ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0013/06/19 |
Գործ թիվ ԵԴ/0013/06/19 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Բեկթաշյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի նոյեմբերի 3-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման դեմ մեղադրյալ Մհեր Ժորայի Միլիտոնյանի պաշտպան Ա.Ալիխանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում 2017 թվականի հունիսի 8-ին հարուցվել է թիվ 58156817 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 14-ի որոշմամբ Մհեր Ժորայի Միլիտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մ.Միլիտոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունվարի 14-ի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2019 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունվարի 14-ի որոշումը՝ բեկանել և մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
3.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի մարտի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է` մեղադրյալ Մ.Միլիտոնյանի կողմից քննությունից թաքնվելու և գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով:
3.2. 2019 թվականի ապրիլի 15-ին մեղադրյալ Մ.Միլիտոնյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորումը վերահաստատվել է:
4.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն, և մեղադրյալ Մ.Միլիտոնյանի կալանավորման ժամկետը երկարացվել է 1 (մեկ) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
5. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ մեղադրյալ Մ.Միլիտոնյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս 1 (մեկ) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:
6. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Մ.Միլիտոնյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 20 (քսան) օր ժամկետով: Միաժամանակ, բավարարվել է մեղադրյալ Մ.Միլիտոնյանի պաշտպանի միջնորդությունը, և վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
7. ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Գ.Հովակիմյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշումը՝ մասնակիորեն բեկանել է և մեղադրյալ Մ.Միլիտոնյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է անթույլատրելի:
8. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Մ.Միլիտոնյանի պաշտպան Ա.Ալիխանյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 10-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 14-ի որոշմամբ Մ.Միլիտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա իրացնելու նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և առաքել է առանձնապես խոշոր չափերի՝ 28,585 գրամ «Մեթադոն» և 14,24 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ:
Այսպես.
Երևան քաղաքի բնակիչ Ռուբեն Միրզոյանը ՌԴ-ից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և այն ՀՀ-ում իրացնելու նպատակով 2017 թվականի հունիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի Մհեր Միլիտոնյանի հետ և վերջինին հայտնել է իր վերոհիշյալ նպատակի մասին:
Մհեր Միլիտոնյանը պատրաստակամություն է հայտնել Ռուբեն Միրզոյանին թմրամիջոցներ իրացնելու վերաբերյալ, և այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ռուբեն Միրզոյանը Մհեր Միլիտոնյանին տեղեկացրել է թմրամիջոցները ստանալու և ՀՀ տեղափոխելու համար Մոսկվա քաղաք մարդ ուղարկելու իր նպատակի մասին:
Դրանից հետո, Ռուբեն Միրզոյանը 2017 թվականի հունիսի 7-ին թիվ 1865 չվերթով «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա է ճանապարհել իրացնելու նպատակով թմրամիջոցները ձեռք բերելու հարցում իրեն օժանդակող Արթուր Կարապետյանին, իսկ մինչև այդ հեռախոսազանգի միջոցով վերջինի համար սենյակ է ամրագրել Մոսկվա քաղաքում գործող «Ալտայ» հյուրանոցում, որի մասին տեղեկացրել է Արթուր Կարապետյանին և թերթիկի վրա գրառումներ կատարելով՝ նրան է տրամադրել հիշյալ հյուրանոցի հեռախոսահամարը, սենյակի ամրագրման համարը և Մհեր Միլիտոնյանի կողմից օգտագործվող 007-963-689-51-30 հեռախոսահամարը:
Ռուբեն Միրզոյանի կողմից Մհեր Միլիտոնյանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա Արթուր Կարապետյանը Մոսկվա քաղաքում հանդիպել է Մհեր Միլիտոնյանին, որից հետո վերջինը ՀՀ փոխադրելու և Ռուբեն Միրզոյանին փոխանցելու համար Արթուր Կարապետյանին է տվել քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք բերած և պահած առանձնապես խոշոր չափերի՝ 28,585 գրամ «Մեթադոն» և 14,24 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցները և դրանք Արթուր Կարապետյանի միջոցով ապօրինի կերպով առաքել ու իրացրել Ռուբեն Միրզոյանին:
Այնուհետև, Արթուր Կարապետյանը Մհեր Միլիտոնյանից ստացած թմրամիջոցները մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով գլանաձև փաթեթավորել է սև գույնի պոլիէթիլենային թաղանթով, ապա տեղադրել պահպանակում՝ հետանցքից մտցրել է ուղիղ աղու մեջ, և 2017 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 06:00-ին, ՌԴ-ից թիվ 1864 չվերթով վերադառնալով Երևան՝ նշված թմրամիջոցները Ռուբեն Միրզոյանի կազմակերպմամբ մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Ժամանելով ՀՀ՝ Արթուր Կարապետյանը «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, այնուհետև մարմնի քննություն իրականացնելու նպատակով տեղափոխվել է Երևան քաղաքի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲ ընկերություն, որտեղ վերջինի բժշկական կենտրոնի ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքի 2-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել, ապա հետանցքից դուրս հանելով պահպանակի մեջ տեղադրված թմրամիջոցներ պարունակող փաթեթը` դեն է նետել այն, որը հայտնաբերվել է նշված բժշկական կենտրոնի նկուղային հարկի լուսամուտի խորշից՝ նույն օրը կատարված տեղանքի զննությամբ (…)»1:
10. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ի որոշումը կայացվել է դատավոր Ա.Բեկթաշյանի նախագահությամբ2։
10.1. Առաջին ատյանի դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Վ.Գրիգորյանի)՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշման համաձայն՝ «(…) Մ.Միլիտոնյանին կալանքի տակ պահելու հիմքերի վերաբերյալ ունեցած մտավախություններն անցած ժամանակահատվածում նվազել է, քանի որ նախաքննությունն ըստ էության հասել է ավարտական փուլ, ՌԴ-ից կամավոր է եկել Հայաստան, իսկ դա համադրելով մեղադրյալի անձին վերաբերելի այն տեղեկությունների հետ, որ ամուսնացած է և խնամքին ունի անչափահաս երեխա, Հայաստանում ունի բնակության վայր, ուստի դատարանի գնահատմամբ գրավն այս փուլում կարող է գործուն երաշխիք հանդիսանալ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Հետևաբար քննության առնելով ներկայացված միջնորդությունը, սույն որոշմամբ շարադրված իրավադրույթների և վճռաբեկ դատարանի մոտեցումների համատեքստում գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, դատարանը գտնում է, որ մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու միջնորդությունը ենթակա է բավարարման (…)»3:
11. Վերաքննիչ դատարանի (նախագահությամբ՝ դատավոր Ա.Բեկթաշյանի)՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման համաձայն՝ «(...) Առաջին ատյանի դատարանը գրավի թույլատրելիության հարցի քննարկումն իրականացնելիս պատշաճ գնահատման չի արժանացրել մեղադրյալ Մհեր Միլիտոնյանին մեղսագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, մասնավորապես` այն, որ Մհեր Միլիտոնյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձևով` յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Մհեր Միլիտոնյանը մեղադրվում է բնակչության առողջության դեմ ուղղված դիտավորությամբ կատարվող առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ և նրան վերագրվող արարքի ծավալում ներառված է նաև այն, որ նա իրացնելու նպատակով ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և առաքել է առանձնապես խոշոր չափերի` 28,585 գրամ «Մեթադոն» և 14,24 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնազուրկ են Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումները, որ գրավի կիրառումն ի զորու է կանխել մեղադրյալ Մհեր Միլիտոնյանի ոչ իրավաչափ վարքագիծը, քանի որ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սպառնացող հնարավոր պատժի խստությունն էականորեն բարձրացնում է մեղադրյալ Մհեր Միլիտոնյանի կողմից կրկին անգամ թաքնվելու հավանականությունը: Ավելին նախաքննական մարմնի 2019 թվականի հունվարի 14-ի որոշմամբ Մհեր Միլիտոնյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գրավն ի զորու չէ մեղադրյալ Մհեր Միլիտոնյանի անազատության կանխավարկածը հաղթահարելու և նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու համար:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մեղադրյալ Մհեր Միլիտոնյանը ՀՀ-ում ունի բնակության վայր, ամուսնացած է, խնամքին ունի անչափահաս երեխա, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում դրանք բավարար չեն գալու հետևության, որ մեղադրյալ Մհեր Միլիտոնյանը, ազատության մեջ լինելու դեպքում, կրկին չի թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից և չի կատարի նոր հանցանք:
Այսպիսով` քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշումը պետք է մասնակիորեն բեկանել և մեղադրյալ Մհեր Միլիտոնյանին կալանքից գրավով ազատելը պետք է ճանաչել անթույլատրելի (…)»4:
12. 2019 թվականի սեպտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
12.1. 2019 թվականի հոկտեմբերի 14-ին որոշում է կայացվել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին: Նույն որոշմամբ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ:
12.2. 2020 թվականի փետրվարի 11-ին կայացած դատական նիստի ընթացքում մեղադրող Հ.Ենոքյանը միջնորդել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում վերանայել ամբաստանյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավի թույլատրելիությունը և գրավի կիրառումը ճանաչելով անթույլատրելի՝ վերացնել այն:
12.3. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնելու և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ մեղադրողի միջնորդությունը մերժվել է:
12.4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2020 թվականի մարտի 30-ի որոշմամբ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 11-ի որոշումը:
12.5. Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է5:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
13. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և մեղադրյալ Մ.Միլիտոնյանին կալանքից գրավով ազատելը ճանաչելով անթույլատրելի, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
13.1. Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը նույն գործով որոշում է կայացրել և՛ որպես առաջին ատյանի դատավոր, և՛ որպես վերաքննիչ ատյանի դատարանի դատավոր: Ուստի, բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը ոչ իրավաչափորեն է մերժել ինքնաբացարկ հայտնելու մասին իր միջնորդությունը, քանի որ նույն գործով նույն անձի վերաբերյալ նույն հարցի շուրջ որպես դատավոր մասնակցել է գործի քննությանն առաջին ատյանի դատարանում։
13.2. Բացի այդ, բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանին է ներկայացվել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս դրանք հիմք չի ընդունել՝ անհարկի միջամտելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գործունեությանը և վտանգելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը:
13.3. Բողոքաբերը նաև հավելել է, որ Վերաքննիչ դատարանը չի նշել, թե կոնկրետ ինչ հանգամանքների հիման վրա է եզրահանգել, որ գրավն ի զորու չէ կանխելու Մ.Միլիտոնյանի ոչ իրավաչափ վարքագիծն այն պարագայում, երբ նա մշտապես իրավաչափ վարքագիծ է դրսևորել: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ իր պաշտպանյալը կամավոր է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, երիտասարդ է, բնութագրվում է դրական, ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, խնամքին է գտնվում կինը և անչափահաս երեքուկես տարեկան երեխան, ունի ծանր՝ քաղցկեղային հիվանդություն, որը հայտնաբերվել է 1995 թվականին, ծանր վիրահատություն է տարել, յոթ անգամ քիմիաթերապիա է ընդունել:
14. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բավարարել վճռաբեկ բողոքը և բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյո՞ք Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը քննել Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն այն պայմաններում, երբ նույն գործով նույն անձի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին որոշում էր կայացրել առաջին ատյանի դատարանում:
16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային լսումների իրավունք»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով դատարանը պետք է լինի անկողմնակալ։ Անկողմնակալությունը ստուգման նպատակով Եվրոպական դատարանը տարանջատում է սուբյեկտիվ մոտեցումը (չափանիշը), որը նպատակ ունի պարզել դատավորի շահագրգռվածությունը կոնկրետ գործով կայացված որոշման մեջ, և օբյեկտիվ մոտեցումը (չափանիշը), որը կոչված է որոշել, թե արդյոք դատավորն ապահովել է անհրաժեշտ երաշխիքներ այս առնչությամբ ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար6։ Երկրորդ չափանիշի կիրառումը պահանջում է պարզել, թե արդյոք անկախ արդարադատություն իրականացնող անձի վարքագծից, առկա են փաստեր, որոնք կարող են կասկածի տակ դնել դատավորի անաչառությունը7։
16.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև ՀՀ դատական օրենսգիրք) 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝
1) քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր.
(…)
4) զերծ մնալ այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք ողջամտության սահմաններում կարող են ստեղծել ինքնաբացարկի հիմքեր.
(…)»:
ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
(…)
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում»:
16.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
«Դատավորը, (…) [ում] հայտնի են քրեական դատավարությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր են դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նրանք կասկածում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը` հայտարարել ինքնաբացարկ կամ գործով վարույթից իրենց հեռացնելու մասին միջնորդություն:
(…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով»:
Նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ եթե դատավորը պարզում է, որ գործով առկա է նույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված ինքնաբացարկի հիմք, ապա որոշում է կայացնում ինքնաբացարկի մասին:
⚖16.3. Վերոշարադրյալ նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատավորի չեզոքությունն ու դրա հասարակական ընկալումը դատական համակարգի կայացրած որոշումների նկատմամբ հասարակության վստահության կարևոր նախապայմաններն են: Դրանով պայմանավորված՝ ՀՀ դատական օրենսգրքի 70-րդ հոդվածում ամրագրված է, որ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտության դեպքերը, իսկ 71-րդ հոդվածն ամրագրում է, որ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ինքնաբացարկի պարտադիր, իհարկե, ոչ սպառիչ հիմքերի ցանկ, որն, ի թիվս այլնի, ներառում է դատավորի մասնակցությունը տվյալ գործի քննությանն այլ դատարանում։ Ընդ որում, այդ հիմքերի, և, մասնավորապես, քննարկվող հիմքի առանձնացումն օրենսդրի կողմից բխում է այն տրամաբանությունից, որ դրանք բավարարում են ընդհանուր այն պահանջին, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով դատավորի անաչառության մեջ։ Քննարկվող հիմքի նախատեսումը միանգամայն համահունչ է անկողմնակալ դատարանի՝ Եվրոպական դատարանի մշակած օբյեկտիվ չափանիշին։
16.4. Միևնույն ժամանակ, նշված նորմի մեկնաբանությունից բխում է, որ նշված հիմքի առկայությունը բացառում է դատավորի կողմից նույն գործի քննությունը վերադաս դատական ատյանում, եթե խոսքը վերաբերում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում կամ գործի ըստ էության քննության արդյունքում կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտի դեմ բերված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի քննությանը։ Հետևաբար, կոնկրետ դատավորի կողմից նույն քրեական գործով մինչդատական վարույթի շրջանակում տարբեր միջնորդությունների նկատմամբ դատական վերահսկողության գործառույթի իրականացումը չի բացառում վերջինիս կողմից վերադաս դատական ատյանում թեև նույն քրեական գործով, սակայն մեկ այլ դատավորի կողմից կայացված՝ մեկ այլ միջնորդության վերաբերյալ դատական ակտի դեմ բերված բողոքի քննությունը։ Մասնավորապես, նույն տրամաբանությամբ քրեական գործով կալանավորման կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու նախորդ միջնորդության քննությունը չի խոչընդոտում նոր միջնորդության քննությունն ինչպես մեկ այլ, այնպես էլ նույն դատավորի կողմից։
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, 2019 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Մ.Միլիտոնյանի կալանավորման ժամկետը երկարացրել 1 (մեկ) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը8: Առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վ.Գրիգորյանի, 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է նախաքննության մարմնի մեկ այլ միջնորդությունը, և մեղադրյալ Մ.Միլիտոնյանի կալանավորման ժամկետը երկարացրել 20 (քսան) օր ժամկետով: Միաժամանակ, բավարարվել է մեղադրյալ Մ.Միլիտոնյանի պաշտպանի միջնորդությունը, և վերջինիս նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը՝ որպես գրավի գումարի չափ սահմանելով 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը9: Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Բեկթաշյանի, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշումը՝ մասնակիորեն բեկանել է և մեղադրյալ Մ.Միլիտոնյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել է անթույլատրելի10:
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից բխում է, որ դատավոր Ա.Բեկթաշյանը մասնակցել է Մ.Միլիտոնյանին կալանավորելու հարցի քննությանը թե΄ առաջին ատյանի և թե΄ վերաքննիչ դատարաններում։ Սակայն Վերաքննիչ դատարանում Ա.Բեկթաշյանի կողմից քննվել է ոչ թե իր նախագահությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 10-ին կայացրած՝ Մ.Միլիտոնյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման, այլ Առաջին ատյանի դատարանի՝ մեկ այլ դատավորի՝ Վ.Գրիգորյանի նախագահությամբ 2019 թվականի օգոստոսի 9-ին կայացրած որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը։ Վերոնշյալ հանգամանքը գնահատելով սույն որոշման 16-16.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա չի եղել դատավոր Ա.Բեկթաշյանի՝ օրենքով նախատեսված պարտադիր ինքնաբացարկի հիմք, որը օբյեկտիվ, անաչառ դիտորդի մոտ կարող էր ողջամիտ կասկած առաջացնել տվյալ գործով դատավորի անաչառության վերաբերյալ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանն իրավասու էր քննելու Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքն այն պայմաններում, երբ նույն գործով նույն անձի կալանավորման ժամկետը երկարացնելու հարցը քննության էր առել Առաջին ատյանի դատարանում։
19. Ինչ վերաբերում է Մ.Միլիտոնյանին կալանքից գրավով ազատելու իրավաչափությանը, ապա Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում Առաջին ատյանի դատարանի՝ գրավի կիրառմամբ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու դիրքորոշման այն հիմնավորումը, որ Մ.Միլիտոնյանին կալանքի տակ պահելու հիմքերի վերաբերյալ մտավախությունները նվազել են, քանի որ նախաքննությունը նշված դատական ակտի կայացման պահին հասել է ավարտական փուլ, վերջինս ՌԴ-ից կամավոր է եկել Հայաստան, ամուսնացած է և խնամքին ունի անչափահաս երեխա, Հայաստանում ունի բնակության վայր, և որ այս փուլում գրավը կարող է գործուն երաշխիք լինել անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար11:
20. Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև բողոքաբերի՝ սույն որոշման 13.2-րդ կետում ներկայացված փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը, որով Մ.Միլիտոնյանի նկատմամբ ընտրված գրավը թողնվել է անփոփոխ։
21. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջների խախտում, որն իր բնույթով էական է և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ 2019 թվականի սեպտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և որ նույն դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ի` քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը թողնվել է անփոփոխ: 2020 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Միլիտոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը վերացնելու և գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ մեղադրողի միջնորդությունը մերժվել է։ Հետևաբար, բողոքարկված դատական ակտը եղել է ժամանակավոր, կորցրել է իր իրավական նշանակությունը, և չի կարող բեկանվել12։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:
2. Ճանաչել Մհեր Ժորայի Միլիտոնյանի իրավունքների խախտման փաստը։
3. Մհեր Ժորայի Միլիտոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 8-9:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 19-21:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30-36:
4 Տե՛ս նյութեր, հատոր, թերթեր 93-100:
5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, Մհեր Միլիտոնյանի վերաբերյալ թիվ ԿԴ/0036/01/19 քրեական գործը:
6 Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Piersack v. Belgium գործով 1982 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, գանգատ թիվ 8692/79, 30-րդ կետը, Grieves v. the United Kingdom [GC] գործով 2003 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ թիվ 57067/00, 69-րդ կետը։
7 Տե՛ս Եվրոպական դատարանի՝ Castillo Algar v. Spain գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 28194/95, 45-րդ կետը, Morel v. France, 2000 թվականի հունիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 34130/96, 42-րդ կետը։
8 Տե΄ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը:
10 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:
11 Տե΄ս սույն որոշման 10.1-րդ կետը:
12 Տե΄ս սույն որոշման 12-12.3-րդ կետերը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|