ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/3694/05/16 |
Նախագահող դատավոր՝ Կ․ Մաթևոսյան |
Դատավորներ՝ |
Կ․ Բաղդասարյան |
|
Կ․ Ավետիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունիսի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդիթեր Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05․12․2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վարդիթեր Մարտիրոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), Արտաշես Գալստյանի, Ռիտա Ասատրյանի` Երևանի քաղաքապետի թիվ 2460-Ա որոշումն անվավեր ճանաչելու, որպես ածանցյալ և հետևանքները վերացնելու պահանջ` թիվ 2460-Ա որոշման հիման վրա Արտաշես Գալստյանի անվամբ 34.75քմ մակերեսով հողամասի նկատմամբ իրականացված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարդիթեր Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի թիվ 2460-Ա որոշումը և որպես ածանցյալ և հետևանքները վերացնելու պահանջ անվավեր ճանաչել թիվ 2460-Ա որոշման հիման վրա Արտաշես Գալստյանի անվամբ 34.75քմ մակերեսով հողամասի նկատմամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր`Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 23.08.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2018 թվականի որոշմամբ Վարդիթեր Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.08.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդիթեր Մարտիրոսյանը (ներկայացուցիչ Սուրեն Բաղրամյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 71-րդ, 144-րդ, 145-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 39-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ, 13-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ, 28-րդ, 123-րդ, 124-րդ, 126-րդ, 150-րդ, 151-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով վիճարկվող թիվ 2460-Ա որոշմամբ ավտոտնակի մուտքի դիմաց գտնվող 34.75քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում ուղղակի վաճառքի միջոցով տրամադրվել է երրորդ անձին: 34.75քմ մակերեսով հողամասը ցանկապատված է, իսկ այդ ցանկապատն ավտոտնակից գտնվում է մոտ 1,3 մետր հեռավորության վրա, ինչի արդյունքում հայցվորը չի կարողանում լիարժեք բացել ավտոտնակի դուռը, դեռ ավելին խոսք չի կարող գնալ ավտոտնակ ավտոմեքենայի կայանման մասին: Այս հանգամանքը հայցվորի իրավունքների ոտնահարման վառ ապացույց է հանդիսանում, ինչն անտեսվել է ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից: Վերոգրյալն առավել քան բավարար է արձանագրելու, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի իրականացրել արդյունավետ քննություն առավել ևս ի պաշտոնե (ex officio) չի պարզել գործի փաստական հանգամանքները և դրանցով հիմնավորվող հանգամանքները:
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ հայցվորը Դատարանի քննությանը ներկայացրել է վեճ, որն ուղղակի առնչություն ունի իր ոչ թե ենթադրյալ, այլ վիճարկման արդյունքում անմիջականորեն խախտված իրավունքների հետ, իսկ ինչպես Դատարանն, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրենց հերթին հայցվորի իրավունքներին առնչվող վեճով չեն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված քննություն, ավելին վիճարկվող որոշմամբ սահմանափակվել է հայցվորի անվամբ վերականգնված գույքային իրավունքները պատշաճ օգտագործելու հնարավորությունը, որպիսի հանգամանքները հիմնավորող ապացույցներն առկա են գործի նյութերում։
Ակնհայտ է, որ ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից վարչադատավարական օրենսդրության համաձայն սույն գործում եղած բոլոր ապացույցներն անտեսելու արդյունքում ներքին համոզմամբ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա չեն գնահատվել դրանք։ Վերոնշված հիմնավորումներն արձանագրում են Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալու հանգամանքը։
Քաղաքապետարանը ոչ իրավաչափ գործելու արդյունքում խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջը, քանի որ պատասխանողը գործել է ՀՀ օրենսդրությամբ իր վրա դրված հայեցողական լիազորությունների գերազանցմամբ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողի կողմից խախտվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, համաձայն որի վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05․12․2018 թվականի որոշումը և փոփոխել այն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) «Երևան քաղաքում անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» Երևանի քաղաքապետի 22.06.2009 թվականի թիվ 6331-Ա որոշման հավելվածի քաղվածքի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 10.11.2008 թվականի թիվ 12904 վկայագրով, Վարդիթեր Մարտիրոսյանին անցած ժառանգական գույքին՝ Մուրացանի փողոցի թիվ 151 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրվել է առանձին հասցե՝ Մուրացանի փողոց թիվ 151/1 (հատոր 1-ին, գ․թ․ 17)։
2) Երևանի քաղաքապետը 26.11.2012 թվականի թիվ 7523-Ա որոշման 1-ին կետով վերականգնել է Երևանի Մուրացանի փողոցի թիվ 151/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդիթեր Մարտիրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 152քմ մակերեսով հողամասին կից 63.57քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 63.57քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
Նույն որոշման 2-րդ կետի համաձայն` հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված թիվ 3704-2012 հատակագծով (հատոր 1-ին, գ․թ․ 13)։
3) «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթի կասեցման վերաբերյալ» Կադաստրի 25.10.2013 թվականի թիվ Կ-22/10/2013-1-0385 ծանուցման համաձայն՝ Վարդիթեր Մարտիրոսյանին թիվ 22/10/2013-1-0385 դիմումի հիման վրա Մուրացանի թիվ 151/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ հայտնվել է հետևյալը. «Ներկայացված՝ 18.12.2012թ. հ.3704-2012 հողամասի հատակագիծը մի մասով համադրվում է Նոր Արեշ 11-րդ փողոց 40 հասցեի գույքի հետ, ինչպես նաև շինությունների հատակագծում և բնութագրում՝ 1. սխալ է տարանջատված օրինական և ինքնակամ շինությունները, 2. նկուղի մասով առկա է անհամապատասխանություն մակերեսի մեջ, 3. ավտոտնակը բնութագրում նշված է օժանդակ շինություն։ Տեղեկացվում է նաև, որ կադաստրային գործում բացակայում է Մուրացանի 151/1 հասցեի տրամադրման մասին իրավահաստատող փաստաթուղթը» (հատոր 1-ին, գ․թ․ 18)։
4) Արտաշես Գալստյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Մուրացանի փողոցի թիվ 151 հասցեին կից լրացուցիչ հողամասը` որպես ընդլայնում ուղղակի վաճառքով իրեն օտարելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ․թ․ 117)։
5) Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշմամբ Մուրացանի փողոցի թիվ 151 հասցեում գտնվող, Արտաշես Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 34.75քմ մակերեսով հողամասը (ծածկագիր՝ 01-005-267-033) ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) նրան` տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 241․860 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 12)։
6) Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշման հիման վրա Երևան համայնքի և սույն գործով երրորդ անձ Արտաշես Գալստյանի միջև կնքվել և նոտարական կարգով վավերացել է 34.75քմ մակերեսով հողամասի առուվաճառքի մասին 25.09.2015 թվականի պայմանագիրը (հատոր 1-ին, գ․թ․ 85)։
7) «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 2015թ. հոկտեմբերի 14-ի հ. 3213-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Երևանի քաղաքապետի 04.11.2015 թվականի թիվ 3553-Ա որոշման հավելվածից քաղվածքի համաձայն՝ Արտաշես Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Մուրացանի փողոցի հ.151 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ.հ. 10102012-1516/ տրամադրվել է հասցե՝ Մուրացանի փողոց թիվ 151/2 (հատոր 1-ին, գ․թ․ 91-92)։
8) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11112015-01-0205 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Էրեբունի, Մուրացանի փողոց 151/2 բնակելի տան նկատմամբ 09.12.2003 թվականի թիվ 27270 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.08.2006 թվականի թիվ 2681 վճռի, 25.07.2012 թվականի թիվ 4188 համաձայնության, Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա և 04.11.2015 թվականի թիվ 3553-Ա որոշումների և 01.10.2015 թվականի թիվ 37082 հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի հիման վրա 11.11.2015 թվականին կատարվել է Արտաշես Մկրտչի Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Նշված վկայականի «4.Հողամասի բնութագրերը» բաժնում նշվել է 0.048775հա հողամասը՝ որպես սեփականություն, 0.00055հա հողամասը՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն (հատոր 1-ին, գ․թ․ 80)։
9) ՀՀ վարչական դատարանը 03․06․2016 թվականի թիվ ՎԴ/5962/05/14 վարչական գործով վճռել է Վարդիթեր Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության` 22.04.2005 թվականի թիվ 843-Ա որոշումը` որոշման հավելված 3-ի թիվ 513 կետում նշված 152 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչված սեփականության իրավունքի` հայցվորին թիվ 7523-Ա որոշմամբ հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող հատվածի մասով մասնակի անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ և հետևանքները վերացնելու պահանջ թիվ 843-Ա որոշման անվավեր ճանաչված մասով հայցվորին թիվ 7523-Ա որոշմամբ հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող հողամասի նկատմամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, բավարարել։
Մասնակիորեն անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 22.04.2005 թվականի թիվ 843-Ա որոշումը` որոշման հավելված 3-ի թիվ 513 կետում նշված 152 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչված սեփականության իրավունքի` Վարդիթեր Մարտիրոսյանին թիվ 7523-Ա որոշմամբ հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող հատվածի մասով և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ նույն մասով անվավեր է ճանաչվել համադրվող հողամասի նկատմամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը։ Երևանի քաղաքապետարանի դեմ ուղղված մասով հայցը մերժվել է` տվյալ մարմինը ոչ պատշաճ պատասխանող լինելու հիմքով (հատոր 1-ին, գ․թ․ 29-36)։
10) ՀՀ վարչական դատարանի 03․06․2016 թվականի թիվ ՎԴ/5962/05/14 վճիռը Արսեն, Սուսաննա, Ռազմիկ Մկրտչյանների կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որն էլ 02․08․2016 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 2-րդ, գ․թ․ 41-43)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի դատական կարգով բողոքարկման իրավական հարցին։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
ՀՀ սահմանադրական դատարանը 07․09․2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր դեպքերում ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձն իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանություն կարող է հայցել միայն այն դեպքում, եթե գտնում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ անմիջականորեն խախտվել կամ կարող են խախտվել նրա իրավունքները կամ օրինական շահերը: Նշվածից հետևում է նաև, որ վարչական արդարադատություն հայցող անձի պահանջը կարող է բավարարվել միայն նրա` շահագրգիռ անձ լինելու դեպքում, այն է` եթե խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` ՄԻԵԴ) իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (տե´ս, Լը Քոմպտեն և մյուսներն ընդդեմ Բելգիայի թիվ 6878/75 դիմումով ՄԻԵԴ 23.06.1981 թվականի վճիռը, պարբ. 47, Բենթհեմն ընդդեմ Նիդերլանդների թիվ 8848/80 դիմումով ՄԻԵԴ 23.10.1985 թվականի վճիռը, պարբ. 32):
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված է, որ որպես ընդհանուր կանոն` դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են, կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Օրենսդիրը, նույնպես առաջնորդվելով այս ընդհանուր կանոնով, վարչական դատավարության օրենսգրքում ամրագրել է յուրաքանչյուրի` իր խախտված իրավունքների պաշտպանության համար վարչական դատարան դիմելու իրավունքը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ, որոնք խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայց ներկայացնելու համար, պետք է առկա լինի ոչ միայն վարչական մարմինների ոչ իրավաչափ որոշում, գործողություն կամ անգործություն, այլև նշված ոչ իրավաչափ որոշման, գործողության կամ անգործության արդյունքում անձանց սուբյեկտիվ իրավունքների խախտում կամ խախտման առաջացման վտանգ:
Այսինքն՝ վարչական արդարադատություն, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված դեպքերի, կարող է հայցել միայն այն անձը, ով հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, կամ այլ կերպ ասած՝ այն անձը, ում սուբյեկտիվ իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել:
Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատություն հայցող անձանց կողմից ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված վարչական գործերից յուրաքանչյուրով պետք է պարզվի` արդյոք հայցվորը հանդիսանում է դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ, այսինքն՝ «շահագրգիռ անձ», քանի որ միայն իրավական շահագրգռվածության առկայության պարագայում անձը կարող է ակնկալել իր խախտված իրավունքների դատական պաշտպանություն: Ընդ որում, իրավունքների խախտման, կամ այլ կերպ ասած՝ դատարան դիմելու իրավունքը կրող սուբյեկտ լինելու վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է հենց հայցվորը (տե´ս, Ջորջիո ԱՐՄԱՆԻ Ս.Պ.Ա. Միլան, Սվիս Բրենչ Մենդրիսիո ընկերությունն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության` ի դեմս Մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ ««Այգեպատ» գինու-կոնյակի գործարան» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/9190/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորման առարկայի իմաստով դատարան դիմելու իրավունքի առկայության համար բավարար չէ միայն սուբյեկտների անհրաժեշտ կազմի վերաբերյալ պահանջի բավարարումը: Այն, ի թիվս այլ պայմանների, պետք է դիտարկվի նաև համապատասխան սուբյեկտի մոտ դատարան դիմելու իրավական շահի առկայության համատեքստում` ելակետ ընդունելով օրենսդրորեն սահմանված իրավական նախադրյալները: Այսինքն` «շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և գործը քննող դատարանն իրավասու է գնահատելու այս հասկացությունը յուրաքանչյուր գործով` հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և պարզելով, թե արդյոք տվյալ անձն ունի իրավական շահագրգռվածություն, թե` ոչ (տե´ս, Տիգրան Սանասարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3477/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դրույթների վերլուծությունից հետևում է, որ վկայակոչված իրավանորմերը սահմանում են, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի դիմելու վարչական դատարան: Այսինքն` սկզբունքորեն ենթադրվում է, որ անձի իրավունքի խախտման հնարավորություն գոյություն ունի և իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու վարչական դատարան:
Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ վարչական ակտը վիճարկելիս դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի, դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքներն ու ազատությունները, որոնք խախտվել են (տե′ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը մերժելով հայցն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետը 26.11.2012 թվականի թիվ 7523-Ա որոշման 1-ին կետով վերականգնել է Երևանի Մուրացանի փողոցի թիվ 151/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդիթեր Մարտիրոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 152քմ մակերեսով հողամասին կից 63.57քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 63.57քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։ Իսկ Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ Մուրացանի փողոցի թիվ 151 հասցեում գտնվող, Արտաշես Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 34.75քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է նրան։ Ընդ որում, Դատարանը փաստել է, որ Երևանի քաղաքապետի 26.11.2012 թվականի թիվ 7523-Ա որոշմամբ Վարդիթեր Մարտիրոսյանի սեփականության իրավունքը ճանաչված հողամասը և 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշմամբ Արտաշես Գալստյանին ուղղակի վաճառքի միջոցով օտարված հողամասը միմյանց հետ չեն համադրվում։
Բացի դա, Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշմամբ օտարված 34.75քմ մակերեսով հողամասի նկատմամբ Արտաշես Գալստյանի սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում 11.11.2015 թվականին, որպիսի փաստը հաստատվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11112015-01-0205 վկայականով։ Մինչդեռ, սույն գործով հայցվորի սեփականության իրավունքը նրա կողմից վկայակոչված ավտոտնակի նկատմամբ գրանցված չէ։
Հետևաբար, Դատարանի գնահատմամբ, սույն գործում առկա փաստաթղթերով չի հիմնավորվում հայցվորի կողմից իր պահանջի հիմքում վկայակոչված այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշմամբ խախտվել է նրա՝ ավտոտնակը տնօրինելու և տիրապետելու իրավունքը։
Դատարանը փաստել է նաև, որ այդ վիճարկվող որոշումը Արտաշես Գալստյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված բարենպաստ վարչական ակտ է, հետևաբար հիմնավոր չէ նաև հայցվորի պնդումն այն մասին, որ Երևանի քաղաքապետի 10.08.2015 թվականի թիվ 2460-Ա որոշումը միջամտող վարչական ակտ է, որով խախտվել են նրա՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները։
Վերաքննիչ դատարանը մերժելով վերաքննիչ բողոքն արձանագրել է, որ հայցվորը, երրորդ անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումները վիճարկելու հարցում իր շահագրգռվածությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ խնդրո առարկա հողին կից գտնվում է իր ավտոտնակը, որի շահագործումը դառնում է անհնարին, քանի որ ավտոտնակի մուտքը գտնվում է այդ հողամասի կողմում, իսկ վիճարկվող որոշմամբ օտարված հողամասը երրորդ անձին պատկանելու պարագայում ավտոտնակի մուտքը փակվում է:
Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ չի բացառվում, որ այդ վայրում առկա է ավտոտնակ, որը այս պահի դրությամբ պետական գրանցում չի ստացել, սակայն նման պայմաններում, երբ հայցվորի կողմից փաստացի օգտագործվում է չգրանցված շինություն, խոսք չի կարող գնալ այդ շինության օգտագործման համատեքստում նրա իրավունքների խախտման մասին:
Վերաքննիչ բողոքի մերժման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է նաև այն փաստարկը, որ հայցվորի կողմից իրեն պատկանող գույքի տիրապետումը չի կարող կախված լինել հարևանությամբ գտնվող և հայցվորին չպատկանող գույքի տիրապետումից և բացի այդ հայցվորը որևէ կերպ սահմանափակված չէ իրեն պատկանող գույքը, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմաններում տիրապետելու հնարավորությունից։
Վերոգրյալից ելնելով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտերի վիճարկման համատեքստում հայցվորի իրավունքները չեն շոշափվում:
Վճռաբեկ դատարանը համադրելով վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները գործի փաստական հանգամանքների հետ գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել հայցվորի շահագրգիռ լինելու հարցում, հետևյալ նկատառումներից ելնելով․
Սույն գործում առկա փաստերի համաձայն թիվ ՎԴ/5962/05/14 վարչական գործով կայացված վճռով մասնակիորեն անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 22․04․2005 թվականի թիվ 843-Ա որոշումը՝ որոշման հավելված 3-ի թիվ 513 կետում նշված 152քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչված սեփականության իրավունքի՝ Վարդիթեր Մարտիրոսյանին թիվ 7523-Ա որոշմամբ հատկացված ավտոտնակի տարածքի համադրվող տարածքի մասով, և որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ նույն մասով անվավեր է ճանաչվել համադրվող հողամասի նկատմամբ իրականացված իրավունքի պետական գրանցումը։ Նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, որը 05․08․2016 թվականին ընդունվել է վարույթ։
Երևանի քաղաքապետի 26․11․2012 թվականի թիվ 7523-Ա որոշման 1-ին կետով վերականգնվել է Երևան քաղաքի Մուրացան փողոցի թիվ 151/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդիթեր Մարտիրոսյանի սեփականության իրավունքը՝ բնակելի տան զբաղեցրած, և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 152քմ մակերեսով հողամասին կից 63,57քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 63,57քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք շինությունների նկատմամբ։ Նույն որոշման 2-րդ կետի համաձայն հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված 3704-2012 հատակագծով։
Գործում բացակայում է որևէ հիմք, հիմնավորում, որ հայցվոր Վարդիթեր Մարտիրոսյանն իրեն պատկանող հողամասում գտնվող ավտոտնակն ապօրինի է օգտագործում՝ վնաս պատճառելով այլ անձանց։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ճիշտ եզրահանգման չեն եկել վարչական ակտը վիճարկելու հարցում հայցվորի շահագրգիռ չլինելու մասին, քանի որ չնայած այն հանգամանքին, որ սույն վարչական գործով հայցվոր Վարդիթեր Մարտիրոսյանի դիմումով ՀՀ կադաստրի պետական կոմիտեում հարուցված վարչական վարույթը կասեցված է և անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել, սակայն այդ փաստը ամենևին Վարդիթեր Մարտիրոսյանի կողմից Երևան քաղաքի Մուրացան փողոցի թիվ 151/1 հասցեում գտնվող անշարժ գույքի տիրապետումը և օգտագործումն ապօրինի չի դարձնում, որպիսի հանգամանքն արդեն իսկ թույլ է տալիս եզրահանգելու, որ Վարդիթեր Մարտիրոսյանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով հայց ներկայացնելու իրավունք ունեցող անձ է։
Իրավաչափ չէ նաև ստորադաս դատարանների եզրահանգումն այն մասին, որ վարչական ակտի հասցեատեր հանդիսացող անձի համար բարենպաստ վարչական ակտը՝ չհանդիսանալով միջամտող վարչական ակտ դրա հասցեատեր չհանդիսացող հայցվորի համար, չի կարող խախտել նրա իրավունքները, քանի որ բողոքարկվող վարչական ակտի ուժով սեփականության զրկում տեղի չի ունենում, այնուհանդերձ, ի հայտ է գալիս անձի սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորություններից օգտվելու հնարավորությունների սահմանափակում, քանի որ ակնհայտ է, որ սեփականատիրոջ կողմից ավտոտնակը նպատակային նշանակությամբ օգտագործվել չի կարող:
Մասնավորապես վիճարկվող վարչական ակտով պատասխանող կողմին տրված իրավունքների և հայցվոր կողմին վարչական ակտերով տրված իրավունքների հետազոտումից պարզ է դառնում առնվազն այն փաստը, որ հայցվոր կողմը հարկադրված է լինելու փոխել իր ավտոտնակի նպատակային նշանակությունը, կամ բարձրացնել սերվիտուտի սահմանման հարց։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզելու նպատակով, ինչպես նաև գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (ex officio) պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05․12.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|