ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1190/02/18 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1190/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Հակոբյանի ընդդեմ «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք` «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, «Հայր և որդի Ադամյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի, Մուշեղ Նավոյանի, Ջեան-Ֆրանկուս Թչեփիթչյանի, Անուշ Աբրահամյանի, Հարություն Ադամյանի, Սերյոժա Հակոբյանի, Ֆրիդա Վարդանյանի, «Քաղվերելակմոնտաժնորոգ» փակ բաժնետիրական ընկերության, Մամիկոն Թովմասյանի, «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Անգին Հարոյանի, Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Աշոտ Ծատուրյանի, Լևոն Զաքոյանի, Արմինե Սողոմոնյանի, Արթուր Արշակյանի, Համլետ Չափարյանի, Աննա Գալոյանի, Լյովա Առաքելյանի, Աննա Հակոբյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` գործարքը վավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Աշոտ Հակոբյանը պահանջել է վավեր ճանաչել իր և «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 29․12․2008 թվականին կնքված Կոմիտասի պողոտա 38/3 հասցեում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու պայմանագիրը: Միաժամանակ պահանջել է ճանաչել «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից քաղաք Երևան, Կոմիտասի պողոտա 38/3 հասցեում կառուցվող շենքի թիվ 13 բնակարանը որպես սեփականություն ձեռք բերելու իր իրավունքը՝ սկսած 29․12․2008 թվականից:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19․03․2020 թվականի որոշմամբ Աշոտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.09.2019 թվականի վճիռը բեկանվել և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը (ներկայացուցիչ Նորայր Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ Կարեն Թունյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համակցված վերլուծությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ քաղաքացիական գործերով դատավարության կարգը թույլ է տալիս գործին մասնակցող բոլոր անձանց, այդ թվում՝ երրորդ անձանց վկայակոչելու հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու փաստը։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ քաղաքացիական գործերով ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձն օգտվում է կողմի իրավունքներից և պարտականություններից, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվածներից, ուստի քաղաքացիական գործերով դատավարությունում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը, հանդիսանալով գործին մասնակցող անձ, իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածին համապատասխան՝ վկայակոչելու հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու փաստի մասին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19․03․2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 24.09.2019 թվականի վճռին:
2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի պատասխանի հիմնավորումները
Բողոքաբերը վկայակոչել է մի շարք դատական ակտեր և նշել, որ դրանցով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմանը հակառակ մեկնաբանություն է տրվել, մինչդեռ վկայակոչված դատական ակտերում բացակայում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից՝ երրորդ անձի կողմից հայցային վաղեմություն կիրառելու դիմում ներկայացնելու իրավունք ունենալու մասին որևէ եզրահանգում:
Հայցային վաղեմություն կարող է կիրառվել միայն «վիճող կողմի դիմումով» և հաշվի առնելով հայցային վաղեմության նյութաիրավական նորմերով կարգավորված լինելու հանգամանքը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով վիճող կողմեր են հանդիսանում պարտավորության կողմերը՝ պարտատերն ու պարտապանը, որոնք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ և 35-րդ հոդվածների համաձայն, հայցվորն ու պատասխանողն են:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 35-րդ և այլ հոդվածների իմաստով «վիճող կողմ» է հանդիսանում պատասխանողը, որին նյութաիրավական նորմով վերապահված է հայցային վաղեմություն կիրառելու դիմում ներկայացնելու բացառիկ իրավունք՝ իրավանորմում կիրառված «միայն վիճող կողմի դիմումով» բառակապակցության իմպերատիվ սահմանմամբ:
Հայցադիմումով ներկայացված առաջին պահանջը՝ հայցվորի և պատասխանողի միջև ստորագրված պայմանագիրը վավեր ճանաչելու մասին, չի առնչվում որևէ անձի՝ բացի հայցվորից ու պատասխանողից, այն չի առաջացնում որևէ իրավական հետևանք որևէ այլ անձի, այդ թվում` սնանկության գործով պարտատերերի համար, սակայն Դատարանի հիմնավորումներն առ այն, որ պահանջի բավարարումն անխուսափելիորեն կանդրադառնա միջնորդություն ներկայացրած անձի իրավունքներին ու օրինական շահերին, չի վերաբերում պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Աշոտ Հակոբյանի և «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի միջև 29․12․2008 թվականին ստորագրվել է թիվ 28 պայմանագիրը, որով Աշոտ Հակոբյանը պարտավորվել է ընկերությանը վճարել 27.900.000 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինս պարտավորվել է ավարտել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 38/3 հասցեի շենքի կառուցապատումն ու որպես սեփականություն Աշոտ Հակոբյանին հանձնել նշված շենքի 5-րդ հարկի թիվ 13 բնակարանը (հատոր 5-րդ, գ.թ. 83-85):
2) Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի կողմից 17.04.2019 թվականին Դատարանին ներկայացվել է «Առարկություն» վերնագրմամբ փաստաթուղթ, որով վերջինս, ի թիվս այլ առարկությունների, Դատարանին խնդրել է սույն քաղաքացիական գործով կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով ներկայացված պահանջը մերժել ամբողջությամբ (հատոր 3-րդ, գ.թ. 100-103):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարո՞ղ է արդյոք վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը ներկայացնել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
Հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հայցային վաղեմության վերաբերյալ դատավարական կանոնների հստակ ամրագրումն ապահովում է դատավարության մասնակիցների հավասարության, մրցակցության և տնօրինչականության սկզբունքների առավել արդյունավետ իրացումը՝ մասնավորապես դատավարության մասնակիցների համար հստակեցնելով հայցային վաղեմության մասով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, ապացուցման պարտականությունը և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը: Գործող կարգավորումը նպաստում է նաև դատական խնայողությանը, քանի որ հնարավորություն է տալիս դատարանին քննարկել միայն հայցային վաղեմության հարցը և միջնորդությունը մերժելու դեպքում միայն անցնել գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Զարա Ադիյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, «Երևանի հ. 157 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության թիվ ՎԴ/0197/05/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2020 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ՝ դատավարության մասնակիցներ)`գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, վկան, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը, իրավասու անձինք և մարմինները` օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը: Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակցող անձ է նաև ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը (երրորդ անձ), ով իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ: Ընդ որում, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը, որպես գործին մասնակցող անձ, օգտվում է բոլոր իրավունքներից ու կրում է այն պարտականությունները, որոնք նախատեսված են գործին մասնակցող անձանց՝ ինչպես կողմերի, այնպես էլ երրորդ անձանց համար հավասարապես՝ բացառությամբ սպառիչ ցանկով թվարկված որոշ իրավունքների։
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքը որևէ նորմով սահմանափակված չէ: Ավելին, նման արգելող իրավանորմերի բացակայության պայմաններում, ներկայացված հայցային վաղեմության միջնորդության մերժման արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված՝ անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով (տե՛ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, այդ թվում իրավունք ունի հայցային վաղեմության կիրառման մասին միջնորդություն ներկայացնելու, քանի որ հայցի բավարարման արդյունքում հնարավոր է, որ վերջինիս համար ի հայտ գան անբարենպաստ հետևանքներ: Ավելին, հայցվորի պահանջների բավարարումը պատասխանողի կողմում հանդես եկող, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի համար անցանկալի է, դրա արդյունքում նրա փաստացի և իրավական վիճակը կարող է էականորեն վատթարանալ, հետևաբար վերջինիս նույնպես վերապահված է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք՝ նկատի ունենալով, որ երրորդ անձը ևս տվյալ իրավահարաբերությունում հանդես է գալիս որպես վիճող կողմ։
Անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը: Հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորը պահանջել է վավեր ճանաչել Աշոտ Հակոբյանի և «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի միջև 29․12․2008 թվականին կնքված կառուցվող շենքից անշարժ գույք գնելու գործարքը, ճանաչել «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 38/3 հասցեում կառուցվող շենքի թիվ 13 բնակարանը որպես սեփականություն ձեռք բերելու Աշոտ Հակոբյանի իրավունքը սկսած 29․12․2008 թվականից:
Երրորդ անձ Ընկերության սնանկության գործով կառավարչի ներկայացուցչի կողմից 17.04.2019 թվականին Դատարանին ներկայացվել է «Առարկություն» վերնագրմամբ փաստաթուղթ, որով վերջինս, ի թիվս այլ առարկությունների, խնդրել է սույն քաղաքացիական գործով կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով ներկայացված պահանջը մերժել ամբողջությամբ:
Սույն գործով Դատարանը, հայցը մերժելով հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, պատճառաբանել է, որ երրորդ անձ հանդիսացող Ընկերությունն իրավասու է ներկայացնել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, և այն ենթակա է Դատարանի կողմից քննության: Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել օրենքով սահմանված կարգով իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար հայց ներկայացնելու ժամկետը, իսկ վերջինիս կողմից փաստարկված հիմքերը չեն կարող հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք հանդիսանալ, ինչպես նաև հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու համար:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանել և գործն ուղարկել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության` պատճառաբանելով, որ տվյալ դեպքում կիրառելի է նյութական նորմով օրենսդրությամբ նախատեսված կանոնը, գործի քննությամբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ հանդես չի եկել, ավելին` հայտնել է, որ ներկայացված պահանջը հիմնավոր է, ամբողջությամբ ընդունում է թե՛ փաստական, թե՛ իրավական հիմնավորումները: Ուստի Դատարանի մեկնաբանությունները` կապված ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի` հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությամբ հանդես գալու իրավասություն ունենալու վերաբերյալ, սխալ են: Նկատի ունենալով, որ երրորդ անձն օժտված չէ նման միջնորդությամբ հանդես գալու իրավասությամբ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանը, քննարկելով միայն հայցային վաղեմության կիրառման հարցը, չի իրականացրել գործի ըստ էության քննություն, Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձին հնարավորություն է տվել սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, այդ թվում նաև՝ վերջինիս օժտելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բավարարելով Աշոտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում և Ընկերության արդար դատաքննության իրավունքի այնպիսի սահմանափակում, որն ազդել է գործի ելքի վրա:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այն է` խախտելով հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածը` զրկել է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Ընկերությանը (Ընկերության սնանկության գործով կառավարչին) հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելու իրավունքից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ, 365-րդ հոդվածների և 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Աշոտ Հակոբյանի վերաքննիչ բողոքի մյուս հիմքերը և հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը անդրադարձել է միայն Աշոտ Հակոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին հիմքին:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են («Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Գ. Հակոբյան | |
Ս. Միքայելյան | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
Ն. Տավարացյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1190/02/18 2021 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/1190/02/18 |
|||||||
|
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
«25» հունիսի 2021 թ.
ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԱՐԱԴ/1190/02/18 վարչական գործով 25․06․2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 25․06․2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Նորայր Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Հակոբյանի ընդդեմ «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձինք` «Հինգերորդ աստղ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի, «Հայր և որդի Ադամյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի, Մուշեղ Նավոյանի, Ջեան-Ֆրանկուս Թչեփիթչյանի, Անուշ Աբրահամյանի, Հարություն Ադամյանի, Սերյոժա Հակոբյանի, Ֆրիդա Վարդանյանի, «Քաղվերելակմոնտաժնորոգ» փակ բաժնետիրական ընկերության, Մամիկոն Թովմասյանի, «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Անգին Հարոյանի, Աշխեն Քուրդյանի, Աշոտ Ռոստոմյանի, Աշոտ Ծատուրյանի, Լևոն Զաքոյանի, Արմինե Սողոմոնյանի, Արթուր Արշակյանի, Համլետ Չափարյանի, Աննա Գալոյանի, Լյովա Առաքելյանի, Աննա Հակոբյանի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության` գործարքը վավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջների մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ Վերաքննիչ դատարանի 12.03.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության (այսուհետ՝ Որոշում):
Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի, մասնավորապես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի (այսուհետ՝ երրորդ անձ)՝ վիճելի իրավահարաբերության մեջ վիճող կողմ հանդիսանալու, երրորդ անձի՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավունքը որևէ նորմով սահմանափակված չլինելու, ինչպես նաև վերջինիս այդպիսի իրավունք վերապահված լինելը հայցի բավարարման արդյունքում նրա համար անբարենպաստ հետևանքներ առաջանալու, նրա փաստացի և իրավական վիճակը էականորեն վատթարանալու հնարավորությամբ պայմանավորված լինելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ.
Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը. հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
Որոշմամբ քննարկվող իրավական հարցադրման («կարո՞ղ է արդյոք վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը ներկայացնել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն») համատեքստում անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը հանդիսանում է վիճող կողմ Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով:
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան (Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 34), իսկ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան (Քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հոդված 35):
Հայցվորը և պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կամ օրենքով պահպանվող շահի ենթադրյալ սուբյեկտներ են և գործի ելքում ունեն նյութաիրավական հակադիր շահեր, և ըստ այդմ նրանք հանդիսանում են նյութաիրավական վեճի կողմեր կամ վիճող կողմեր:
Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «վիճող կողմ» եզրույթը վերաբերում է պատասխանողին, քանի որ նա է հանդիսանում հայցվորի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջով՝ հակադիր շահերով օժտված կողմ: Երրորդ անձը վիճելի նյութաիրավական հարաբերության կողմ չէ, և չի կարող օգտվել նյութաիրավական օրենսդրությամբ բացառապես այդպիսիք հանդիսացող սուբյեկտներին վերապահված իրավունքներից:
Հակառակ դատողությունը հակասում է Քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները, դրանց պաշտպանության իրավունքը իրենց հայեցողությամբ իրականացնելու սկզբունքին: Ոչ ոք, այդ թվում երրորդ անձը, չի կարող օգտվել պատասխանողի կարգավիճակից բխող և նրա հայեցողությանը վերապահված այնպիսի իրավունքից, որի իրացման արդյունքում պատասխանողը կարող է ազատվել հայցվորի նկատմամբ ենթադրյալ պարտավորության կատարումից:
Վերոգրյալից հետևում է, որ երրորդ անձի ներկայացրած միջնորդությունը, ընդհանուր առմամբ, դատարանի համար հիմք չէ հայցային վաղեմություն կիրառելու համար:
Միաժամանակ, բացառված չեն դեպքերը, երբ, կախված վեճի առարկայի բնույթից, հայցի բավարարումից պատասխանողի համար ծագի իրավունք՝ ներկայացնելու հետադարձ պահանջ (ռեգրեսիվ հայց) երրորդ անձի դեմ կամ նրանից պահանջելու վնասների հատուցում: Նման դեպքերում երրորդ անձը պետք է հնարավորություն ունենա դատական կարգով պաշտպանելու իր ենթադրյալ իրավունքները՝ հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելու միջոցով (տե՛ս ՌԴ Քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ պարզաբանումները ՌԴ Գերագույն դատարանի պլենումի 29.09.2015 թվականի թիվ 43 որոշմամբ, կետ 10):
Տվյալ դեպքում հայցի առարկան կազմում են գործարքը վավեր ճանաչելու և իրավունքը ճանաչելու պահանջները, որոնց բավարարումը սույն գործով Պատասխանողի համար չի առաջացնում իրավունք՝ հետադարձ պահանջով կամ վնասների հատուցման պահանջով հայց ներկայացնելու սույն գործով երրորդ անձ ներգրավված Ընկերության կամ Ընկերության սնանկության գործով կառավարչի դեմ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից գործի ելքի վրա ազդեցություն ունեցող և արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալի առկայությունը հիմնավորված չէ, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Դատավոր |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|