Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1615
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.10.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2021
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
26.10.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
26.10.2021
Дата вступления в силу
26.10.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 հոկտեմբերի 2021 թ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ կառավարությունն իր` 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1335-Ա որոշմամբ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը ՀՀ կառավարության՝ 2021 թվականի օգոստոսի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է Մոսկվայում 2020 թվականի փետրվարի 3-ին՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում միասնական ցանկում չընդգրկված, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված, սակայն դրանց կապակցությամբ տեխնիկական կանոնակարգեր չընդունված արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները սահմանելու նպատակով:

Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից:

2. Համաձայնագրով սահմանվում են Միության շրջանակներում այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որն ընդգրկված չէ արտադրանքի միասնական ցանկում, որի նկատմամբ Միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ (այսուհետ՝ միասնական ցանկ), ինչպես նաև այն արտադրանքի շրջանառության կարգը և անվտանգության ապահովման կանոնները, որն ընդգրկված է միասնական ցանկում, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել՝ բացառությամբ Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշված արտադրանքի:

Համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դրա դրույթները չեն կիրառվում, մասնավորապես` պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար, այդ թվում` պետական պաշտպանական պատվերով մատակարարվող, պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող կամ անդամ պետությունների օրենսդրության համապատասխան պահպանվող, սահմանափակ հասանելիություն ունեցող այլ տեղեկատվության շարքին դասվող տեղեկությունների պաշտպանության նպատակներով օգտագործվող արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), որի վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) են կազմում, այն արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) և օբյեկտների, որոնց համար սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման հետ կապված պահանջներ, ինչպես նաև նշված արտադրանքի և օբյեկտների նախագծման (ներառյալ հետազննությունը), կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման, ուտիլիզացման, թաղման գործընթացների, ինչպես նաև օգտագործված արտադրանքի, դեղամիջոցների, բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) նկատմամբ։

 Համաձայնագիրը չի տարածվում սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման հետ կապված իրավահարաբերությունների վրա։

3. Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի անվտանգությունն ապահովվում է իրավաբանական անձանց կամ որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձանց, նրանց լիազորված ներկայացուցիչների, այդ թվում՝ արտադրողների, արտադրողների կողմից լիազորված անձանց ու արտադրանքի արտադրությունը և (կամ) իրացումն իրականացնող ներմուծողների կողմից՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում (նախագծման (ներառյալ հետազննումթյունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման ժամանակ), անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով Համաձայնագիրը:

Վտանգավոր արտադրանքը Միության շրջանակներում շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության համար պատասխանատվությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրության համապատասխան։

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մասնավորապես հետևյալ պարտավորությունները.

ա) ապահովել, որ Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի մշակման (նախագծման) դեպքում կիրառվեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս սահմանել արտադրանքի անվտանգությունն ապահովող հատկությունները (ցուցանիշները, բնութագրերը), անհրաժեշտության դեպքում նախատեսվեն հնարավոր ռիսկերից պաշտպանություն ապահովող անվտանգության համակարգեր (տարրեր), և (կամ) ներկայացվեն արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգ պայմանների մասին տեղեկություններ, այդ թվում՝ առանձնապես խոցելի սպառողների առանձին կատեգորիաների համար, որոնց համար այդ արտադրանքի շահագործումը (օգտագործումը, կիրառումը) կարող է ռիսկ պարունակել (Հոդված 4, կետ 1),

բ) ապահովել Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի արտադրության դեպքում անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) կայունությունը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) ժամանակ սահմանված մակարդակով (Հոդված 4, կետ 2),

գ) ապահովել Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի՝ Միության շրջանակներում շրջանառության դեպքում՝ արտադրանքի անվտանգության կանոնների (ցուցանիշների, բնութագրերի) պահպանումը՝ այդ արտադրանքի մշակման (նախագծման) և արտադրման ժամանակ սահմանված մակարդակով` հաշվի առնելով պիտանելիության ժամկետը (ծառայության ժամկետը) (Հոդված 4, կետ 3),

դ) ապահովել, որ միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով, որի նկատմամբ ՀՀ օրենսդրության համապատասխան անվտանգության պարտադիր պահանջներ սահմանված չեն, արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) հիմք ընդունի արտադրանքի բնութագրերի հաշվարկման անհրաժեշտությունը (ներառյալ դրա բաղադրությունը), փաթեթվածքին ներկայացվող պահանջները, դրա շահագործման (օգտագործման, կիրառման) հրահանգի (ձեռնարկի) և, անհրաժեշտության դեպքում, դրա մոնտաժման, գործարկման, կարգավորման, և փորձարարական գործարկման հրահանգի առկայությունը, տվյալ արտադրանքն այլ արտադրանքի հետ համատեղ օգտագործելու հնարավորության մասին տեղեկատվության կամ հիմնավորված ենթադրությունների առկայության դեպքում՝ այլ արտադրանքի վրա տվյալ արտադրանքի ազդեցության մասին տեղեկությունները (Հոդված 5, կետ 1, ենթակետեր «ա», «բ»),

ե) ապահովել, որ միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով, որի նկատմամբ ՀՀ օրենսդրության համապատասխան անվտանգության պարտադիր պահանջներ սահմանված չեն, արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) հիմք ընդունի ձեռք բերողին (սպառողին) արտադրանքի և դրա մակնշման մասին տեղեկություններ, ինչպես նաև դրա շահագործման (օգտագործման, կիրառման), ուտիլիզացման վերաբերյալ հրահանգ և (կամ) այլ ցուցումներ տրամադրելու, այդ թվում՝ տվյալ արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությունը (ներառյալ առանձին դեպքերում պիտանելիության ժամկետում (ծառայության ժամկետում) դրա օգտագործման վերաբերյալ ուղեցույցները և (կամ) սահմանափակումները, ինչպես նաև հնարավոր այն ռիսկերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք կարող են պարունակել արտադրանքի մոնտաժը, կարգաբերումը, շահագործումը (օգտագործումը, կիրառումը)) և, անհրաժեշտության դեպքում, այդ ռիսկերի վերացման ուղիները, արտադրանքը ոչ ըստ նշանակության կիրառելու հնարավորության մասին հիմնավորված ենթադրությունները, երբ այդ կիրառումը կարող է ռիսկ պարունակել, ինչպես նաև սպառողների առանձին կատեգորիաների (երեխաների, հղի կանանց, կերակրող մայրերի, հաշմանդամների) կողմից արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) մասին տեղեկություններ տրամադրելու անհրաժեշտությունը (Հոդված 5, կետ 1, ենթակետեր «գ», «դ», «ե»),

զ) երաշխավորել, որ արտադրողը (արտադրողի կողմից լիազորված անձը) կապահովի Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի անվտանգությունը, դրա համապատասխանությունը մակնշման մեջ հայտարարված հատկություններին և արտադրողի կողմից ձեռք բերողին (սպառողին) տրամադրված հիմնական սպառողական հատկությունների և արտադրանքի անվտանգության վերաբերյալ տեղեկություններին (արտադրողի կողմից սահմանված՝ արտադրանքի պիտանելիության ժամկետի (ծառայության ժամկետի) ընթացքում արտադրողի կողմից սահմանված շահագործման (օգտագործման, կիրառման) վերաբերյալ ուղեցույցները (նշումները) և (կամ) սահմանափակումները պահպանելու պայմանով) (Հոդված 5, կետ 2),

է) ապահովել, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի շահագործման (օգտագործման, կիրառման) անվտանգությունն ապահովելու, դա պահպանելու, փոխադրելու և ուտիլիզացնելու նպատակներով վաճառողը (ներմուծողը) պահպանի արտադրողի կողմից սահմանված պայմանները և ձեռք բերողին (սպառողին) տեղեկացնի դրանց մասին, այդ թվում՝ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում, դրա մակնշման մեջ դրանք ներառելու միջոցով կամ այլ եղանակով (Հոդված 5, կետ 4),

ը) ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված արտադրանքի նկատմամբ անվտանգության պարտադիր պահանջների, նշված պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության գնահատման ձևերի մասին, ինչպես նաև այդ արտադրանքի (նշելով այդ արտադրանքի անվանումները և անվտանգության պարտադիր պահանջներ սահմանող փաստաթղթերը) համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների մասին տեղեկությունները (Հոդված 6, կետ 2, պարբերություն 1),

թ) տեղեկացնել Անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի համար շրջանառության մեջ դնելու կանոնների և անվտանգության պարտադիր պահանջների սահմանման մասին, որի մասով Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել, ոչ ուշ, քան նշված նորմերն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օր առաջ (Հոդված 6, կետ 3),

ժ) միասնական ցանկում չընդգրկված արտադրանքի, ինչպես նաև միասնական ցանկում ընդգրկված այն արտադրանքի անվտանգության ապահովման նպատակով, որի մասով, սակայն, Միության տեխնիկական կանոնակարգեր չեն ընդունվել կամ ուժի մեջ չեն մտել և ՀՀ օրենսդրությանը համապատասխան անվտանգության պարտադիր պահանջներ չեն սահմանվել, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, վտանգավոր արտադրանքի հայտնաբերման դեպքում միջոցներ կիրառել դրա շրջանառության հետ կապված վնաս հասցնելը կանխելու ուղղությամբ (այդ թվում՝ վտանգավոր արտադրանքն առգրավելու և հետ կանչելու ուղղությամբ) (Հոդված 7, կետ 1),

ի) ապահովել արտադրանքի անվտանգության մշտադիտարկման անցկացումը, այդ թվում՝ իրականացնելով վտանգավոր արտադրանքի շրջանառության հետ կապված վնաս հասցնելու հայտնաբերված դեպքերի և մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության վրա բացասաբար անդրադառնալու և (կամ) դրանց վնաս հասցնելու ռիսկի աստիճանի վերաբերյալ տեղեկությունների հավաքում ու վերլուծություն՝ ՀՀ օրենսդրության համապատասխան (Հոդված 7, կետ 2, պարբերություն 1):

5. Անդամ պետությունների միջև սույն Համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանված կարգով։

6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

___________________

1 Հայասատանի Հանրապետությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միացել է «2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ Հա-յաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով, որը ՀՀ կողմից վավերացվել է Ազգային Ժողովի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի ԱԺՈ-132-Ն որոշմամբ (ՍԴՈ-1175):

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

 26 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴՈ-1615

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1615 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴՈ-1615 որոշմամբ որոշել է, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի ՍԴՈ-1615 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

 

Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1615 որոշմամբ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի և տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը1։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը։

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ։

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը։

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում։ Մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը՝ խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները։ Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ։ Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար։

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն՝ կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված՝ էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով։

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։ Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը։ Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Այսպես՝ էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով։

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

 

_____________________________

1 Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը։

 

Դատավոր`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

28 հոկտեմբերի 2021 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 նոյեմբերի 2021 թվական: