ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0206/02/19 2021 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ3/0206/02/19 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
|
գրավոր ընթացակարգով քննելով «Վայոց Ձոր-Մսամթերք» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արտակ Քոչարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Գյուղարտ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ «Վայոց Ձոր-Մսամթերք» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.280.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` նշված գումարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ` սկսած 01.03.2019 թվականից մինչև մայր գումարի ամբողջական մարումը:
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 08.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.03.2020 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2019 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն և բավարար չափով չի գնահատել գործի փաստական հանգամանքները: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ Դատարանը որոշում է կայացրել պարզեցված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ, սակայն խախտելով պարզեցված դատաքննության անցկացման կարգը և ժամկետները` վճռով սահմանել է այն բողոքարկելու մեկամսյա ժամկետ:
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Դատարանը վերջնական դատական ակտը կայացրել է ոչ թե պարզեցված վարույթի կարգով, այլ դատաքննության ընդհանուր կանոններով, այլապես` վճռով կսահմաներ եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու 15-օրյա ժամկետ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը վճռով սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի նշել:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 31.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել գործի քննության ժամանակ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու բաց թողնված ժամկետը վերականգնելը կարող է մերժվել, եթե բողոքարկման ժամկետի բացթողումը պայմանավորված է դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման հետ:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը բազմաթիվ որոշումներով անդրադարձել է բողոքարկման իրավունքին և այդ իրավունքի` անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղկացուցիչ տարր հանդիսանալու հարցին (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը և այլն):
Բողոքարկման իրավունքի` դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսանալու կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետների իրավակարգավորումներին, այդ թվում` պարզեցված վարույթի կարգով քննված գործերով վճռի բողոքարկման ժամկետներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Դատարանում գործի քննության ժամանակ` մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են [«Գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ] գլխի դրույթներով:
Դատարանում գործի քննության ժամանակ` մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտը հրապարակվում, գործին մասնակցող անձանց հանձնվում և ուղարկվում է ընդհանուր կարգով:
Դատարանում գործի քննության ժամանակ` մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
Ընդ որում, համանման դրույթ է սահմանված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի` (...) 5) վճռի բողոքարկման ժամկետը և այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն` դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս, Pеrez de Rada Cavanilles v. Spain, գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը (տե´ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 05.06.2019 թվականին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և վճռի հրապարակման օր է նշանակել 08.07.2019 թվականը (գ.թ. 27): Դատարանը 08.07.2019 թվականի վճռով հայցը բավարարել է: Նշված վճռի եզրափակիչ մասում Դատարանը նշել է` «Վճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում» (գ.թ. 49-51):
Գործում առկա է Դատարանի կողմից 31.01.2020 թվականին կազմված թիվ ԴԴ24/Ե554/20 ելքային գրությունը, որի վրա նույն օրը` 31.01.2020 թվականին, Ընկերության ներկայացուցչի կողմից կատարված է գրառում` «ստացա վճռի իմ օրինակը (ստորագրություն, Ս. Բաբայան) (գ.թ. 52):
Ընկերության ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 02.03.2020 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը` պատճառաբանելով, որ բողոքարկվող «վճիռը պատասխանող կողմն առձեռն ստացել է 31.01.2020 թվականին, և վճռով սահմանված է բողոքարկման մեկամսյա ժամկետ» (գ.թ. 61-65, 73):
Վերաքննիչ դատարանի 31.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոքաբերը պարզեցված վարույթի կարգով քննված գործով կայացված վճիռն առձեռն ստացել է 31.01.2020 թվականին, հետևաբար նաև` այն սահմանված կարգով վիճարկելու հնարավորություն է ունեցել դեռևս 31.01.2020 թվականից: Մինչդեռ, վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել դրանից շուրջ մեկ ամիս հետո` 02.03.2020 թվականին, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված 15-օրյա ժամկետի ավարտման օր է հանդիսացել 21.02.2020 թվականը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ բողոքաբերի կողմից բաց է թողնվել պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի մասին տեղեկանալուց հետո վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված 15-օրյա ժամկետը, հանգել է այն հետևության, որ Ընկերության վերաքննիչ բողոքը ներկայացնելու համար ժամկետի բաց թողումը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդությունը ենթակա է մերժման, սակայն որոշման եզրափակիչ մասում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում չի կայացրել (գ.թ. 75-76)։
Հիմք ընդունելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով, անդրադառնալով առանձին ակտի ձևով կայացված որոշումների մեջ այդ դատական ակտը բողոքարկելու կարգի և ժամկետի պարտադիր նշմանը, արձանագրել է, որ թեև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ի թիվս դատավարական այլ ժամկետների, սահմանվում են նաև դատական ակտերի դեմ բողոք ներկայացնելու ժամկետները, այդուհանդերձ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարաններին առանձին ակտի ձևով կայացված որոշումների մեջ պարտադիր նշել որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությանը վերաբերող վերոհիշյալ օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ: Այն մի կողմից միտված է կարգավորելու այն դեպքերը, երբ համապատասխան դատավարական ժամկետներ օրենքով սահմանված չեն և պետք է սահմանվեն դատարանի կողմից, իսկ մյուս կողմից ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը: Այլ կերպ ասած` որոշման բողոքարկման կարգը և ժամկետը դատարանի կողմից նշելու իմպերատիվ պահանջը երաշխավորում է գործին մասնակցող անձի կողմից իր բողոքարկման իրավունքի պատշաճ իրացումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործին մասնակցող անձը, ստանալով դատարանի դատական ակտը, իրեն վերաբերող դատական ակտից տեղեկանում է այդ դատական ակտի բողոքարկման կարգի և ժամկետների մասին, որի պայմաններում վերջինս հնարավորություն է ստանում օրենքով սահմանված ժամկետում բողոք ներկայացնելու միջոցով արդյունավետորեն իրացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարաններն իրենց կողմից կայացված դատական ակտերում չեն նշում այդ ակտերի բողոքարկման կարգը կամ ժամկետները, դեռ ավելին` որպես բողոքարկման ժամկետ նշում են օրենքով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ, ապա նման իրավիճակներում դատարանների կողմից իրենց պարտականության ոչ պատշաճ կատարման հետևանքով խոչընդոտներ են ստեղծվում անձանց համար իրենց բողոքարկման իրավունքից պատշաճ օգտվելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նման իրավիճակները մոլորության մեջ են գցում գործին մասնակցող անձին, քանի որ վերջինիս համար որոշակի չի լինում այն ժամկետը, որով վերջինս պետք է ղեկավարվի դատական ակտի դեմ բողոք ներկայացնելիս: Ավելին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավական պետությանը բնորոշ օրինականության սկզբունքից բխում է, որ յուրաքանչյուր անձ նախևառաջ առաջնորդվում է այն կանխավարկածով, որ դատարանի դատական ակտն օրինական է և դրա բովանդակությունն ամբողջությամբ համապատասխանում է օրենքի պահանջներին, քանի դեռ առկա չեն ողջամիտ և հիմնավոր կասկածներ հակառակը պնդելու համար (տե′ս, ըստ դիմումի «Յունիբանկ» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/0736/17/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև 362-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, 08.07.2019 թվականի վճռի բողոքարկման համար սահմանել է հրապարակման պահից մեկամսյա ժամկետ այն պարագայում, երբ պարզեցված վարույթի կարգով կայացված վճռի բողոքարկման համար սահմանված է այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, Դատարանի 08.07.2019 թվականի վճիռն առձեռն ստանալով 31.01.2020 թվականին, վճռով սահմանված մեկամսյա ժամկետում, այն է` 02.03.2020 թվականին, փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ հանգամանքով, այն է` Դատարանի կողմից վճռի մեջ բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետ նշելու պատճառով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերը չի կարող կրել Դատարանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարման բացասական հետևանքը, քանի որ այս իրավիճակում բողոքաբերն իրավունք է ունեցել առաջնորդվելու օրինականության կանխավարկածով և կասկածի տակ չառնելու դատարանի կողմից նշված բողոքարկման ժամկետի հավաստի լինելու հանգամանքը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերած անձի միջնորդությունը` դատավարական ժամկետի բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանի կողմից, ՀՀ քաղաքացիական դատավարության 119-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով, ենթակա էր բավարարման:
Ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Արդյունքում` ոչ իրավաչափորեն մերժելով Ընկերության` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը` Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում սահմանափակելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը սպառիչ սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդության մերժումը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը պետք է իր մեջ բովանդակի վերաքննիչ բողոքը մերժելու յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը: Այլ կերպ` այն պետք է պարունակի դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացնում է այդ որոշումը: Ընդ որում, դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն` դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը: Հետևաբար, եթե վերաքննիչ բողոքի ընդունման մերժումը պայմանավորված է վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան միջնորդության կամ միջնորդությունների մերժմամբ, ապա (…), վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է ունենա նաև այդ միջնորդությունը կամ միջնորդությունները մերժելու վերաբերյալ վերջնական եզրահանգում (տե՛ս, «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ընդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴ1/0764/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 31.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման պատճառաբանական մասում անդրադարձել է վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու` Ընկերության միջնորդությանը, սակայն որոշման եզրափակիչ մասում այդ միջնորդությունը մերժելու կամ բավարարելու և բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու կամ չճանաչելու և դրա արդյունքում այդ ժամկետը վերականգնելու կամ չվերականգնելու վերաբերյալ որևէ եզրահանգում չի կատարել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը` նշված միջնորդության վերաբերյալ, ինչի արդյունքում սահմանափակվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության` վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Միքայելյան Ս. Անտոնյան Մ. Դրմեյան Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ա. Մկրտչյան Տ. պետրոսյան Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական: