավելվածի 16-րդ կետով սահմանված ձևաչափի։

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

16. Ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի սերտ համագործակցությամբ։ Ծրագիրը համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան