Գլխավոր տեղեկություն
Номер
N 1940-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.11.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 27.11.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2021
Дата вступления в силу
28.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1940-Լ

 

«ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-075-27.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

25.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-075-27.10.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դեռևս 2021 թվականի ապրիլին շրջանառության մեջ էր դրվել «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը տեղադրված է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարությունը նախաձեռնել է նաև «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարություն» փաստաթղթի մշակման գործընթացը, որը կմեկնարկի 2021 թվականի դեկտեմբեր ամսին և նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի մայիսին։ Ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկում կլինի «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որն էլ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանանալուց հետո կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։

Հարկ է նկատել, որ ներկայացված նախագծի որոշ հոդվածներ, առանձին դրույթներ ամբողջապես կամ մասնակի կրկնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծի դրույթներին: Ուստի ներկայացված նախագծի հեղինակներին առաջարկում ենք նախագծի դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք նախագծի քննարկումների շրջանակներում:

Այդուհանդերձ ներկայացված նախագծի վերաբերյալ ստորև ներկայացնում ենք որոշ դիտարկումներ.

1. Նախագծի 12-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման, ներկայումս օգտվում են սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի համար հնարավոր նվազ սակագներից.

2) 5-րդ մասի վերաբերյալ հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի.

ա. 224-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ անշարժ գույքի հարկն օրենսգրքի 11-րդ բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, ուստի քննարկման ենթակա է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքի բյուջեի եկամուտներից ֆիզիկական անձանց գումարների վերադարձման վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորությունը,

բ. 230-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ.

3) 6-րդ մասի վերաբերյալ հարկ է նկատի ունենալ, որ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարվանից ոչ ավելի։

Այս տեսակետից բազմազավակ ծնողի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժին յուրաքանչյուր երեխայի հաշվառմամբ երեք տարի ավելացնելը չի բխում կենսաթոշակային օրենսդրության քաղաքականության տրամաբանությունից, քանի որ կենսաթոշակի իրավունքն առաջին հերթին փոխկապակցված է անձի աշխատանքային ստաժին, և այլ գործունեության ժամանակահատվածները (այդ թվում՝ երեխաներին խնամելու ժամանակահատվածը) հաշվառվում են օրենքով պահանջվող նվազագույն ստաժի (10 օրացուցային տարի) առկայության դեպքում։

2. 13-րդ հոդվածի վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ բազմազավակ ընտանիքների անդամները.

1) օգտվում են պետության կողմից երաշխավորված առողջության առաջնային պահպանման ծառայություններից, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 12-ի թիվ 961-Լ հրամանով հաստատված առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բժշկական օգնության և սպասարկման ողջ ծավալից, ներառյալ` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններից, ինչպես նաև ըստ բժշկական ցուցումների առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ուղեգրմամբ նեղ մասնագիտական խորհրդատվություններից,

2) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը կպահանջի լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

3. Նախագծի 17-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-Ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1752-Ն որոշման 6-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության, տրամադրում է՝ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ սույն որոշման հավելված հանդիսացող կարգի 11-րդ կետին համապատասխան, որով սահմանվում է ուսանողական նպաստի լրիվ կամ մասնակի զեղչի տրամադրումը:

4. Նախագծի 19-րդ հոդվածի վերաբերյալ հարկ է նկատի ունենալ, որ «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 27-րդ հոդվածը կարգավորում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրման հարաբերությունները, մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ծնողական փառքի մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն ծնողներին (ծնողին), որդեգրողներին (որդեգրողին), որոնք դաստիարակել և դաստիարակում են 6 և ավելի զավակ:

Ամփոփելով, հարկ ենք համարում նշել, որ նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 34,1 մլրդ դրամ, ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Բազմազավակ ընտանիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

 

Նախագծով նախատեսվում է կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, կարգավիճակը, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող աջակցության նպատակը, տեսակներն ու ֆինանսավորման աղբյուրները՝ մասնավորապես, առաջարկվում է սահմանել բազմազավակ ընտանիքներին վճարվող ընտանեկան նպաստի ամսական չափի վերանայման, սպառած էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ամսական վարձավճարի մասնակի սուբսիդավորման, բազմազավակ ծնողի համար որոշ չափով օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկի գումարը վերադարձի, վճարված գյուղատնտեսական նշանակության հողի հարկի և գույքահարկի գումարը վերադարձի, պարտադիր բժշկական ապահովագրության ապահովման, բնակարանով և տրանսպորտային միջոցով ապահովման, կենցաղային ապրանքի ձեռքբերման, ինքնազբաղվածության ապահովման և երեխաների կրթական աջակցության հետ կապված հարաբերությունները:

Օրենքով կարգավորվող դրույթների համաձայն՝ նախագծով նախատեսվող փոփոխությունները կհանգեցնեն շահառուների շրջանակի ընդլայնման, վերոնշյալ աջակցության չափերի բարձրացման և դրանով պայմանավորված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ավելացման, որոնց գծով Նախագծին կից ներկայացված հաշվարկների համաձայն՝ առաջարկվող լրացուցիչ ծախսը տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 34,1 մլրդ դրամ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցությանը՝ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

1. բազմազավակ ծնողի համար օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկի գումարը վերադարձվում է բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ եկամտային հարկի ընդհանուր գումարի հինգ տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով,

բազմազավակ ծնողի համար օրենքով սահմանված կարգով վճարված գյուղատնտեսական նշանակության հողի հարկի և գույքահարկի գումարը վերադարձվում է բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ գյուղատնտեսական նշանակության հողի հարկի և գույքահարկի ընդհանուր գումարի տասը տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան