ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է սոցիալական աջակցության հասկացությունը, կազմակերպման և տրամադրման սկզբունքներն ու կարգը, ֆինանսավորման աղբյուրները, սոցիալական աջակցության կառավարման համակարգը:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
կյանքի դժվարին իրավիճակ՝ հաշմանդամության, տարիքի հետ կապված ինքնասպասարկման ունակությունների կորստի, հիվանդության, առանց ծնողական խնամքի մնալու, աղքատության, երկարատև գործազրկության, ընտանիքում կոնֆլիկտների, դաժան վերաբերմունքի, բռնության ենթարկվելու, անօգնականության, միայնակության, սոցիալական մեկուսացման, դժբախտ պատահարի կամ արտակարգ իրավիճակներում հայտնվելու, ազատազրկման վայրերից վերադառնալու հետևանքով մարդու կենսագործունեությանը խանգարող օբյեկտիվ իրավիճակ, որն անձն ինքնուրույն հաղթահարել չի կարող.
սոցիալական աջակցություն` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, կյանքի դժվարությունները հաղթահարելու կամ մեղմելու, նրանց հիմնական պահանջմունքները բավարարելու, հասարակության մեջ ինտեգրվելու, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու նպատակով ընտանիքին տրամադրվող սոցիալական ծառայությունների ամբողջություն.
հիմնական պահանջմունքներ՝ ֆիզիկական անձի կեցության համար անհրաժեշտ պայմանների (սնունդ, հագուստ, կացարան, բուժօգնություն, հիմնական ընդհանուր կրթություն, բնակարանային կոմունալ ծառայություններ) ամբողջություն.
հաճախորդ՝ սույն օրենքի համաձայն՝ սոցիալական աջակցություն ստացող անձ.
ծեր` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքի հասած անձ.
անօթևան` մշտական կամ ժամանակավոր կամ փաստացի բնակության վայր չունեցող անձ.
բռնություն՝ անձի ֆիզիկական և (կամ) հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված արարք կամ դրա սպառնալիք.
սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` պետական մարմին կամ համայնքային ենթակայության հիմնարկ, որն իր սպասարկման տարածքում բնակչությանը տրամադրում է սույն օրենքով նախատեսված սոցիալական աջակցություն.
սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություն՝ սույն օրենքով սահմանված սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
Հոդված 3. |
Սոցիալական աջակցության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
Սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, իրավական այլ ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 4. |
Սոցիալական աջակցության նպատակը |
Սոցիալական աջակցության հիմնական նպատակն է բավարարել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի հիմնական պահանջմունքները, ստեղծել պայմաններ հասարակության մեջ ինտեգրվելու համար, խթանել նրանց ինքնօգնության և ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը, ինչպես նաև օժանդակել նրանց սոցիալական, ֆինանսական խնդիրների լուծմանը:
Հոդված 5. |
Սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման սկզբունքները |
Սոցիալական աջակցության կազմակերպման և տրամադրման հիմնական սկզբունքներն են՝
1) երեխաներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջնահերթությունը` սոցիալական ծառայություններ տրամադրելիս երեխաներին նախապատվություն տալը.
2) հասցեականությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը իսկապես դրա կարիքն ունեցող անձին.
3) համագործակցությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համագործակցության հիման վրա.
4) մատչելիությունը՝ սոցիալական ծառայություններ ստանալու հասանելիության ապահովումը.
5) համարժեքությունը և շարունակականության ապահովումը՝ անձի պահանջմունքներին առավել համապատասխան սոցիալական ծառայությունների տրամադրումը, դրանց շարունակականության ապահովումը.
6) համալիրությունը` տարատեսակ սոցիալական ծառայությունների զուգակցված տրամադրումը.
7) թափանցիկությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի հասանելի լինելը հասարակության համար.
8) սոցիալական խնամառության բացառումը՝ անձի ակտիվության դրսևորման և ինքնօգնության ունակությունների զարգացումը սոցիալական աջակցությունից շարունակական կախվածությունը բացառելու համար.
9) մարդու արժանապատվությունը չնվաստացնելը:
Հոդված 6. |
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունքը |
Սոցիալական աջակցություն ստանալու իրավունք ունեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում կացության համապատասխան կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք (այսուհետ՝ քաղաքացի):
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ
Հոդված 7. |
Սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները |
Սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներն են՝
1) խորհրդատվական օգնության տրամադրումը.
2) վերականգնողական օգնության տրամադրումը.
3) դրամական օգնության տրամադրումը.
4) բնաիրային օգնության տրամադրումը.
5) ժամանակավոր օթևանի տրամադրումը.
6) խնամքի կազմակերպումը.
7) իրավաբանական օգնության տրամադրումը.
8) սոցիալական ծառայությունների՝ օրենքով չարգելված այլ տեսակներ:
Հոդված 8. |
Խորհրդատվական օգնության տրամադրումը |
Խորհրդատվական օգնությունը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն ստեղծված իրավիճակից դուրս գալու, նրա սոցիալական խնդիրների լուծման ուղիներ և եղանակներ գտնելու միջոցների մասին խորհուրդների և առաջարկությունների, ինչպես նաև համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ձևով:
Հոդված 9. |
Վերականգնողական օգնության տրամադրումը |
1. Վերականգնողական օգնությունը տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն բժշկական վերականգնման, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի, հոգեբանական վերականգնման կամ մասնագիտական վերականգնման ու աշխատանքային թերապիայի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ձևերով:
2. Վերականգնողական օգնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 10. |
Դրամական օգնության տրամադրումը |
Դրամական օգնությունը պետական բյուջեից կամ համայնքի բյուջեից անհատույց տրամադրվող հասցեական, նպատակային աջակցություն է:
Դրամական օգնության ձևերն են՝
1) պետական նպաստները.
2) նպատակային նշանակություն ունեցող դրամական օգնությունը.
3) քաղաքացիների որոշակի ծախսերի մասնակի հատուցումը:
Դրամական օգնության տրամադրման կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 11. |
Բնաիրային օգնության տրամադրումը |
1. Բնաիրային օգնությունը տրամադրվում է սննդի կազմակերպման, հագուստի, կոշիկի, հիգիենայի միջոցների, երեխաների խնամքի պարագաների և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, օրենքով սահմանված դեպքերում բնակելի տարածության, հատուկ տրանսպորտային միջոցների, հաշմանդամների վերականգնողական տեխնիկական միջոցների տրամադրման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով:
2. Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. |
Ժամանակավոր օթևանի տրամադրումը |
1. Ժամանակավոր օթևան տրամադրվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, անօթևան կամ բռնության ենթարկված քաղաքացիներին ժամանակավոր կացարան ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծումներ գտնելու նպատակով:
2. Ժամանակավոր օթևանը տրամադրվում է մինչև 60 օր տևողությամբ:
3. Ժամանակավոր օթևանում հաճախորդին տրամադրվում են սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ, կոշիկ, սոցիալական, բժշկական, հոգեբանական և իրավական օգնություն, իսկ համարժեք սոցիալական ծառայություններ ստանալը անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է մասնագիտական կազմակերպություններում:
4. Ժամանակավոր օթևանի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. |
Խնամքի տրամադրումը |
1. Խնամքի տրամադրումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ծեր, հաշմանդամ քաղաքացիներին, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմանները ապահովելու կամ ծեր, հաշմանդամ քաղաքացիներին իրենց հարազատ սոցիալական միջավայրում հնարավորինս երկար պահելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է:
2. Խնամքը տրամադրվում է սննդի, այդ թվում՝ դիետիկ, բժշկական, սանիտարահիգիենիկ սպասարկման, հագուստի, կոշիկի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրման, մշակութային, կրթական, ժամանցի, անհրաժեշտության դեպքում՝ հաճախորդների դիսպանսերիզացման և հոսպիտալացման, իրավաբանական օգնության և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:
3. Մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն տրամադրվում է հոսպիսային օգնություն` կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում նրան, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամներին նրանց ֆիզիկական և հոգեկան տառապանքները թեթևացնելու նպատակով:
4. Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:
5. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունն ապահովում է երկարաժամկետ կացարան, շուրջօրյա լրիվ խնամք, իսկ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը` խնամքի տրամադրում ցերեկային ժամերին տնային պայմաններում և (կամ) կենտրոնում:
6. Խնամքի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 14. |
Իրավաբանական օգնության տրամադրումը |
Իրավաբանական օգնությունը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացուն սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության իրավասությունների շրջանակում տրամադրվող իրավաբանական խորհրդատվություն է, ինչպես նաև նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով փաստաբանական օգնության կազմակերպումը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. |
Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
1) սահմանում է սոցիալական աջակցության քաղաքականության հիմնական ուղղությունները.
2) ապահովում է միասնական պետական քաղաքականության իրականացումը.
3) սահմանում է պետական ծախսերի ծրագիրը.
4) հաստատում է օգնությունների տրամադրման կարգերը:
Հոդված 16. |
Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները |
Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորած պետական մարմին)՝
1) մշակում և իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառի միասնական պետական քաղաքականությունը.
2) ներկայացնում է առաջարկություններ՝ սոցիալական աջակցության զարգացման ուղղությունների և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին.
3) իրականացնում է սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների մեթոդական ղեկավարումը.
4) պետական վերահսկողություն է իրականացնում սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններում.
5) ստուգում է այլ մարմիններից և կազմակերպություններից (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) տրված սոցիալական աջակցության տրամադրման համար իրավունքը հաստատող փաստաթղթ(եր)ի հավաստիությունը.
6) կազմակերպում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտացման դասընթացներ, ինչպես նաև սոցիալական աշխատանքի մասնագետների որակավորման բարձրացման դասընթացներ.
7) սահմանված կարգով մասնակցում է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության պետական կրթական չափորոշիչի ձևավորմանը.
8) հաստատում է սոցիալական աշխատանքի մասնագետների էթիկայի կանոնները.
9) հաստատում է տնային այցելություն կատարելու մեթոդական ցուցումները.
10) հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
11) տրամադրվող սոցիալական ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգին չհամապատասխանելու դեպքում`
ա) պահանջում է տեղեկատվություն՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններից տրամադրվող սոցիալական ծառայությունը սահմանված կարգին համապատասխանելու վերաբերյալ,
բ) պահանջ է ներկայացնում սոցիալական ծառայություններ տրամադրող մարմնին՝ սահմանված ժամկետում վերացնելու հայտնաբերված անհամապատասխանությունը,
գ) դիմում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի վերադասին՝ համապատասխան սոցիալական աշխատանքի մասնագետին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ.
12) սահմանում է սոցիալական ծառայությունների որակի վերահսկման հետադարձ կապի մեխանիզմները.
13) ստեղծում և վարում է սոցիալական օգնություն ստանալու համար դիմած քաղաքացիների և հաճախորդների անհատական տվյալների տեղեկատվական բազա.
14) ուսումնասիրում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից տրամադրվող սոցիալական ծառայությունների հետ կապված բողոքները, խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումներ դրանք վերացնելու ուղղությամբ:
Հոդված 17. |
Տարածքային կառավարման պետական մարմնի լիազորությունները |
Տարածքային կառավարման պետական մարմինը՝
1) իրականացնում է մարզի (Երևան քաղաքի) սոցիալական աջակցության պետական ծրագրերը.
2) համակարգում և իրականացնում է մարզի (Երևան քաղաքի) սոցիալական աջակցության ծրագրերը.
3) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին մարզում (Երևան քաղաքում) սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս:
Հոդված 18. |
Տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները |
1. Տեղական ինքնակառավարման մարմինը սոցիալական ծառայություններ է տրամադրում՝
1) պետության պատվիրակած լիազորությունների շրջանակներում.
2) սոցիալական աջակցության համայնքային ծրագրերի շրջանակներում.
3) կամավոր լիազորությունների շրջանակներում:
2. Համայնքի ղեկավարը համագործակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ:
3. Համայնքի ղեկավարն աջակցում է սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացմանը դրանց հասցեականության մեծացման հարցում` հայտնաբերելով համայնքի առավել աղքատ, ինչպես նաև աջակցության ծրագրերում ընդգրկված ոչ աղքատ ընտանիքներին:
4. Համայնքն իր ուժերով կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է տնային այցելություններ և հնարավորության դեպքում լուծում տալիս տվյալ ընտանիքի կամ քաղաքացու սոցիալական խնդիրներին:
5. Համայնքի ղեկավարն ապահովում է հաճախորդի սոցիալական վիճակի վերաբերյալ իր տնօրինության տակ գտնվող հավաստի ու ամբողջական տեղեկատվության տրամադրումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին:
6. Համայնքի ղեկավարն ապահովում է բավարար պայմաններ իր կողմից հաճախորդներին տրված փաստաթղթերի հավաստիության ճշտման նպատակով պետական լիազոր մարմնի կողմից իրականացվող ստուգումների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից իրականացվող ուսումնասիրությունների ժամանակ:
Հոդված 19. |
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունները |
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը՝
1) հայտնաբերում է աղքատ ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
2) օրենքով սահմանված կարգով իրականացնում է դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
3) պարզում է սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը` դրանք տրամադրած մարմիններում և կազմակերպություններում.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կազմում է հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրեր և դրանք իրականացնում ինքնուրույն կամ համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ.
5) հաշմանդամների սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը կազմելիս հաշվի է առնում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի իրավասու մարմնի կազմած հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը.
6) մասնակցում է մարզի, իր սպասարկման տարածքի համայնքների սոցիալական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին.
7) ապահովում է քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ, սոցիալական աջակցության մատչելիություն և համարժեքություն հաճախորդների անհատական պահանջմունքներին.
8) հանդես է գալիս հաճախորդի օրինական շահերի և իրավունքների պաշտպանությամբ նրա դիմելու դեպքում կամ իր նախաձեռնությամբ.
9) համագործակցում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ.
10) մասնակցում է մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծման, ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
11) քաղաքացիներին ապահովում է նրանց անհրաժեշտ տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ, առավել խոր մասնագիտական օգնության կարիքի դեպքում նրանց կողմնորոշում այլ կազմակերպություններ, որտեղ կարող է ցուցաբերվել մասնագիտական օգնություն.
12) հաշվառում է խնամք ստանալու համար դիմած քաղաքացիներին, ուսումնասիրում նրանց ընտանեկան, սոցիալ-կենցաղային ու սոցիալ-տնտեսական պայմանները, աջակցում նրանց փաստաթղթերի ձևակերպմանը և ուղեգրում խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն.
13) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 20. |
Սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները |
1. Սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները ստեղծվում են՝
1) սոցիալական ծառայությունների չափերի, հեռանկարային զարգացման ուղղությունների, դրանց ֆինանսավորման հնարավոր միջոցների կանխատեսման,
2) սոցիալական ծառայությունների տեսակների տրամադրման համակարգման նպատակով:
2. Սոցիալական աջակցության տեղեկատվական բազան պարունակում է սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած քաղաքացիների անհատական տվյալները, սոցիալական աջակցությունը ստանալու հիմքը կամ մերժելու պատճառը, ստանալու ժամկետները, պարբերականությունը, սոցիալական աջակցության չափը, տրամադրման դադարեցման ժամկետը:
3. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները և սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները պարտավոր են սոցիալական ծառայություններ տրամադրելու մասին տվյալներ ներկայացնել լիազորած պետական մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
Հոդված 21. |
Լիազորած պետական մարմնի, տարածքային կառավարման պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների համագործակցությունը սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ |
1. Սոցիալական աջակցության պետական քաղաքականություն իրականացնելիս լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները համագործակցում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ:
2. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տեղեկատվություն են փոխանակում հաճախորդների և իրենց տրամադրած սոցիալական ծառայությունների մասին:
Հոդված 22. |
Սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները |
Սոցիալական աջակցության ֆինանսավորումն իրականացվում է՝
1) պետական բյուջեի միջոցներից.
2) համայնքի բյուջեի միջոցներից.
3) իրավաբանական և ֆիզիկական անձանց բարեգործական նվիրաբերումներից և նվիրատվություններից.
4) սոցիալական աջակցության վճարովի ծառայություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին:
Հոդված 23. |
Սոցիալական աջակցության խորհուրդները |
1. Սոցիալական աջակցության խորհուրդները ստեղծվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ապահովման նպատակով:
2. Սոցիալական աջակցության խորհուրդները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և գործում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին կից հասարակական հիմունքներով, որի կազմում ընդգրկվում են մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) ներկայացուցիչը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ներկայացուցիչը, զբաղվածության տարածքային մարմնի ներկայացուցիչը և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները:
3. Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատում է լիազորած պետական մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
Հոդված 24. |
Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում կայացնելը |
1. Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրվում է հաճախորդի կամ նրա օրինական ներկայացուցչի` սոցիալական աջակցություն տրամադրելու մասին հաճախորդի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացրած գրավոր դիմումի և սոցիալական ծառայության տվյալ տեսակի համար անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սոցիալական աջակցության տրամադրումը մերժվում է՝
1) սոցիալական ծառայության տվյալ տեսակի համար օրենքով սահմանված բավարար հիմք(եր)ի բացակայության,
2) դիմողի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չներկայացնելու,
3) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմողի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքերում:
3. Սոցիալական աջակցություն տրամադրելու կամ սոցիալական աջակցության տրամադրումը մերժելու մասին որոշումն ընդունում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը:
Հոդված 25. |
Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումների կայացման ժամկետները և դրանց բողոքարկման կարգը |
1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սոցիալական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու մասին որոշումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը կայացնում է դիմելուց հետո ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, որի մասին գրավոր տեղեկացնում է դիմողին:
2. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում ընդունելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում դիմողին սույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետում տեղեկացնում է լրացուցիչ ուսումնասիրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Դիմողին վերջնական պատասխան տրվում է ոչ ուշ, քան դիմելուց հետո՝ 30 օրվա ընթացքում:
3. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցություն տրամադրելը մերժելու մասին որոշման մեջ նշում է մերժման հիմք(եր)ը:
4. Արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև անհետաձգելի լուծում պահանջող` կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող, կյանքի դժվարին իրավիճակներում սոցիալական աջակցությունը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրամադրվում է անհապաղ այդ մասին տեղեկատվություն ստանալուց հետո:
5. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի գործողությունը կամ անգործությունը քաղաքացին կարող է բողոքարկել սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմնի ղեկավարին, լիազորած պետական մարմնին և (կամ) դատարան:
Հոդված 26. |
Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմքերը |
Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական աջակցության տրամադրումը դադարեցվում է՝
1) սոցիալական աջակցություն ստանալու հիմքերի վերացման դեպքում.
2) հաճախորդի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու դեպքում.
3) սոցիալական աջակցություն ստացողի սոցիալական աջակցություն ստանալուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
4) հաճախորդի մահվան դեպքում:
Հոդված 27. |
Սոցիալական աջակցության տրամադրումը սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից |
1. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք սոցիալական աջակցությունը տրամադրում են սույն օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին համապատասխան:
2. Սոցիալական աջակցության տրամադրումը՝
1) չի կարող ուղեկցվել քաղաքական կամ կրոնական քարոզչությամբ.
2) չի կարող հետապնդել տրամադրված սոցիալական ծառայությունների դիմաց այլ ծառայություններ կամ որևէ փոխհատուցում ստանալու ակնկալիք.
3) չի կարող վնաս պատճառել հաճախորդի առողջությանը, կյանքին և գույքին:
3. Սոցիալական աջակցության տրամադրման մասին սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող անձի գործողությունները կամ անգործությունը քաղաքացին կարող է բողոքարկել լիազորած պետական մարմին և (կամ) դատարան:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28. |
Հաճախորդի իրավունքները |
Հաճախորդն իրավունք ունի՝
1) ստանալու տեղեկատվություն իր սոցիալական իրավունքների, դրանց իրացման պայմանների, կարգի և տվյալ սոցիալական խնդիրը լուծելու եղանակների մասին.
2) պահանջելու և ստանալու սույն օրենքում նշված սոցիալական ծառայությունները տվյալ սոցիալական ծառայության համար օրենսդրությամբ սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում.
3) ստանալու իր կյանքի և առողջության համար անվտանգ սոցիալական ծառայություններ.
4) սոցիալական ծառայության տրամադրման մերժման դեպքում ստանալու գրավոր պատասխան.
5) մասնակցելու սոցիալական ծառայություն ստանալու վերաբերյալ որոշման ընդունման գործընթացին.
6) հրաժարվելու տրամադրվող սոցիալական ծառայություններից, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանված դեպքերի.
7) իր իրավունքների խախտման դեպքում բողոքարկելու օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 29. |
Հաճախորդի պարտականությունները |
Հաճախորդը պարտավոր է՝
1) մասնակցել իր սոցիալական խնդիրների լուծմանը.
2) տրամադրել անհրաժեշտ և հավաստի տվյալներ.
3) լինել ակտիվ իր սոցիալական հմտությունների զարգացման հարցում.
4) չխոչընդոտել սույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով և նույն հոդվածի չորրորդ մասով սահմանված սոցիալական աշխատանքի մասնագետների կողմից իրականացվող տնային այցելություններին.
5) սոցիալական աջակցությունն օգտագործել նպատակային:
Հոդված 30. |
Սոցիալական ծառայություններ ստանալուց հրաժարվելու՝ հաճախորդի իրավունքի սահմանափակումները |
1. Սոցիալական ծառայություններ ստանալուց հրաժարվելու՝ հաճախորդի իրավունքի սահմանափակում թույլատրվում է առանց քաղաքացու համաձայնության` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու միջոցով, եթե նա իր հարազատներից ու օրինական ներկայացուցչից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն՝
1) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության,
2) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքերում:
2. Քաղաքացուն, առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության, սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերով բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն տեղավորելու որոշումը սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի առաջարկությամբ կայացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
3. Տնային պայմաններում խնամքի տրամադրումը քաղաքացուն կարող է մերժվել, եթե նա քրոնիկ ալկոհոլամոլ և (կամ) թմրամոլ է, վարակակիր է, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում:
Հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված հիմքերով սոցիալական ծառայության տրամադրման մերժումը հաստատում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
Հոդված 31. |
Սոցիալական աշխատանքը |
1. Սոցիալական աշխատանքը մարդու անհատական սոցիալական խնդիրների լուծման նպատակով հոգեբանական և մանկավարժական մեթոդների ու եղանակների կիրառման միջոցով իրականացվող մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է մարդու (անձամբ այն իրականացնելու անկարողության դեպքում) կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելուն, մարդուն, ընտանիքին, անձանց խմբին անհատական օգնություն ցուցաբերելով` սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
2. Սոցիալական աշխատանքի մասնագետներն են սոցիալական աշխատողը և սոցիալական սպասարկողը:
Հոդված 32. |
Սոցիալական աշխատանքի մասնագետը |
1. Սոցիալական աշխատողը «Սոցիալական աշխատանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեություն իրականացնող քաղաքացին է:
Սոցիալական աշխատող կարող է լինել նաև այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան փաստաթուղթ ստացած քաղաքացին, որն ունի սոցիալական ոլորտի աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ:
2. Սոցիալական սպասարկողը «Սոցիալական աշխատանքի» միջին մասնագիտական կրթություն ունեցող և սոցիալական սպասարկողի մասնագիտական գործունեություն իրականացնող քաղաքացին է:
Սոցիալական սպասարկող կարող է լինել նաև այլ միջին մասնագիտական կրթություն ունեցող և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ դասընթացներ ավարտած, համապատասխան փաստաթուղթ ստացած քաղաքացին:
Հոդված 33. |
Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմիններում սոցիալական աշխատանքի մասնագետի իրավունքներն ու պարտականությունները |
1. Սոցիալական աշխատողն իրավունք ունի՝
1) կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները.
2) ներկայացնելու առաջարկություն սոցիալական աջակցության ծրագրերի ձևավորման և դրանց կատարելագործման վերաբերյալ:
2. Սոցիալական աշխատողը պարտավոր է՝
1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում կազմել հաճախորդի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը, առաջարկել սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն տրամադրվող սոցիալական ծառայության տեսակը, դրանով ապահովել սոցիալական ծառայության համարժեքությունը հաճախորդների անհատական պահանջմունքներին.
2) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը, կատարելագործելու առկա սոցիալական ունակությունները և ձեռք բերելու նորերը.
3) հայտնաբերել և հաշվառել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և ընտանիքներին.
4) ապահովել քաղաքացիների համար սոցիալական աջակցության տրամադրման հավասար հնարավորություններ.
5) պահանջել սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացուց կամ հաճախորդից միայն սոցիալական աջակցության տրամադրման հետ կապ ունեցող տեղեկություններ, աջակցել անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ ներկայացմանը.
6) ապահովել իր սպասարկման տարածքում բնակվող քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական աջակցության իրավունքի իրացման պահանջների կատարումը և պահպանել սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.
7) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի ութերորդ մասով նախատեսված վկայականը:
3. Սոցիալական աշխատողն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և կրում է պարտականություններ:
4. Սոցիալական սպասարկողն իրավունք ունի կատարելու տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմանները:
5. Սոցիալական սպասարկողը պարտավոր է՝
1) տնային պայմաններում տրամադրել սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրով սահմանված տնային խնամքի ծառայություններ.
2) սոցիալական աջակցություն ստանալու համար դիմած քաղաքացուն օգնել հայտնաբերելու և օգտագործելու դժվարություններ հաղթահարելու իր կարողությունը.
3) հայտնաբերել սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին, ընտանիքներին և աջակցել նրանց հաշվառմանը.
4) պահպանել իր կողմից սպասարկվող քաղաքացիների (ընտանիքների) սոցիալական աջակցության տրամադրման ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը.
5) տնային այցելությունների ժամանակ ներկայացնել սույն հոդվածի ութերորդ մասով նախատեսված վկայականը:
6. Սոցիալական սպասարկողն ունի սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:
7. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքում գործող այլ կազմակերպությունները, անկախ կազմակերպական-իրավական ձևից, պարտավոր են աջակցել սոցիալական աշխատանքի մասնագետին իր ծառայողական պարտականությունները կատարելիս:
8. Սոցիալական աշխատանքի մասնագետն ունի վկայական, որը տալիս է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. |
Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 35. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. նոյեմբերի 25 Երևան ՀՕ-207-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.12.2014, ՀՕ-231-Ն | 01.01.2015, ՀՕ-207-Ն | |
26.12.2008, ՀՕ-26-Ն | 08.06.2009, ՀՕ-207-Ն | |
22.12.2006, ՀՕ-18-Ն | 25.01.2007, ՀՕ-207-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|