ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3612/02/16 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/3612/02/16 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մայիսի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Թամարա Մարգարյանի, Դիանա և Շողիկ Աղաջանյանների, Ռոման Առաքելյանի, Քյարամ Գուսեյանի, Վալյա Ավետիսյանի ու Հայկ Սահակյանի (այսուհետ` նաև Համապատասխանողներ), երրորդ անձինք Հասմիկ Մադաթյանի, Նելլի և Էդգար Առաքելյանների` գումար բռնագանձելու ու բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2019 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Վահագն Մնացականյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 3.009,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, վարկի գումարի մնացորդի և հաշվարկված տոկոսագումարի՝ 2.050,99 ԱՄՆ դոլարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել ու բռնագանձել տուժանք 0,2 տոկոսի չափով` բռնագանձումը տարածելով հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է տարաժամկետել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարումը:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.01.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու և կատարման կարգը փոխելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ Բանկի ներկայացուցչի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու և կատարման կարգը փոխելու դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը վերաբերում է այն դեպքերին, երբ դատական ակտի տարաժամկետման դիմումը ներկայացրել է ոչ թե պահանջատերը, այլ՝ պարտապանը, որպիսի նախապայմանի ապահովումը նպատակ է հետապնդում պաշտպանելու պահանջատիրոջ՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված իրավունքները և օրինական շահերը։ Իսկ պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելուն պատրաստ լինելու և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության վերաբերյալ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պահանջատերը՝ որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման ռիսկն ու բոլոր բացասական հետևանքները:
Վերաքննիչ դատարանը, կայացնելով նման որոշում, ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է Բանկի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների իրացումը, քանի որ Դատարանի վճռով հաստատված Բանկի պահանջի իրավունքը (գույքը) իր սեփականությունն է, և Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, այդ գույքի նկատմամբ կատարելու օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2019 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանը 02.12.2016 թվականի վճռով Բանկի հայցը բավարարել է՝ Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել է 3.009,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և հաշվարկված տոկոսագումարի՝ 2.050,99 ԱՄՆ դոլարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել ու բռնագանձել է 0,2 տոկոսի չափով տուժանք` բռնագանձումը տարածելով հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 82-85).
2) Դատարանի 02.12.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.01.2017 թվականին, որի կապակցությամբ Բանկի դիմումով 10.02.2017 թվականին տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 132-141).
3) 27.12.2018 թվականին պահանջատեր Բանկը դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև խնդրել է՝ կատարողական թերթը կատարման չներկայացնել, իսկ կատարման ներկայացված լինելու դեպքում՝ դիմում ներկայացնել Դատարան՝ դատական ակտի կատարումը տարաժամկետելու համար (հատոր 1-ին, գ.թ. 147-151)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.
- արդյո՞ք դատարանը կարող է մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացվել է այդ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Նախևառաջ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Համանման կանոն է նախատեսվել նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, համաձայն որի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Ընդ որում, ինչպես նախկին, այնպես էլ գործող իրավակարգավորումների համաձայն՝ կատարում ենթադրող դատական ակտ կայացնելու դեպքում դրանում նշվում է, որ դատական ակտը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով (տե՛ս Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մաս, կետ 6, 220-րդ հոդվածի 6-րդ մաս, կետ 5, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մաս, կետ 4, 381-րդ հոդվածի 6-րդ մաս, կետ 5): Այսինքն՝ օրենսդրական կարգավորումներից բխում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է կատարվել ինչպես կամովին, այնպես էլ՝ հարկադիր կարգով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի համաձայն, սահմանված է նույն օրենքով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգավորել է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի միայն հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, իսկ դատական ակտերի կամավոր կատարման համար առանձին կարգավորում չի նախատեսել՝ այն թողնելով պահանջատիրոջ և պարտապանի հայեցողությանը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
Մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
Մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (…) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան, իսկ հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված, ինչն էլ հիմք է այն անվավեր ճանաչելու համար (տե´ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրելէ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետ` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը: Ընդ որում, օրենքով սահմանվել է նաև կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու հարկադիր կատարողի պարտականությունն այն դեպքում, եթե լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Միևնույն ժամանակ, մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնելու իրավական հնարավորություն, ըստ որի՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական թերթն առաջին անգամ կարող է հարկադիր կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը, իսկ այդ ժամկետը բաց թողնելու պարագայում նաև պետք է ներկայացվի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանվել է նաև դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոփոխելու իրավական հնարավորություն:
Այսպես. մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:
Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը, այդ թվում՝ որպես հայցի ապահովման միջոց:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել վերոնշյալ իրավական նորմի բովանդակությունը՝ ելնելով օրենսդրի կամքից և նորմի ընդունման նպատակից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանել են կատարողական գործողությունների իրականացման ժամկետները: Մասնավորապես, նշված իրավանորմի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, (…): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ: Այսինքն, որպես ընդհանուր կանոն, օրենսդիրն ամրագրել է կատարողական գործողությունների կատարման երկամսյա ժամկետ, հետևաբար հարկադիր կատարողը պարտավոր է հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարման միջոցների կիրառմամբ ապահովել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը: Միևնույն ժամանակ, դատական ակտերի կատարման տարաժամկետումն օրենսդրի կողմից պարտապանին տրված հնարավորություն է` ուղղված դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը կատարողական գործողությունների իրականացման ժամկետներից տարբերվող ժամկետներում կատարելուն: Այլ կերպ ասած, եթե կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարտապանը պատրաստակամություն է հայտնում կամովին կատարել դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը, սակայն կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված ժամկետները, ըստ էության, խոչընդոտում են այդ պարտավորությունը կատարողական գործողությունների իրականացման ժամկետներից տարբերվող ժամկետներում կատարելուն, ապա պահանջատերը կամ պարտապանը կարող են դիմում ներկայացնել կատարողական թերթ տված դատարան, ի թիվս այլնի, խնդրելով նաև տարաժամկետելու դատական ակտի կատարումը: Ընդ որում, դատարանը կարող է տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, որպես դատական ակտի կատարումը տարաժամկետելու պայման նախատեսելով պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պարտապանի պատրաստակամության դրսևորումը՝ օրենսդիրը միաժամանակ նախատեսել է հարկադիր կատարման անհրաժեշտությունը բացակայելու պայմանը: Ըստ այդմ, դատարանը կարող է տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պատրաստակամություն է հայտնել պահանջատիրոջը տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին, այսինքն՝ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, կամ որ նույնն է` հարկադիր կատարման միջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Ընդ որում, պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պարտապանի պատրաստակամությունը կարող է դրսևորվել ինչպես մինչև կատարողական թերթ տալը, այնպես էլ կատարողական վարույթի ընթացքում, ինչով պայմանավորված էլ օրենսդիրն ամրագրել է համապատասխան կարգավորումներ:
Այսպես. մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն՝ եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև կատարողական թերթ տալը դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին դատարանի որոշման իրավական հետևանքների առումով օրենսդիրը ցուցաբերել է տարբերակված մոտեցում:
Այսպես. եթե մինչև կատարողական թերթ տալը պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պարտապանի պատրաստակամության առկայության հիմքով դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դատարանի որոշումը պահանջատիրոջը չի ազատում այդ կատարողական թերթն օրենքով սահմանված ժամկետում կատարման ներկայացնելու պարտականության կատարումից, ապա մինչև կատարողական թերթ տալը դատական ակտի կատարումը հետաձգելու մասին դատարանի որոշման պարագայում, մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով, պահանջատերը կատարողական թերթը կարող է կատարման ներկայացնել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը:
ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):
Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 1-ին մասերի 1-ին կետերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ և համապատասխան դատական ակտ կայացվել միայն դատական ակտը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից, թե դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմումը ներկայացվել է մինչև կատարողական թերթ տալը, թե՝ կատարողական վարույթի ընթացքում: Իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված վերոգրյալ իրավակարգավորումներն անձի համար կանխատեսելի են դարձնում այն իրավաչափ ակնկալիքները, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հարկադիր կարգով կարող է կատարվել միայն օրենքով սահմանված ժամկետում կատարողական թերթը կատարման ներկայացվելու դեպքում, հետևաբար դատական ակտի հարկադիր կատարման առնչությամբ բոլոր, այդ թվում նաև դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հարցին ուղղված գործողությունները, պետք է կատարվեն նշված ժամկետի ընթացքում, իսկ այդ ժամկետը բաց թողնված լինելու դեպքում նաև պետք է ներկայացվի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշում առկա չլինելու պարագայում կատարողական թերթը չի կարող հիմք հանդիսանալ կատարողական վարույթ հարուցելու համար, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է պահանջատիրոջը վերադարձնել կատարողական թերթը: Այլ կերպ ասած՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության փաստերն ինքնին բացառում են դատական ակտի հարկադիր կատարման իրավական հնարավորությունը, իսկ կատարման ոչ ենթակա դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու պարագայում քողարկված ձևով կվերականգնվի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը, ինչը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից:
Միևնույն ժամանակ, սակայն, կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության փաստերը չեն բացառում դատական ակտը կամովին կատարելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգավորել է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի միայն հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, իսկ դատական ակտերի կամավոր կատարման համար առանձին կարգավորում չի նախատեսել՝ այն թողնելով պահանջատիրոջ և պարտապանի հայեցողությանը, հետևաբար պահանջատերն ու պարտապանն ազատ են ինքնուրույն, իրենց կամքով և համաձայնությամբ սահմանել դատական ակտը կամավոր կատարելու օրենքին չհակասող ցանկացած պայման:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով դատական ակտի կատարումը չի կարող տարաժամկետվել, եթե դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացվել է այդ դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 02.12.2016 թվականի վճռով բավարարել է Բանկի հայցն ընդդեմ Համապատասխանողների և վերջիններից համապարտության կարգով բռնագանձել է 3.009,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և հաշվարկված տոկոսագումարի՝ 2.050,99 ԱՄՆ դոլարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել ու բռնագանձել է 0,2 տոկոսի չափով տուժանք` բռնագանձումը տարածելով հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 82-85):
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.01.2017 թվականին, որի կապակցությամբ Բանկի դիմումով 10.02.2017 թվականին տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 132-141):
Պահանջատեր Բանկը 27.12.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև խնդրել է՝ կատարողական թերթը կատարման չներկայացնել, իսկ կատարման ներկայացված լինելու դեպքում՝ դիմում ներկայացնել Դատարան՝ դատական ակտի կատարումը տարաժամկետելու համար (հատոր 1-ին, գ.թ. 147-151)։
Դատարանը մերժել է Բանկի դիմումը՝ պատճառաբանելով, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումը դատարանի կողմից կարող է քննության առարկա դառնալ միայն կատարողական վարույթ հարուցված լինելու պարագայում, մինչդեռ տվյալ դեպքում չի ներկայացվել դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցված լինելու վերաբերյալ ապացույց, ինչն ինքնին (առանց դիմումի ըստ էության հիմնավորվածությունը և իրավաչափությունը ստուգելու) դիմումը մերժելու հիմք է:
Վերաքննիչ դատարանը Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 02.12.2016 թվականի վճռի հիման վրա Բանկին կատարողական թերթեր են տրամադրվել ոչ միայն պարտապան Թամարա Մարգարյանի, այլև Դիանա Աղաջանյանի, Ռոման Առաքելյանի, Քյարամ Գուսեյանի, Վալյա Ավետիսյանի, Շողիկ Աղաջանյանի, Հայկ Սահակյանի, Հասմիկ Մադաթյանի, Նելլի Առաքելյանի և Էդգար Առաքելյանի համար: Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանը հետևություն է արել այն մասին, որ «սույն գործի նյութերում առկա չէ ապացույց բոլոր պարտապանների՝ պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ, ինչի արդյունքում ակնհայտ չէ նաև հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը, այսինքն՝ առկա չէ որևէ տեղեկություն բոլոր պարտապանների կողմից դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրության մասին», և գտել է, որ Դատարանը գործի ելքի վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, ուստիև վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ դատական ակտը՝ անփոփոխ թողնման՝ հիմք ընդունելով որոշմամբ արձանագրված պատճառաբանությունները:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին և եզրահանգումներին, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականին կայացրած և 10.01.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման նպատակով Բանկի դիմումի հիման վրա 10.02.2017 թվականին տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 130-141):
Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ նշված կատարողական թերթերն օրենքով սահմանված ժամկետում, այսինքն՝ 10.01.2018 թվականը ներառյալ ներկայացվել են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և դրանց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը 27.12.2018 թվականին, այսինքն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման օրենքով սահմանված ժամկետը 10.01.2018 թվականին լրանալուց հետո 11 ամիս անց դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դիմում-պարտավորագիրը պարտապան Թամարա Մարգարյանի կողմից տրվել է 06.11.2018 թվականին, այսինքն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման օրենքով սահմանված ժամկետը 10.01.2018 թվականին լրանալուց հետո:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման նպատակով տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման առկայության մասին սույն գործում ապացույցների բացակայության փաստերն ինքնին բացառում են կատարման ոչ ենթակա դատական ակտի հարկադիր կատարման, ուստիև այդ դատական ակտի կատարումը տարաժամկետելու իրավական հնարավորությունը: Ինչ վերաբերում է հարկադիր կարգով կատարման ոչ ենթակա դատական ակտի կամավոր կատարմանը, ինչի մասին է վկայում Թամարա Մարգարյանի կողմից Բանկին տրված դիմում-պարտավորագիրը, ապա վերջիններս զրկված չեն ինքնուրույն, իրենց կամքով և համաձայնությամբ սահմանել դատական ակտը կամովին կատարելու օրենքին չհակասող ցանկացած, այդ թվում նաև վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան վճարելու պայման:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման նպատակով տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթեր տված դատարանի որոշման բացակայության պայմաններում, մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով դատական ակտի կատարումը չի կարող տարաժամկետվել, քանի որ դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացվել է այդ դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նման պայմաններում գործի լուծման համար որևէ նշանակություն չունի բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում վկայակոչված այն հանգամանքը, թե ում (պահանջատիրոջ, թե պարտապանի) կողմից է ներկայացվել դատական ակտի տարաժամկետման դիմումը, քանի որ կատարման ոչ ենթակա դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու իրավական հնարավորության բացակայությունն ինքնին բացառում է նաև դատական ակտի կատարումը տարաժամկետելու իրավական հնարավորությունը՝ անկախ նրանից, թե ով է ներկայացրել դատական ակտի տարաժամկետման դիմումը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը մերժելով դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին Բանկի դիմումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ պատճառաբանում է Վերաքննիչ դատարանի դատական ակտը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ն. Տավարացյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՐԴ/3612/02/16 քաղաքացիական գործով 14.05.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
14.05.2021 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի մայիսի 14-ին գրավոր ընթացակարգով քննելով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Վահագն Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Թամարա Մարգարյանի, Դիանա և Շողիկ Աղաջանյանների, Ռոման Առաքելյանի, Քյարամ Գուսեյանի, Վալյա Ավետիսյանի ու Հայկ Սահակյանի (այսուհետ` նաև Համապատասխանողներ), երրորդ անձինք Հասմիկ Մադաթյանի, Նելլի և Էդգար Առաքելյանների` գումար բռնագանձելու ու բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2019 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ նույն որոշման պատճառաբանություններով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Մ․ Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 3.009,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, վարկի գումարի մնացորդի և հաշվարկված տոկոսագումարի՝ 2.050,99 ԱՄՆ դոլարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել ու բռնագանձել տուժանք 0,2 տոկոսի չափով` բռնագանձումը տարածելով հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է տարաժամկետել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարումը:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.01.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու և կատարման կարգը փոխելու դիմումը մերժելու մասին» որոշմամբ Բանկի ներկայացուցչի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.05.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2019 թվականի «Դատական ակտի կատարումը տարաժամկետելու և կատարման կարգը փոխելու դիմումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասությունը վերաբերում է այն դեպքերին, երբ դատական ակտի տարաժամկետման դիմումը ներկայացրել է ոչ թե պահանջատերը, այլ՝ պարտապանը, որպիսի նախապայմանի ապահովումը նպատակ է հետապնդում պաշտպանելու պահանջատիրոջ՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված իրավունքները և օրինական շահերը։ Իսկ պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում պարտապանի կողմից պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելուն պատրաստ լինելու և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտության վերաբերյալ պայմանների պարտադիր առկայության անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պահանջատերը՝ որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման ռիսկն ու բոլոր բացասական հետևանքները:
Վերաքննիչ դատարանը, կայացնելով նման որոշում, ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է Բանկի՝ որպես սեփականատիրոջ իրավունքների իրացումը, քանի որ Դատարանի վճռով հաստատված Բանկի պահանջի իրավունքը (գույքը) իր սեփականությունն է, և Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, այդ գույքի նկատմամբ կատարելու օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.05.2019 թվականի որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) Դատարանը 02.12.2016 թվականի վճռով Բանկի հայցը բավարարել է՝ Համապատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել է 3.009,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և հաշվարկված տոկոսագումարի՝ 2.050,99 ԱՄՆ դոլարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել ու բռնագանձել է 0,2 տոկոսի չափով տուժանք` բռնագանձումը տարածելով հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 82-85).
2) Դատարանի 02.12.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.01.2017 թվականին, որի կապակցությամբ Բանկի դիմումով 10.02.2017 թվականին տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 132-141).
3) 27.12.2018 թվականին պահանջատեր Բանկը դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև խնդրել է՝ կատարողական թերթը կատարման չներկայացնել, իսկ կատարման ներկայացված լինելու դեպքում՝ դիմում ներկայացնել Դատարան՝ դատական ակտի կատարումը տարաժամկետելու համար (հատոր 1-ին, գ.թ. 147-151)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին.
- արդյո՞ք դատարանը կարող է մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացվել է այդ դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Նախևառաջ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 14-րդ հոդվածի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Համանման կանոն է նախատեսվել նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետով, համաձայն որի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Ընդ որում, ինչպես նախկին, այնպես էլ գործող իրավակարգավորումների համաձայն՝ կատարում ենթադրող դատական ակտ կայացնելու դեպքում դրանում նշվում է, որ դատական ակտը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով (տե՛ս Նախկին օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մաս, կետ 6, 220-րդ հոդվածի 6-րդ մաս, կետ 5, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մաս, կետ 4, 381-րդ հոդվածի 6-րդ մաս, կետ 5): Այսինքն՝ օրենսդրական կարգավորումներից բխում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է կատարվել ինչպես կամովին, այնպես էլ՝ հարկադիր կարգով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի համաձայն, սահմանված է նույն օրենքով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգավորել է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի միայն հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, իսկ դատական ակտերի կամավոր կատարման համար առանձին կարգավորում չի նախատեսել՝ այն թողնելով պահանջատիրոջ և պարտապանի հայեցողությանը:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):
Մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
Մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե լրացել է այն կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, (…) հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է պահանջատիրոջը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան, իսկ հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը: Դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված, ինչն էլ հիմք է այն անվավեր ճանաչելու համար (տե´ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրելէ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետ` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը: Ընդ որում, օրենքով սահմանվել է նաև կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելու հարկադիր կատարողի պարտականությունն այն դեպքում, եթե լրացել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը և բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Միևնույն ժամանակ, մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնելու իրավական հնարավորություն, ըստ որի՝ քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական թերթն առաջին անգամ կարող է հարկադիր կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը, իսկ այդ ժամկետը բաց թողնելու պարագայում նաև պետք է ներկայացվի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանվել է նաև դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոփոխելու իրավական հնարավորություն:
Այսպես. մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը:
Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումի ըստ էության քննությունը չի կասեցնում կատարողական վարույթը, այդ թվում՝ որպես հայցի ապահովման միջոց:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել վերոնշյալ իրավական նորմի բովանդակությունը՝ ելնելով օրենսդրի կամքից և նորմի ընդունման նպատակից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանել են կատարողական գործողությունների իրականացման ժամկետները: Մասնավորապես, նշված իրավանորմի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, (…): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման համար սահմանված երկամսյա ժամկետը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից կարող է երկարաձգել մինչև 2 ամիս ժամկետով` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետի միջնորդությամբ: Այսինքն, որպես ընդհանուր կանոն, օրենսդիրն ամրագրել է կատարողական գործողությունների կատարման երկամսյա ժամկետ, հետևաբար հարկադիր կատարողը պարտավոր է հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարման միջոցների կիրառմամբ ապահովել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը: Միևնույն ժամանակ, դատական ակտերի կատարման տարաժամկետումն օրենսդրի կողմից պարտապանին տրված հնարավորություն է` ուղղված դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը կատարողական գործողությունների իրականացման ժամկետներից տարբերվող ժամկետներում կատարելուն: Այլ կերպ ասած, եթե կատարողական գործողությունների կատարման ընթացքում պարտապանը պատրաստակամություն է հայտնում կամովին կատարել դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը, սակայն կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված ժամկետները, ըստ էության, խոչընդոտում են այդ պարտավորությունը կատարողական գործողությունների իրականացման ժամկետներից տարբերվող ժամկետներում կատարելուն, ապա պահանջատերը կամ պարտապանը կարող են դիմում ներկայացնել կատարողական թերթ տված դատարան, ի թիվս այլնի, խնդրելով նաև տարաժամկետելու դատական ակտի կատարումը: Ընդ որում, դատարանը կարող է տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, որպես դատական ակտի կատարումը տարաժամկետելու պայման նախատեսելով պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պարտապանի պատրաստակամության դրսևորումը՝ օրենսդիրը միաժամանակ նախատեսել է հարկադիր կատարման անհրաժեշտությունը բացակայելու պայմանը: Ըստ այդմ, դատարանը կարող է տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պատրաստակամություն է հայտնել պահանջատիրոջը տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին, այսինքն՝ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, կամ որ նույնն է` հարկադիր կատարման միջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Ընդ որում, պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պարտապանի պատրաստակամությունը կարող է դրսևորվել ինչպես մինչև կատարողական թերթ տալը, այնպես էլ կատարողական վարույթի ընթացքում, ինչով պայմանավորված էլ օրենսդիրն ամրագրել է համապատասխան կարգավորումներ:
Այսպես. մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն՝ եթե դատարանը մինչև կատարողական թերթ տալը հետաձգել կամ տարաժամկետել է դատական ակտի կատարումը, ապա կատարողական թերթում նշվում է դրա գործողության ժամկետի սկիզբը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև կատարողական թերթ տալը դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին դատարանի որոշման իրավական հետևանքների առումով օրենսդիրը ցուցաբերել է տարբերակված մոտեցում:
Այսպես. եթե մինչև կատարողական թերթ տալը պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պարտապանի պատրաստակամության առկայության հիմքով դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դատարանի որոշումը պահանջատիրոջը չի ազատում այդ կատարողական թերթն օրենքով սահմանված ժամկետում կատարման ներկայացնելու պարտականության կատարումից, ապա մինչև կատարողական թերթ տալը դատական ակտի կատարումը հետաձգելու մասին դատարանի որոշման պարագայում, մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով, պահանջատերը կատարողական թերթը կարող է կատարման ներկայացնել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ լրացել է դատական ակտի կատարումը հետաձգելու սահմանված ժամկետը:
ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):
Վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածների 1-ին մասերի 1-ին կետերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հարցը կարող է քննարկման առարկա դառնալ և համապատասխան դատական ակտ կայացվել միայն դատական ակտը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից, թե դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմումը ներկայացվել է մինչև կատարողական թերթ տալը, թե՝ կատարողական վարույթի ընթացքում: Իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում ամրագրված վերոգրյալ իրավակարգավորումներն անձի համար կանխատեսելի են դարձնում այն իրավաչափ ակնկալիքները, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հարկադիր կարգով կարող է կատարվել միայն օրենքով սահմանված ժամկետում կատարողական թերթը կատարման ներկայացվելու դեպքում, հետևաբար դատական ակտի հարկադիր կատարման առնչությամբ բոլոր, այդ թվում նաև դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հարցին ուղղված գործողությունները, պետք է կատարվեն նշված ժամկետի ընթացքում, իսկ այդ ժամկետը բաց թողնված լինելու դեպքում նաև պետք է ներկայացվի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշում առկա չլինելու պարագայում կատարողական թերթը չի կարող հիմք հանդիսանալ կատարողական վարույթ հարուցելու համար, իսկ հարկադիր կատարողը պարտավոր է պահանջատիրոջը վերադարձնել կատարողական թերթը: Այլ կերպ ասած՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության փաստերն ինքնին բացառում են դատական ակտի հարկադիր կատարման իրավական հնարավորությունը, իսկ կատարման ոչ ենթակա դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու պարագայում քողարկված ձևով կվերականգնվի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը, ինչը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից:
Միևնույն ժամանակ, սակայն, կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման բացակայության փաստերը չեն բացառում դատական ակտը կամովին կատարելու հնարավորությունը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգավորել է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի միայն հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը, իսկ դատական ակտերի կամավոր կատարման համար առանձին կարգավորում չի նախատեսել՝ այն թողնելով պահանջատիրոջ և պարտապանի հայեցողությանը, հետևաբար պահանջատերն ու պարտապանն ազատ են ինքնուրույն, իրենց կամքով և համաձայնությամբ սահմանել դատական ակտը կամավոր կատարելու օրենքին չհակասող ցանկացած պայման:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով դատական ակտի կատարումը չի կարող տարաժամկետվել, եթե դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացվել է այդ դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 02.12.2016 թվականի վճռով բավարարել է Բանկի հայցն ընդդեմ Համապատասխանողների և վերջիններից համապարտության կարգով բռնագանձել է 3.009,22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև սկսած 11.06.2016 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի գումարի մնացորդի և հաշվարկված տոկոսագումարի՝ 2.050,99 ԱՄՆ դոլարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկել ու բռնագանձել է 0,2 տոկոսի չափով տուժանք` բռնագանձումը տարածելով հիփոթեքի պայմանագրով գրավադրված անշարժ գույքի վրա (հատոր 1-ին, գ.թ. 82-85):
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.01.2017 թվականին, որի կապակցությամբ Բանկի դիմումով 10.02.2017 թվականին տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 132-141):
Պահանջատեր Բանկը 27.12.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև խնդրել է՝ կատարողական թերթը կատարման չներկայացնել, իսկ կատարման ներկայացված լինելու դեպքում՝ դիմում ներկայացնել Դատարան՝ դատական ակտի կատարումը տարաժամկետելու համար (հատոր 1-ին, գ.թ. 147-151)։
Դատարանը մերժել է Բանկի դիմումը՝ պատճառաբանելով, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումը դատարանի կողմից կարող է քննության առարկա դառնալ միայն կատարողական վարույթ հարուցված լինելու պարագայում, մինչդեռ տվյալ դեպքում չի ներկայացվել դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցված լինելու վերաբերյալ ապացույց, ինչն ինքնին (առանց դիմումի ըստ էության հիմնավորվածությունը և իրավաչափությունը ստուգելու) դիմումը մերժելու հիմք է:
Վերաքննիչ դատարանը Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 02.12.2016 թվականի վճռի հիման վրա Բանկին կատարողական թերթեր են տրամադրվել ոչ միայն պարտապան Թամարա Մարգարյանի, այլև Դիանա Աղաջանյանի, Ռոման Առաքելյանի, Քյարամ Գուսեյանի, Վալյա Ավետիսյանի, Շողիկ Աղաջանյանի, Հայկ Սահակյանի, Հասմիկ Մադաթյանի, Նելլի Առաքելյանի և Էդգար Առաքելյանի համար: Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանը հետևություն է արել այն մասին, որ «սույն գործի նյութերում առկա չէ ապացույց բոլոր պարտապանների՝ պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ, ինչի արդյունքում ակնհայտ չէ նաև հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը, այսինքն՝ առկա չէ որևէ տեղեկություն բոլոր պարտապանների կողմից դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրության մասին», և գտել է, որ Դատարանը գործի ելքի վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, ուստիև վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ դատական ակտը՝ անփոփոխ թողնման՝ հիմք ընդունելով որոշմամբ արձանագրված պատճառաբանությունները:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանություններին և եզրահանգումներին, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականին կայացրած և 10.01.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման նպատակով Բանկի դիմումի հիման վրա 10.02.2017 թվականին տրվել են կատարողական թերթեր (հատոր 1-ին, գ.թ. 130-141):
Գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ նշված կատարողական թերթերն օրենքով սահմանված ժամկետում, այսինքն՝ 10.01.2018 թվականը ներառյալ ներկայացվել են ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և դրանց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը 27.12.2018 թվականին, այսինքն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման օրենքով սահմանված ժամկետը 10.01.2018 թվականին լրանալուց հետո 11 ամիս անց դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված դիմում-պարտավորագիրը պարտապան Թամարա Մարգարյանի կողմից տրվել է 06.11.2018 թվականին, այսինքն՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման օրենքով սահմանված ժամկետը 10.01.2018 թվականին լրանալուց հետո:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման նպատակով տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշման առկայության մասին սույն գործում ապացույցների բացակայության փաստերն ինքնին բացառում են կատարման ոչ ենթակա դատական ակտի հարկադիր կատարման, ուստիև այդ դատական ակտի կատարումը տարաժամկետելու իրավական հնարավորությունը: Ինչ վերաբերում է հարկադիր կարգով կատարման ոչ ենթակա դատական ակտի կամավոր կատարմանը, ինչի մասին է վկայում Թամարա Մարգարյանի կողմից Բանկին տրված դիմում-պարտավորագիրը, ապա վերջիններս զրկված չեն ինքնուրույն, իրենց կամքով և համաձայնությամբ սահմանել դատական ակտը կամովին կատարելու օրենքին չհակասող ցանկացած, այդ թվում նաև վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան վճարելու պայման:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.12.2016 թվականի վճռի կատարման նպատակով տրված կատարողական թերթերը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացած լինելու և կատարողական թերթերը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթեր տված դատարանի որոշման բացակայության պայմաններում, մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հիմքով դատական ակտի կատարումը չի կարող տարաժամկետվել, քանի որ դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին դիմումը ներկայացվել է այդ դատական ակտի կատարման օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո: Նման պայմաններում գործի լուծման համար որևէ նշանակություն չունի բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում վկայակոչված այն հանգամանքը, թե ում (պահանջատիրոջ, թե պարտապանի) կողմից է ներկայացվել դատական ակտի տարաժամկետման դիմումը, քանի որ կատարման ոչ ենթակա դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու իրավական հնարավորության բացակայությունն ինքնին բացառում է նաև դատական ակտի կատարումը տարաժամկետելու իրավական հնարավորությունը՝ անկախ նրանից, թե ով է ներկայացրել դատական ակտի տարաժամկետման դիմումը:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Դատարանը մերժելով դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին Բանկի դիմումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի որոշումը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ պատճառաբանում է Վերաքննիչ դատարանի դատական ակտը»:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Մ․ Դրմեյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
Մինչև 04.08.2019 թվականը գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին:
Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը պահանջատիրոջը և պարտապանին իրավունք է վերապահել ներկայացնելու ինչպես դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, այնպես էլ՝ դրա կատարման կարգն ու եղանակը փոփոխելու մասին դիմում։ Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմումը բավարարելու համար անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը` պահանջատիրոջը՝ նրա պահանջին համարժեք ապահովում տրամադրելու վերաբերյալ պարտապանի (պարտապանների) պատրաստակամությունը, և դատական ակտի հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը՝ պայմանավորված այն ողջամիտ ժամկետում կատարվելու ակնհայտությամբ:
Կարծում ենք, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության տառացի մեկնաբանությունից հետևում է, որ պահանջատիրոջը՝ նրա պահանջին համարժեք ապահովում տրամադրելու վերաբերյալ պարտապանի պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հանդիսանում են պարտադիր վավերապայմաններ և՛ պարտապանի, և՛ պահանջատիրոջ կողմից դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմում ներկայացնելու դեպքերում:
Միաժամանակ հարկ ենք համարում բացահայտել վերոնշյալ իրավական նորմի բովանդակությունը՝ ելնելով օրենսդրի կամքից և նորմի ընդունման նպատակից: Այսպես, մեր գնահատմամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարման տարաժամկետումը պարտապանին տրվող հնարավորությունն է` ուղղված դատական ակտի հիման վրա առաջացած պարտավորությունը կատարողական թերթում նշված ժամկետից տարբերվող ժամկետներում կատարելուն: Նման հնարավորություն տալու նպատակներից է, օրինակ, պահանջատերերի և պարտապանների իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռությունն ապահովելն այնպես, որ դատարանի վճռի կատարման այդ կարգը համապատասխանի համաչափության պահանջին: Գտնում ենք, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պայմանները հանդիսանում են պահանջատիրոջ պահանջների բավարարման լրացուցիչ երաշխիքներ այն դեպքում, երբ դատական ակտի կատարումը տարաժամկետելու դիմումը ներկայացրել է պարտապանը: Մինչդեռ ցանկանում ենք արձանագրել, որ այդ երաշխիքների տրման անհրաժեշտությունը բացակայում է բոլոր այն դեպքերում, երբ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում նշված դիմումը ներկայացնում է պահանջատերը հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականության իրավունքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) տվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, 31-րդ կետ): «Օրինական սպասելիքն» առկա է բոլոր այն դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Kopecký v. Slovakia գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը (տե′ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո ցանկանում ենք արձանագրել, որ դատական ակտի հիման վրա ծագած պահանջի իրավունքը ևս Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով դիտվում է որպես սեփականություն` «օրինական սպասելիք», ուստի պահանջատիրոջ կողմից դատական ակտի տարաժամկետման դիմում ներկայացվելու դեպքում դատարանը պետք է առաջնորդվի բացառապես պահանջատիրոջ դիրքորոշմամբ, քանի որ պահանջատերը՝ որպես սեփականատեր, իրականացնում է իր տնօրինչական իրավունքները և կրում այդ իրավունքի իրացման կամ չիրացման բացասական հետևանքները, այդ թվում՝ տարաժամկետման ժամանակացույցով դատական ակտի կատարման հնարավոր բացասական հետևանքների ռիսկը:
Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ օրենսդրի կողմից ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 09.07.2019 թվականի թիվ ՀՕ-126-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 04.08.2019 թվականին) լրացվել է Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն այլևս ունի հետևյալ շարադրանքը. «Կատարողական թերթ տված դատարանը պահանջատիրոջ կամ պարտապանի դիմումով իրավունք ունի հետաձգելու կամ տարաժամկետելու դատական ակտի կատարումը, փոփոխելու դրա կատարման եղանակն ու կարգը: Դատարանը կարող է պարտապանի դիմումով հետաձգել կամ տարաժամկետել դատական ակտի կատարումը, եթե պարտապանը պահանջատիրոջը պատրաստ է տրամադրելու պահանջին համարժեք ապահովում, և ակնհայտ է, որ բացակայում է հարկադիր կատարման անհրաժեշտությունը, քանի որ ողջամիտ ժամկետում դատական ակտը կկատարվի կամովին»:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից բխում է, որ, փաստորեն, օրենսդիրն Օրենքի վերոգրյալ փոփոխությունից հետո դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դիմումը ներկայացնելիս վերը նշված երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայության անհրաժեշտությունը նախատեսել է միայն պարտապանի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքի համար, որի պայմաններում պահանջատիրոջ կողմից նման դիմում ներկայացվելու դեպքում դիմումի հետ միաժամանակ պարտապանների՝ պահանջին համարժեք ապահովում տրամադրելու մասին պատրաստակամությունը և հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայության ակնհայտ լինելը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու մասին պարտադիր կանոնը կիրառելի չէ:
Տվյալ դեպքում Բանկը, Դատարանի 02.12.2016 թվականի վճռի հիման վրա՝ յուրաքանչյուր պարտապանի մասով տրված կատարողական թերթերի հիմքով հանդիսանալով պահանջատեր, դիմում է ներկայացրել Դատարան 02.12.2016 թվականի վճռի կատարումը տարաժամկետելու մասին՝ նշելով, որ պարտապան Թամարա Մարգարյանը դիմում-պարտավորագիր է ներկայացրել Բանկին պարտավորության կատարումը տարաժամկետելու համար, որի հիման վրա Բանկը դադարեցրել է վարկի մայր գումարի և տոկոսագումարի վրա հաշվեգրվող տուժանքի հետագա հաշվարկը (այդ մասով պահանջը ներվել է)։ Միաժամանակ Բանկը կցել է պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը։
Պարտապան Թամարա Մարգարյանի՝ Բանկին հասցեագրված դիմում-պարտավորագրի հետազոտումից հետևում է, որ վերջինս խնդրել է նաև հնարավորություն տալ վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև՝ կատարողական թերթը կատարման չներկայացնել, իսկ կատարման ներկայացված լինելու դեպքում՝ դիմում ներկայացնել Դատարան դատական ակտի կատարումը տարաժամկետելու նպատակով։
Դատարանը, պատճառաբանելով, որ «Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից ակնհայտ է, որ դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումը դատարանի կողմից կարող է քննության առարկա դառնալ միայն կատարողական վարույթ հարուցված լինելու պարագայում: Մինչդեռ տվյալ դեպքում չի ներկայացվել դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցված լինելու վերաբերյալ ապացույց, ինչն ինքնին (առանց դիմումի ըստ էության հիմնավորվածությունը և իրավաչափությունը ստուգելու) դիմումը մերժելու հիմք է», որոշում է կայացրել Բանկի դիմումը մերժելու մասին։
Վերաքննիչ դատարանը Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 02.12.2016 թվականի վճռի հիման վրա Բանկին կատարողական թերթեր են տրամադրվել ոչ միայն պարտապան Թամարա Մարգարյանի, այլև Դիանա Աղաջանյանի, Ռոման Առաքելյանի, Քյարամ Գուսեյանի, Վալյա Ավետիսյանի, Շողիկ Աղաջանյանի, Հայկ Սահակյանի, Հասմիկ Մադաթյանի, Նելլի Առաքելյանի և Էդգար Առաքելյանի համար: Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանը հետևություն է արել այն մասին, որ «սույն գործի նյութերում առկա չէ ապացույց բոլոր պարտապանների՝ պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ, ինչի արդյունքում ակնհայտ չէ նաև հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը, այսինքն՝ առկա չէ որևէ տեղեկություն բոլոր պարտապանների կողմից դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրության մասին», և գտել է, որ Դատարանը գործի ելքի վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, ուստիև վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման, իսկ դատական ակտը՝ անփոփոխ թողնման՝ հիմք ընդունելով որոշմամբ արձանագրված պատճառաբանությունները:
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը՝ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, այն չէր կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու և այդ պատճառաբանությամբ դատական ակտն անփոփոխ թողնելու համար, քանի որ Բանկը, հանդիսանալով կատարողական թերթում նշված պահանջատեր, դիմում է ներկայացրել կատարողական թերթ տված դատարան՝ դատական ակտի կատարումը տարաժամկետելու մասին՝ դրան կցելով համապարտ պարտապաններից Թամարա Մարգարյանի դիմումը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել վճարելու վճռում նշված վարկի գումարը ժամանակացույցին համապատասխան, և պահանջատիրոջ դիմումը, որով վերջինս հայտնել է վարկի մայր գումարի և տոկոսագումարի վրա հաշվեգրվող տուժանքի հետագա հաշվարկը դադարեցնելու, այդ մասով պահանջը ներված լինելու մասին: Միևնույն ժամանակ, Բանկի վրա չպետք է դրվեր պարտականություն ներկայացնելու ապացույցներ առ այն, որ սույն գործով համապարտ պարտապանների (Համապատասխանողներ) մոտ առկա է դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրություն, քանի որ Բանկը, տվյալ իրավահարաբերությունում պահանջատեր լինելու հանգամանքով պայմանավորված, իրականացրել է իր տնօրինչական իրավունքը՝ հնարավորություն տալով Համապատասխանողներին պարտավորությունը կատարել տարաժամկետ կարգով՝ առանց պարտավորության բարեխիղճ կատարումը ապահովող լրացուցիչ իրավական միջոցներ նախատեսելու:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Բանկը դիմումին կից ներկայացրել է միայն պարտապան Թամարա Մարգարյանի դիմում-պարտավորագիրը, մինչդեռ Դատարանի 02.12.2016 թվականի վճռի հիման վրա Բանկին կատարողական թերթեր են տրամադրվել ոչ միայն պարտապան Թամարա Մարգարյանի, այլև Դիանա Աղաջանյանի, Ռոման Առաքելյանի, Քյարամ Գուսեյանի, Վալյա Ավետիսյանի, Շողիկ Աղաջանյանի, Հայկ Սահակյանի, Հասմիկ Մադաթյանի, Նելլի Առաքելյանի և Էդգար Առաքելյանի համար, որի պայմաններում հետևություն է արել այն մասին, որ «սույն գործի նյութերում առկա չէ ապացույց բոլոր պարտապանների՝ պահանջատիրոջը պահանջին համարժեք ապահովում տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ, ինչի արդյունքում ակնհայտ չէ նաև հարկադիր կատարման անհրաժեշտության բացակայությունը, այսինքն՝ առկա չէ որևէ տեղեկություն բոլոր պարտապանների կողմից դատական ակտը ողջամիտ ժամկետում կամովին կատարելու մտադրության մասին», ապա այդ մասով հարկ ենք համարում փաստել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-րդ հոդվածի համաձայն՝ այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել կատարելու պարտավորությունը, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է այն կատարել մյուսների հետ հավասար բաժնով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից: Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ վերը նշեցինք, Դատարանը վճռով որոշված գումարը Համապատասխանողներից բռնագանձել է համապարտության կարգով, որպիսի հանգամանքն ինձ համար հիմք է արձանագրելու, որ սույն գործով կողմերի միջև կնքված պայմանագրերի ուժով պարտավորությանը մասնակցել են մի քանի համապարտ պարտապաններ, ուստի տվյալ իրավահարաբերությունում որպես պարտատեր հանդես եկող Բանկն իրավունք ուներ, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Սույն գործով Համապատասխանողների պարտավորությունն այնուամենայնիվ միանձնյա կատարելու պատրաստակամություն է հայտնել միայն Թամարա Մարգարյանը: Վերջինիս կողմից պարտավորությունը լրիվ կատարվելու դեպքում մյուս համապարտ պարտապանների (Համապատասխանողների) համար պարտավորությունը կդադարի:
Վերոգրյալից, ինչպես նաև վերոշարադրյալ իրավական դիրքորոշումներից ելնելով՝ գտնում ենք, որ Բանկը, օգտվելով Օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 360-362-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված տնօրինչականության սկզբունքից, ներկայացրել է իրավաչափ դիմում, որը ենթակա էր բավարարման, ինչն անտեսվել է և՛ Դատարանի, և՛ Վերաքննիչ դատարանի կողմից։
Դրանից ելնելով գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար՝ միաժամանակ կիրառելով Վճռաբեկ դատարանի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը կբխեր արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատավորներ` Գ. Հակոբյան |
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական: