Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-60-Ո-Կ-20
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 05.10.2021
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
13.09.2021
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
13.09.2021
Дата вступления в силу
13.09.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

  

Ք. Երևան

13 սեպտեմբերի 2021 թ.

ԲԴԽ-60-Ո-Կ-20

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՆՈՒԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ` ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

   

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար

Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

 

Ս. Միքայելյանի,

 

Վ. Քոչարյանի,

   

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական

հարցերի հանձնաժողովի նախագահ

Ս. Մարաբյանի,

   

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական

հարցերի հանձնաժողովի անդամ

     

Արագածոտնի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

դատավոր

     

Արագածոտնի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարանի

դատավորի ներկայացուցիչ

Դ. Հակոբյանի,

   

 

 

Մ. Մարգարյանի,

 

 

Մ. Հակոբյանի,

   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

դռնփակ նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հուլիսի 16-ի N-Կ-6/2021 որոշումը և կից փաստաթղթերը,

    

Պարզեց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել փաստաբան Տիգրան Ղազարյանի կողմից 01.04.2021 թվականին Հանձնաժողովին ներկայացված Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի (այսուհետ՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ դիմումը:

Հանձնաժողովը 17.05.2021 թվականին կայացրել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:

Հանձնաժողովը 16.07.2021 թվականին կայացրել է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին N-Կ-6/2021 որոշումը:

   

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցող մարմինը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 61-րդ հոդվածի 2-րդ մասով, 128-րդ հոդվածի 1-ին մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասով, 137-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված իրավական պահանջները, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքը, նշել է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել իրավունքի նորմերի և §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնի խախտումներ:

Վարույթ հարուցող մարմինը եկել է այն համոզման, որ առկա են հիմքեր ողջամտորեն պնդելու, որ ոչ միայն խախտվել է ներկայացված պահանջի և հայցի ապահովմամբ հետապնդվող նպատակի միջև համաչափությունը, այլ երեխայի բնակության վայրի և ալիմենտի գանձման վերաբերյալ մինչ այդ ըստ էության քննության ենթարկված պահանջների շուրջ կայացած դատական ակտերն իմաստազրկվել են:

Իրավական որոշակիության բովանդակությունը կազմող վճռի վերջնական լինելու սկզբունքի խախտումը խաթարել է ծնողների միջև երեխայի բնակության վայրի շուրջ ծագած վեճը լուծած վճռով հաստատված հարաբերությունների կայունությունը, փոփոխվել են ալիմենտի գանձման հիմքերը, նպատակն ու կարգը և խախտվել է դատարանի կողմից տվյալ վճռով պաշտպանության տակ առնված երեխայի լավագույն շահը: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով երեխայի բնակության վայրի որոշման մասին վեճը լուծված լինելով հանդերձ միջանկյալ դատական ակտով երեխայի բնակության վայրը փոփոխելը՝ իր բնույթով հանդիսանալով բացառիկ դեպք, պետք է ունենա իր պատշաճ պատճառաբանությունն ու հիմնավորումները, որոնք պետք է հստակ արտացոլված լինեն դատական ակտում:

Այնինչ տվյալ դեպքում դատարանի որոշման պատճառաբանական մասն ունի հետևյալ բովանդակությունը. «Ծանոթանալով միջնորդության հիմքերին, կից ներկայացված նյութերին դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման՝ պատճառաբանությամբ.

Դիմողի պահանջն է 15.12.2011 թվականին ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը փոփոխել՝ որպես Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայր սահմանել հոր՝ Տարիել Պողոսյանի, բնակության վայրը մինչև հայցադիմումի ներկայացումը: Հայցվորը դատական պաշտպանության է դիմել, այն պատճառաբանությամբ, որ վերոնշվածի կապակցությամբ ունի օրենքով սահմանված ողջամիտ ակնկալիք: Տվյալ դեպքում հայցի նախնական ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էական վնաս հասցնել դիմողներին»:

Վարույթ հարուցող մարմնի պնդմամբ Դատավորը հաշվի չի առել օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԱՔԴ/1405/02/17 քաղաքացիական գործով հաստատված փաստական հանգամանքները և բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դիմումը: Ավելին, դատարանը չի պատճառաբանել նախնական ապահովման միջոց չկիրառելու դեպքում հետագայում հարուցվելիք հայցի ապահովման դժվարացումը կամ անհնարինությունը, ինչպես նաև չի պատճառաբանել պահանջի և կիրառվող միջոցի նպատակի համաչափությունը, չի ներկայացրել ներկայացված փաստերի և երեխայի լավագույն շահերի պաշտպանության մասին դատողություններ:

Սույն դեպքում Դատավորի կատարած գործողությունների արդյունքում ակնհայտ կասկածի տակ է դրվել դատական իշխանության հեղինակությունը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը և առնվազն կասկած է հարուցվել Դատավորի բարձր մասնագիտական պատրաստվածության և իր կարգավիճակին համապատասխանության մասով, քանի որ հաշվի չեն առնվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքները, անտեսվել է իրավական որոշակիության սկզբունքը կամ առնվազն չկան հիմնավորումներ այդ սկզբունքից շեղվելու մասին, հաշվի չեն առնվել երեխայի լավագույն շահերը գործի ըստ էության քննության ժամանակ կիրառելի գործիքակազմով լիարժեք բացահայտելու հնարավորությունը, և ի վերջո դատական ակտում արտացոլված չեն նման կարևորության հարցի քննության շուրջ Դատավորի դատողությունները:

     

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը ներկայացրել է բացատրություն Հանձնաժողովին և պատասխան Բարձրագույն դատական խորհրդին՝ հայտնելով, որ Հանձնաժողովի միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ հիմնավորմամբ.

Կարգապահական վարույթն որևէ պարագայում չի կարող և չպետք է վերածվի դատավորի կողմից կայացված դատական ակտի վերանայման: Մինչդեռ, Հանձնաժողովի որոշումն անդրադառնում է այն հարցին, թե արդյոք Դատավորի կողմից ճիշտ է որոշված եղել, թե ծնողներից որ մեկի մոտ պետք է գտնվի երեխան մինչև հայցադիմում ներկայացնելը:

Սույն կարգապահական գործը քննելիս Դատավորը խնդրել է անդրադառնալ միայն Հանձնաժողովի կողմից բարձրացված այն հարցերին, որոնք միտված չեն իր կողմից կայացված դատական ակտի քողարկված բողոքարկմանը, այլ կազմում են սույն կարգապահական վարույթի բուն էությունը, այն է՝

ա) խախտվել է արդյոք իրավական որոշակիության սկզբունքը.

բ) հաշվի է առնվել արդյոք երեխայի լավագույն շահը.

գ) պատճառաբանված է արդյոք քննարկման առարկա դատական ակտը:

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին՝ Դատավորը պնդել է, որ ընտանեկան հարաբերությունները ժամանակի ընթացքում զարգացող և փոփոխվող հարաբերություններ են և այն ինչ որոշակի տարիքում և որոշակի ելակետային տվյալների պարագայում բխում էր երեխայի լավագույն շահերից տարիներ անց կարող է չբխել, իսկ երբեմն նույնիսկ ուղղակիորեն հակասել նույն երեխայի լավագույն շահերին: Հետևաբար, Դատավորը պնդել է, որ իր կողմից կասկածի տակ չի դրվել 24.12.2018 թվականի դատական ակտը: Որպես դատողությունների համար հիմք վերջինս ի թիվս այլնի հաշվի է առել ՀՀ-ում տարիների ընթացքում ձևավորված կայուն դատական պրակտիկան, երբ դատավորները վարույթ են ընդունում հայցադիմումներ երեխայի բնակության վայրը փոփոխելու վերաբերյալ, այն դեպքում, երբ մինչ այդ առկա են եղել նույն երեխայի բնակության վայր որոշելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռներ (տե՛ս ի թիվս այլնի՝ թիվ ԼԴ/0028/02/11, թիվ ԱՎԴ/ 1133/02/19, թիվ ԵԴ/27554/02/20 գործեր):

Հայցի ապահովման միջոցի բավարարման որոշումը թեև բողոքարկման ենթակա չէ, սակայն միաժամանակ չի էլ կարող առաջացնել ծանր կամ անդառնալի հետևանքներ երեխայի կամ կողմերից մեկի համար, քանի որ հետագայում մյուս կողմն իրավունք ունի դիմելու գործը քննող դատավորին կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու կամ փոփոխելու միջնորդությամբ:

Դատավորի պնդմամբ որոշման մեջ բերված են դիմող կողմի պատճառաբանությունները, նկարագրված է երեխայի կողմից գրված փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև մեջբերված է մասնագիտական եզրակացության դատարանի տեսանկյունից առավել կարևոր հատվածները: Ճիշտ է՝ դրանք ներառված են որոշման նկարագրական մասում, սակայն որոշման պատճառաբանական մասից երևում է, որ Դատավորը հիմք է ընդունել նշված փաստաթղթերը, ինչպես նաև դիմողի փաստարկումները՝ առանց դրանք պատճառաբանական մասում մեջբերելու:

Դատավորը մատնանշել է նաև, որ որոշման ընդունման օրն իր ծանրաբեռնվածությունը եղել է այնպիսին, որ ինքը չէր կարող իր վարույթում գտնվող գործերին հատկացնել դրանցից յուրաքանչյուրի լուծման համար անհրաժեշտ նվազագույն ժամանակի 1/3-ը: Ընդ որում, նման ծանրաբեռնվածությունը չի եղել բացառիկ: Համապատասխանաբար Դատավորն իր պնդմամբ չէր կարող Տարիել Պողոսյանի միջնորդության լուծման համար ընտրել ավելի բարենպաստ օր: Միաժամանակ հնարավոր չէր որևէ այլ գործ ստորադասել քննության առարկա գործի համեմատ և նրան հատկացվելիք ժամանակի հաշվին ավելի մանրամասն անդրադառնալ այս գործին:

         

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Թիվ ԵԱՔԴ/1405/02/17 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 24.12.2018 թվականի վճռով Անյուտա Հակոբի Մանուկյանի հայցն ընդդեմ Տարիել Համբարձումի Պողոսյանի, երրորդ անձ՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի, երեխայի առողջության համար լրացուցիչ ծախսերի բռնագանձման և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի սահմանելու պահաջների մասին, բավարարել է մասնակիորեն: Նշված վճռով Անյուտա Հակոբի Մանուկյանի և Տարիել Համբարձումի Պողոսյանի երեխայի՝ 15.12.2011 թվականին ծնված Եվա ՏարիելիՊողոսյանի բնակության վայրը սահմանվել է ըստ երեխայի մոր՝ Անյուտա Հակոբի Մանուկյանի բնակության վայր:

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1405/02/17 վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նշված վճիռը բողոքարկվել է, սակայն երեխայի բնակության վայրի որոշման մասով չի բողոքարկվել:

3) Տարիել Պողոսյանը 07.12.2020 թվականին դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անյուտա Մանուկյանի՝ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, այն է՝ խնդրել է 15.12.2011 թվականին ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը փոփոխել՝ որպես Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայր սահմանել հոր՝ Տարիել Պողոսյանի բնակության վայրը՝ մինչև հայցադիմումի ներկայացումը:

4) Դիմումը Դատավորին է հանձնվել 08.12.2020 թվականին:

5) Դատավորը 09.12.2020 թվականին կայացրել է հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում, որի պատճառաբանական մասն ունի հետևյալ բովանդակությունը. «Ծանոթանալով միջնորդության հիմքերին, կից ներկայացված նյութերին դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դիմողի պահանջն է 15.12.2011թ. ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը փոփոխել՝ որպես Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայր սահմանել հոր՝ Տարիել Պողոսյանի, բնակության վայրը մինչև հայցադիմումի ներկայացումը:

Հայցվորը դատական պաշտպանության է դիմել այն պատճառաբանությամբ, որ վերոնշվածի կապակցությամբ ունի օրենքով սահմանված ողջամիտ ակնկալիք:

Տվյալ պարագայում հայցի նախնական ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էական վնաս հասցնել դիմողին:»:

6) Տարիել Համբարձումի Պողոսյանի կողմից 18.12.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել ընդդեմ Անյուտա Հակոբի Մանուկյանի, երրորդ անձինք՝ Ագարակավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Թալին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը փոփոխելու պահանջի մասին, որն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

           

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ իրավական հարցերին.

- Դատավորը, 09.12.2020 թվականի որոշմամբ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելով, արդյո՞ք խախտել է թիվ ԵԱՔԴ/1405/02/17 գործով դատական ակտի նախադատելիության պատճառաբանության հիմքով միջնորդությամբ ներկայացված իրավունքի որոշակիության սկզբունքը,

- երեխայի բնակության վայրի որոշման պահանջներով, օրենսդիրն արդյո՞ք թույլ է տալիս կիրառել հայցի նախնական ապահովման միջոց,

- միջանկյալ դատական ակտի նկատմամբ արդյոք պահանջվում Է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի կանոնակարգումը,

 - դատական ակտի թերի պատճառաբանվածությունն արդյո՞ք կարող է բոլոր դեպքերում որակվել դատավարական օրենսդրության կոպիտ խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

Վերոգրյալ իրավական նորմերի համադրումից պարզ է դառնում, որ օրենսդիրն ապացուցման ոչ ենթակա փաստերի շարքում, որպես նախադատելի փաստեր ներառել է նաև այն փաստական հանգամանքները, որոնք՝

1. գործի լուծման համար ունեն էական նշանակություն, և

2. հաստատվել են գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս:

Միաժամանակ, գործին մասնակցող անձանց ցանկը չի սահմանափակվում միայն կողմերով՝ հայցվորով և պատասխանողով, այլ ներառում է նաև երրորդ անձանց, ինչպես նաև դիմողներին և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց: Ուստի, նշված վավերապայմաններին չհամապատասխանող փաստերը չեն կարող ունենալ նախադատելի նշանակություն և դրանք ենթակա են դատարանի կողմից ապացուցման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում ամրագրված կանոնակարգին համապատասխան:

Տվյալ դեպքում սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԱՔԴ/1405/02/17 գործով հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող է հանդիսացել Անյուտա Հակոբի Մանուկյանը, պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր՝ Տարիել Համբարձումի Պողոսյանը, երրորդ անձ՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, իսկ թիվ ԱՐԱԴ/3107/02/20 գործով հայցվոր է հանդիսացել Տարիել Համբարձումի Պողոսյանը, պատասխանող՝ Անյուտա Հակոբի Մանուկյանը, երրորդ անձինք՝ Ագարակավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը և Թալին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԱՔԴ/1405/02/17 և ԱՐԱԴ/3107/02/20 գործերով գործին մասնակցող անձանց շրջանակը նույնական չէ, քանի որ առաջին դեպքում որպես երրորդ անձ հանդես է եկել Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը, իսկ երկրորդի դեպքում, որի շրջանակներում էլ կայացվել է քննության առարկա հանդիսացող հայցի նախնական ապահովման միջոցը բավարարելու մասին որոշումը, Ագարակավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը և Թալին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Նման պայմաններում Դատավորի կողմից ընդունված 09.12.2020 թվականի որոշմամբ չէր կարող խախտվել թիվ ԵԱՔԴ/1405/02/17 քաղաքացիական գործով կայացված դատական ակտի նախադատելիությամբ պայմանավորված իրավական որոշակիության սկզբունքը: Ուստի միջնորդության մեջ ներկայացված փաստարկն այն մասին, որ Դատավորի կողմից խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, չի բխում գործի նյութերում առկա փաստական հանգամանքներից:

Անդրադառնալով սույն պատճառաբանական մասի իրավական երկրորդ հարցադրմանը՝ Բարձրագույն խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կիրառում է հայցի ապահովման միջոցներ, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության կամ էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Վերոգրյալ իրավանորմից ակնհայտ է դառնում, որ հայցի ապահովման միջոցը կոչված է երաշխավորելու հետագայում կայացվելիք դատական ակտի կենսունակությունն այն հաշվով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հնարավոր լինի ի կատար ածել, դրանով իսկ վերջնականապես ազդարարել կոնկրետ գործով արդարադատության ավարտը: Ընդ որում, որպես նշված իրավանորմի հիփոթեզում սահմանված վավերապայմաններ, օրենսդիրն ամրագրել է.

1. նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը,

2. դժվարացնել դատական ակտի կատարումը,

3. հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության,

4. էական վնաս հասցնել միջնորդություն ներկայացնող անձին:

Հարկ է նշել, որ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց կիրառելը չի հանդիսանում նրա հայեցողական իրավունքը և հայցվորի միջնորդությունից անկախ, եթե գործով ձեռք բերված նյութերից եզրակացնում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածում ամրագրված վերոգրյալ փաստական հանգամանքները, ապա իր նախաձեռնությամբ կիրառում է հայցի ապահովման միջոց:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածը սահմանում է նաև այն միջոցները, որոնք կարող են որակվել հայցի ապահովում: Այդ միջոցների ցանկը նշված հոդվածում սպառիչ չէ և կարող է ամրագրվել նաև այլ իրավանորմերում: Ըստ այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածը, որում ամրագրվել են ընտանեկան վեճերով գործերի քննության առանձնահատկությունները, իր 3-րդ մասում ամրագրել է, որ երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հայցի ապահովման կարգով կարող է գործին մասնակցող կամ այլ անձանց արգելել կամ պարտավորեցնել կատարելու որոշակի գործողություններ, թեկուզև հայցի ապահովման կիրառված միջոցն առերևույթ հանգեցնում է ներկայացված պահանջի փաստացի կատարման: Տվյալ դեպքում օրենսդիրը նշված իրավանորմով սահմանել է հայցի ապահովման առանձին միջոց, որը հատուկ է ընտանեկան վեճերով քաղաքացիական գործերին: Այդ առումով, օրենսդիրը հայցի ապահովման կարգով գործին մասնակցող կամ այլ անձանց համար նախատեսել է ոչ միայն գործողությունների սահմանափակումներ կամ դրանց կատարման արգելքներ, այլև դատարանի կողմից նրանց վրա դնելու որոշակի պարտավորությունների կատարում: Ընդ որում նման բովանդակության հայցի ապահովումը կարող է առերևույթ համընկնել ներկայացված հայցի առարկային:

Վերոգրյալ իրավական վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ երեխայի բնակության վայրի սահմանման վեճերով դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հայցի ապահովման միջոց կիրառելու համար կաշկանդված չէ որևէ իրավական սահմանափակմամբ, եթե դա պայմանավորված է երեխայի լավագույն շահերի ապահովման անհրաժեշտությամբ:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ երեխայի լավագույն շահը չի կարող որոշվել ընդհանուր բնույթի իրավական դատողությունների միջոցով և կախված է յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից՝ հիմք ընդունելով երեխայի շահերի առաջնայնությունը (տե՛ս, Schineider v. Germany գործով Եվրոպական դատարանի 15.09.2011 թվականի վճռի 100-րդ պարբերությունը):

Սահմանադրական դատարանը, վերահաստատելով թիվ ՍԴՈ-7473 և ՍԴՈ-7804 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները, իր թիվ ՍԴՈ-919 որոշմամբ ևս ընդգծել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում: Տվյալ դեպքում անդրադառնալով «երեխաների շահեր» հասկացությանը և դրա բնորոշ հատկանիշների բովանդակության բացահայտմանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նշված հասկացությունն ենթակա է գնահատման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում` ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «երեխայի շահ» կամ «երեխայի լավագույն շահեր» հասկացություններն իրավակիրառ պրակտիկայում պետք է ընկալվեն ու կիրառվեն հետևյալ երեք իմաստներով.

1) որպես երեխայի իրավունք. երեխան ունի իր լավագույն շահերի բացահայտման և դրանց առաջնային նշանակության տրամադրման իրավունք այն դեպքում, երբ իրավասու մարմնի կողմից կայացվող որոշումն առնչվում է երեխայի և այլ անձանց իրավունքներին ու շահերին, և առկա է դրանց հավասարակշռման անհրաժեշտություն,

2) որպես իրավական-մեկնաբանողական սկզբունք. երեխայի իրավական վիճակին առնչվող տարբեր մեկնաբանությունների և ընկալումների տեղիք տվող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի` ելնելով երեխայի լավագույն շահերի առավել ապահովման նկատառումից,

3) որպես ընթացակարգային կարգավորման կանոն. երեխային առնչվող որոշումների ընդունման ընթացքում պետք բացահայտվի նաև երեխայի իրավունքների և շահերի վրա այդ որոշման հնարավոր ազդեցությունը:

Դատարանը թիվ ԵԱՔԴ/1405/02/17 գործով, հաշվի առնելով գործի քննության համար նշանակության ունեցող փաստերը, եզրահանգել է, որ երեխայի լավագույն շահից է բխում մոր հետ համատեղ բնակվելը: Տվյալ իրավաբանական փաստն իր բնույթով չի կարող լինել անփոփոխ, քանի որ երեխայի լավագույն շահը, կախված լինելով ժամանակի մեջ փոփոխվող բազմաթիվ փաստական հանգամանքներից, կայուն փաստ չէ: Ընդ որում, «երեխայի լավագույն շահ» որոշելու գործառույթը պատկանում է բացառապես կոնկրետ գործը քննող դատավորին և Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու չէ սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնել, այն հարցը, թե արդյոք Դատավորը ճիշտ է գնահատել երեխայի լավագույն շահը:

Վերոհիշյալ իրավական վերլուծությունները հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհուրդը եզրահանգում է, որ Դատավորը, բավարարելով հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու դիմումը, առերևույթ գործել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի շրջանակներում:

Անդրադառնալով սույն պատճառաբանական մասի իրավական երրորդ հարցադրմանը՝ Բարձրագույն խորհուրդն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,

4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը։

 Նշված իրավանորմերը համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ և 192-րդ հոդվածներում ամրագրված դրույթների հետ՝ ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը, ի տարբերություն եզրափակիչ դատական ակտի, միջանկյալ դատական ակտի բովանդակության կազմում սահմանափակվել է բացառապես ակտի հիմնավորվածության օրենսդրի պահանջով: Ընդ որում, հիմնավորվածության պահանջը պահպանված կարող է որակվել, երբ ակտում արձանագրված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական ու իրավական հիմքեր:

Տվյալ դեպքում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածում նախատեսել է նույն օրենսգրքի 9-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորումից այլ կանոնակարգում՝ այն է, միջանկյալ դատական ակտի համար սահմանափակվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջով:

Քննարկվող պարագայում կարգապահական վարույթի հարուցման հիմք հանդիսացած ակտը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է միջանկյալ դատական ակտ: Նրանում կողմը դատարանին ներկայացրել է հայցի նախնական ապահովում պահանջող փաստական հետևյալ հիմքերը.

«Տարիել Պողոսյանը պարտաճանաչ և պատրաստակամ կատարել և կատարում է ծնողական իր բոլոր պարտականությունները: Արդյունքում այն սերտ կապը, որը եղել է Երեխայի և հոր միջև էլ ավելի է ամրապնդվել:

2020 թվականի դեկտեմբերի 15-ին լրանալու է Երեխայի 9 տարեկանը: Եվան արդեն բավականին մեծ է, հասուն ու խելացի և կարող է իր բնակության վայրի վերաբերյալ գիտակցաբար ձևավորել սեփական կարծիքը: (…) Ավելին, Եվան անգամ որոշել է, որ դեկտեմբերի 15-ից հետո, երբ լրանալու է իր 9 տարեկանը, պետք է բնակվի հոր հետ:

Հարկ է նաև նշել, որ Տարիել Պողոսյանը չի հիմնվել միայն Երեխայի կարծիքի վրա, այլ, գիտակցելով հարցի կարևորությունը, դիմել է հոգեբանի օգնությանը՝ Երեխայի իրական դիրքորոշումը պարզելու նպատակով: Հոգեբանական խորհրդատվություն և գրավոր եզրակացություն ստանալու նպատակով նա դիմել է Երևանի պետական համալսարանի Կիրառական հոգեբանության կենտրոն, որի հոգեբան-խորհրդատու Իրինա Խանամիրյանի կողմից 04.12.2020թ. կազմվել է Եվա Պողոսյանի հոգեախտորոշիչ հետազոտության եզրակացությունը (այսուհետ՝ Եզրակացություն): Եզրակացության համաձայն՝ «թեև ընտանիքին վերաբերող բոլոր հարցերում ակնհայտ է երեխայի հավասար մոտեցումը թե՛ հոր, թե՛ մոր հանդեպ, բնակության վայրի հարցում նախընտրությունը հոր հետ ապրելն է:»: Ավելին, Եզրակացությամբ արձանագրվել է նաև, որ «Երեխան հստակ հիմնավորում է իր ցանկությունը, մեկնաբանում իր նախընտրությունը:»: Հոգեբանը եզրակացրել է նաև, որ «Հոր հետ ապրելը իր հոգեհուզական վիճակի համար առավել նպաստավոր է, կորում է այցերի հետ կապված լարվածությունը, երեխան իրեն ավելի հանգիստ, ոչ ճնշված կարող է զգալ:»:

Հարկ է նշել, որ Երեխան անգամ սեփական ձեռքով է գրել, որ նախընտրում է բնակվել հոր հետ:

(…) Տվյալ պարագայում Երեխայի լավագույն շահերից բխում է, որ վերջինս, իր ցանկությանը համապատասխան (ինչը հաստատվել է նաև Եզրակացությամբ), բնակվի հոր՝ Տարիել Պողոսյանի հետ:

Ինչպես արձանագրել է հոգեբանը, Երեխան «ունի որոշակի կաշկանդվածություն մոր ծնողական մոտեցումների՝ հատկապես բարկության դրսևորումների, պատժամիջոցների կիրառման հետ կապված:»: Նշվել է նաև, որ Երեխան «զգում է լարվածություն՝ մոր որոշումների անկայունության հետ:»: Տվյալ պարագայում եթե հայցը հարուցվի նախքան սույն դիմումի բավարարումը և գործի քննության ընթացքում Երեխան շարունակի բնակվել մոր հետ, ապա վերջինս կարող է հոգեբանական ճնշում գործադրել Երեխայի վրա՝ վերջինիս կարծիքը փոխելու համար, ինչը, բնականաբար, բացասաբար կանդրադառնա Երեխայի և նրա հոգեկան զարգացման վրա:

(…) Նման պայմաններում գտնում են, որ հայցի նախնական միջոց կիրառելու մասին սույն դիմումի բավարարումը կբխի Երեխայի լավագույն շահերից և կբացառի Երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշումը, որը կարող է տեղի ունենալ Տարիել Պողոսյանի կողմից հայց հարուցելու պարագայում:»:

Որպես իրավական հիմք ակտում ամրագրվել են նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 31-րդ հոդվածը, ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի թիվ 18249/02 գանգատի կապակցությամբ կայացված վճիռը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի իրավակարգավորումը: Ընդ որում, կողմն իր միջնորդությանը կից ներկայացրել է նաև իր կողմից վկայակոչված փաստական հանգամանքները հաստատող ապացույցներ: Արդյունքում, Դատարանն իրավական գնահատման ենթարկելով կողմի ներկայացրած փաստական հանգամանքներն ու դրանց հաստատմանն ուղղված ապացույցները, դրանք անհրաժեշտ և բավարար է համարել նախնական հայցի ապահովում կիրառելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ, կայացված որոշման մեջ զետեղված վերոգրյալ փաստական հանգամանքները և իրավական հիմքերն իրենց բովանդակությամբ և նշանակությամբ հանդիսացել են այն հիմնավորումները, որոնք Դատավորի գնահատմամբ անհրաժեշտ և բավարար են եղել միջնորդությունը բավարարելու համար:

Ուստի վերոհիշյալ իրավական և փաստական հանգամանքները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատական ակտի պատճառաբանվածության բացակայության վերաբերյալ Հանձնաժողովի փաստարկները չեն բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներից:

Ինչ վերաբերում է դատական ակտի պատճառաբանվածության ինստիտուտին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածը դատավարական խախտումներն առանձնացրել է երկու խմբի. դատավարական խախտումներ, որոնք դատական ակտի բեկանման հիմք կարող են հանդիսանալ, եթե այդ խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման և դատավարական խախտումներ, որոնք անվերապահորեն դատական ակտի բեկանման հիմք են հանդիսանում: Վերջին դեպքում, ի թիվս այլ խախտումների, դատական ակտի բեկանման հիմք է հանդիսանում դատական ակտի պատճառաբանական մասի բացակայությունը՝ այսինքն, երբ դատական ակտի կառուցվածքը չունի պատճառաբանական մաս: Այդ առումով, այն բոլոր դեպքերում, երբ դատական ակտի կառուցվածքում առկա է պատճառաբանական մաս, սակայն այն չի բավարարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ և 192-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, չի կարող դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսանալ, այն կարող է որակվել թերի պատճառաբանվածություն և նման դատավարական խախտման իրավական հետևանքը պայմանավորված է, թե այդ խախտումն արդյոք հանգեցրել կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը:

Քննարկվող պարագայում, քանի որ, ինչպես վերը նշվեց, միջանկյալ դատական ակտի համար օրենսդիրը սահմանափակվել է բացառապես հիմնավորվածության պահանջով, ուստի Հանձնաժողովի կողմից քննության առարկա դարձած որոշման պատճառաբանվածության թերի լինելը կամ բացակայությունը չի կարող այդ ակտի օրինական լինելու առումով որոշիչ նշանակություն ունենալ: Այսինքն, Հանձնաժողովի հաջորդ փաստարկը, որը վերաբերում է որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջների խախտմանը, դատական ակտը պատճառաբանված չլինելու վերաբերյալ, չի բխում նույն օրենսգրքի 6-րդ, 8-րդ և 200-րդ հոդվածների պահանջներից: Ուստի այդ հիմքով ևս Հանձնաժողովի կողմից Դատավորին մեղսագրվող խախտումը բացակայում է:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում: Նշված կանոնը հաշվի առնելով, Բարձրագույն դատական խորհուրդը սահմանափակվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի խախտման վերաբերյալ միջնորդությունում արձանագրված փաստարկների իրավական գնահատմամբ, գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված որոշման անհրաժեշտ և բավարար հիմնավորված լինելու հանգամանքի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրավական գնահատման և կարգապահական խախտման ինքնուրույն հիմք արձանագրած չլինելու պայմաններում, այն դուրս է սույն կարգապահական վարույթի քննության շրջանակներից:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Այսպիսով, վերոգրյալի համատեքստում, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի հիմքով չի ապացուցել Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտումները կատարած լինելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,

    

Որոշեց.

     

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

   

Անդամներ՝

 

Դ Խաչատուրյան

   

Մ Մակյան

   

Լ. Մելիքջանյան

   

Ս. Միքայելյան

     

Հատուկ կարծիք պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ։

   

   

Գ. Բեքմեզյան

   

Վ Քոչարյան

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի 13 սեպտեմբերի 2021թ. թիվ ԲԴԽ-60-Ո-Կ-20 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը 2021թ. սեպտեմբերի 13-ին քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հուլիսի 16-ի N-Կ-6/2021 որոշումը և կից փաստաթղթերը (այսուհետ՝ Միջնորդություն) որոշել է․ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` մերժել:» (այսուհետ՝ Որոշում): Որոշման ամբողջական տեքստը հրապարակվել է 25.09.2021թ.։

Միջնորդության բավարարման օգտին են քվեարկել Խորհրդի նիստին մասնակցած Խորհրդի 7 անդամներից 3-ը, 4-ը անդամ քվեարկել է դեմ, ինչի արդյունքում ՀՀ «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա ընդունվել է Միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշում։

Գտնում ենք, որ Որոշումը հիմնավորված չէ, դրանում ամբողջությամբ արտացոլված չեն գործի հանգամանքները, Խորհուրդը որոշման պատճառաբանական մասում կատարել է մեզ համար անընդունելի եզրահանգումներ, դատավոր Մանուկ Մարգարյանի (այսուհետ նաև Դատավոր) կողմից թույլ է տրվել այնպիսի կարգապահական խախտումը, որի համար Դատավորը պետք է ենթարկվեր պատասխանատվության, ուստի ներկայացնում ենք սույն հատուկ կարծիքը։

 

1. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Թիվ ԵԱՔԴ/1405/02/17 գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 24.12.2018 թվականի վճռով Անյուտա Հակոբի Մանուկյանի հայցն ընդդեմ Տարիել Համբարձումի Պողոսյանի, երրորդ անձ՝ Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի, երեխայի առողջության համար լրացուցիչ ծախսերի բռնագանձման և երեխայի բնակության վայրն ըստ մոր բնակության վայրի սահմանելու պահաջների մասին, բավարարել է մասնակիորեն: Նշված վճռով Անյուտա Հակոբի Մանուկյանի և Տարիել Համբարձումի Պողոսյանի երեխայի՝ 15.12.2011 թվականին ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը սահմանվել է ըստ երեխայի մոր՝ Անյուտա Հակոբի Մանուկյանի բնակության վայր:

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24.12.2018 թվականի թիվ ԵԱՔԴ/1405/02/17 վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Նշված վճիռը բողոքարկվել է, սակայն երեխայի բնակության վայրի որոշման մասով չի բողոքարկվել:

3) Տարիել Պողոսյանը 07.12.2020 թվականին դիմում է ներկայացրել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անյուտա Մանուկյանի՝ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ, այն է՝ խնդրել է 15.12.2011 թվականին ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը փոփոխել՝ որպես Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայր սահմանել հոր՝ Տարիել Պողոսյանի բնակության վայրը՝ մինչև հայցադիմումի ներկայացումը:

4) Դիմումը Դատավորին է հանձնվել 08.12.2020 թվականին:

5) Դատավորը 09.12.2020 թվականին կայացրել է հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում, որի պատճառաբանական մասն ունի հետևյալ բովանդակությունը. «Ծանոթանալով միջնորդության հիմքերին, կից ներկայացված նյութերին դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դիմողի պահանջն է 15.12.2011թ. ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը փոփոխել՝ որպես Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայր սահմանել հոր՝ Տարիել Պողոսյանի, բնակության վայրը մինչև հայցադիմումի ներկայացումը:

Հայցվորը դատական պաշտպանության է դիմել այն պատճառաբանությամբ, որ վերոնշվածի կապակցությամբ ունի օրենքով սահմանված ողջամիտ ակնկալիք:

Տվյալ պարագայում հայցի նախնական ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էական վնաս հասցնել դիմողին:»:

6) Տարիել Համբարձումի Պողոսյանի կողմից 18.12.2020 թվականին հայցադիմում է ներկայացվել ընդդեմ Անյուտա Հակոբի Մանուկյանի, երրորդ անձինք՝ Ագարակավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի և Թալին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը փոփոխելու պահանջի մասին, որն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

7) Հանձնաժողովը 02.09.2021թ. Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում հստակեցրել է միջնորդության սահմանները և որպես Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման հիմք պնդել է միայն դատական ակտի ոչ բավարար պատճառաբանված և հիմնավորված լինելու հանգամանքը (տես Միջնորդության էջեր 18, 19, 20 և այլն)։

8) Դատավորը կայացված դատական ակտում բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածից իր վերլուծություններում հղում չի կատարել որևէ այլ իրավական ակտի, Վճռաբեկ դատարանի կամ ՄԻԵԴ որոշման։

 

2. Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասի հետ կապված մեկնաբանություններ

1) Չնայած, միջնորդությունը մերժած Խորհրդի անդամները Որոշման մեջ արձանագրել են, որ «Հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում», սակայն, որպես պարզաբանման ենթակա նշելով՝ «- Դատավորը, 09.12.2020 թվականի որոշմամբ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելով, արդյո՞ք խախտել է թիվ ԵԱՔԴ/1405/02/17 գործով դատական ակտի նախադատելիության պատճառաբանության հիմքով միջնորդությամբ ներկայացված իրավունքի որոշակիության սկզբունքը, - երեխայի բնակության վայրի որոշման պահանջներով, օրենսդիրն արդյո՞ք թույլ է տալիս կիրառել հայցի նախնական ապահովման միջոց,» հարցերը, Խորհուրդը դուրս է եկել միջնորդության հիմքերից և հիմնավորումներից։ Ինչ վերաբերում է Խորհրդի կողմից որպես պարզաբանման ենթակա նշված հետևյալ հարցերին «- միջանկյալ դատական ակտի նկատմամբ արդյոք պահանջվում Է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի կանոնակարգումը, - դատական ակտի թերի պատճառաբանվածությունն արդյո՞ք կարող է բոլոր դեպքերում որակվել դատավարական օրենսդրության կոպիտ խախտում:», ապա կարծում ենք, որ նշված հարցերը ևս թերի են ձևակերպված, չեն արտացոլում գործով պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները, ավելի շատ տեսական հարցեր են, որոնք որևէ կերպ չեն կարող նպաստել սույն գործով օբյեկտիվ և անաչառ որոշման կայացմանը։

2) Ինչպես նշվել է սույն հատուկ կարծիքի 1-ին մասի 7)-րդ կետում՝ Հանձնաժողովը 02.09.2021թ. Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում հստակեցրել է միջնորդության սահմանները և որպես Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտման հիմք պնդել է միայն դատական ակտի ոչ բավարար պատճառաբանված և հիմնավորված լինելու հանգամանքը, ուստի գտնում ենք, որ Խորհրդի որոշումը պետք է պատասխաներ հետևյալ հարցերին՝ - միջանկյալ դատական ակտի նկատմամբ արդյո՞ք կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների կանոնակարգումները, - արդյո՞ք դատավորի կողմից թույլ է տրվել դատական ակտի պատճառաբանվածության և հիմնավորվածության պահանջի խախտում, - դատական ակտի թերի պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը արդյո՞ք կարող է քննարկվող դեպքերում որակվել դատավարական օրենսդրության կոպիտ խախտում:

3) Ելնելով մեր կողմից առաջ քաշված և Խորհրդի կողմից պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից, ձեռնպահ կմնանք խորհրդի կողմից քննարկված այլ հարցերի մասով կարծիք հայտնելուց և կանդրադառնանք միայն Խորհրդի որոշման այն մասին, որը վերաբերում է Դատավորի կողմից կայացված դատական ակտի հիմնավորվածությանն ու պատճառաբանվածությանը։

4) Մինչև դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ խորհրդի չորս անդամների եզրահանգումներին անդրադառնալը, կցանկանայինք նշել, որ մեզ համար անհասկանալի պատճառներով Խորհրդի որոշման մեջ չեն նշվել Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր փաստարկները և դրանց հիմնավորումները։ Ի տարբերություն սրան, բավականին մանրամասն ներառվել են Դատավորի բացատրությունները։ Չտեսնելով սրանում որևէ միտում, այնուամենայնիվ կարևոր ենք համարում արձանագրել, որ Խորհրդի որոշումները հրապարակային են, դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին, որոշումները ուսումնասիրողները կամ կարդացողները պետք է ամբողջական պատկերացում կազմեն գործի հանգամանքների, կողմերի դիրքորոշումների և դրանց վերաբերյալ Խորհրդի եզրահանգումների ու պատճառաբանություններ մասին, ուստի Խորհրդի որոշումները պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն բոլոր կողմերի դիրքորոշումները։

5) Մեզ համար անընդունելի են միջնորդությունը մերժած խորհրդի անդամների կողմից կատարված եզրահանգումները միջանկյալ դատական ակտերի հիմնավորվածության և պատճառաբանվածության վերաբերյալ։ Մասնավորապես անընդունելի է, որ Որոշման մեջ փորձ է արվում իրար հակադրել այս երկու եզրույթները՝ նշելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ, 8-րդ, 9-րդ, 192-րդ և 200-րդ հոդվածների համատեքստում միջանկյալ դատական ակտերի համար բավարար է միայն հիմնավորվածությունը և ամենևին անհրաժեշտ չէ պատճառաբանվածությունը։ Դեռ ավելին, խոսելով ակտի հիմնավորվածության մասին, խորհրդի անդամները, ըստ էության, բավարար են համարում միայն այն, որ, եթե դատարանը ակտի սկզբում բառացիորեն մեջբերել է կողմի դիրքորոշումը և ուղղակի հղում է կատարել տարբեր իրավական ակտերի և որոշումների (առանց բացահայտելու դրանց բովանդակությունը, կապը քննարկվող գործի հետ և այլն), ապա դա բավարար է ակտի հիմնավորվածության պահանջը պահպանված լինելու համար (տես Որոշման 11, 12 և 13-րդ էջերը)։

6) Նախ և առաջ ցանկանում ենք նշել, որ մեր կարծիքով չի կարելի Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված «դատական ակտի պատճառաբանվածությունը» նույնականացնել դատական ակտի «պատճառաբանական մասի» հետ։ Օրենսգիրքը, ի դեմս 6-րդ հոդվածի 2-րդ մասի նախատեսում է, որ «Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով»։ Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները»: Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,»։ Ակնհայտ է, որ Օրենսգիրքը բոլոր դեպքերում պահանջում է դատարանից ընդունված դատական ակտը հիմնավորել և պատճառաբանել։ Կարծում ենք հիմնավոր չէ միջնորդությունը մերժած խորհրդի անդամների այն տեսակետը, որ եթե Օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետը սահմանում է «հիմնավորումներ» տերմինը, ուրեմն սա բացառություն է և կարող է ակտը պատճառաբանված չլիներ։ Նույն տրամաբանությամբ, եթե առաջնորդվենք, ապա Օրենսգրքի որևէ այլ նորմ, այդ թվում և 192-րդ հոդվածը, որը սահմանում է վճռի բովանդակության նկատմամբ պահանջներ չի նախատեսում դատական ակտի հիմնավորվածության պահանջ, ինչը ենթադրում է, որ դատական ակտերը, բացի 200-րդ հոդվածով նախատեսվածի, հիմնավորված չպետք է լինեն։ Կարծում ենք նման մոտեցումն անընդունելի է։ Օրենսգրքի 6-րդ,8-րդ և 9-րդ հոդվածները կիրառելի են թե՛ վճիռների, և թե՛ առանձին ակտի ձևով կայացվող դատական ակտերի նկատմամբ։ Չի կարող դատարանը կայացնել դատական ակտ, հանգել հետևությունների առանց պատճառաբանելու և հիմնավորելու դրանք, անկախ նրանից, թե ինչ դատական ակտ է կայացվում։ Խորհրդի որոշմամբ տրված մեկնաբանության դեպքում մենք հանգում ենք մի իրավիճակի, երբ թույլ ենք տալիս դատարաններին կայացնել դատական ակտ և չպատճառաբանել այն, իսկ որպես հիմնավորում դիտել միայն ձևական հղումները իրավական և այլ ակտերին։

7) Գտնում ենք, որ արդարադատության շահը, ինչպես նաև օրենսդրությունը պահանջում են, որ ցանկացած դատական ակտ պետք է ունենա հստակ հիմնավորումներ և պատճառաբանություններ, որոնցում ոչ միայն ուղղակի հղումներ կարվեն այլ իրավական աղբյուրների, այլև կհիմնավորվի և կպատճառաբանվի նման հղումների անհրաժեշտությունը, կտրվի դրանց կապը քննվող գործի հետ և դատարանի հետևությունները։

8) Սա հատկապես կարևորվում է հայցի ապահովման միջոց կիրառելուն ուղղված որոշումների դեպքում, երբ սահմանափակվում են անձանց իրավունքները։ Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխայի իրավունքներին և հատկապես մեկ ծնողից վերցնելով մյուսին հանձնելուն, որը ակնհայտորեն մեծ հոգեբանական ազդեցություն կարող է ունենա երեխայի վրա, դատարանները չեն կարող ուղղակի ձևական հղումներով կայացնել որոշումներ։ Հատկապես նման դեպքերում դատական ակտերը պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված։

9) Դեռ ավելին, Դատարանը 09.12.2020թ. հայցի նախնական ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշմամբ նշել է. «Ծանոթանալով միջնորդության հիմքերին, կից ներկայացված նյութերին դատարանը հանգում է այն եզրակացության, որ հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.»։ Նույնիսկ Դատարանն է ընդունել, որ որոշումը ենթակա է պատճառաբանման, ուստի Խորհրդի Միջնորդության մերժմանը կողմ քվեարկած անդամները իրավունք չունեին տպավորություն ստեղծել, որ ստանձնել են դատավորի փաստաբանի դեր և վտանգել Խորհրդին վերապահված անաչառ դատարանի գործառույթը և օրենսդրությունն ու գործի հանգամանքները մեկնաբանեին այնպես, որ ամեն դեպքում դա լիներ հօգուտ դատավորի։

10) Ավելին, չնայած Միջնորդությունը մերժած Խորհրդի անդամները իրենց Որոշմամբ նշում են, որ սույն գործով քննարկման ենթակա ակտերը չեն կարող ունենալ (կարող են և չունենալ) պատճառաբանական մաս, այնուամենայնիվ իրենց իսկ Որոշման 4-րդ կետի 5)-րդ ենթակետում վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները թվարկելիս հերքում են իրենց իսկ մոտեցումը արձանագրելով. «Դատավորը 09.12.2020 թվականին կայացրել է հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշում, որի պատճառաբանական մասն ունի հետևյալ բովանդակությունը․»։

11) Սույնի համատեքստում ցանկանում ենք արձանագրել, որ չնայած Որոշման մեջ նշվել է, որ «Որպես իրավական հիմք ակտում ամրագրվել են նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 31-րդ հոդվածը, ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 որոշումը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 09.05.2006 թվականի թիվ 18249/02 գանգատի կապակցությամբ կայացված վճիռը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի իրավակարգավորումը», Դատարանը ակտի պատճառաբանությունների մասում որևէ կերպ չի անդրադառնում և չի քննարկում նշյալ աղբյուրները՝ բացառությամբ Օրենսգրքի 137-րդ հոդվածի, որը միայն արտատպված է։ Նշյալ աղբյուրներին հղում է կատարված դիմողի կողմից ներկայացված դիմումում, ինչը ուղղակի շարադրված է դատական ակտի սկզբում՝ «Պարզեց» մասում, ուստի Խորհուրդը չէր կարող նշվածը դիտել որպես Դատարանի կողմից ընդունված ակտի հիմնավորվածությունը հավաստող փաստ։

12) Ինչ վերաբերում է Դատարանի կողմից կայացված հայցի նախնական ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշմանը, ապա գտնում ենք, որ այն հիմնավորված և պատճառաբանված չէ։ Դատարանի հետևյալ պատճառաբանությունը.

«Դիմողի պահանջն է 15.12.2011թ. ծնված Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայրը փոփոխել՝ որպես Եվա Տարիելի Պողոսյանի բնակության վայր սահմանել հոր՝ Տարիել Պողոսյանի, բնակության վայրը մինչև հայցադիմումի ներկայացումը:

Հայցվորը դատական պաշտպանության է դիմել այն պատճառաբանությամբ, որ վերոնշվածի կապակցությամբ ունի օրենքով սահմանված ողջամիտ ակնկալիք:

Տվյալ պարագայում հայցի նախնական ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել, դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էական վնաս հասցնել դիմողին:»,

որևէ կերպ չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջներին։ Պատճառաբանական մասի 1-ին երկու պարբերությունները ներկայացված դիմումի փաստերի ուղղակի շարադրանք են, իսկ երրորդ մասը Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասից մեջբերում։

13) Դատավորի որոշումից պարզ չեն դատարանի դատողություններն ու եզրահանգումները ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ։ Ինչպես իրավացիորեն նշված է Միջնորդության մեջ, Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։ Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։ Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

14) Բարձրագույն դատական խորհուրդը իր մի շարք որոշումներում (19.03.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2, 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 10.12.2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17) անդրադարձել է դատական ակտի պատճառաբանվածության պահանջին: Բարձրագույն դատական խորհուրդը իր որոշումներում շեշտել է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը բխում է իրավունքի գերակայության և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու արդար դատաքննության իրավունքից։ Ցանկացած դատական ակտ ընդունված դատարանի կողմից կոնկրետ գործով, պետք է բավարարի պատճառաբանվածության չափանիշը: Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում՝ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալով, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով: Սահմանադրական դատարանը 05.02.2013թ. թիվ ՍԴՈ-1074 որոշման շրջանակներում անդրադառնալով 01.01.2008թ. ուժի մեջ մտած և 07.01.2014թ. ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ որոշումներին՝ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ տվյալ դատական ակտը կայացնելու իրավասությունը ենթադրում է իրավունքով սահմանափակված հայեցողություն և պատճառաբանված դատական ակտ կայացնելու պարտականություն: 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 գործով կայացված որոշմամբ Խորհուրդը արձանագրել է, որ «Դատավորը բավարարվել է որոշումներում միայն գործի քննությունը վերսկսելու ընդհանրական հնարավորությունը սահմանող օրենսդրական ձևակերպումների վերարտադրությամբ, ինչը չի կարող համարվել որոշման պատշաճ պատճառաբանվածություն, ուստի այս պարագայում հերքվում են Դատավորի փաստաբանի հնչեցրած այն փաստարկները, որ Դատավորի կողմից կայացված որոշման մեջ հստակ նշվել են այդ շարժառիթները»։

15) Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի «պատճառաբանական» մասում, որտեղ դատարանը պետք է ոչ միայն մատնանշեր այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, այլև պարտավոր է ցույց տալ այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը կամ այս կամ այն ապացույցի հիման վրա հաստատվում են անհրաժեշտ փաստերը, և ի վերջո՝ դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը։ Ինչպես նշվեց, Օրենսգրքի 9-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է դատական ակտի պատճառաբանված լինելու չափորոշիչները, ուստի, ակնհայտ է, քանի դեռ դատական ակտում արտացոլված չեն ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, անդրադարձ չի կատարվել միջնորդության հեղինակի ներկայացված բոլոր էական փաստարկներին, օրինական ուժի մեջ մտած դատական ակտին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, այն չի կարող համարվել հիմնավորված կամ պատճառաբանված դատական ակտ: Ընդ որում, անթույլատրելի է դատական ակտը, վերացական դատողություններով կամ միայն ապացույցների ներկայացման, առանց դատողությունների ընթացքի նկարագրման և առանց հիմնավորումների պահանջի վերաբերյալ եզրահանգման մատնանշմամբ պատճառաբանելը: Տվյալ դեպքում ակնհայտ է, որ Դատավորը բավարարվել է որոշման միայն հայցի ապահովում կիրառելու ընդհանրական հնարավորությունը սահմանող օրենսդրական ձևակերպումների վերարտադրությամբ, ինչը չի կարող համարվել որոշման պատշաճ հիմնավորվածություն և պատճառաբանվածություն, ինչպիսի գնահատական նման դեպքերի վերաբերյալ տրվել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 19.03.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2, 10.12.2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17, 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումներով։ Քննարկվող դեպքում որոշումը չունի ո՛չ պատճառաբանություն, ո՛չ հիմնավորումներ և հիշատակված դատավարական նորմի որևէ կանոն պահպանված չէ, իսկ բացառապես Քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի դիսպոզիացիայից մեջբերումը՝ դատական ակտի պատճառաբանություն կամ հիմնավորվածություն չէ։

16) Գտնում ենք նաև, որ խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ, դրանք հեղինակազրկել են դատական իշխանությունը, հատկապես հաշվի առնելով նաև, այն, որ դատական ակտը վերաբերում է երեխայի լավագույն շահերին, կայացված որոշումը ենթակա չէ բողոքարկման, այսինքն՝ այլևս լրացուցիչ պատճառաբանելու հնարավորությունը բացակայում է, ինչն էլ վկայում է դատական իշխանության հեղինակության վրա դրա բացասական ազդեցության և նման խախտման բացասական հետևանքի, այդ թվում՝ դատական իշխանության նկատմամբ վստահության նվազեցման մասին։

17) Վերոգրյալի արդյունքում գտնում ենք, որ Խորհուրդը պարտավոր էր բավարարել Հանձնաժողովի միջնորդությունը և դատավոր Մանուկ Մարգարյանին ենթարկեր կարգապահական պատասխանատվության։

18) Կարևոր ենք համարում փաստել նաև, որ մեր կարծիքով և՛ սույն որոշումը, և՛ Խորհրդի կողմից կայացված այն որոշումները, որոնք չեն ընդունվել Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, չեն կարող հանդիսանալ կայուն նախադեպ: Այս հանգամանքը յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն ինչպես կարգապահական վարույթ հարուցող մարմինները, այնպես էլ դատավորները:

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ`
 
 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2021 թվական: