Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.07.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
13.07.2021
Дата вступления в силу
13.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0068/04/16

2021 թ.

Սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0068/04/16

Նախագահող դատավոր՝

 Տ. Նազարյան

Դատավորներ՝

 Հ. Ենոքյան

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 13-ին

գրավոր ընթացակարգով, քննելով «Ծոփք-Արածանի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը՝ Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու պահանջի մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանին ներկայացված բողոքով պարտապանը պահանջել էր ամբողջությամբ բեկանել Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը՝ իր բողոքի հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4167/05/10 գործով 03.06.2011 թվականի վճիռը օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել և այլևս կատարման ենթակա չէ, իսկ պարտավորության մնացած մասը հիմնված է եղել, բացառապես, «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգից արտատպված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով պարտավորությունների վերաբերյալ 24.05.2016 թվականի տեղեկանքի վրա, որը սակայն անվիճելի վճարային պարտավորություն չի հանդիսացել։ Նշված հիմքերի շրջանակներում Վերաքննիչ դատարանը, քննելով ներկայացված բողոքը, հիմնավորված համարելով բողոքաբերի կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վավերապայմանների առկայությունը, ինչպես նաև հաստատելով, որ ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռը չէր կարող հանդիսանալ պարտապանին սնանկ ճանաչելու հիմք, այնուամենայնիվ, բողոքն ամբողջությամբ մերժել է։

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ հանգել է այն հետևության, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, գործնականում անհնարին է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր համարելով սույն գործով նոր երևան եկած հանգամանքի առկայության վերաբերյալ բողոքի փաստարկները, այնուամենայնիվ, գտել է, որ սույն գործով ներկայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը չի կարող վերանայվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Վերը նշված եզրահանգումներից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը համարում է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը սնանկության գործերով կայացված վճիռների նկատմամբ կիրառելի չէ: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը ոչ միայն ակնհայտ անհիմն է, այլ նաև ամբողջությամբ խաթարում է արդարադատության բուն էությունը:

Վերաքննիչ դատարանը չի կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունը, չի իրականացրել արդարադատություն, սահմանափակել է պարտապանի արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ բավարարել Ընկերության կողմից ներկայացված նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմումը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով Ընկերությունը պահանջել է ամբողջությամբ բեկանել Դատարանի վճիռը` իր բողոքի հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով 03.06.2011 թվականի վճիռն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել և այլևս կատարման ենթակա չէ, իսկ պարտավորության մնացած մասը հիմնված է եղել բացառապես «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգից արտատպված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով պարտավորությունների վերաբերյալ 24.05.2016 թվականի տեղեկանքի վրա: Սակայն բացի վերոնշյալ փաստաթղթերից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև 27.08.2015 թվականին կայացված թիվ 0048 գանձման և պարտապանի կողմից այն ստանալու ապացույցի պատճենները: Բացի այդ, թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով 03.06.2011 թվականին կայացված վճիռն Ընկերությանը սնանկ ճանաչելու միակ հիմքը չի եղել, քանի որ պարտապանն ունեցել է նաև օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող այլ հարկային պարտավորություններ:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված է, իսկ սույն վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 02.02.2017 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված, գ.թ. 13-19):

2. ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարեն Ավետիսյան) 03.06.2011 թվականի վճռով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Ընկերության՝ 1.335.522 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է: Նշված վճռի դեմ Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.11.2011 թվականի որոշմամբ մերժվել է: Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.01.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է (հավելված, գ.թ. 104-111):

3. 23.02.2012 թվականին ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 1.335.522 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության պետը, 03.06.2013 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրել թիվ 2489 գրությունը՝ խնդրելով վերականգնել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը: ՀՀ վարչական դատարանի կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին 06.06.2013 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է (հավելված, գ.թ. 104-111):

4. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2019 թվականի թիվ ՎԴ/4167/05/10 որոշմամբ՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բավարարվել է: Վերացվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը (հավելված, գ.թ. 104-111):

5. Ընկերությունը 07.05.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք (հավելված, գ.թ. 87-91):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝

 ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կարող է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները:

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության հիմքում դրված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ապա պարտատերը սնանկության դիմումը դատարան պետք է ներկայացնի վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետի սահմաններում: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վճարային պարտավորություն uահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն իրականացման (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ նախադեպային որոշմամբ փաստել է, որ պարտապանի անվճարունակության հատկանիշների թվին դասվող պարտավորության անվիճելիությունն առկա է նաև այն դեպքում, երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Նման մոտեցումը պայմանավորված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշով, այսինքն՝ քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող (բացառությամբ հաշվանց կատարելու հնարավորության դեպքում): Վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե միայն վերացվի համապատասխան դատական ակտը (օրինակ՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով):

Վճռաբեկ դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերլուծությունից պարզ է դառնում, որ դատարանը պարտապանին սնանկ է ճանաչում հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, ինչը, հիմք ընդունելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշանակում է, որ հարկադրված սնանկության դիմումը պետք է պարունակի դիմումի հիմքերն ու հիմնավորումները, իսկ սնանկության գործը քննող դատարանը չի կարող դուրս գալ դիմումի հիմքերի շրջանակից: Այլ կերպ ասած, եթե սնանկության դիմումում նշված է կոնկրետ վճարային պարտավորություն, ապա դատարանը պետք է գնահատի միայն վերջինիս անվիճելիությունը և ըստ այդմ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումներից: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա:

Հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դիմումում նշված հիմքերը՝ մասնավորապես կոնկրետ վճարային պարտավորությունը, կաշկանդում են դատարանին՝ քննելու միայն դիմումում նշված հանգամանքների՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանությունը: Նման դեպքերում նույնպես գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է առաջնորդվի սնանկության դիմումի հիմքերով անգամ այն պարագայում, երբ գործում առկա են այլ ապացույցներ պարտապանի պարտավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ եթե անգամ հաստատված է պահանջների վերջնական ցուցակը (տե՛ս, Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սուրեն Սադոևի թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.08.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս, «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 28.09.2012 թվականի թիվ ՍԴՈ-1049 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանի խնդիրն ու պարտականությունն է ապահովել բողոքում բերված տեղեկությունների, հանգամանքների, փաստերի բազմակողմանի և անաչառ քննություն՝ դրա արդյունքում բավարար ու միակերպ ընկալելի որոշմամբ պատճառաբանելով ներկայացված փաստարկները որպես նոր երևան եկած հանգամանք գնահատելու կամ մերժելու իրավական շարժառիթներն ու հիմքերը: Նոր երևան եկած հանգամանքը նշված հանգամանքներին համապատասխան հաշվի չառնելը և դրա արդյունքում վերանայվող դատական ակտն ուժի մեջ թողնելը չեն երաշխավորում դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորություն` թույլ չտալով նաև դատական ակտերի վերանայման նպատակի ու խնդիրների իրացում և միաժամանակ արգելափակելով անձի` արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարության ինքնուրույն և բացառիկ փուլ է, որի ընթացքում արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու նպատակով նոր երևան եկած հանգամանքների համատեքստում ստուգվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը:

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո սնանկ ճանաչելու մասին վճիռը որևէ հիմքով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) բեկանվում է:

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում դատարանը պետք է բոլոր դեպքերում անմիջականորեն հետազոտի և գնահատի գործում առկա ապացույցները, որպեսզի դատական ապացուցման տրամաբանության շրջանակներում կարողանա պարզել բողոքի հիմնավորվածությունը, այսինքն` համապատասխան նոր երևան եկած հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման համար անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքի առկայության հաստատումը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի առանձնահատկությունն այն է, որ նոր երևան եկած հանգամանքի առկայության հաստատումն ինքնին բավարար է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանման համար, քանի որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը կարող էր հանգեցնել գործի այլ լուծման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ սնանկության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու նպատակները, և որոնք, որպես կանոն, եզրափակվում են համապատասխան դատական ակտի կայացմամբ: Այսպես, սնանկության վերաբերյալ դիմումի ընդունելության հարցի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է, օրինակ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որից հետո դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ ուղղված սնանկության վարույթի հետագա գործողությունների կատարման ապահովմանը: Սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլը կարող է ավարտվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ: Առանձին փուլ է նաև պարտատերերի պահանջների հաստատումը, որը նույնպես սնանկության վարույթի առանցքային փուլերից է, քանի որ դրա հիման վրա է կատարվում պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը:

Վերոնշյալ իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ցանկացած փուլ սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետևաբար, եթե որևէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) վերանում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման հիմքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլևս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետևաբար առարկայազուրկ են դառնում նաև հետագա բոլոր փուլերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության վարույթի հետագա փուլերի և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի վերացման՝ նկատի ունենալով վերջիններիս արդեն իսկ առարկայազուրկ դառնալը:

Սույն գործով Դատարանը 02.02.2017 թվականի վճռով բավարարել է Կոմիտեի դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության վճարային պարտավորությունը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և այն անվիճելի է, քանի որ պահանջի չվիճարկվող մասը` 1.335.522 ՀՀ դրամը, որը ճանաչված է նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 03.06.2011 թվականի թիվ ՎԴ/4167/05/10 վճռով, գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Ընկերությունը 07.05.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք և որպես նոր երևան եկած հանգամանք նշել է այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 գործով «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» 06.06.2013 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, ինչը սակայն, բողոք բերող անձին առաջին ատյանի դատարանում սույն գործի լուծման պահին, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել, քանի որ վերջինս չի ծանուցվել այդ որոշմանը նախորդած դատական նիստի օրվա և ժամի մասին, ինչպես նաև վարչական դատարանի կողմից չի ստացել նշված որոշումը։ Փաստորեն, այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 գործով «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» 06.06.2013 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, գոյություն է ունեցել սույն գործի լուծման պահին, սակայն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել Ընկերությանն ու Դատարանին, մինչդեռ այդ հանգամանքն ունեցել է գործի լուծման համար էական նշանակություն, քանի որ եթե դիմողի կողմից հիշյալ 06.06.2013 թվականի որոշումը Դատարանին ներկայացված լիներ սույն գործով բողոքարկվող որոշման կայացմանը նախորդած ժամանակահատվածում, ապա դատավարության ընթացքում Ընկերությունը կծանոթանար նշված որոշմանը և կհայտներ Դատարանին, որ նշված որոշման գոյության մասին, առհասարակ, տեղյակ չի եղել, օգտվելով իր իրավունքներից, նույն կարգով (այնպես, ինչպես արդեն բողոքարկվել է) կբողոքարկեր այդ որոշումը, ինչի արդյունքում կվերացվեր «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը և փաստորեն թիվ ՎԴ/4167/05/10 գործով վարչական դատարանի վճռով սահմանված անվիճելի վճարային պարտավորությունը կդադարեր, ինչն էլ իր հերթին հիմք կհանդիսանար դիմողի պահանջը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը քննելով Ընկերության` նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոքը, արդարացիորեն գտել է, որ բողոքաբերի կողմից վկայակոչված նոր երևան եկած հանգամանքն ունի էական նշանակություն գործի լուծման համար սնանկ ճանաչելու հիմքերի, մասնավորապես` օրինական ուժի մեջ մտած վճռով անվիճելի վճարային պարտավորության առկայության հարցը պարզելու տեսանկյունից, թեև բողոքարկվող վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանը դիմումի բավարարման միակ հիմքը չի համարել վերոնշյալ վճիռը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դատավարության մասնակցի կողմից դատական ակտի նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման բողոք ներկայացնելն ինքնին նպատակ է հետապնդում գործով կայացված վերջնական դատական ակտի վերանայման արդյունքում հասնել այլ ելքով դատական ակտի կայացմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է նախկինում կայացված դատական ակտերի առաջացրած իրավական հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Օրինակ` քննվող քաղաքացիական վեճերի դեպքում ինքնին գործնականում անհնար չէ վճռի կատարման շրջադարձի ապահովումը: Միևնույն ժամանակ, սնանկության վարույթն օժտված է մի շարք առանձնահատկություններով և պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռով առկա իրավահարաբերությունները չեն ստանում վերջնական, կայուն և անվիճելի կարգավիճակ, այլ ընդհակառակը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռով սկիզբ են առնում մի շարք գործընթացներ, որոնց արդյունքում վրա հասած իրավական հետևանքներն իրենց համակցության մեջ ինքնին անշրջելի են և գործնականում անհնար է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը գոյություն ունեցած իրադրության վերականգնումը: Վերաքննիչ դատարանի համոզմամբ սնանկության գործերի առանձնահատկություններով պայմանավորված առաջացած իրավական իրադրության որոշակիության ապահովումը ունի առավել առաջնահերթ նշանակություն և ցանկացած նոր կամ նոր երևան եկած վկայակոչվող հանգամանք, ինչքան էլ որ էական լինի գործի լուծման համար, չի կարող բավարար լինել այդ սկզբունքից շեղվելու և իրավահարաբերությունների կայունությունը խախտելու համար այն հիմնավորմամբ, որ սնանկ ճանաչելու փաստով պայմանավորված իրականացված տարաբնույթ գործընթացների արդյունքում ձևավորված իրադրությունը և հետևանքներն ինքնին ենթակա չեն վերացման: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված գործնականում անհնարին է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայումը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կարգավորումները այդ դեպքերի նկատմամբ չեն կարող համարվել կիրառելի իրավակարգավորումներ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է միայն թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով կայացված գումարի բռնագանձման դատական ակտը: Նման հանգամանքի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել, և հետևաբար նշված վճռից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա չեն իրականացման, և նշված վճռից ծագող վճարային պարտավորությունները` որպես անվիճելի վճարային պարտավորություններ չեն կարող պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հանդիսանալ: Նշված հանգամանքը սույն գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք և դատական ակտի բեկանման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրված այն հիմնավորումը, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված պարտապանին սնանկ ճանաչելուց հետո սկիզբ է դրվում մի շարք գործընթացների, որոնց արդյունքում վրա հասած իրավական հետևանքներն իրենց համակցության մեջ անշրջելի են, հիմք չի կարող հանդիսանալ անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը վերացնելուց հրաժարվելու համար, քանի որ սույն պարագայում պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը որևէ հիմքով վերանալու պարագայում սնանկության վարույթի հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02082019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

 13.07.2021 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/0068/04/16 սնանկության գործով 13.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 13.07.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Ծոփք-Արածանի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս և Ստեփան Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2017 թվականի վճռով բավարարել է Կոմիտեի դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության վճարային պարտավորությունը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և այն անվիճելի է, քանի որ պահանջի չվիճարկվող մասը` 1.335.522 ՀՀ դրամը, որը ճանաչված է նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 03.06.2011 թվականի թիվ ՎԴ/4167/05/10 վճռով, գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Ընկերությունը 07.05.2019 թվականին ՀՀ վերաքաննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք և որպես նոր երևան եկած հանգամանք նշել է այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 գործով «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» 06.06.2013 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, ինչը սակայն, բողոք բերող անձին առաջին ատյանի դատարանում սույն գործի լուծման պահին, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել, քանի որ վերջինս չի ծանուցվել այդ որոշմանը նախորդած դատական նիստի օրվա և ժամի մասին, ինչպես նաև վարչական դատարանի կողմից չի ստացել նշված որոշումը։ Փաստորեն, այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 գործով «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» 06.06.2013 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, գոյություն է ունեցել սույն գործի լուծման պահին, սակայն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել Ընկերությանն ու Դատարանին, մինչդեռ այդ հանգամանքն ունեցել է գործի լուծման համար էական նշանակություն, քանի որ եթե դիմողի կողմից հիշյալ 06.06.2013 թվականի որոշումը Դատարանին ներկայացված լիներ սույն գործով բողոքարկվող որոշման կայացմանը նախորդած ժամանակահատվածում, ապա դատավարության ընթացքում Ընկերությունը կծանոթանար նշված որոշմանը և կհայտներ Դատարանին, որ նշված որոշման գոյության մասին, առհասարակ, տեղյակ չի եղել, օգտվելով իր իրավունքներից, նույն կարգով (այնպես, ինչպես արդեն բողոքարկվել է) կբողոքարկեր այդ որոշումը, ինչի արդյունքում կվերացվեր «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը և փաստորեն թիվ ՎԴ/4167/05/10 գործով վարչական դատարանի վճռով սահմանված անվիճելի վճարային պարտավորությունը կդադարեր, ինչն էլ իր հերթին հիմք կհանդիսանար դիմողի պահանջը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը մերժել է Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու պահանջի մասին Ընկերության բողոքը՝ գտնելով, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված գործնականում անհնարին է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայումը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կարգավորումները այդ դեպքերի նկատմամբ չեն կարող համարվել կիրառելի իրավակարգավորումներ: Նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով սույն գործով նոր հանգամանքի առկայության վերաբերյալ բողոքի փաստարկները, գտել է, որ սույն գործով կայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը վերը նշված պատճառաբանությունների հիմքով չի կարող վերանայվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

 

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել Վերաքննիչ դատարանի 02082019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

Անդրադառնալով այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք կարող է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, Վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը. «(...) նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում դատարանը պետք է բոլոր դեպքերում անմիջականորեն հետազոտի և գնահատի գործում առկա ապացույցները, որպեսզի դատական ապացուցման տրամաբանության շրջանակներում կարողանա պարզել բողոքի հիմնավորվածությունը, այսինքն` համապատասխան նոր երևան եկած հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման համար անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքի առկայության հաստատումը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի առանձնահատկությունն այն է, որ նոր երևան եկած հանգամանքի առկայության հաստատումն ինքնին բավարար է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանման համար, քանի որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը կարող էր հանգեցնել գործի այլ լուծման:

(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ սնանկության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու նպատակները, և որոնք, որպես կանոն, եզրափակվում են համապատասխան դատական ակտի կայացմամբ: Այսպես, սնանկության վերաբերյալ դիմումի ընդունելության հարցի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է, օրինակ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որից հետո դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ ուղղված սնանկության վարույթի հետագա գործողությունների կատարման ապահովմանը: Սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլը կարող է ավարտվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ: Առանձին փուլ է նաև պարտատերերի պահանջների հաստատումը, որը նույնպես սնանկության վարույթի առանցքային փուլերից է, քանի որ դրա հիման վրա է կատարվում պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը:

Վերոնշյալ իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ցանկացած փուլ սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետևաբար, եթե որևէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) վերանում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման հիմքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլևս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետևաբար առարկայազուրկ են դառնում նաև հետագա բոլոր փուլերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության վարույթի հետագա փուլերի և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի վերացման՝ նկատի ունենալով վերջիններիս արդեն իսկ առարկայազուրկ դառնալը» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 8-րդ էջը):

 

1. Հարկ ենք համարում փաստել, որ Վճռաբեկ դատարանը թեև անհրաժեշտ է համարել անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք կարող է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, այդուհանդերձ որոշման պատճառաբանական մասում նշված հարցի առնչությամբ որևէ եզրահանգում չի կատարել:

Այսպես. վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը, 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անձին սնանկ ճանաչելու համար երեք պայմանների՝ վճարային պարտավորության անվիճելիության, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցված լինելու և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելու վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումը, հարկադրված սնանկության դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու անհրաժեշտ փաստակազմի, օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված վճարային պարտավորության հիմքով պարտավորության անվիճելիության վերաբերյալ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով, Տիգրան Մարտիրոսյանն ընդդեմ Սուրեն Սադոևի թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 05.04.2013 թվականի, 02.12.2016 թվականի և 31.08.2018 թվականի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքի էական լինելը որոշելիս վերանայվող գործի բոլոր փաստերը դատարանների կողմից հաշվի առնելու և այդ հանգամանքներն իրենց բնույթով գործի ելքի վրա ազդեցությունը պարզելու վերաբերյալ «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշմամբ և նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2012 թվականի թիվ ՍԴՈ-1049 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը նշել է միայն, որ «(...) նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարության ինքնուրույն և բացառիկ փուլ է, որի ընթացքում արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու նպատակով նոր երևան եկած հանգամանքների համատեքստում ստուգվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը» (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-7-րդ էջերը):

Նախ՝ հարկ ենք համարում ընդգծել, որ վերոգրյալ վկայակոչումներն ու վերլուծությունները բնավ չեն պատասխանում այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք կարող է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները:

Երկրորդ՝ ամբողջությամբ ընդունելի է այն դիրքորոշումը, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարության ինքնուրույն և բացառիկ փուլ է, սակայն ընդունելի չէ, որ դրա նպատակը արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելն է:

Գտնում ենք, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթին բնութագրական չէ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի մասին խոսելը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի ինքնատիպությունն ամենից առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ, ի տարբերություն դատական ակտերի վերանայման այլ վարույթների, վերանայման հիմք են նոր բացահայտված հանգամանքները: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտը թույլ է տալիս գործի քննության ավարտից հետո բացահայտված որոշակի հանգամանքների առկայության դեպքում վերանայել ու բեկանել օրինականության և հիմնավորվածության տեսանկյունից կասկած չհարուցող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: Այլ կերպ ասած, անթույլատրելի է կասկածի տակ դնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, սակայն թույլատրելի է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որոնք գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն: Նշված ինստիտուտը հնարավորություն է տալիս վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումը, թեկուզև այն դատական սխալի հետևանք չի հանդիսացել:

 

2. Հարկ ենք համարում փաստել նաև, որ Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասի մնացած հատվածները ևս որևէ հիմնավորում չեն պարունակում այն մասին, որ անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը կարող է վերանայվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները:

Այսպես. Վճռաբեկ դատարանի որոշման 8-րդ էջի վերջին պարբերությունից սկսած նկարագրվել է սույն գործի ընթացքը, մասնավորապես՝ Դատարանի կողմից 02.02.2017 թվականին Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումը, Ընկերության կողմից 07.05.2019 թվականին նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք ներկայացնելը, Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննելն ու որոշում կայացնելը, այնուհետև 10-րդ էջում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը. «Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է միայն թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով կայացված գումարի բռնագանձման դատական ակտը: Նման հանգամանքի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել, և հետևաբար նշված վճռից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա չեն իրականացման, և նշված վճռից ծագող վճարային պարտավորությունները` որպես անվիճելի վճարային պարտավորություններ չեն կարող պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հանդիսանալ: Նշված հանգամանքը սույն գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք և դատական ակտի բեկանման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրված այն հիմնավորումը, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված պարտապանին սնանկ ճանաչելուց հետո սկիզբ է դրվում մի շարք գործընթացների, որոնց արդյունքում վրա հասած իրավական հետևանքներն իրենց համակցության մեջ անշրջելի են, հիմք չի կարող հանդիսանալ անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը վերացնելուց հրաժարվելու համար, քանի որ սույն պարագայում պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը որևէ հիմքով վերանալու պարագայում սնանկության վարույթի հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ»:

Փաստորեն, Վճռաբեկ դատարանը, որպես սույն գործով դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանք, դիտարկել է թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով կայացված գումարի բռնագանձման դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացված չլինելը, և հետևաբար նշված դատական ակտից բխող իրավունքները և պարտականությունները իրականացման ենթակա չլինելն ու նշված վճռից ծագող վճարային պարտավորությունները` որպես անվիճելի վճարային պարտավորություններ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում դնելու անթույլատրելիությունը, սակայն որևէ իրավական վերլուծություն չի արել այն մասին, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել սույն գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

 

Այսպիսով, գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ բավարար հիմնավորմամբ չի հերքվել Վերաքննիչ դատարանի այն իրավական դիրքորոշումը, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված գործնականում անհնարին է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել:

Թեև ամբողջությամբ համաձայն ենք Վճռաբեկ դատարանի այն եզրահանգման հետ, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը որևէ հիմքով վերանալու պարագայում սնանկության վարույթի հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ, այդուհանդերձ գտնում ենք, որ այդ փաստարկն ինքնին բավարար չէ սույն որոշմամբ առաջադրված իրավական հարցին պատասխանելու համար: Գտնում ենք, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի վերլուծությունները պետք է վերաբերեին նոր երևան եկած հանգամանքով դատական ակտերի վերանայման առանձնահատկություններին, իսկ եզրահանգումները նրան, որ օրենսդրական որևէ արգելք առկա չէ այն առումով, թե նոր երևան եկած հանգամանքով վերանայվող դատական ակտն ինչ բնույթի դատական ակտ է կամ ինչ գործի՝ քաղաքացիական, սնանկության, թե վարչական, արդյունքում է կայացվել:

 

Ամբողջ վերոգրյալի արդյունքում, համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, գտնում ե, որ պատճառաբանական մասը չի պարունակում այդ եզրահանգման ամբողջական հիմնավորումները:

 

Դատավոր

Դատավոր

Ռ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/0068/04/16 սնանկության գործով 13.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

13.07.2021 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով «Ծոփք-Արածանի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02082019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Պետրոսյան) (այսուհետ՝ Դատարան) 02.02.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը՝ Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու պահանջի մասին, մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանին ներկայացված բողոքով պարտապանը պահանջել էր ամբողջությամբ բեկանել Դատարանի 02.02.2017 թվականի վճիռը՝ իր բողոքի հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4167/05/10 գործով 03.06.2011 թվականի վճիռը օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել և այլևս կատարման ենթակա չէ, իսկ պարտավորության մնացած մասը հիմնված է եղել, բացառապես, «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգից արտատպված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով պարտավորությունների վերաբերյալ 24.05.2016 թվականի տեղեկանքի վրա, որը սակայն անվիճելի վճարային պարտավորություն չի հանդիսացել։ Նշված հիմքերի շրջանակներում Վերաքննիչ դատարանը, քննելով ներկայացված բողոքը, հիմնավորված համարելով բողոքաբերի կողմից վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վավերապայմանների առկայությունը, ինչպես նաև հաստատելով, որ ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռը չէր կարող հանդիսանալ պարտապանին սնանկ ճանաչելու հիմք, այնուամենայնիվ, բողոքն ամբողջությամբ մերժել է։

Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ հանգել է այն հետևության, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, գործնականում անհնարին է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր համարելով սույն գործով նոր երևան եկած հանգամանքի առկայության վերաբերյալ բողոքի փաստարկները, այնուամենայնիվ, գտել է, որ սույն գործով ներկայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը չի կարող վերանայվել նոր երևան եկած հանգամանքի հիմքով:

Վերը նշված եզրահանգումներից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանը համարում է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը սնանկության գործերով կայացված վճիռների նկատմամբ կիրառելի չէ: Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը ոչ միայն ակնհայտ անհիմն է, այլ նաև ամբողջությամբ խաթարում է արդարադատության բուն էությունը:

Վերաքննիչ դատարանը չի կատարել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունը, չի իրականացրել արդարադատություն, սահմանափակել է պարտապանի արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ բավարարել Ընկերության կողմից ներկայացված նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմումը»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Սույն գործով Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով Ընկերությունը պահանջել է ամբողջությամբ բեկանել Դատարանի վճիռը` իր բողոքի հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով 03.06.2011 թվականի վճիռն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել և այլևս կատարման ենթակա չէ, իսկ պարտավորության մնացած մասը հիմնված է եղել բացառապես «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգից արտատպված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով պարտավորությունների վերաբերյալ 24.05.2016 թվականի տեղեկանքի վրա: Սակայն բացի վերոնշյալ փաստաթղթերից Վերաքննիչ դատարան է ներկայացվել նաև 27.08.2015 թվականին կայացված թիվ 0048 գանձման և պարտապանի կողմից այն ստանալու ապացույցի պատճենները: Բացի այդ, թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով 03.06.2011 թվականին կայացված վճիռն Ընկերությանը սնանկ ճանաչելու միակ հիմքը չի եղել, քանի որ պարտապանն ունեցել է նաև օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող այլ հարկային պարտավորություններ:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված է, իսկ սույն վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 02.02.2017 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված, գ.թ. 13-19):

2. ՀՀ վարչական դատարանի (դատավոր Կարեն Ավետիսյան) 03.06.2011 թվականի վճռով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ Ընկերության՝ 1.335.522 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է: Նշված վճռի դեմ Ընկերությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 15.11.2011 թվականի որոշմամբ մերժվել է: Ընկերությունը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 25.01.2012 թվականի որոշմամբ վերադարձվել է (հավելված, գ.թ. 104-111):

3. 23.02.2012 թվականին ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 1.335.522 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նոր Նորքի հարկային տեսչության պետը, 03.06.2013 թվականին ՀՀ վարչական դատարան է մուտքագրել թիվ 2489 գրությունը՝ խնդրելով վերականգնել կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը: ՀՀ վարչական դատարանի կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին 06.06.2013 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է (հավելված, գ.թ. 104-111):

4. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2019 թվականի թիվ ՎԴ/4167/05/10 որոշմամբ՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշման դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բավարարվել է: Վերացվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը (հավելված, գ.թ. 104-111):

5. Ընկերությունը 07.05.2019 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք (հավելված, գ.թ. 87-91)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝

 ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք կարող է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայվել անձին սնանկ ճանաչելու մասին Դատարանի վճիռը` հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները:

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (այսուհետ՝ սնանկության դատարան) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

- երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

- երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

- երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության հիմքում դրված է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, ապա պարտատերը սնանկության դիմումը դատարան պետք է ներկայացնի վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման ներկայացնելու ժամկետի սահմաններում: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վճարային պարտավորություն uահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականությունները ենթակա չեն իրականացման (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ նախադեպային որոշմամբ փաստել է, որ պարտապանի անվճարունակության հատկանիշների թվին դասվող պարտավորության անվիճելիությունն առկա է նաև այն դեպքում, երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Նման մոտեցումը պայմանավորված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշով, այսինքն՝ քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող (բացառությամբ հաշվանց կատարելու հնարավորության դեպքում): Վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե միայն վերացվի համապատասխան դատական ակտը (օրինակ՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով):

Վճռաբեկ դատարանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերլուծությունից պարզ է դառնում, որ դատարանը պարտապանին սնանկ է ճանաչում հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, ինչը, հիմք ընդունելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշանակում է, որ հարկադրված սնանկության դիմումը պետք է պարունակի դիմումի հիմքերն ու հիմնավորումները, իսկ սնանկության գործը քննող դատարանը չի կարող դուրս գալ դիմումի հիմքերի շրջանակից: Այլ կերպ ասած, եթե սնանկության դիմումում նշված է կոնկրետ վճարային պարտավորություն, ապա դատարանը պետք է գնահատի միայն վերջինիս անվիճելիությունը և ըստ այդմ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումներից: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա:

Հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դիմումում նշված հիմքերը՝ մասնավորապես կոնկրետ վճարային պարտավորությունը, կաշկանդում են դատարանին՝ քննելու միայն դիմումում նշված հանգամանքների՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանությունը: Նման դեպքերում նույնպես գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է առաջնորդվի սնանկության դիմումի հիմքերով անգամ այն պարագայում, երբ գործում առկա են այլ ապացույցներ պարտապանի պարտավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ եթե անգամ հաստատված է պահանջների վերջնական ցուցակը (տե՛ս, Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սուրեն Սադոևի թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.08.2018 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս, «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն ընդդեմ «Ֆիեստա Գոլդ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության թիվ ԵՄԴ/0563/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 28.09.2012 թվականի թիվ ՍԴՈ-1049 որոշմամբ անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանի խնդիրն ու պարտականությունն է ապահովել բողոքում բերված տեղեկությունների, հանգամանքների, փաստերի բազմակողմանի և անաչառ քննություն՝ դրա արդյունքում բավարար ու միակերպ ընկալելի որոշմամբ պատճառաբանելով ներկայացված փաստարկները որպես նոր երևան եկած հանգամանք գնահատելու կամ մերժելու իրավական շարժառիթներն ու հիմքերը: Նոր երևան եկած հանգամանքը նշված հանգամանքներին համապատասխան հաշվի չառնելը և դրա արդյունքում վերանայվող դատական ակտն ուժի մեջ թողնելը չեն երաշխավորում դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորություն` թույլ չտալով նաև դատական ակտերի վերանայման նպատակի ու խնդիրների իրացում և միաժամանակ արգելափակելով անձի` արդարադատության մատչելիության և արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարության ինքնուրույն և բացառիկ փուլ է, որի ընթացքում արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու նպատակով նոր երևան եկած հանգամանքների համատեքստում ստուգվում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը:

Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն դեպքերին, երբ պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո սնանկ ճանաչելու մասին վճիռը որևէ հիմքով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) բեկանվում է:

Վճռաբեկ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում դատարանը պետք է բոլոր դեպքերում անմիջականորեն հետազոտի և գնահատի գործում առկա ապացույցները, որպեսզի դատական ապացուցման տրամաբանության շրջանակներում կարողանա պարզել բողոքի հիմնավորվածությունը, այսինքն` համապատասխան նոր երևան եկած հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բեկանման համար անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքի առկայության հաստատումը: Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի առանձնահատկությունն այն է, որ նոր երևան եկած հանգամանքի առկայության հաստատումն ինքնին բավարար է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բեկանման համար, քանի որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքը կարող էր հանգեցնել գործի այլ լուծման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ սնանկության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու նպատակները, և որոնք, որպես կանոն, եզրափակվում են համապատասխան դատական ակտի կայացմամբ: Այսպես, սնանկության վերաբերյալ դիմումի ընդունելության հարցի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է, օրինակ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որից հետո դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ ուղղված սնանկության վարույթի հետագա գործողությունների կատարման ապահովմանը: Սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլը կարող է ավարտվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ: Առանձին փուլ է նաև պարտատերերի պահանջների հաստատումը, որը նույնպես սնանկության վարույթի առանցքային փուլերից է, քանի որ դրա հիման վրա է կատարվում պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը:

Վերոնշյալ իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ցանկացած փուլ սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետևաբար, եթե որևէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) վերանում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման հիմքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլևս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետևաբար առարկայազուրկ են դառնում նաև հետագա բոլոր փուլերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության վարույթի հետագա փուլերի և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի վերացման՝ նկատի ունենալով վերջիններիս արդեն իսկ առարկայազուրկ դառնալը:

Սույն գործով Դատարանը 02.02.2017 թվականի վճռով բավարարել է Կոմիտեի դիմումը՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, բավարարման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ընկերության վճարային պարտավորությունը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և այն անվիճելի է, քանի որ պահանջի չվիճարկվող մասը` 1.335.522 ՀՀ դրամը, որը ճանաչված է նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 03.06.2011 թվականի թիվ ՎԴ/4167/05/10 վճռով, գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Ընկերությունը 07.05.2019 թվականին Վերաքաննիչ դատարան է ներկայացրել նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք և որպես նոր երևան եկած հանգամանք նշել է այն, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 գործով «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» 06.06.2013 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, ինչը սակայն, բողոք բերող անձին առաջին ատյանի դատարանում սույն գործի լուծման պահին, հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել, քանի որ վերջինս չի ծանուցվել այդ որոշմանը նախորդած դատական նիստի օրվա և ժամի մասին, ինչպես նաև վարչական դատարանի կողմից չի ստացել նշված որոշումը։ Փաստորեն, այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4167/05/10 գործով «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» 06.06.2013 թվականի որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, գոյություն է ունեցել սույն գործի լուծման պահին, սակայն հայտնի չի եղել և չէր կարող հայտնի լինել Ընկերությանն ու Դատարանին, մինչդեռ այդ հանգամանքն ունեցել է գործի լուծման համար էական նշանակություն, քանի որ եթե դիմողի կողմից հիշյալ 06.06.2013 թվականի որոշումը Դատարանին ներկայացված լիներ սույն գործով բողոքարկվող որոշման կայացմանը նախորդած ժամանակահատվածում, ապա դատավարության ընթացքում Ընկերությունը կծանոթանար նշված որոշմանը և կհայտներ Դատարանին, որ նշված որոշման գոյության մասին, առհասարակ, տեղյակ չի եղել, օգտվելով իր իրավունքներից, նույն կարգով (այնպես, ինչպես արդեն բողոքարկվել է) կբողոքարկեր այդ որոշումը, ինչի արդյունքում կվերացվեր «Կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին» ՀՀ վարչական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը և փաստորեն թիվ ՎԴ/4167/05/10 գործով վարչական դատարանի վճռով սահմանված անվիճելի վճարային պարտավորությունը կդադարեր, ինչն էլ իր հերթին հիմք կհանդիսանար դիմողի պահանջը մերժելու համար:

Վերաքննիչ դատարանը քննելով Ընկերության` նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոքը, արդարացիորեն գտել է, որ բողոքաբերի կողմից վկայակոչված նոր երևան եկած հանգամանքն ունի էական նշանակություն գործի լուծման համար սնանկ ճանաչելու հիմքերի, մասնավորապես` օրինական ուժի մեջ մտած վճռով անվիճելի վճարային պարտավորության առկայության հարցը պարզելու տեսանկյունից, թեև բողոքարկվող վճռի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանը դիմումի բավարարման միակ հիմքը չի համարել վերոնշյալ վճիռը:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դատավարության մասնակցի կողմից դատական ակտի նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման բողոք ներկայացնելն ինքնին նպատակ է հետապնդում գործով կայացված վերջնական դատական ակտի վերանայման արդյունքում հասնել այլ ելքով դատական ակտի կայացմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է նախկինում կայացված դատական ակտերի առաջացրած իրավական հետևանքների վերացման անհրաժեշտությունը: Օրինակ` քննվող քաղաքացիական վեճերի դեպքում ինքնին գործնականում անհնար չէ վճռի կատարման շրջադարձի ապահովումը: Միևնույն ժամանակ, սնանկության վարույթն օժտված է մի շարք առանձնահատկություններով և պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռով առկա իրավահարաբերությունները չեն ստանում վերջնական, կայուն և անվիճելի կարգավիճակ, այլ ընդհակառակը պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռով սկիզբ են առնում մի շարք գործընթացներ, որոնց արդյունքում վրա հասած իրավական հետևանքներն իրենց համակցության մեջ ինքնին անշրջելի են և գործնականում անհնար է մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը գոյություն ունեցած իրադրության վերականգնումը: Վերաքննիչ դատարանի համոզմամբ սնանկության գործերի առանձնահատկություններով պայմանավորված առաջացած իրավական իրադրության որոշակիության ապահովումը ունի առավել առաջնահերթ նշանակություն և ցանկացած նոր կամ նոր երևան եկած վկայակոչվող հանգամանք, ինչքան էլ որ էական լինի գործի լուծման համար, չի կարող բավարար լինել այդ սկզբունքից շեղվելու և իրավահարաբերությունների կայունությունը խախտելու համար այն հիմնավորմամբ, որ սնանկ ճանաչելու փաստով պայմանավորված իրականացված տարաբնույթ գործընթացների արդյունքում ձևավորված իրադրությունը և հետևանքներն ինքնին ենթակա չեն վերացման: Նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված գործնականում անհնարին է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայումը, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կարգավորումները այդ դեպքերի նկատմամբ չեն կարող համարվել կիրառելի իրավակարգավորումներ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է միայն թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով կայացված գումարի բռնագանձման դատական ակտը: Նման հանգամանքի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել, և հետևաբար նշված վճռից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա չեն իրականացման, և նշված վճռից ծագող վճարային պարտավորությունները` որպես անվիճելի վճարային պարտավորություններ չեն կարող պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հանդիսանալ: Նշված հանգամանքը սույն գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք և դատական ակտի բեկանման հիմք: Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից նոր երևան եկած հանգամանքի հիմքով Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրված այն հիմնավորումը, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված պարտապանին սնանկ ճանաչելուց հետո սկիզբ է դրվում մի շարք գործընթացների, որոնց արդյունքում վրա հասած իրավական հետևանքներն իրենց համակցության մեջ անշրջելի են, հիմք չի կարող հանդիսանալ անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը վերացնելուց հրաժարվելու համար, քանի որ սույն պարագայում պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը որևէ հիմքով վերանալու պարագայում սնանկության վարույթի հետագա փուլերը դառնում են առարկայազուրկ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նշելով, որ «ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։

Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը բեկանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն ՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի կարգավորումը, և այն, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն ինչով է պայմանավորել սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք ուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով իրեն վերապահված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությունն իրացներ բացառապես այն դեպքում, երբ իր որոշման մեջ նշեր այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել դատական ակտը կայացրած Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ՝ պատճառաբանելով վերջինիս կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի այնպիսի խախտում թույլ տալը վերագրելը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթ, ըստ էության, նշել է, որ «Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է միայն թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով կայացված գումարի բռնագանձման դատական ակտը: Նման հանգամանքի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել, և հետևաբար նշված վճռից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա չեն իրականացման, և նշված վճռից ծագող վճարային պարտավորությունները` որպես անվիճելի վճարային պարտավորություններ չեն կարող պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հանդիսանալ: Նշված հանգամանքը սույն գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք և դատական ակտի բեկանման հիմք»:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ տված լինի նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որի արդյունքում խաթարված լինի արդարադատության բուն էությունը։ Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանին վերագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, որոշման մեջ չի բացահայտել, թե տվյալ դեպքում նման խախտում թույլ տալու հետևանքով ինչում է դրսևորվել արդարադատության բուն էության խաթարված լինելը, որի պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող որոշում կայացնել Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու մասին։

Ավելին՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

Նկատի ունենալով այն, որ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին տվյալ դեպքում վերագրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, ուստի անհրաժեշտ եմ համարում բացահայտել հենց նշված նորմի էությունը:

Այսպես՝

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վերլուծությունից բխում է, որ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ըստ էության, արձանագրելով, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վերը նշված դատական ակտն օրենքով սահմանված կարգով կատարման չի ներկայացվել, որի պայմաններում այդ ակտից բխող իրավունքները և պարտականությունները ենթակա չէին իրականացման, ու նշված դատական ակտից ծագող վճարային պարտավորությունները` որպես անվիճելի վճարային պարտավորություններ, չէին կարող պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հանդիսանալ, գտել է, որ նշված հանգամանքը սույն գործով հանդիսանում է նոր երևան եկած հանգամանք և դատական ակտի բեկանման հիմք:

Կարծում եմ, որ վերը նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով որպես «նոր երևան եկած հանգամանք» որակելու համար նախ անհրաժեշտ էր, որպեսզի բողոք բերած անձն ապացուցեր, իսկ դատարանն իր հերթին հաստատված համարեր հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝

1) այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին,

2) հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին,

3) այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Մինչդեռ, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշման մեջ չի անդրադարձել վերը նշված երեք պայմանների միաժամանակյա առկայությունը հաստատված համարելու հարցին, որի դեպքում չէր կարող Վերաքննիչ դատարանին վերագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում թույլ տալը, առավել ևս՝ արդարադատության բուն էությունը խաթարող:

Միևնույն ժամանակ ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ վերաքննիչ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չէր կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ բացակայում է այն որպես այդպիսին որակելու համար անհրաժեշտ պայմաններից գոնե երկրորդը՝ այդ հանգամանքը բողոք բերած գործին մասնակցող անձ պարտապան «Ծոփք-Արածանի» ՍՊԸ-ին անհայտ լինելը կամ դրա հայտնի լինելու անկարողությունը՝ նկատի ունենալով այն, որ թիվ ՎԴ/4167/05/10 վարչական գործով սույն գործով պարտապան «Ծոփք-Արածանի» ՍՊԸ-ն հանդիսացել է գործին մասնակցող անձ՝ պատասխանող, որին եթե անգամ հայտնի չէր վերը նշված հանգամանքը, ապա գոնե կարող էր այն հայտնի լինել՝ նկատի ունենալով վերջինիս գործին մասնակցող անձ հանդիսանալու հիմքով որոշակի դատավարական իրավունքներից, այդ թվում նաև՝ նշանակված դատական նիստերին մասնակցելու, որոշակի դատավարական փաստաթղթեր և ծանուցումներ ստանալու իրավունքներից օգտվելու հնարավորության առկայությունը:

Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը բեկանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ Վերաքննիչ դատարանին վերագրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական իրավունքի նորմի խախտում:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան