Գլխավոր տեղեկություն
Номер
N 498
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.11.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.05.29/16(191) Հոդ.363
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.05.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2002
Дата вступления в силу
11.05.2002

040.0498.11.05.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 498
քաղ. Երևան

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ կառուցման ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.11.21 N 1919-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.11.21 N 1919-Ն) 

1. (կետն ուժը կորցրել է 25.11.21 N 1919-Ն) 

2. Սահմանել, որ՝

ա) թույլատրվում է (բացառությամբ Երևան քաղաքում և այլ հաստատված գլխավոր հատակագիծ ունեցող համայնքներում) համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա (այսուհետև՝ գյուղատնտեսական նշանակության հողամասեր) կառուցել մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և մինչև 300 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շենքեր ու շինություններ, ընդ որում, միայն այն հողամասերի վրա, որոնց մակերեսը առնվազն մեկ հեկտար է.

բ) թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների վարչական սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա կառուցել կենցաղային, տնտեսական նշանակության շենքեր և շինություններ՝ մինչև 30 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով:

(2-րդ կետը փոփ. 25.11.21 N 1919-Ն) 

3. Մինչև համայնքների գլխավոր հատակագծերի հաստատումը սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափերով կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով՝ համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու որոշման հիման վրա (առանց Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության), և համայնքի ղեկավարի կողմից շինարարության թույլտվություն տրամադրվելուց հետո արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

(3-րդ կետը խմբ. 25.11.21 N 1919-Ն) 

4. Սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված շենքերի ու շինությունների կառուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու:

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափերից ավելի կառուցապատման մակերես ունեցող շենքեր և շինություններ կարող են կառուցվել համապատասխան հողամասի կամ դրա մասի նպատակային նշանակությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխելուց հետո:

6. Թույլատրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա շենքեր և շինություններ կառուցել հողերի գոտևորման ու օգտագործման սխեմաներով, դրանց բացակայության դեպքում՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով այդ նպատակների համար առանձնացված գոտիներում:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հանրապետության մի շարք շրջանների բնակավայրերում գյուղատնտեսական արտադրական նշանակություն ունեցող շինությունները տնամերձ հողամասերի վրա կառուցելու մասին» N 167 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 498 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության մարզերի այն համայնքների, որոնց վարչական սահմաններում ընդգրկված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող կամ օգտագործման տրամադրված գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա արգելվում է բնակելի և (կամ) հասարակական և (կամ) արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը

(հավելվածն ուժը կորցրել է 25.11.21 N 1919-Ն) 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.11.2021, N 1919-Ն 26.11.2021, N 498
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան