Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
14.05.2021
Дата вступления в силу
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1954/02/19

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1954/02/19

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի (այսուհետ` Բյուրո) ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Քնքուշ Ավետյանից և Ալբերտ Ղամբարյանից համապարտության կարգով բռնագանձել 237.520 ՀՀ դրամ, ինչպես նաև հաշվարկել 228.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Հովնանյան) (այսուհետ` Դատարան) 14.02.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` Քնքուշ Ավետյանից և Ալբերտ Ղամբարյանից համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է ընդհանուր 282.560 ՀՀ դրամ, որից` 228.000 ՀՀ դրամը` որպես հատուցված վնասի գումար, 50.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 4.560 ՀՀ դրամը` հայցվորի կողմից բավարարված հայցապահանջին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար, վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից գումարն ամբողջությամբ Բյուրոյին վճարելն ընկած ժամանակահատվածի համար համապարտության կարգով հօգուտ Բյուրոյի բռնագանձվել է 228.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով: Հայցադիմումը՝ պահանջի մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, 352-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 66-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի վճռով ոչ թե ստեղծվել է պատասխանողի պարտավորությունը Բյուրոյի նկատմամբ, այլ հաստատվել է օրենքի ուժով վաղուց առկա, պատասխանողի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բյուրոն պարտավորությունը կատարելու համար պատասխանողին տրամադրել է երկու ամիս ժամկետ` առանց որևէ տոկոսների վճարման: Այդ ժամկետը Բյուրոյի ներքին իրավական ակտերով նախատեսված ողջամիտ ժամկետն է, որը շատ ավելի երկար է, քան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով սահմանված ժամկետն է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կետանցի օրը չի կարող կապվել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու հետ, քանի որ կետանցի առկայությունը, ըստ էության, վճիռը կայացնելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի` տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից: Բյուրոյի համոզմամբ կետանցի օրը սկսվում է պարտավորությունը կատարելու համար տրամադրված ողջամիտ ժամկետի ավարտի օրվան հաջորդող օրը:

Բացի այդ, սույն քաղաքացիական գործով փաստաբանի վարձատրության գումարը սահմանելով 50.000 ՀՀ դրամ, այդ կերպ խախտվել են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքները, որոնց բաղկացուցիչ տարրերից մեկն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ որպես փաստաբանի վարձատրության գումար Դատարանի վճռով սահմանված 50.000 ՀՀ դրամը ողջամիտ չէ և չի համապատասխանում ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 26.12.2013 թվականի թիվ 33/3-Լ որոշմամբ հաստատված «Դատարանների կողմից դատական ծախսերի հատուցման հետ կապված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակի» պահանջներին։

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մերժման մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` ամբողջությամբ բավարարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման հայցվորի պահանջը, ինչպես նաև Քնքուշ Ավետյանից և Ալբերտ Ղամբարյանից հօգուտ Բյուրոյի բռնագանձել 55.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 07.02.2019 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից տրված քաղվածքի պատճենի համաձայն՝ «OPEL ASTRA 1.6», նույնացման համարը` WOLOTGF69X5275588, հաշվառման համարանիշը՝ 35 SF 983, սեփականության իրավունքով պատկանում է Զարինե Համլետի Պետրոսյանին (գ.թ. 10).

2) Համաձայն 07.02.2019 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից տրված քաղվածքի պատճենի՝ «GAZ 330202», նույնացման համարը` XTH33020242011529, հաշվառման համարանիշը՝ 35 GZ 184, սեփականության իրավունքով պատկանում է Քնքուշ Արշալույսի Ավետյանին (գ.թ. 11).

3) 07.02.2019 թվականին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանից տրված քաղվածքի պատճենի համաձայն՝ «MERSEDES-BENZ SPRINTER 313 CDI 2.2 TD», նույնացման համարը` WDB9036621R537017, հաշվառման համարանիշը՝ 939 AM 61, սեփականության իրավունքով պատկանում է «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ին (գ.թ. 12).

4) Բյուրոյի կողմից 05.02.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 15.10.2018 թվականի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն` «MERSEDES-BENZ SPRINTER 313 CDI 2.2 TD» մակնիշի 939 AM 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում առկա է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր (գ.թ. 13).

5) Բյուրոյի կողմից 05.02.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 15.10.2018 թվականի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն` «OPEL ASTRA 1.6» մակնիշի 35 SF 983 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ում առկա է եղել գործող ԱՊՊԱ պայմանագիր (գ.թ. 15).

6) Բյուրոյի կողմից 05.02.2019 թվականին տրված տեղեկանքի համաձայն` ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում 15.10.2019 թվականի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն` «GAZ 330202» մակնիշի 35 GZ 184 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր առկա չի եղել (գ.թ. 14).

7) 15.10.2018 թվականին նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի (այսուհետ՝ ՃՏՊ) գործով վարչական վարույթ իրականացնելու պահանջից հրաժարվելու և ՃՏՊ-ի տվյալների մասին թիվ 2653 արձանագրություն-համաձայնության պատճենի համաձայն՝ 15.10.2018 թվականին ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել Ալբերտ Ղամբարյանի կողմից վարած «GAZ 330202» մակնիշի 35 GZ 184 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, Զարինե Պետրոսյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.6» մակնիշի 35 SF 983 ավտոմեքենան և Արսեն Մելքոնյանի կողմից վարած «MERSEDES-BENZ SPRINTER 313 CDI 2.2 TD» մակնիշի 939 AM 61 ավտոմեքենան։ Ալբերտ Ղամբարյանն ընդունել է իր մեղավորությունը ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման մեջ (գ.թ. 16).

8) Գույքին պատճառված վնասների հատուցում ստանալու համար «Արմենիա-Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի ներկայացրած թիվ SJ049451 դիմումի պատճենի համաձայն` «Արմենիա-Ինշուրանս» ապահովագրական ՍՊ ընկերություն է դիմել «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ն, հայտնելով, որ 15.10.2018 թվականին ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել Ալբերտ Ղամբարյանի կողմից վարած «GAZ 330202» մակնիշի 35 GZ 184 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, Զարինե Պետրոսյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.6» մակնիշի 35 SF 983 ավտոմեքենան և Արսեն Մելքոնյանի կողմից վարած «MERSEDES-BENZ SPRINTER 313 CDI 2.2 TD» մակնիշի 939 AM 61 ավտոմեքենան, պատճառելով գույքային վնաս (գ.թ. 22).

9) 19.10.2018 թվականին վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Ա/Ս-18/1904 եզրակացության պատճենի համաձայն՝ «MERSEDES-BENZ SPRINTER 313 CDI 2.2 TD» մակնիշի 939 AM 61 ավտոմեքենային պատճառված վնասի արժեքը կազմել է 167.000 ՀՀ դրամ (գ.թ. 20).

10) «Արմենիա-Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի գործադիր տնօրենի կողմից 24.10.2018 թվականին հաստատված հատուցում վճարելու վերաբերյալ որոշում-ծանուցման և վճարման հանձնարարականի պատճենների համաձայն` «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի հաշվեհամարին, փոխանցելու միջոցով, վճարվել է 167.000 ՀՀ դրամ հատուցում (գ.թ. 24-25).

11) «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ թիվ SN211046 դիմումի պատճենի համաձայն` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին է դիմել Զարինե Համլետի Պետրոսյանը, հայտնելով, որ 15.10.2018 թվականին ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում միմյանց են բախվել Ալբերտ Ղամբարյանի կողմից վարած «GAZ 330202» մակնիշի 35 GZ 184 հաշվառման համարանիշով ավտոմեքենան, Զարինե Պետրոսյանի կողմից վարած «OPEL ASTRA 1.6» մակնիշի 35 SF 983 ավտոմեքենան և Արսեն Մելքոնյանի կողմից վարած «MERSEDES-BENZ SPRINTER 313 CDI 2.2 TD» մակնիշի 939 AM 61 ավտոմեքենան, պատճառելով գույքային վնաս (գ.թ. 26).

12) 22.10.2018 թվականին «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի վնասների գնահատման փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ SN/18-14884 եզրակացության պատճենի համաձայն` «OPEL ASTRA 1.6» մակնիշի 35 SF 983 ավտոմեքենային պատճառվել է 61.000 ՀՀ դրամ գումարի վնաս (գ.թ. 27).

13) «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից 24.10.2018 թվականին հաստատված հատուցում վճարելու վերաբերյալ որոշում-ծանուցման և վճարման հանձնարարականի պատճենների համաձայն` Զարինե Պետրոսյանի հաշվեհամարին, փոխանցելու միջոցով, վճարվել է 61.000 ՀՀ դրամ հատուցում (գ.թ. 28-30).

14) Բյուրոն, 03.11.2018 թվականին կատարած վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման ծանուցման և փոստի հետադարձ կտրոնի համաձայն, Քնքուշ Ավետյանին և Ալբերտ Ղամբարյանին ծանուցել է, որ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասը, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր` համապատասխանաբար հետադարձ պահանջի իրավունք ստանալով վնաս պատճառած անձի և ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, որոնք Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ (գ.թ. 31-32):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ո՞ր պահից սկսած է կիրառելի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցն ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի իրավունքի հիման վրա վերջինիս վճարման ենթակա գումարի նկատմամբ՝ նաև վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` այլ անձին վնաս պատճառելու հետևանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին տուժած անձանց պատճառված վնասները սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գումարների սահմաններում և սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 11-18-րդ հոդվածներով սահմանված դրույթներին համապատասխան հատուցվում են, եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վնաս պատճառելու հետևանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին, արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների և ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տե´ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Զարգացնելով նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունը և սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.

1. վնասի առկայությունը,

2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,

3. պատճառական կապը:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է: Ընդ որում, ապահովագրական հատուցում է նաև «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդհոդվածով նախատեսված դեպքերում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին Բյուրոյի կողմից` տուժած անձանց պատճառված վնասների հատուցումը: Հարկ է նշել նաև, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից հետադարձ պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին: Օրենսդիրը նման պայման է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, և որոնց նկատմամբ ապահովագրական հատուցումն իրականացվում է Երաշխավորման ֆոնդի հաշվին:

Այսպիսով, այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում այլ անձանց պատճառվել է վնաս, վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա տուժած անձանց վնասների հատուցումն իրականացվում է Բյուրոյի կողմից: Նման պարագայում, Բյուրոն հետագայում վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք է ստանում:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ արդեն իսկ հաստատվել է վնասի առկայությունը, Երաշխավորման ֆոնդի հաշվին հատուցվել է տուժողին պատճառված վնասը և Բյուրոյի մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք, այն է` հաստատվել է վնաս պատճառած անձի պարտավորությունը Բյուրոյի հանդեպ, սակայն վիճելի է մնացել, թե որ պահից սկսված պետք է այդ պարտավորության նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` 1. պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: 2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում: (...) (տե´ս, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.02.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ: Այսպես. պարտավորության ուժով պարտապանը պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Հակառակ դեպքում` պարտավորությունը խախտողի նկատմամբ առաջանում են որոշակի բացասական հետևանքներ: Մասնավորապես, եթե այդ պարտավորական հարաբերություններն ունեն դրամային բնույթ, և դրա ուժով պարտապանը պարտավոր է վճարել դրամ, ապա այդ դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու համար այդ գումարին վճարվում են նաև տոկոսներ (տե՛ս, «Դվին կոնցեռն» ՓԲԸ-ն ընդդեմ Հայկանուշ Գրիգորյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1060/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը` մասնավորապես նշելով, որ դրամական պարտավորությունը չկատարելու համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմքն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելն է (տե՛ս, Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը վրա է հասնում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում, և

- եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով կամ օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար:

Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել (տե՛ս, «Գագարին» սերմնաբուծական սպառողական կոոպերատիվն ընդդեմ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոգրյալ դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ նույն հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկվում են օրենսդրի կողմից սահմանված կոնկրետ պահանջների դեպքում: Մասնավորապես, 1. երբ պարտավորությունն ունի դրամական բնույթ, 2. երբ անձն ապօրինի պահել է ուրիշի դրամական միջոցները, 3. երբ խուսափել է դրանք վերադարձնելուց, 4. երբ օգտագործել է դրանք վճարման այլ կետանցով, կամ 5. երբ այլ անձի հաշվին անհիմն ստացել կամ խնայել է գումար: Միաժամանակ օրենսդիրը հստակեցրել է, որ տոկոսների հաշվարկը պետք է կատարել սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` սահմանելով նաև, որ նույն հոդվածով նախատեսված կարգը կիրառելի է բացառապես այն դեպքերի համար, երբ հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Այսինքն` վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը, առաջ է գալիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցում: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգավորումները կիրառելու համար էական նշանակություն ունի այն հարցերի պարզաբանումը, թե որ դրամական հարաբերությունների նկատմամբ է կիրառելի նշված իրավանորմի կանոնը, և որ պահից է դրամական պարտավորությունը որակվում կետանցված:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը` տոկոսների հաշվարկը և բռնագանձումը, կիրառելի է այնպիսի իրավահարաբերությունների նկատմամբ, որտեղ պարտապանը պարտատիրոջը պարտավոր է վերադարձնել իր մոտ առկա` վերջինիս պատկանող դրամական միջոցը, սակայն խուսափում է դրանք վերադարձնելուց կամ պարտավորությունը կատարում է անպատշաճ։ Նշվածից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսների բռնագանձումը պարտավորության կատարման ապահովման եղանակ է, որը կիրառելի է պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, նշված հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման պարտավորության կատարման ժամկետի ավարտից սկսած մինչև գումարը վերադարձնելու օրը։ Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության դրույթը կիրառելու համար հարկ է պարզել, թե որ պահից սկսած է պարտապանի մոտ առաջացել պարտավորության կետանցը, որի արդյունքում վերջինիս մոտ պահվել կամ խնայվել կամ այլ անձի հաշվին անհիմն ստացվել կամ խնայվել է գումար:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ և 409-րդ հոդվածներով սահմանվել են պարտավորության խախտման հասկացությունը և պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելու կարգը: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածով արձանագրվել է, որ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը: Նույն օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով ամրագրվել է, որ 1. պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները, 2. վնասները որոշվում են նույն օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը սահմանել է պարտապանին պարտավորության կետանցող որակելու փաստական հանգամանքների կազմը: Ըստ այդմ` նույն հոդվածի 1-ին կետի համաձայն` կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

Նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործով Բյուրոյի փաստարկը պարտավորության ժամկետանց վերադարձման վերաբերյալ եղել է Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից վիճելի գումարը համապատասխան ժամկետներում չվերադարձնելու հանգամանքը, ուստի վերը ներկայացված իրավանորմերի համադրմամբ հարկ է բացահայտել, թե վիճելի իրավահարաբերության մեջ պարտապանի մոտ որ պահից սկսած է ծագել պարտավորության կետանցը: Նշված հանգամանքը սույն վեճի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահի բացահայտմամբ:

Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածով օրենսդիրն անդրադարձել է պարտավորության կատարման ժամկետներին` ամրագրելով, որ

1. եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:

3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ պարտավորության կատարման համար որևէ ժամկետ նախատեսված չէ կամ նախատեսված է ցպահանջ, ապա պարտավորության ծագումը կախման մեջ է դրվում պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու իրավաբանական փաստով (փաստի ծագմամբ): Նման պայմաններում օրենսդիրը հստակեցրել է, որ պարտավորությունները պետք է կատարվեն պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Հակառակ պարագայում` նշված ժամկետում պարտավորության չկատարման դեպքում, կիրառելի է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պարտավորության կատարման կետանցումն առաջ է գալիս վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորության ծագման պահից սկսած, երբ անձը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այդ պարտավորությունը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրառությունն ուղղակիորեն պայմանավորված է պարտապանի կողմից կետանցման պահով: Ընդ որում, այն դեպքում, երբ պարտավորության կատարման համար ժամկետ նախատեսված չէ` այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում: Միաժամանակ, այդ ժամկետում պարտավորության չկատարման դեպքում օրենքով սահմանված կարգով կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` տուժող «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ն 19.10.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Արմենիա-Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին, իսկ Զարինե Պետրոսյանը 17.10.2018 թվականին ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ին .թ. 22, 26

 «Հատուցում վճարելու վերաբերյալ» 24.10.2018 թվականի թիվ Ե-18-4186 որոշման համաձայն՝ «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՍՊ ընկերությունը՝ Բյուրոյի կանոնների համաձայն որպես Բյուրոյի ներկայացուցիչ (այսուհետ ՀՊԱ-1՝ ըստ բյուրոյի կանոնների), բավարարել է «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը` որոշելով նրան վճարել 167.000 ՀՀ դրամ: Նշված վճարումը կատարվել է 01.11.2018 թվականին .թ. 24-25)։

«Հատուցում վճարելու վերաբերյալ» 24.10.2018 թվականի թիվ SN/18-14884 որոշման համաձայն՝ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ՓԲ ընկերությունը՝ Բյուրոյի կանոնների համաձայն որպես Բյուրոյի ներկայացուցիչ (այսուհետ ՀՊԱ-2՝ ըստ բյուրոյի կանոնների) բավարարել է Զարինե Պետրոսյանի կողմից ներկայացված հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը` որոշելով նրան վճարել 61.000 ՀՀ դրամ: Նշված վճարումը կատարվել է 01.11.2018 թվականին (գ.թ. 28-30)։

228.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Քնքուշ Ավետյանին և Ալբերտ Ղամբարյանին ուղղված Բյուրոյի 03.11.2018 թվականի թիվ Բ/18-07376 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 7-րդ կետի համաձայն` որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ առաջարկվել է ծանուցման (այն դեպքում, երբ պատահարի գծով արդեն իսկ նախկինում իրականացվել է պարտավորության մարման ծանուցում կամ ծանուցումներ, ապա՝ առաջին ծանուցման) ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը՝ առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների: Որպես պարտավորության մարման հնարավոր 2-րդ տարբերակ՝ առաջարկվել է ծանուցման ելքի ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել առնվազն 75.000 ՀՀ դրամ և Բյուրոյի հետ կնքել համաձայնագիր` պարտավորության մնացորդային գումարը` ներառյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի

411-րդ հոդվածով սահմանված տոկոսներն առավելագույնը 6 ամսվա ընթացքում` ամսական առնվազն 1/6 չափով հավասարաչափ մարումներ կատարելու միջոցով վճարելու վերաբերյալ:

Բյուրոյի կողմից Քնքուշ Ավետյանին և Ալբերտ Ղամբարյանին ուղարկված ծանուցումները ստանալու վերաբերյալ ապացույցները՝ հետադարձ ծանուցագրերը, քաղաքացիական գործի նյութերում բացակայում են:

Դատարանը 14.02.2020 թվականի վճռով, գործում առկա ապացույցների գնահատման արդյունքում, հանգել է հետևության, որ Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից տուժողներ Զարինե Պետրոսյանին և «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ին պատճառված վնասը Բյուրոյի կողմից հատուցելու պայմաններում վերջինիս հայցը` հատուցված վնասի պահանջի մասով, ենթակա է մասնակիորեն բավարարման: Նույն վճռով Դատարանը Բյուրոյի պահանջը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվեգրման և բռնագանձման մասով, մերժել է` պատճառաբանելով, որ «(...) Քնքուշ Ավետյանը և Ալբերտ Ղամբարյանը 228.000 ՀՀ դրամ գումարը սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահին չվճարելու դեպքում, կստացվի որ այն պահում են ապօրինի և խուսափում են վերադարձնելուց, ուստի և այդ գումարի նկատմամբ սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պարտքի մարումը ենթակա են հաշվարկման տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսադրույքի չափով: Դատարանը տոկոսների հաշվարկը չի կատարում սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջում նշված պահից, քանի որ որևէ ձևով չի հիմնավորվում, որ այդ պահից պատասխանողները գումարը պարտավոր էին վճարել հայցվորին, հետևաբար այն պահում էին ապօրինի: Նման իրավիճակ կծագի միայն այն դեպքում, երբ պատասխանողները սույն վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից չկատարեն վճարումը»:

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է Բյուրոյի բողոքը` արձանագրելով, որ «(...) տվյալ դեպքում հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար, այսինքն` տոկոսների հաշվեգրումը չի կարող սկսվել հայցվորի մատնանշած օրվանից, այն է՝ սկսած 04.01.2019 թվականից և տվյալ ժամանակահատվածին վերաբերող մասով հայցը բավարարելու վերաբերյալ նոր դատական ակտ կայացնելու մասին բողոք բերած անձի պահանջը ենթակա է մերժման:

Խնդրո առարկա տոկոսները կարող են հաշվեգրվել միայն նրան համապատասխան դրամական պարտավորություն վերագրող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կամովին և անհապաղ չկատարվելու դեպքում` այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող և մինչև պարտավորության կատարման օրն ընկած ժամանակահատվածի համար»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման համար հիմք է դրամային պարտավորության առկայությունը, և այդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման պարտավորության կետանցի օրվանից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի այն հարցի պարզաբանումը, թե Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի մոտ երբ է առաջացել վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքով վիճելի գումարները Բյուրոյին վճարելու պարտավորությունը:

Սույն քաղաքացիական գործով կողմերի միջև իրավահարաբերությունները, որոնք ծագել են ապահովագրության ոլորտում, ի սկզբանե հանդիսացել են եռակողմ` Բյուրոյի, տուժող կողմի` «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի, և վնաս պատճառած կողմի` Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի միջև, ինչպես նաև Բյուրոյի, տուժող Զարինե Պետրոսյանի և վնաս պատճառած կողմի` Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի միջև: Այսինքն` Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ին և Զարինե Պետրոսյանին պատճառված վնասի արդյունքում Բյուրոյի կողմից, «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի և Զարինե Պետրոսյանի դիմումների հիման վրա, վերջիններիս հատուցվել է Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից պատճառված վնասը, իսկ Բյուրոն ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ձեռք է բերել հետադարձ պահանջի իրավունք: Նշված փաստը հաստատվել է նաև ստորադաս դատարանների կողմից:

Այսինքն՝ Բյուրոյի համար, ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով, առկա է հետադարձ պահանջի ուժով տուժողների վճարած 228.000 ՀՀ դրամ գումարը, որպես իրեն պատկանող գումար, Քնքուշ Ավետյանից և Ալբերտ Ղամբարյանից ստանալու իրավունք, իսկ Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի մոտ` այդ գումարը Բյուրոյին վճարելու պարտավորություն:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի մոտ ծագում է հայցվորին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի կամ հանգամանքի վրա հասնելով կամ ավարտով, արձանագրում է, որ տվյալ դեպքում պատասխանողների մոտ Բյուրոյի հանդեպ պարտավորությունը պետք է ծագեր ոչ թե Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այլ այդ վճռով ընդամենը հաստատվել է արդեն իսկ առկա` Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից կատարման ենթակա, սակայն չկատարված պարտավորությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճին լուծում տալու և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ելակետային համարել ոչ թե Դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն` պարտավորության կետանցի պահը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ պարտավորության կետանցը վրա է հասնում պահանջի իրավաբանական փաստի իրացման արդյունքում: Ընդ որում, նույն հոդվածի իրավակարգավորումից հետևում է նաև, որ պարտավորությունը պարտատիրոջ կողմից պահանջված կարող է համարվել բոլոր այն դեպքերում, երբ պարտապանն իրազեկված է պահանջի մասին: Նշվածից բացառություն են կազմում այն դեպքերը, երբ պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա կատարման օրը կամ ժամանակահատվածը (այսինքն, երբ պարտավորությունը ժամկետային է):

 

Ընդ որում, անկախ այն հանգամանքից, թե Բյուրոյի կողմից ներկայացված հետադարձ պահանջը՝ չափի առումով, որ մասով է հիմնավոր, այս դեպքում ևս ելակետային պետք է համարել ոչ թե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, այլ՝ տվյալ չափով այն պարտավորության կետանցի պահը, որն ի սկզբանե առկա է եղել պարտապանի մոտ, սակայն վերջինս այն չի կատարել: Դրանից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «հայցվորին դրամական միջոցներ վճարելու պարտավորության ծագումը կախված է հայցվորի հետադարձ պահանջը բավարարման ենթակա լինելու կամ չլինելու հարցի դատական լուծումից, ուստի այդ պարտավորությունը չի կարող ծագած և կետանցված համարվել նախքան այդ հարցի դրական լուծումը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները չեն կարող հաշվեգրվել մինչև համապատասխան դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար»: Հետևաբար, սույն վեճի լուծման և պարտավորության կետանցի պահը որոշելու համար, վերը ներկայացված իրավանորմի կիրառմամբ, նախ հարկավոր է տարանջատել Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից Բյուրոյի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը վճարման ծանուցման պահից:

Տվյալ դեպքում, այն պահից, երբ Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի մոտ ծագել է Բյուրոյին վիճարկվող գումարը վերադարձնելու պարտավորություն, դրա չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ենթակա է որակման պարտավորության կատարման կետանցում: Այն հարցը, թե երբ է Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի մոտ ծագել վիճարկվող գումարի վերադարձման պարտավորությունը, պայմանավորված է այն ժամանակահատվածի վրա հասնելու հանգամանքով, երբ պատասխանող կողմը պարտավորված է եղել կատարելու օրենքով նախատեսված գումարի վճարման պահանջը:

Քննարկվող պարագայում, ՀՊԱ-1-ն ու և ՀՊԱ-2-ը համապատասխանաբար 24.10.2018 թվականին և 22102012 թվականին որոշումներ են կայացրել «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ին և Զարինե Պետրոսյանին համապատասխանաբար 167.000 ՀՀ դրամ ու 61.000 ՀՀ դրամ վճարելու մասին: Միաժամանակ Բյուրոյի կողմից Քնքուշ Ավետյանը և Ալբերտ Ղամբարյանը ծանուցվել են «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» մասին: Այն է` 228.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Բյուրոյի 03.11.2018 թվականի թիվ Բ/18-07376 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրականացման» ծանուցման 7-րդ կետի համաձայն` Քնքուշ Ավետյանին և Ալբերտ Ղամբարյանին, որպես պարտավորության մարման հնարավոր 1-ին տարբերակ, առաջարկվել է նույն ծանուցման ամսաթվից հետո առավելագույնը 2 ամսվա ընթացքում վճարել պարտավորության ամբողջ գումարը՝ առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների:

Սույն գործով հիմնավորվել է, որ Բյուրոյի կողմից Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի անվամբ ուղարկված ծանուցմամբ առաջարկվել է վերջիններիս 03.11.2018 թվականին կայացված որոշումն ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, Բյուրոյին վճարել վիճելի գումարները:

Փաստորեն, Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի մոտ պարտավորությունների կատարման պահի առաջ գալը պայմանավորված է կոնկրետ որոշակի ժամանակահատվածի (կամ հանգամանքի) վրա հասնելով (կամ ավարտով), ուստի սույն վեճին լուծում տալու համար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ պարզել, թե երբ են Քնքուշ Ավետյանը և Ալբերտ Ղամբարյանն իրազեկվել Բյուրոյի պահանջի մասին, այնուհետ նաև քննության առարկա դարձնել սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի իրավակարգավորման` ողջամիտ ժամկետի կիրառման հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում Բյուրոյի կողմից Քնքուշ Ավետյանին և Ալբերտ Ղամբարյանին ուղղված ծանուցմամբ պարտավորությունը կատարելու համար վերջիններիս տրվել է երկամսյա ժամկետ: Նշված ծանուցումները ստանալու վերաբերյալ ապացույցները՝ հետադարձ ծանուցագրերը, սակայն, բացակայում են սույն քաղաքացիական գործի նյութերից, ինչը հիմք է եզրակացնելու, որ վերջիններս օբյեկտիվորեն չէին կարող ծանուցմամբ նախատեսված ժամկետում կատարել պարտավորությունները: Նման պայմաններում, այն հարցը, թե երբ են Քնքուշ Ավետյանը և Ալբերտ Ղամբարյանը վիճելի գումարը Բյուրոյին վճարելու պարտավորության մասին տեղեկացել, սույն գործով ունի էական նշանակություն: Ուստի, Վերաքննիչ դատարանը սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար պետք է պարզեր նշված ժամանակահատվածը և դրա հաշվառմամբ վիճելի գումարների նկատմամբ կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կանոնները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ‹‹Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլնի, կարգավորվում են նաև Բյուրոյի կանոններով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բյուրոյի կողմից վիճարկվող գումարի վերադարձման պարտավորության վերաբերյալ Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի իրազեկման օրը պարզելու համար դատարանը որպես չափորոշիչ պետք է ընդունի Բյուրոյի կանոններով նախատեսված` ծանուցումներն անձանց կողմից պատշաճ ստացված լինելու ժամկետների հաշվարկման կարգը: Միաժամանակ, նկատի ունենալով, որ Բյուրոյի կողմից 228.000 ՀՀ դրամ պարտավորության վերաբերյալ Քնքուշ Ավետյանը և Ալբերտ Ղամբարյանը ծանուցվել են 03.11.2018 թվականի թիվ Բ/18-07376 «Վնասի հատուցմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքի իրացման» ծանուցմամբ, ուստի դատարանը պետք է ղեկավարվի նշված ծանուցման կազմման պահին գործող խմբագրություններով Բյուրոյի կողմից սահմանված կանոններով:

Ըստ այդմ, 03.11.2018 թվականի թիվ Բ/18-07376 ծանուցման կազմման պահին գործող խմբագրությամբ` 02.08.2018 թվականին ընդունված և 06.12.2018 թվականին ուժը կորցրած թիվ RL 1-001 ԱՊՊԱ ընդհանուր պայմանների 2-րդ գլխի 9-րդ կետի համաձայն` պայմաններով նախատեսված կարգով ծանուցումներն անձի կողմից համարվում են պատշաճ ստացված և վերջինների կողմից որոշակի գործողություններ կատարելու համար սահմանված ժամկետները ծանուցող անձի կողմից սկսվում են հաշվարկվել`

(...) 2) ծանուցումն ստորագրությամբ առձեռն հանձնվելու դեպքում՝ հանձնելու օրվան

հաջորդող օրվանից,

3) պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում՝ հետպատասխան տեղեկացման մեջ նշված ծանուցման ստացման կամ որևէ հիմքով նամակը փոստի ծառայության կողմից հետ վերադարձվելու հաջորդող օրվանից, (…)։

Այսպիսով, վերոգրյալի հաշվառմամբ, սույն վեճի լուծման համար հարկ է հստակ տարանջատել Քնքուշ Ավետյանի և Ալբերտ Ղամբարյանի կողմից Բյուրոյի հետադարձ պահանջի հանդեպ վճարման պարտավորության ծագման պահը, պարզել, թե որ ժամանակահատվածում է պատասխանողը համարվում Բյուրոյի պահանջի մասին իրազեկված, այդ հիմքով ճշտել կետանցի օրը և նոր միայն կիրառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումը:

 

Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով, բեկանելու և գործը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ, անդրադառնալով վճռաբեկ բողոքի՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի չափի վերաբերյալ հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում փաստաբանի խելամիտ վարձատրության բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման և փաստաբանի խելամիտ վարձատրության մասերով բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2020 թվականի որոշումը և գործը բեկանված մասով ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական: