Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.07.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.07.2021
Дата вступления в силу
21.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Սնանկության գործ թիվ  ԱՐԴ/0070/04/15

2021 թ.       

Սնանկության գործ թիվ ԱՐԴ/0070/04/15

Նախագահող դատավոր՝  Գ. Խանդանյան

 

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

2021 թվականի հուլիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշմամբ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է, և անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը պարտավորեցվել է իրեն պատկանող գույքը ներկայացնել սնանկության գործով կառավարչին ու չխոչընդոտել իր գույքի գույքագրման աշխատանքների կատարմանը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.01.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ սնանկության դատարանները կարող են սնանկության գործով կառավարչի ներկայացրած ցանկացած միջնորդություն քննարկել առանց պարտապանի մասնակցության և դրա արդյունքում դատական ակտի հիման վրա նրան առաջադրել որոշակի պարտականություններ՝ առանց դատական ակտը նրան ուղարկելու ու այն բողոքարկելու հնարավորություն տալու, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով պաշտպանվող՝ անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության, իրավահավասարության ու մրցակցության հիմնարար իրավունքներին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե օրենսդիրը նախատեսել և այդ կապակցությամբ գործին մասնակցող անձանց հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի ընթացքում կայացված որոշումները, ուստի սնանկության գործը քննող դատարանը պարտավոր է սնանկության վարույթի ընթացքում կայացված դատական ակտերն ուղարկելու կողմերին: Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը, իսկ դրա արդյունքում՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, թույլ է տվել արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և իրավահավասարության հիմնարար իրավունքների ու ազատությունների էական խախտում։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն դեպքերում, երբ սնանկության գործերի վարույթը չի կարգավորվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ապա սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի են դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կրկին հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու բաց թողնված ժամկետը վերականգնելը կարող է մերժվել, եթե բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման հետ:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս, «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ընդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴ1/0764/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է  խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վերջինիս սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի կողմից միջնորդություն հարուցելու ժամանակ գործած խմբագրությամբ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումների բողոքարկման ժամկետներին: Միաժամանակ նկատի ունենալով, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դրանք վերականգնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին: Այսպես.

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք ենթակա են բողոքարկման:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

  Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով, այն կայացվելու օրվանից՝ 15 օրյա ժամկետում, բացառություն է այն դեպքը, երբ դատարանը հարգելի է համարում նշված ժամկետի բաց թողումը: Ընդ որում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:

  Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը:

  Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը: Հարկ է նաև նկատել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ  ժամկետը բաց թողնելու պատճառի հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Մասնավորապես,  ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները, ինչպիսիք են օրինակ՝ ֆորսմաժորային դեպքերը (տարերային աղետները, արտակարգ իրավիճակը) (…), իսկ սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (տես՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին  ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13  ՀՀ վճռաբեկ դատարանի03.12.2014  թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը իր 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, արձանագրել է, որ «(…) Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը: Բացի դրանից, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն»:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանը, նպատակ ունենալով կազմակերպելու պարտապանի գույքի գույքագրում, դատական նիստից դուրս միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով պարտապանին պարտավորեցնել չխոչընդոտել գույքի գույքագրմանը և գույքագրման համար իրեն ներկայացնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքները, որ պարտապանը նշանակված օրը գույքագրմանը չի ներկայացել և չի ներկայացրել իրեն պատկանող գույքը։

Դատարանը 28.11.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշմամբ կառավարչի միջնորդությունը բավարարել է, և պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին պարտավորեցրել է իրեն պատկանող գույքը ներկայացնել սնանկության գործով կառավարչին ու չխոչընդոտել իր գույքի գույքագրման աշխատանքների կատարմանը: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց վերը նշված որոշումը անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին ուղարկելու վերաբերյալ, ինչպես նաև այդ որոշումը վերջինիս կողմից ստանալու վերաբերյալ:

Նշված որոշման դեմ 27.12.2019 թվականին փոստային եղանակով պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդելով՝ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին՝ պատճառաբանելով, որ ինքը միջնորդության քննարկմանը չի մասնակցել, դրա արդյունքում կայացված որոշումն իրեն չի ուղարկվել, որի հետևանքով ինքը զրկվել է սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, և միայն հարկադիր կատարողի որոշումը 19.12.2019 թվականին ստանալուց հետո է տեղեկացվել Դատարանի որոշման մասին։

Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականին որոշում է կայացրել անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ «ՀՀ օրենսդրությամբ որևէ իրավանորմ, որը պարտավորեցնում է սնանկության կառավարչին պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին միջնորդություն ներկայացնելիս, իսկ սնանկության դատարանին՝ ներկայացված միջնորդությունը քննարկելիս այդ մասին ծանուցել նաև պարտապանին, ավելին՝ նման միջնորդությունը քննարկման առարկա դարձնել դատական նիստում և պարտապանի պարտադիր մասնակցությամբ, որից հետո միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը պարտադիր կարգով առաքել նաև պարտապանին, առկա չէ: Հետևաբար՝ արդեն իսկ ասվածի հիմքով ներկայացված պատճառաբանությամբ 28.11.2019 թվականի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը 27.12.2019 թվականին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը հարգելի համարելու բողոքաբերի փաստարկները հիմնավոր չեն և չեն կարող բողոք բերելու համար սահմանված ժամկետը բացթողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու հիմք հանդիսանալ», «նման պայմաններում, հիշատակված փաստական հանգամանքների և վկայակոչված իրավանորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերն օբյեկտիվորեն բացակայում են, ուստի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ևս պետք է մերժել»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ ինչպես հարուցված միջնորդությունը մերժելու, այնպես էլ դրա արդյունքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ տվյալ դեպքում Դատարանն անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասը, իր կողմից կայացված որոշման օրինակը չի ուղարկել գործին մասնակցող անձ պարտապանին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երբ գործում բացակայում է Դատարանի 28.11.2019 թվականի որոշումը անհատ ձեռնարկատեր պարտապան Զոյա Մկրտչյանին ուղարկած լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց, ապա Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում պետք է հիմք ընդուներ ու հավաստի համարեր իրեն հայտնի միակ տեղեկությունը, այն է՝ բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ Զոյա Մկրտչյանը Դատարանի 28.11.2019 թվականի որոշման մասին տեղեկացել է միայն հարկադիր կատարողի որոշումը 19.12.2019 թվականին ստանալուց հետո: 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ հանգամանքով՝ դատարանի կողմից իր պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, այն է՝ դատական ակտը գործին մասնակցող անձին հասու չդարձնելու հետևանքով, որպիսի պայմաններում բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով բողոքաբերը Դատարանի 28.11.2019 թվականի որոշմանը ծանոթացել է 19.12.2019 թվականին, և դատական ակտը նրան ուշ հասու լինելու օրվանից, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում, այն է՝ 27.12.2019 թվականին՝ փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը:

Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Վերոշարադրյալը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure)։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է Զոյա Մկրտչյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

  

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

  

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

       

Հատուկ կարծիք

        

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՐԴ/0070/04/15 սնանկության գործով 21.07.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ

      

21.07.2021 թվական

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հուլիսի 21-ին գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) դիմումի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

    

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին ճանաչել սնանկ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 14.09.2018 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 28.11.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշմամբ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է, և անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը պարտավորեցվել է իրեն պատկանող գույքը ներկայացնել սնանկության գործով կառավարչին ու չխոչընդոտել իր գույքի գույքագրման աշխատանքների կատարմանը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.01.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ սնանկության դատարանները կարող են սնանկության գործով կառավարչի ներկայացրած ցանկացած միջնորդություն քննարկել առանց պարտապանի մասնակցության և դրա արդյունքում դատական ակտի հիման վրա նրան առաջադրել որոշակի պարտականություններ՝ առանց դատական ակտը նրան ուղարկելու ու այն բողոքարկելու հնարավորություն տալու, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով պաշտպանվող՝ անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության, իրավահավասարության ու մրցակցության հիմնարար իրավունքներին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ եթե օրենսդիրը նախատեսել և այդ կապակցությամբ գործին մասնակցող անձանց հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի ընթացքում կայացված որոշումները, ուստի սնանկության գործը քննող դատարանը պարտավոր է սնանկության վարույթի ընթացքում կայացված դատական ակտերն ուղարկելու կողմերին: Դրանից ելնելով՝ Վերաքննիչ դատարանը մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդությունը, իսկ դրա արդյունքում՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը, թույլ է տվել արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և իրավահավասարության հիմնարար իրավունքների ու ազատությունների էական խախտում։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն դեպքերում, երբ սնանկության գործերի վարույթը չի կարգավորվում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ապա սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի են դառնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կրկին հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու բաց թողնված ժամկետը վերականգնելը կարող է մերժվել, եթե բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման հետ:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս, «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ընդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴ1/0764/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ (…) կամ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: (…) Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:  ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է  խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վերջինիս սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի կողմից միջնորդություն հարուցելու ժամանակ գործած խմբագրությամբ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը: (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

Վերը նշվածը հաշվի առնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումների բողոքարկման ժամկետներին: Միաժամանակ նկատի ունենալով, որ սնանկության գործի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատավարական ժամկետները բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դրանք վերականգնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումներին: Այսպես.

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի   20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք ենթակա են բողոքարկման:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

  Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով, այն կայացվելու օրվանից՝ 15 օրյա ժամկետում, բացառություն է այն դեպքը, երբ դատարանը հարգելի է համարում նշված ժամկետի բաց թողումը: Ընդ որում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:

  Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը:

  Վճռաբեկ դատարանը նաև փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Մասնավորապես բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը: Հարկ է նաև նկատել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ  ժամկետը բաց թողնելու պատճառի հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Մասնավորապես,  ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները, ինչպիսիք են օրինակ՝ ֆորսմաժորային դեպքերը (տարերային աղետները, արտակարգ իրավիճակը) (…), իսկ սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (տես՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին  ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13  ՀՀ վճռաբեկ դատարանի03.12.2014  թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը իր 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցին, արձանագրել է, որ «(…) Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է՝ պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը: Բացի դրանից, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն»:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանը, նպատակ ունենալով կազմակերպելու պարտապանի գույքի գույքագրում, դատական նիստից դուրս միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով պարտապանին պարտավորեցնել չխոչընդոտել գույքի գույքագրմանը և գույքագրման համար իրեն ներկայացնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքները, որ պարտապանը նշանակված օրը գույքագրմանը չի ներկայացել և չի ներկայացրել իրեն պատկանող գույքը։

Դատարանը 28.11.2019 թվականի «Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին» որոշմամբ կառավարչի միջնորդությունը բավարարել է, և պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին պարտավորեցրել է իրեն պատկանող գույքը ներկայացնել սնանկության գործով կառավարչին ու չխոչընդոտել իր գույքի գույքագրման աշխատանքների կատարմանը: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց վերը նշված որոշումը անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին ուղարկելու վերաբերյալ, ինչպես նաև այդ որոշումը վերջինիս կողմից ստանալու վերաբերյալ:

Նշված որոշման դեմ 27.12.2019 թվականին փոստային եղանակով պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդելով՝ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին՝ պատճառաբանելով, որ ինքը միջնորդության քննարկմանը չի մասնակցել, դրա արդյունքում կայացված որոշումն իրեն չի ուղարկվել, որի հետևանքով ինքը զրկվել է սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, և միայն հարկադիր կատարողի որոշումը 19.12.2019 թվականին ստանալուց հետո է տեղեկացվել Դատարանի որոշման մասին։

Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականին որոշում է կայացրել անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ «ՀՀ օրենսդրությամբ որևէ իրավանորմ, որը պարտավորեցնում է սնանկության կառավարչին պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին միջնորդություն ներկայացնելիս, իսկ սնանկության դատարանին՝ ներկայացված միջնորդությունը քննարկելիս այդ մասին ծանուցել նաև պարտապանին, ավելին՝ նման միջնորդությունը քննարկման առարկա դարձնել դատական նիստում և պարտապանի պարտադիր մասնակցությամբ, որից հետո միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը պարտադիր կարգով առաքել նաև պարտապանին, առկա չէ: Հետևաբար՝ արդեն իսկ ասվածի հիմքով ներկայացված պատճառաբանությամբ 28.11.2019 թվականի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը 27.12.2019 թվականին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը հարգելի համարելու բողոքաբերի փաստարկները հիմնավոր չեն և չեն կարող բողոք բերելու համար սահմանված ժամկետը բացթողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու հիմք հանդիսանալ», «նման պայմաններում, հիշատակված փաստական հանգամանքների և վկայակոչված իրավանորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերն օբյեկտիվորեն բացակայում են, ուստի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ևս պետք է մերժել»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ ինչպես հարուցված միջնորդությունը մերժելու, այնպես էլ դրա արդյունքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ տվյալ դեպքում Դատարանն անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասը, իր կողմից կայացված որոշման օրինակը չի ուղարկել գործին մասնակցող անձ պարտապանին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երբ գործում բացակայում է Դատարանի 28.11.2019 թվականի որոշումը անհատ ձեռնարկատեր պարտապան Զոյա Մկրտչյանին ուղարկած լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստը հաստատող որևէ ապացույց, ապա Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում պետք է հիմք ընդուներ ու հավաստի համարեր իրեն հայտնի միակ տեղեկությունը, այն է՝ բողոք ներկայացրած անձի փաստարկն այն մասին, որ Զոյա Մկրտչյանը Դատարանի 28.11.2019 թվականի որոշման մասին տեղեկացել է միայն հարկադիր կատարողի որոշումը 19.12.2019 թվականին ստանալուց հետո: 

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ հանգամանքով՝ դատարանի կողմից իր պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, այն է՝ դատական ակտը գործին մասնակցող անձին հասու չդարձնելու հետևանքով, որպիսի պայմաններում բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով բողոքաբերը Դատարանի 28.11.2019 թվականի որոշմանը ծանոթացել է 19.12.2019 թվականին, և դատական ակտը նրան ուշ հասու լինելու օրվանից, օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում, այն է՝ 27.12.2019 թվականին՝ փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը:

Մինչդեռ վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Վերոշարադրյալը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure)։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է Զոյա Մկրտչյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 20.01.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

Այսպես`

Կարծում եմ, որ սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը պետք է  անդրադառնար սնանկության գործի վարումը (սնանկության գործի քննությունը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով իրականացնելու խնդրին այն պարագայում, երբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված չեն սնանկության գործի վարման (սնանկության գործի քննության) համապատասխան կանոններ:

Նշված հարցադրմանը պատասխանելու նպատակից ելնելով՝ որոշման պատճառաբանական մասը պետք է ունենար հետևյալ բովանդակությունը.

Պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ վերջինիս սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի կողմից միջնորդություն հարուցելու ժամանակ գործած խմբագրությամբ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ մինչև 15.04.2020 թվականը գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարաններում սնանկության գործերի վարումն իրականացվում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն՝ այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը կազմակերպում է գույքագրում (

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: (…)

Պարտապանի գույքի գույքագրման մասին կառավարիչը ծանուցում է խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 հայտնի պարտատերերին: (…)

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որը ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Պարտապանի ներկայացուցչի ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչն ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարչին իրավունք է վերապահել կազմակերպելու պարտապանի գույքի գույքագրում։ Ընդ որում, այդ կապակցությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ընդամենը սահմանված են այն կանոնները, որոնք վերաբերում են պարտապանի գույքի գույքագրում իրականացնելու ժամկետին, այդ գույքագրման մասին որոշակի անձանց ծանուցելու՝ կառավարչի պարտականությանը, գույքագրման արդյունքներն ամփոփելուն, գույքագրման ակտն ստորագրող անձանց շրջանակին, այն ստորագրելու արդյունքում առաջացող հետևանքներին և այդ ակտի վերաբերյալ առարկություն ներկայացնելուն։ Մինչդեռ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, այդ թվում՝ նույն օրենքի 56-րդ հոդվածը, որևէ կանոն չեն սահմանում պարտապանի գույքի գույքագրում իրականացնելու ընթացքում համապատասխան միջնորդություն հարուցելու, դատարանի կողմից այն լուծելու վերաբերյալ։ Նման պայմաններում գտնում եմ, որ այդ առումով ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը: Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի, որը ներառված է «Դատական նիստի ընդհանուր կանոնները» վերնագիրը կրող 15-րդ գլխում, 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդրի կողմից սահմանված դատական նիստի ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարանը, որպես կանոն,  պարտավոր է գործին մասնակցող բոլոր անձանց հնարավորություն տալ դիրքորոշում հայտնելու գործի քննության հետ կապված բոլոր հարցերով գործին մասնակցող անձանց հարուցած միջնորդությունների վերաբերյալ։ Ավելին՝ օրենսդիրն այդ միջնորդությունների ներկայացման և լուծման առանձին կարգ է սահմանել ինչպես դատական նիստում, այնպես էլ՝ դատական նիստից դուրս ներկայացվածների համար։ Մասնավորապես՝ դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունների համար սահմանված կարգի համաձայն՝ այն պետք է ստորագրված լինի ներկայացրած գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից, իսկ միջնորդությանը պետք է կցվեն այդ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացվեն այդ փաստաթղթերը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա: Ընդ որում, այդ պահանջները չպահպանելու դեպքում օրենսդիրը դատարանին իրավունք է վերապահել չքննարկելու ներկայացված միջնորդությունը: Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանը, նպատակ ունենալով կազմակերպելու պարտապանի գույքի գույքագրում, դատական նիստից դուրս միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ պահանջելով պարտապանին պարտավորեցնել չխոչընդոտել գույքի գույքագրմանը և գույքագրման համար իրեն ներկայացնել նրան սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքները, որ պարտապանը նշանակված օրը գույքագրմանը չի ներկայացել և չի ներկայացրել իրեն պատկանող գույքը։

Դատարանը 28.11.2019 թվականին կառավարչի միջնորդությունը բավարարել է, և պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին պարտավորեցրել է իրեն պատկանող գույքը ներկայացնել սնանկության գործով կառավարչին ու չխոչընդոտել իր գույքի գույքագրման աշխատանքների կատարմանը:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանը՝ վերաքննիչ բողոքում որպես վերաքննիչ բողոքի հիմնավորում նշելով այն, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում միջնորդության քննարկման կարգը, ուստի սնանկության վարույթի մասնակիցների կողմից միջնորդություններ ներկայացվելու դեպքում դրանք ենթակա են քննարկման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորվող դրույթներով, որի պայմաններում միջնորդության օրինակը պետք է ուղարկվեր իրեն, որը չի ուղարկվել, Դատարանը պարտավոր էր ներկայացված միջնորդության վերաբերյալ լսել իր կարծիքը, իսկ ինքն իրավունք ուներ իր փաստարկները ներկայացնելու և առարկելու այդ միջնորդության վերաբերյալ, որպիսի հնարավորությունից ինքը զրկված է եղել։ Միաժամանակ հարուցել է միջնորդություն՝ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին՝ պատճառաբանելով, որ ինքը միջնորդության քննարկմանը չի մասնակցել, դրա արդյունքում կայացված որոշումն իրեն չի ուղարկվել, որի հետևանքով ինքը զրկվել է սահմանված ժամկետում բողոք բերելու հնարավորությունից, և միայն հարկադիր կատարողի որոշումը 19.12.2019 թվականին ստանալուց հետո է տեղեկացվել Դատարանի որոշման մասին։

Վերաքննիչ դատարանը 20.01.2020 թվականին որոշում է կայացրել անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին՝ պատճառաբանելով, որ «ՀՀ օրենսդրությամբ որևէ իրավանորմ, որը պարտավորեցնում է սնանկության կառավարչին պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին միջնորդություն ներկայացնելիս, իսկ սնանկության դատարանին՝ ներկայացված միջնորդությունը քննարկելիս այդ մասին ծանուցել նաև պարտապանին, ավելին՝ նման միջնորդությունը քննարկման առարկա դարձնել դատական նիստում և պարտապանի պարտադիր մասնակցությամբ, որից հետո միջնորդության քննության արդյունքում կայացված դատական ակտը պարտադիր կարգով առաքել նաև պարտապանին, առկա չէ: Հետևաբար՝ արդեն իսկ ասվածի հիմքով ներկայացված պատճառաբանությամբ 28.11.2019 թվականի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը 27.12.2019 թվականին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը հարգելի համարելու բողոքաբերի փաստարկները հիմնավոր չեն և չեն կարող բողոք բերելու համար սահմանված ժամկետը բացթողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու հիմք հանդիսանալ», «նման պայմաններում, հիշատակված փաստական հանգամանքների և վկայակոչված իրավանորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերն օբյեկտիվորեն բացակայում են, ուստի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքի ընդունումը ևս պետք է մերժել»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ գտնում եմ, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ ինչպես հարուցված միջնորդությունը մերժելու, այնպես էլ դրա արդյունքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ այս դեպքում սնանկության կառավարիչը պարտավոր էր դատական նիստից դուրս ներկայացվելիք միջնորդության օրինակն ուղարկել նաև գործին մասնակցող անձ՝ պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին, նրան ուղարկելու փաստը հավաստող ապացույցը կցել ներկայացվելիք միջնորդությանը և նոր միայն միջնորդություն ներկայացներ Դատարանին, իսկ եթե դա անհնարին էր՝ այդ մասին համապատասխան հիմնավորումներ նշեր միջնորդության մեջ՝ նկատի ունենալով, որ սույն գործով բացակայում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասում նշված այն դեպքերը, որոնց առկայության պայմաններում կառավարիչը կարող էր ազատվել այդ պարտականությունից։ Իր հերթին Դատարանը պարտավոր էր օրենսդրի կողմից որպես պարտադիր սահմանված այդ պահանջները չպահպանելու դեպքում չքննարկել ներկայացված միջնորդությունը՝ նպատակ ունենալով պարտապանին հնարավորություն տալ դիրքորոշում հայտնելու միջնորդության քննության հետ կապված բոլոր հարցերով։ Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք միջնորդություն ներկայացրած անձը դրա օրինակն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը։ Մինչդեռ այս դեպքում Դատարանն անգամ ներկայացված միջնորդության վերաբերյալ իր կողմից կայացված որոշման օրինակը չի ուղարկել գործին մասնակցող անձ պարտապանին։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն նաև քաղաքացիական դատավարության սկզբունքների և առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումները գործին մասնակացող անձանց հանձնելու և ուղարկելու ժամկետների վերաբերյալ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում վկայակոչել դրանց վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

 Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական դատավարության սկզբունքներից է քաղաքացիական գործերով դատավարությունն օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա իրականացնելը։ Այդ նպատակով օրենսդիրը դատարանի վրա պարտականություն է դրել ապահովելու, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն: Վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մեկ այլ՝ մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այդպիսի հնարավորության ապահովման եղանակներից է առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նրանց ուղարկելը, որի համար օրենսդիրը սահմանել է կայացման պահից եռօրյա ժամկետ, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով (տե՛ս, Լիլիթ Գևորքովան ընդդեմ Սվետլանա Միքայելյանի թիվ ԵԷԴ/1730/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վերը նշված հանգամանքներն անտեսվել են Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննարկելիս, որն ազդել է բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու վրա այն առումով, որ որոշում է կայացվել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին, որի հետևանքով խախտվել են ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը, այնպես էլ՝ նույն օրենսգրքի 372-րդ հոդվածը։

Այսպիսով հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանը պարտապան անհատ ձեռնարկատեր Զոյա Մկրտչյանին զրկել է վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունից` անտեսելով, որ Դատարանը թույլ է տվել դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում, և չպարզելով՝ միջնորդությունը ներկայացնելիս սնանկության կառավարչի կողմից օրենսդրի վերը նշված պահանջները պահպանվել են, թե` ոչ: Հետևաբար գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ բողոք բերած անձը զրկվել է ինչպես ներկայացված միջնորդության, այնպես էլ դրա քննության արդյունքում կայացված որոշման վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավական հնարավորությունից, ինչը հանգեցրել է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ մրցակցային վարույթի սահմանափակման:

  

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանելու լիազորությունը` սույն հատուկ կարծիքում նշված պատճառաբանություններով:

     

Դատավոր`

Գ. Հակոբյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: