Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.05.2021
Дата вступления в силу
21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/3164/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/3164/05/18
2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան  

Դատավորներ՝

Ք. Մկոյան

 

Կ. Մաթևոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.02.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Թովմասյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձ Բանկի` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հարություն Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2018 թվականի վճռով Հարություն Թովմասյանի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.02.2020 թվականի որոշմամբ Բանկի բողոքը մերժվել է, և Դատարանի 12.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Հասմիկ Անդրիասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 330.1-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը, 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի   1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, չմեկնաբանելով սույն գործով քննարկվող նորմերը դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ, հանգել է սխալ եզրակացության: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Կադաստրի կողմից Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1-րդ հոդվածի 1-ին կետն արդեն գործել է, ճիշտ չի գնահատել Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքված թիվ ԳՊ 15/976-36 պայմանագրի 10.8-րդ կետի պահանջները, պետական գրանցման պահին գոյություն ունեցող իրավական նորմի պահանջը և բռնագանձման ծանուցման համադրված առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.02.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Անշարժ գույքի նվիրատվության 26.05.2015 թվականի թիվ 1713 պայմանագրի հիման վրա 01.06.2015 թվականին Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ գրանցվել է Հարություն Թովմասյանի սեփականության իրավունքը (հատոր 2-րդ, գ.թ. 13-14):

2) Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) թիվ ԳՊ 15/976-36 պայմանագիրը, որով Բանկը Հարություն Թովմասյանին է տրամադրել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով վարկ, իսկ Հարություն Թովմասյանը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի 90 բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 40-44):

3) Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքված թիվ  ԳՊ 15/976-36 պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է Գրավատուին առանց դատարան դիմելու անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

Նույն պայմանագրի 10.8-րդ կետի համաձայն՝ նույն պայմանագրով պահանջվող կամ նախատեսվող ցանկացած պահանջ, ծանուցում կամ այլ հաղորդում պետք է լինի գրավոր ձևով, ստորագրված լինեն կողմերի լիազորված անձանց կողմից և պետք է ուղարկվեն սույն պայմանագրի 11-րդ բաժնում նշված հասցեներով: Այսպիսի պահանջը, ծանուցումը կամ հաղորդումը համարվում է ուղարկված պատշաճ կարգով, եթե այն ուղարկվել է հասցեատիրոջը ցրիչի կամ փոստային առաքման միջոցով մյուս կողմին հայտնի վերջին հասցեով: Գրավառուի ցանկացած պահանջ, ծանուցում կամ այլ հաղորդում համարվում է Գրավատուի կողմից պատշաճ ստացված (հանձնված) նույն կարգով ուղարկման պահից սկսած յոթերորդ օրը, թեկուզև հետագայում պարզվի, որ Գրավատուն նշված ծանուցումը փաստացի չի ստացել: Պահանջի, ծանուցման կամ հաղորդման ուղարկման օրը որոշվում է Գրավառուի ելքային ամսաթվով կամ փոստի ծառայություններ մատուցող կազմակերպության դրոշմակնիքով (հատոր 1-ին, գ.թ. 43):

 5) Բանկի կողմից 12.01.2016 թվականին փոստային ծառայության միջոցով Հարություն Թովմասյանին է ուղարկվել «Առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին» բռնագանձման 12.01.2016 թվականի թիվ ԻԳ-791-7690Ա ծանուցագիրը (հատոր 1-ին, գ.թ. 47-49):

6) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.12.2017 թվականի վկայականի համաձայն` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքված թիվ ԳՊ 15/976-36 պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 56):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի   1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

Գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար որպես բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ արդյո՞ք բավարար է ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունը:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, իսկ նույն օրենքի 4-րդ գլխով նախատեսված պետական գրանցման առանձնահատկությունների դեպքերում` նաև այդ գլխով սահմանված փաստաթղթերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնելու պարտականությունը կրում են իրավունքի պետական գրանցման համար դիմող անձինք, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքային իրավունքների պետական գրանցման համար իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կամ ձեռքբերման պարտականությունը դրված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և նույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի «Պետական գրանցման առանձնահատկությունները» վերտառությամբ 4-րդ գլխի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով հիփոթեքի առարկայի նկատմամբ գրավառուին անցնող սեփականության իրավունքի պետական գրանցման համար գրավառուի կողմից սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն նաև գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, իսկ եթե գրավառուն իրավաբանական անձ է, ապա նաև հիփոթեքի առարկան որպես սեփականություն գրավառուին հանձնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի որոշումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:

Վերոգրյալ նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով իրավունքի պետական գրանցման առանձնահատկությունները, արձանագրում է, որ անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից պետք է ներկայացվի նաև բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Ըստ այդմ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը կամ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական նորմում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հանգում է այն եզրակացության, որ արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը կարող է լինել և՛ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, և՛ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը: Նման պայմաններում օրենսդիրը, ծանուցման փոստային առաքման անդորրագիրը որպես արտադատական կարգով բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ դիտարկելով, կարևորել է բռնագանձման ծանուցումը գրավատուին ուղարկելու հանգամանքը, որը բավարար է բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատելու համար:

Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է կողմին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ և 40-րդ հոդվածներով նախատեսված փաստաթղթերը հիմք ընդունելով, կարող է իրավաչափորեն կատարել սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) թիվ ԳՊ 15/976-36 պայմանագիրը, որով Բանկը Հարություն Թովմասյանին է տրամադրել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով վարկ, իսկ Հարություն  Թովմասյանը վարկային պարտավորությունների դիմաց գրավադրել է իրեն սեփականության իրավունքով  պատկանող Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանը:

Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքված թիվ  ԳՊ 15/976-36 պայմանագրի 6.2-րդ կետով սահմանվել է, որ պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է Գրավատուին առանց դատարան դիմելու անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու մասին:

Նույն պայմանագրի 10.8-րդ կետով սահմանվել է, որ նույն պայմանագրով պահանջվող կամ նախատեսվող ցանկացած պահանջ, ծանուցում  կամ այլ հաղորդում պետք է լինի գրավոր ձևով, ստորագրված լինեն կողմերի լիազորված անձանց կողմից և պետք է ուղարկվեն նույն պայմանագրի 11-րդ բաժնում նշված հասցեներով: Այսպիսի պահանջը, ծանուցումը կամ հաղորդումը համարվում է ուղարկված պատշաճ կարգով, եթե այն ուղարկվել է հասցեատիրոջը ցրիչի կամ փոստային առաքման միջոցով մյուս կողմին հայտնի վերջին հասցեով: Գրավառուի ցանկացած պահանջ, ծանուցում կամ այլ հաղորդում համարվում է Գրավատուի կողմից պատշաճ ստացված (հանձնված) սույն կարգով ուղարկման պահից սկսած յոթերորդ օրը, թեկուզև հետագայում պարզվի, որ Գրավատուն նշված ծանուցումը փաստացի չի ստացել: Պահանջի, ծանուցման կամ հաղորդման ուղարկման օրը որոշվում է Գրավառուի ելքային ամսաթվով կամ փոստի ծառայություններ մատուցող կազմակերպության դրոշմակնիքով:

Բանկի կողմից 12.01.2016 թվականին փոստային ծառայության միջոցով Հարություն Թովմասյանին է ուղարկվել «Առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին» բռնագանձման 12.01.2016 թվականի թիվ ԻԳ-791-7690Ա ծանուցումը:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.12.2017 թվականի վկայականի համաձայն` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ Հարություն Թովմասյանի և Բանկի միջև 19.06.2015 թվականին կնքված թիվ ԳՊ 15/976-36 պայմանագրի հիման վրա գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը:

Դատարանը հայցը բավարարել է, պատճառաբանելով, որ հաստատված է համարում, որ Բանկի կողմից 12.01.2016 թվականին Հարություն Թովմասյանին «Առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին» բռնագանձման 12.01.2016 թվականի թիվ ԻԳ-791-7690Ա ծանուցումն ուղարկվել է փոստային ծառայության միջոցով փոստային առաքմամբ, որով հաստատվում է միայն առաքանու ուղարկման փաստը, իսկ Հարություն Թովմասյանի կողմից նշված ծանուցումը փաստացի ստանալու վերաբերյալ փոստային հետստացման (հանձնման) ծանուցագրի առկայության հանգամանքը սույն գործով չի հաստատվում, ավելին` դատավարության մասնակիցներն ընդունել են, որ նման հանձնման ծանուցագիր առկա չէ:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի բողոքը և Դատարանի 12.12.2018 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ իրավաչափ է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, որ Բանկի և Հարություն Թովմասյանի միջև 19.06.2015 թվականի թիվ ԳՊ 15/976-36 պայմանագիրը կնքելու, ինչպես նաև Բանկին կողմից «Առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին» բռնագանձման 12.01.2016 թվականի թիվ ԻԳ-791-7690Ա ծանուցումը Հարություն Թովմասյանին ուղարկելու իրավահարաբերությունների պահին գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի և դրա կիրառման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման շրջանակներում բռնագանձման ծանուցման նշված կարգն իրավաչափ չէ և չի կարող համարվել որպես բռնագանձման ծանուցման պատշաճ հանձնում, քանի որ, ինչպես նշվեց, հիշյալ ժամանակահատվածում ծագած հարաբերությունների նկատմամբ գործած կանոնակարգմամբ գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին գրավոր` պատշաճ ձևով ծանուցելու ընթացակարգը պահպանված դիտելու, և, ըստ այդմ էլ, գրավառուի սեփականության իրավունքի ծագման փաստը հաստատված համարելու համար պետք է ապացուցվի, որ գրավառուի կողմից գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու վերաբերյալ գրավատուին իրազեկելու կապակցությամբ իրականացվել են ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացված լինեն պատշաճ կարգով, այսինքն` անկախ ծանուցման եղանակից` այն պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի կողմից բռնագանձման ծանուցման մասին տեղեկացնելու փաստական հանգամանքը, որպիսի ընթացակարգը տվյալ դեպքում խախտված է:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ երրորդ անձ Բանկի անվամբ 18.12.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ չէ, քանի որ գործով հաստատվում է, որ վիճարկվող գրանցումը կատարելու բավարար իրավական և փաստական հիմքեր առկա չեն եղել, ուստի պատասխանողը վիճարկվող գրանցումը կատարելիս չի ապահովել գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` հայցվորի օգտին առկա հանգամանքները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները արձանագրելով, որ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի 90 բնակարանի նկատմամբ երրորդ անձ Բանկի անվամբ 18.12.2017 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն իրավաչափ չէ, քանի որ գրանցումը կատարելու բավարար իրավական և փաստական հիմքեր առկա չեն եղել, սխալ են կիրառել սեփականության իրավունքի պետական գրանցման պահին գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կադաստրը վարչական ակտը կայացնելու պահի դրությամբ ստուգել է իրավահաստատող փաստաթղթերի համապատասխանությունը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Տվյալ դեպքում գրավառուի կողմից հիփոթեքի առարկա անշարժ գույքի նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու հիմքով Կադաստր ներկայացվող սեփականության իրավունքի պետական գրանցման պահանջը բովանդակող դիմումին կից պետք է ներկայացվեր բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը, այն է` կա՛մ ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, կա՛մ ծանուցումը հանձնված լինելու մասին գրավատուի ստորագրությամբ տրված ստացականը, այդ թվում` գրավատուի ստորագրությամբ ծանուցման պատճենի վրա կատարված նշումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանումից բխում է այն, որ միայն բռնագանձման ծանուցման փոստային առաքման անդորրագրի առկայությունն արդեն վկայում է Հարություն Թովմասյանին բռնագանձման ծանուցումը պատշաճ հանձնված լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Կադաստրը վերոնշյալ օրենքի նորմերով նախատեսված փաստաթղթերը հիմք ընդունելով, իրավաչափորեն կատարել է սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը Գայանե Նազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վարչական գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ (տե´ս, թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը)։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը Կադաստր ներկայացվող դիմումին կից, ի թիվս այլ փաստաթղթերի, ներկայացրել է նաև վերոնշյալ բռնագանձման ծանուցումը Հարություն Թովմասյանին հանձնված լինելու հանգամանքը հավաստող ծանուցման փոստային առաքման անդորրագիրը, որը Կադաստրի համար հիմք է հանդիսացել համապատասխան իրավունքի պետական գրանցման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է կիրառվել իրավական նորմի պահանջը, մասնավորապես բողոքի մերժման հիմքում նշվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, մինչդեռ պետք է կիրառվեին «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթները, քանի որ Հարություն Թովմասյանի կողմից ներկայացվել է սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Բանկը վճռաբեկ բողոքի համար վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ վերաքննիչ բողոքի համար՝ 10.000 ՀՀ դրամ, ուստի, հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Հարություն Թովմասյանի հայցը՝ մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Հարություն Թովմասյանի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի     169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.02.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` Հարություն Թովմասյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի` Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի 46-րդ շենքի թիվ 90 բնակարանի նկատմամբ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Հարություն Թովմասյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան