Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-183-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.11.2005-02.05.2011)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1292
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
04.10.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
31.10.2005
Дата вступления в силу
19.11.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.05.2011


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին

«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 ապրիլի 2004 թվականի, ՀՕ-63-Ն, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի առաջին մասում «ստեղծելն է» բառերից հետո դնել վերջակետ, իսկ հաջորդող բառերը փոխարինել հետևյալ նախադասություններով. «Այս իրավունքի իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները և հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսելուն ոստիկանության և պետական մարմինների կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպում է իրավաբանական անձը, ապա կազմակերպիչ է համարվում այն ներկայացնելու իրավունք ունեցողը կամ իրավաբանական անձի կողմից կազմակերպչի պարտականությունը կատարելու համար լիազորված անձը:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ մաս.

«7. Ընդհանուր օգտագործման տարածքներում այլ միջոցառումների, ինչպես նաև ոչ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներն իրավունք ունեն այդ միջոցառումներն անցկացնելու սույն օրենքով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառումների համար նախատեսված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետը և երրորդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) վեցերորդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) յոթերորդ մասի`

ա) 1-ին կետից հանել «և օրենքի այլ պահանջներ» բառերը.

բ) 3-րդ կետից հանել «և դադարեցնել հրապարակային միջոցառումից բխող այլ գործողություններ» բառերը.

գ) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) չխոչընդոտել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) առաջին մասը լրացնել 4-րդ կետով.

«4) իր գործողություններում ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:».

2) երկրորդ մասի`

ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) պարտավոր է ապահովել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը.»,

բ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) պարտավոր է իր գործողություններում ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.»:

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արգելվում է հրապարակային միջոցառումների անցկացումը զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ մաս.

«4. Հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել՝

1) կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, վթարային շենքերի տարածքներում ու շինհրապարակներում, եթե կարող է վտանգվել հասարակական անվտանգությունը, մասնակիցների կամ այլոց առողջությունը.

2) Հանրապետության Նախագահի նստավայրից, «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ից, գազի ստորգետնյա պահեստարաններից և դրանց սպասարկման կառույցներից, «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանից այնպիսի հեռավորության վրա, որը ոստիկանությունն անհրաժեշտ կհամարի անվտանգության նկատառումներով.

3) եթե դրանք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն.

4) ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում, եթե խախտվում են այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի և օգտագործողի իրավունքները:».

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ մաս.

«5. Մշակութային և մարզական համալիրների տարածքներում հրապարակային միջոցառումները լիազոր մարմնի կողմից կարող են սահմանափակվել դրանցում անցկացվող միջոցառման բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով:»:

Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) առաջին մասում «Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել հետևյալ բառերով. «Բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման».

2) երկրորդ մասը «իրազեկման» բառից առաջ լրացնել «լիազոր մարմնին» բառերով.

3) երկրորդ մասից հանել «, ճանապարհային երթևեկության կանոնները, սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի պահանջները» բառերը և վերջին նախադասությունը.

4) երրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) չորրորդ մասի «քաղաքապետին» բառից հետո դնել վերջակետ, հանել «այդ» բառը և «միջոցառումն» բառից առաջ ավելացնել «Իրազեկումը համարվում է օրինական և քննարկման ենթակա, եթե ներկայացված է» բառերը:

Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը, ստորագրված կազմակերպիչների կողմից, պետք է պարունակի՝

1) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը, սկիզբը և ավարտի մոտավոր ժամանակը, իսկ եթե նախատեսվում է նաև երթ, ապա երթի ուղին և մոտավոր ժամանակացույցը,

2) կազմակերպիչների անձնագրային կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները:

Իրավաբանական անձի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է իրավասու մարմնի որոշումն այդ միջոցառումն անցկացնելու մասին:».

2) ուժը կորցրած ճանաչել երկրորդ և երրորդ մասերը, ինչպես նաև հանել չորրորդ մասի առաջին նախադասությունը.

3) հինգերորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիազոր մարմինը իրազեկման պատճենը ուղարկում է ոստիկանության համապատասխան մարմիններին:»:

Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) առաջին մասի «ժամը 12-ին» բառերը փոխարինել «մինչև ժամը 12-ը» բառերով և հանել վերջին նախադասությունը.

2) չորրորդ մասի առաջին նախադասությունում «Իրազեկման» բառը փոխարինել «Իրազեկումների» բառով, իսկ երկրորդ նախադասությունը «Իրազեկման» բառից առաջ լրացնել «Յուրաքանչյուր» բառով.

3) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Իրազեկման քննարկման արդյունքում, եթե բացակայում են 13-րդ հոդվածում նշված հանգամանքները, զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մասին իրազեկումն ընդունվում է ի գիտություն, և միջոցառումն անցկացվում է իրազեկման մեջ նշված վայրում և ժամին: 13-րդ հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում որոշում է կայացվում զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին:»:

Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր մարմնի` 12-րդ հոդվածում սահմանված կարգով ընդունված որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքերում, եթե`».

2) առաջին մասի 1-ին կետը «իրազեկման» բառից առաջ լրացնել «թերությունների մասին զգուշացվելուց հետո» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել առաջին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը.

4) առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Երթը կարող է արգելվել, եթե դրա տևողությունն այնքան մեծ է, որ կհանգեցնի այլ անձանց իրավունքների և ազատությունների ոչ ողջամիտ սահմանափակմանը:».

5) չորրորդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«4. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով կամ վերջին պարբերությամբ նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր (իրազեկման մեջ նշված վայրում և ժամին) և այլ ժամեր (իրազեկման մեջ նշված վայրում և օրը) կամ միջոցառման ձևին վերաբերող այլ պայմաններ (իրազեկման մեջ նշված վայրում և ժամին):».

6) հինգերորդ մասի առաջին պարբերությունից հանել «, կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն,» և «, եթե այդպիսի հնարավորությունն առկա է» բառերը:

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) առաջին մասի 1-ին կետը «իրազեկման» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վերածվել է զանգվածային հրապարակային միջոցառման» բառերով.

2) առաջին մասի 4-րդ կետից հանել «կազմակերպիչները կամ մասնակիցները», ինչպես նաև «, կամ» բառերը, իսկ «են խախտել» բառերը փոխարինել «է խախտվել» բառերով.

3) ուժը կորցրած ճանաչել առաջին մասի 5-րդ կետը և երրորդ մասի 3-րդ կետը.

4) երրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել և դրա հետագա շարունակումը իրական վտանգ է ներկայացնում անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց.».

5) չորրորդ մասից հանել «Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված» բառերը:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2005 թ. հոկտեմբերի 31
Երևան
ՀՕ-183-Ն