ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՍԴ/0052/01/18 |
Գործ թիվ ՍԴ/0052/01/18 |
Նախագահող դատավոր՝ | Ռ. Բարսեղյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
Ս. Մարաբյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2021 թվականի օգոստոսի 13-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Տիգրան Լեռնիկի Բեգլարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2018 թվականի մայիսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90552618 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Տիգրան Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 19-ի որոշմամբ Տ.Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2018 թվականի մայիսի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով Տ.Բեգլարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել զինվորական ծառայության մեջ սահմանափակում` 1 (մեկ) տարի ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 (հինգ) տոկոս պահումով:
3. Ամբաստանյալ Տ.Բեգլարյանի պաշտպան Կ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը բեկանվել և փոփոխվել է: Տ.Բեգլարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել: Նույն որոշմամբ Տ.Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Տիգրան Բեգլարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ ՍԶ 5070 զորամասի ապահովման-սպասարկման վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, կոչումով` կապիտան, զորամասում` իրեն հատկացված սպայական կացարանում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված, ծեծել է իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող, կապի խմբի հատուկ նշանակության օպերատոր, ենթասպա Դավիթ Փառնակի Հարությունյանին, այն է` 2018 թվականի մայիսի 8-ին` ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ զորամասի սպայական կացարանում՝ իր սենյակում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում աջ ձեռքով հարվածներ է հասցրել Դ.Հարությունյանին` պատճառելով ձախ վերհոնքային, ձախ քունքային, քթի հիմի, ստորին շրթունքի ձախ շրջանի ճանկռվածքների, ձախ ակնակապճային շրջանի արյունազեղման, ձախ ակնագնդի ենթաշաղկապենային ձախակողմյան փոքր արյունազեղման ձևով՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»1:
6. Առաջին ատյանի դատարանն իր՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռում արձանագրել է հետևյալը. «(…) Վերլուծելով ու գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները և գործի նյութերն իրենց համակցությամբ, դրանց գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչպես նաև դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` դատարանը հաստատված է համարում հետևյալ փաստական հանգամանքները`
1. Կապիտան Տիգրան Բեգլարյանը հանդիսացել է վերադաս ենթասպա Դավիթ Հարությունյանի նկատմամբ:
2. 2018 թվականի մայիսի 8-ին նրանց միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը կապված չի եղել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ:
3. Նշված միջադեպը տեղի է ունեցել կապիտան Տիգրան Բեգլարյանի սպայական կացարանում, որը հանդիսանում է ՀՀ ԱԱԾ ՍԶ 5070 զորամասի տարածք (համաձայն դեպքի վայրի զննության մասին արձանագրության և նշված զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի):
4. Միջադեպի ընթացքում Տիգրան Բեգլարյանն առնվազն երեք հարված է հասցրել Դավիթ Հարությունյանի գլխին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել են մարմնական վնասվածքներ, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում (համաձայն Տիգրան Բեգլարյանի, Քնարիկ Մարտիրոսյանի և Վան Դանիելյանի նախաքննությամբ ու Դավիթ Հարությունյանի դատաքննությամբ և նախաքննությամբ տված ցուցմունքների ու դատաբժիշկ-փորձագետի թիվ 121/ա եզրակացության):
5. Նշված միջադեպի ընթացքում Տիգրան Բեգլարյանի և Դավիթ Հարությունյանի միջև հարաբերությունները կրել են զինվորական կանոնագրքային բնույթ, քանի որ նրանք գտնվել են զորամասի տարածքում, իսկ Դավիթ Հարությունյանը գտնվել է հերթապահության մեջ, որի մասին տեղյակ էր նաև ամբաստանյալը:
6. Միջադեպի ընթացքում Դավիթ Հարությունյանը Տիգրան Բեգլարյանի նկատմամբ որևէ բռնի գործողություն չի կատարել, նրա գործողությունները կրել են պաշտպանողական բնույթ, որոնց արդյունքում Տիգրան Բեգլարյանին մարմնական վնասվածք չի հասցվել:
Վերոգրյալի հիման վրա, դատարանը գտնում է, որ Տիգրան Լեռնիկի Բեգլարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով և որակվում է որպես զորամասում ստորադասին (ենթակային) ծեծել, որը կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ: (...)»2:
7. Ամբաստանյալ Տ.Բեգլարյանի պաշտպան Կ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքի համաձայն՝ «(...) [Առաջին ատյանի դատարանի կողմից] չի գնահատվել «զորամասի տարածք» և «զինվորական հանցագործություններ» հասկացությունների բովանդակությունը, որոնք մեղսագրված արարքի որակման համար ունեն էական նշանակություն: Բուն միջադեպը տեղի է ունեցել սպայական կացարանում հանգստի ժամին, ինչպիսի հանգամանքը բացառում է արարքը զինվորական հանցագործություն որակելը, քանի որ միանշանակ զինվորական կարգի դեմ ուղղված չի եղել:
(...)
Դատարանը չի վկայակոչել հարցման արդյունքում ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից ներկայացված պատասխանը (...) և չի անդրադարձել դրա ապացուցողական նշանակությանը գործի ելքի վրա: (...) Իսկ պատասխանում արձանագրված է, [որ] նշված բնակելի շենքում, թեկուզ շենքը գտնվում է զորամասի սահմաններում, գործում են բնակության ընդհանուր համակեցության կանոնները: Սպաները, ենթասպաները ծառայությունից հետո, ազատ ժամանակ, հանգստի մեջ գտնվելիս, ինչպես նաև արձակուրդի մեջ գտնվելիս հանդիսանում են պարզապես քաղաքացիներ և նրանց վրա չի տարածվում զինվորական կարգը»3։
8. Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշման համաձայն. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Տիգրան Բեգլարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ իր դատողությունները չի կառուցել գործի փաստական հանգամանքներից [բխող] ողջամիտ ենթադրությունների վրա, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության ամբաստանյալի արարքի քրեաիրավական որակման վերաբերյալ։
(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ զորամասի տարածքում կատարված ոչ բոլոր արարքներն են համարվում զինվորական հանցագործություն, հետևաբար յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է զինվորական հանցագործությունները սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներից, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող զանցանքներից։
Վերոգրյալի համատեքստում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ սույն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն հիմնավորված եզրակացության հանգելու առ այն, որ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել զինվորական ենթակայության կարգը խախտելուն։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թեև միջադեպը տեղի է ունեցել զորամասի տարածքում, սակայն վիճաբանության արդյունքում տուժողին հարվածելը պայմանավորված է եղել ամբաստանյալի և տուժողի միջև առաջացած ներանձնային հարաբերություններով։ Այլ կերպ՝ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել ոչ թե զինվորական ենթակայության կարգի խախտմամբ տուժողի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն, այլ տուժողի դրսևորած վարքագծին (կատարած արտահայտության) ի պատասխան որպես անհատ որոշակի քայլեր ձեռնարկելուն (որը սույն դեպքում արտահայտվել է Դ.Հարությունյանին հարվածելով՝ առնվազն երեք անգամ)։
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված ապացույցների ամբողջությունը բավարար չէ ամբաստանյալ Տիգրան Բեգլարյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հաստատված համարելու վերջինիս գործողությունների՝ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված լինելու հանգամանքը։ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը վկայում է այն մասին, որ Տիգրան Բեգլարյանի գործողությունները հանդիսացել են տուժողի կողմից կատարված արտահայտության պատասխան, նպատակ են հետապնդել լուծել տուժողի հետ վիճաբանության արդյունքում առաջացած հարաբերությունները, որպիսի հանգամանքները վկայում են ամբաստանյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության մասին։ (...)»4։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոք բերած անձի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, կայացված որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։ Մասնավորապես բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի հետևությունները չեն համապատասխանում սույն գործով հետազոտված ապացույցներին և հակասում են ինչպես ապացույցների գնահատման, այնպես էլ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների քրեաիրավական որակման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։
Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել կամ սխալ է գնահատել գործի լուծման համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Տ.Բեգլարյանի կողմից կատարվել է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, և նրա արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին։
10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված անձնական շարժառիթով կատարված հանրորեն վտանգավոր արարքը չի կարող որակվել որպես զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություն:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ (...)»:
Մեջբերված նորմը պատասխանատվություն է սահմանում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված առավել բարձր վտանգավորություն ներկայացնող հանցանքներից մեկի` պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որպիսի արարքը ոչ միայն ոտնձգում է անձի կյանքի և առողջության դեմ, այլև խախտում է զինվորական կանոնագրքերով սահմանված ենթակայության կարգը, վկայում զինվորական ծառայության նկատմամբ հանցանք կատարած անձի ունեցած անբարեխիղճ վերաբերմունքի մասին, ինչն էլ իր հերթին բացասական ազդեցություն է գործում զինվորական կարգապահության, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստվածության վրա5:
Այս հանցագործության անմիջական օբյեկտը զինվորական ենթակայության կարգն է, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս անձի կյանքը և առողջությունը:
Քննարկվող հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է պետի կողմից ստորադասին ծեծելով, նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Ընդ որում, այս հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր պայման է վերը նշված արարք(ներ)ի կատարումը զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում:
Սուբյեկտիվ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով արգելված արարքը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Այսինքն՝ հանցավորը գիտակցում է, որ զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասի նկատմամբ զինվորական պարտականությունները կատարելու հետ չկապված բռնություն է գործադրում կամ դա գործադրելու սպառնալիք է տալիս և ցանկանում է դա:
Հանցագործության սուբյեկտը հատուկ է. որպես այդպիսին հանդես է գալիս պետը (հրամանատարը)։
13. Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների առանձնահատկությունների կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Սրապիոն Հովհաննիսյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ «(...) [Զ]ինվորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստն ինքնին հիմք չէ արձանագրելու, որ զինծառայողը յուրաքանչյուր պահի զինվորական ծառայության կոնկրետ պարտականություններ է կատարում։ (...) [Ծ]առայության մեջ գտնվելու ժամանակաշրջանում զինծառայողները գտնվում են ոչ միայն զինվորական ծառայական հարաբերությունների, այլ զինվորական օրենսդրության նորմերով չկարգավորվող այլ (անձնական, քաղաքացիաիրավական, ընտանեկան և այլն) իրավահարաբերությունների մեջ։ (...) [Զ]որամասի տարածքում կատարված ոչ բոլոր արարքներն են համարվում զինվորական հանցագործություն, հետևաբար յուրաքանչյուր գործով անհրաժեշտ է զինվորական հանցագործությունը հստակ սահմանազատել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված այլ արարքներից, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող զանցանքներից։ (...)»6:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ «(...) [Զ]ինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված անձնական կամ այլ շարժառիթներով իրականացվող հանրորեն վտանգավոր արարքները մինչև օրենքում կատարված փոփոխությունները զինվորական հանցագործություն չեն համարվել։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, 2013 թվականի ապրիլի 30-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-34-Ն օրենքը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում (օրինակ` ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ, 358.1-րդ, 360-րդ հոդվածները), որոնց դիսպոզիցիաներում առկա է «եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ» ձևակերպումը։ Այլ խոսքով՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակ ամրագրված է, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված արարքները որպես զինվորական հանցագործություն որակելու համար անհրաժեշտ է որպեսզի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշում արված լինի այն մասին, որ արարքը ենթակա է որակման որպես զինվորական հանցագործություն նաև այն դեպքում, երբ կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ»7:
13.1. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ վերոնշյալ հոդվածով արգելված արարքները կատարվեն զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում և կապված չլինեն զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Տ.Բեգլարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով վաշտի հրամանատարի պաշտոնակատար, կոչումով կապիտան, զորամասում` իրեն հատկացված սպայական կացարանում, զինվորական ծառայության պարտականություններ կատարելու հետ չկապված, ծեծել է իր նկատմամբ ստորադաս (ենթակա) հանդիսացող ենթասպա Դ.Հարությունյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ8:
Առաջին ատյանի դատարանը, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում, Տ.Բեգլարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում9:
Վերաքննիչ դատարանն իր հերթին եկել է այն եզրահանգման, որ Տ.Բեգլարյանի արարքը համապատասխանում է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի, այլ նույն օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներին: Որպես հիմնավորում Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև միջադեպը տեղի է ունեցել զորամասի տարածքում, սակայն վիճաբանության արդյունքում տուժողին հարվածելը պայմանավորված է եղել ամբաստանյալի և տուժողի միջև առաջացած ներանձնային հարաբերություններով, այն է՝ ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել ոչ թե զինվորական ենթակայության կարգի խախտմամբ տուժողի նկատմամբ բռնի գործողություններ կատարելուն, այլ տուժողի դրսևորած վարքագծին (կատարած արտահայտության) ի պատասխան որպես անհատ որոշակի քայլեր ձեռնարկելուն, որը սույն դեպքում արտահայտվել է Դ.Հարությունյանին առնվազն երեք անգամ հարվածելով10։
Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ ստորադաս դատարաններն ըստ էության հաստատված են համարել այն փաստը, որ Տ.Բեգլարյանը բռնություն է գործադրել տուժող Դ.Հարությունյանի նկատմամբ զորամասի տարածքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված: Միևնույն ժամանակ, վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ արարքը չի կարող որակվել որպես զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն:
15. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված անձնական շարժառիթով կատարված հանրորեն վտանգավոր արարքը չի կարող որակվել որպես զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն: Այս առումով Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրենսդիրը, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում հստակ ամրագրելով «եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ» հատկանիշը, քրեական պատասխանատվություն է սահմանել նաև զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետի կողմից ստորադասի նկատմամբ այնպիսի բռնի գործողություններ կատարելու կամ դրա սպառնալիքի համար, որոնք կապված չեն զինվորական պարտականությունները կատարելու հետ և իրականացվում են անձնական կամ այլ շարժառիթներով:
16. Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ չկապված անձնական շարժառիթով կատարված հանրորեն վտանգավոր արարքը չի կարող որակվել որպես զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություն, իրավաչափ չէ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով որոշում կայացնելիս սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել պաշտպանի վերաքննիչ բողոքում վկայակոչված՝ սպայական կացարանը զորամասի տարածք դիտարկելու և ըստ այդմ՝ Տ.Բեգլարյանի արարքը զինվորական հանցագործություն որակելու իրավաչափության վերաբերյալ փաստարկը, ինչը, ըստ Վճռաբեկ դատարանի, ամբաստանյալի արարքի որակման հարցում կարող էր էական նշանակություն ունենալ:
17. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք բողոքարկված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու հիմք են: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով սույն որոշմամբ արձանագրված խախտումները, պետք է քննարկման առարկա դարձնի սպայական կացարանը զորամասի տարածք դիտարկելու մասին պաշտպանի վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկը և Տ.Բեգլարյանի արարքի քրեաիրավական որակման հարցում հանգի համապատասխան հետևության:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Տ.Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Տիգրան Լեռնիկի Բեգլարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հուլիսի 4-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 80-81:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 143-144:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 82-101:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 72-74:
5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սրապիոն Հովհաննիսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՍԴ/0204/01/11 որոշման 19-րդ և 21-րդ կետերը:
7 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Սարուխանյանի վերաբերյալ գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴ/0185/01/13 որոշման 19-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|