Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-163-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.08.2005-09.04.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.12/51(423) Հոդ.990
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
07.07.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
04.08.2005
Дата вступления в силу
22.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի հուլիսի 7-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (17 հունիսի 1998 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 291-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  291. Ե Ր Ե Խ Ա Յ Ի  Ո Ր Դ Ե Գ Ր Մ Ա Ն  Վ Ե Ր Ա Բ Ե Ր Յ Ա Լ  Գ Ո Ր Ծ Ե Ր Ի 
Վ Ա Ր Ո Ւ Յ Թ Ը

Հոդված 1731. Դիմում տալը

 

Երեխա որդեգրելու վերաբերյալ դիմումը տրվում է որդեգրվող երեխայի բնակության վայրի (գտնվելու վայրի) քաղաքացիական գործեր քննող դատարան:

 

Հոդված 1732. Դիմումին առաջադրվող պահանջները

 

1. Դիմումում պետք է նշվեն՝

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը.

2) որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը.

3) եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին.

4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ժամանակը և վայրը փոփոխելու, իրեն (իրենց) որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ) գրառելու մասին:

2. Դիմումին պետք է կցվեն`

1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) գտնվում է (են) ամուսնության մեջ.

3) երեխան ամուսիններից մեկի կողմից որդեգրվելու դեպքում որդեգրման համար մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը.

4) տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը։ Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:

Որդեգրմանը երեխայի համաձայնությունը ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները.

5) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը).

6) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք.

7) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք.

8) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը, ինչպես նաև խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը.

9) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր՝ որդեգրվող երեխայի ծնողների կողմից գրավոր համաձայնություն՝ երեխային որդեգրման տալու մասին, ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ.

10) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին` նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք որդեգրել ցանկացող անձը (անձինք) ներկայացրել են եզրակացությունը ստանալու համար.

12) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման համար տասը տարին լրացած երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ.

13) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-10-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված նախնական համաձայնությունը։

Հոդված 1733. Դիմումի քննությունը

 

Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, որդեգրել ցանկացող անձի և տասնչորս տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ։ Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի մասնակցությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց, ինչպես նաև տասը տարին լրացած որդեգրվող երեխային:

Երեխայի որդեգրման վերաբերյալ գործերը դատարանը քննում է դռնփակ դատական նիստում:

Հոդված 1734. Դատարանի վճիռը

 

Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ` որդեգրումը հաստատելու մասին։

Որդեգրվող երեխայի անվան, հայրանվան և ազգանվան, ծննդյան ժամանակի և (կամ) վայրի փոփոխման, որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտության, ինչպես նաև որդեգրված երեխայի հարաբերությունները ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ պահպանելու դեպքերում նշվում են որդեգրման մասին դատարանի վճռի մեջ։

Դատարանը որդեգրումը մերժում է`

1) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում երեխայի որդեգրումը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից պետական գրանցման համար։

Հոդված 1735. Որդեգրումը վերացնելը

 

Որդեգրումը վերացնելու գործերի քննությունը և լուծումն իրականացվում են հայցային վարույթի կանոններով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 4
Երևան
ՀՕ-163-Ն