Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.07.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
22.07.2021
Дата вступления в силу
22.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ2/0017/06/20

Գործ թիվ ԱՎԴ2/0017/06/20

Նախագահող դատավոր՝  Ռ. Մխիթարյան 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի հուլիսի 22-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սարգիս Սերոժի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 26169020 քրեական գործը:

2020 թվականի հուլիսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 26101720 քրեական գործը, որը նույն օրը միացվել է թիվ 26169020 քրեական գործին:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ Սարգիս Ստեփանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) նույն օրվա որոշմամբ Ս.Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում երկարացվել է:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Ստեփանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով:

3. Վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքը, դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) [Փ]աստաբան Քրիստինե Ավագյանի կողմից մեղադրյալ Սարգիս Ստեփանյանի պաշտպանությունն օրենքով սահմանված կարգով ստանձնելու վերաբերյալ տեղեկություն գործի նյութերում չկա: Դրա հետ մեկտեղ, բողոքին կից չի ներկայացվել մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային որևէ հաստատում` փաստաբան Քրիստինե Ավագյանի կողմից որպես պաշտպան հանդես գալու մեղադրյալի կամահայտնության մասին, կամ փաստաբան Քրիստինե Ավագյանին որպես Սարգիս Ստեփանյանի պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշում:

(…) [Կ]ալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն օրենսդիրը վերապահել է բացառապես [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ] հոդվածում թվարկված սուբյեկտներին` դատախազին, մեղադրյալին, վերջինիս պաշտպանին և (կամ) օրինական ներկայացուցչին, որպիսի դատավարական կարգավիճակներից որևէ մեկը, ըստ առկա նյութերի, սույն դեպքում բողոքաբերը չունի: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, ով դրա իրավունքը չուներ, իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի`

«Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողնում է առանց քննության, եթե՝

(...)

3) վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.

(...)»1։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ մեղադրյալ Ս.Ստեփանյանի պաշտպանը հանդիսանալու վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հիմքով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է իր պաշտպանյալի դատարան դիմելու և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքը։

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով2,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը3,

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն4,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա5: Դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի6:

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»7:

11.1. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձի դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը ոչ իրավաչափորեն սահմանափակվի: Բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա: Այլ կերպ՝ վերաքննիչ բողոքարկման դատավարական կանոնները պետք է մեկնաբանվեն դատարանի մատչելիության իրավունքի իրական ապահովման համատեքստում8:

12. Սահմանադրական դատարանը՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:

(...)

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»9։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ փաստաբան Ք.Ավագյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, քանի որ քրեական գործում, ինչպես նաև վերաքննիչ բողոքին կից նյութերում առկա չեն Ք.Ավագյանի` որպես մեղադրյալ Ս.Ստեփանյանի պաշտպանի կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, այդ թվում՝ որպես պաշտպան հանդես գալու՝ մեղադրյալ Ս.Ստեփանյանի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային որևէ հաստատում կամ փաստաբան Ք.Ավագյանին Ս.Ստեփանյանի պաշտպան նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշում10։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 9-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի՝ բնույթով ձևական նախապայմանի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից այն առանց քննության թողնելը հիմնավոր համարվել չի կարող: Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելով և վերջինիս՝ իր կարգավիճակը հաստատող պատշաճ փաստաթղթերը ներկայացնելու հնարավորություն չտալով, ոչ իրավաչափորեն սահմանափակել է մեղադրյալի` դատարան դիմելու իրավունքը, որի արդյունքում խախտվել են անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքները:

15. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստաբան Ք.Ավագյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ համապատասխան որոշում կայացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սարգիս Սերոժի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________

1 Տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 80-82։

2 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

Տե'ս նույն տեղում:

4 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

7 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

8 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Հարությունյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԱՐԱԴ/0033/15/19 որոշման 12-րդ կետը:

9 Տե'ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:

10 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական: