Գլխավոր տեղեկություն
Номер
N 1911-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.11.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 26.11.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.11.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2021
Дата вступления в силу
27.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1911-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Խ-073-26.10.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը և պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ եզրակացությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

25.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Խ-073-26.10.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ներդրվում է կենսաթոշակների չափերի ավելացման նոր մեխանիզմ՝ փոխկապակցված սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) և միջին ամսական անվանական աշխատավարձի ավելացմանը։

Ընդ որում, ըստ նախագծի հիմնավորման՝ այդպիսով երկրի սոցիալտնտեսական հիմնական ցուցանիշների և կենսաթոշակի չափի միջև կստեղծվի կապ՝ էապես սահմանափակելով կառավարության հայեցողական լիազորությունների շրջանակը։

Ըստ էության, նախագծով ամրագրվում է կառավարության՝ ինֆլյացիայի առկայության դեպքում կենսաթոշակների (նպաստների) պարտադիր ավելացման ուղղակի պարտավորությունը և ավելացման չափը։

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ կենսաթոշակների (նպաստների) չափերի ավելացումը կառավարության համար օրակարգային խնդիր է, ինչն արտացոլված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։

Մասնավորապես, կենսաթոշակի (նպաստի) չափի և սպառողական գների ինդեքսի ցուցանիշների միջև փոխկապվածության ապահովումը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականություն է, որի ռազմավարական նպատակն արտացոլված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառ» բաժնի 4.6-րդ կետում։

Հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանի 02.04.2014 թ. թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշման համաձայն․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ «կենսաթոշակ» հասկացությունը որևէ ձևով ամրագրված չէ։ Սակայն «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ ... սոցիալական ապահովության իրավունքի բնութագրիչ, պետության հիմնական խնդիրների սահմանները բնորոշող ոլորտ, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության բնագավառ։ Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ։ Դրանց թվում՝ սոցիալական ապահովության իրավունքը ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական իրավունքներից մեկը և Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով պետությունը սահմանափակված է նաև այս իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։

Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին 1966 թվականի դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագիրը, նաև դրա 9-րդ հոդվածով է միջազգային պարտավորություն ստանձնել ճանաչելու յուրաքանչյուրի սոցիալական ապահովության իրավունքը։

... Տվյալ ոլորտում, համաչափության և համամասնականության հիմնարար սկզբունքների պահանջներից ելնելով` հայեցողության սահմանները պայմանավորվում են, մի կողմից, պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից՝ սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով։»։

Ըստ այդմ, սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորումը դիտարկելով որպես կարևորագույն խնդիր, այնուհանդերձ գտնում ենք, որ պետության տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների հաշվառմամբ, խնդրո առարկա իրավունքի իրացումն ապահովող քաղաքականությունը, գործող կարգն արդարացված են, քանի որ դրանցում հայեցողության սահմանները պայմանավորված են մի կողմից՝ պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից՝ սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով, որն էլ հանդիսանում է ոլորտի ճկունության անհրաժեշտությունը և ֆինանսական կայունությունը պայմանավորող գործոն։

Այս տեսանկյունից խնդրահարույց է ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը, ինչն առաջարկվում է նախագծերի փաթեթով: Նպատակահարմար է կենսաթոշակների չափերի ավելացման համար տարեկան պարտադիր ինդեքսավորումն օրենքով նախատեսելու հարցը քննարկել կենսաթոշակների չափերի ավելացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական նպատակի իրականացումից հետո։ Ընդհանուր առմամբ կարող են քննարկվել ոչ թե կենսաթոշակների (նպաստների) ավելացման (այդ թվում՝ ինդեքսավորման) մեխանիզմները, այլ ավելացման հիմքերը (դեպքերը) օրենքով ամրագրելու հարցը՝ կառավարությանը վերապահելով տվյալ տարվա սոցիալ-տնտեսական հնարավորությունների շրջանակում բարձրացման կոնկրետ չափը և մեխանիզմները սահմանելու իրավասությունը։

Ելնելով վերոգրյալից` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակահարմար չէ և առաջարկվում է նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ:

Հարկ ենք համարում նշել, որ նախագծերով առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման և 2021 թվականը որպես բազա դիտարկելու դեպքում տարվա կտրվածքով լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 12.3 մլրդ դրամ, ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենքների նախագծերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պետք է ընդունի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

 

Նախագծերով առաջարկվում է կարգավորել աշխատանքային և զինվորական կենսաթոշակների ինդեքսավորման, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստների ինդեքսավորման հետ կապված հարաբերությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող նպաստների գումարները, ինչպես նաև բոլոր տեսակի կենսաթոշակները եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ, հայտնում ենք, որ նախագծերի ընդունումը չի հանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի վրա ազդեցությանը՝ հայտնում ենք, որ, հաշվի առնելով բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկվող գնաճի թիրախային մակարդակի 4±1,5 տոկոս առաջարկը, նախագծերով առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման և 2021 թվականը որպես բազա դիտարկելու դեպքում տարվա կտրվածքով լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 12.3 մլրդ դրամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան