Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.06.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
17.06.2021
Дата вступления в силу
17.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

  Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28163/02/18

2021թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28163/02/18

Նախագահող դատավոր՝  Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Դ. Սերոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

          

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

  

2021 թվականի հունիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թվականի որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ «Դամբայ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը,

    

Պ Ա Ր Զ Ե Ց

     

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իր հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականին ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպությունը (ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով հայտեր են ներկայացրել միայն Ընկերությունը և Կազմակերպությունը, որոնց հայտը այդ չափաբաժնի մասով մերժելու արդյունքում 12.03.2019 թվականի «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների ձեռքբերման նպատակով նույն ծածկագրով գնանշման հարցման նոր ընթացակարգ հայտարարելու մասին, որի գնման առարկա է դարձել նաև չկայացած հայտարարված նույն ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնով նախատեսված ծառայությունը: Դրանից հետո «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով Կազմակերպությունը ճանաչվել է առաջին տեղ զբաղեցնող մասնակից և որոշում է կայացվել վերջինիս հետ պայմանագիր կնքելու մասին: Սակայն Դատարանի կողմից 25.02.2019 թվականին կայացված վճռի հիման վրա Նախարարությունը կայացրել է  «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգը կասեցնելու և Կազմակերպության հետ՝ ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով նախատեսված ապրանքի գնման համար պայմանագիր չկնքելու մասին որոշում։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 25.02.2019 թվականի վճռի հիման վրա «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու հիմքով դադարել է այդ չափաբաժնի մասով գնման անհրաժեշտությունը, ինչն էլ հանգեցրել է տվյալ գնումը Կազմակերպությունից չկատարելուն, որի արդյունքում Դատարանի 25.02.2019 թվականի վճիռն անխուսափելիորեն ազդում է Կազմակերպության իրավունքների վրա, քանի որ պետության կողմից հայտարարված գնման գործընթացում առաջին տեղ զբաղեցնելու փաստով Կազմակերպությունն ունեցել է իրավաչափ ակնկալիք, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի հենց իր հետ, և ծառայությունների մատուցման արդյունքում վերջինս կունենա որոշակի շահույթ:

Վերաքննիչ դատարանը 04.10.2019 թվականին նման որոշում կայացնելու արդյունքում Կազմակերպությանը զրկել է լսված լինելու իրավունքից՝ խախտելով վերջինիս արդար դատաքննության իրավունքը, իսկ դրա արդյունքում՝ նաև սեփականության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան նոր քննության, և ամբողջությամբ կասեցնել Դատարանի 25.02.2019 թվականի վճռի կատարումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նախարարությունը պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկով հայտարարել է հրատապ բաց մրցույթ և այդ կապակցությամբ արել է հրավեր (հատոր 1-ին, գ.թ. 106-116).

2) Նախարարության կարիքների համար «Պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների» ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգին սահմանված ժամկետում էլեկտրոնային հայտ են ներկայացրել նաև սույն գործով հայցվոր Ընկերությունը և գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպությունը (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

3) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 2.3 կետում նշել է, որ Ընկերության կողմից 3-րդ, 10-րդ և 11-րդ չափաբաժինների մասով չի ներկայացվել հայտի ապահովում միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, որի հիման վրա հանձնաժողովը մերժել է նրա հայտը վերոնշյալ չափաբաժիններով», և քննարկելով Ընկերության կողմից 1-ին, 2-րդ և 9-րդ չափաբաժինների մասով ներկայացված հայտի ապահովման բանկային երաշխիքը` գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել վերոնշյալ չափաբաժիններով Ընկերության հայտը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

4) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 2.3 կետում նշել է նաև, որ Կազմակերպության՝ հայտով ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են հրավերով սահմանված պայմաններին (պահանջներին) (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

5) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 4.1 կետում նշել է, որ «հայտերի բացման նիստի ավարտի օրը՝ 15.02.2018 թվականին, «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի հանձնաժողովի որոշմամբ ներկայացված գնային առաջարկների հիման վրա ընթացակարգում ըստ չափաբաժինների 1-ին տեղ զբաղեցնող են ճանաչվել «Տեխնոֆրիզ» ՍՊԸ-ն, «Միքսգրուպ» ՍՊԸ-ն, «ԱՐԱՄ ԶԱՐԳԱՐՅԱՆ» ԱՁ-ն, Կազմակերպությունը և «Դահոս» ՍՊԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

6) Նախարարության կողմից իր կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում հայտարարվել է նաև Կազմակերպության հետ պայմանագիր կնքելու որոշման մասին (հատոր 2-րդ, գ.թ. 15, 16).

7) ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) 06.03.2018 թվականի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/28 որոշմամբ Կազմակերպության կողմից Խորհրդին ներկայացված բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 10-23).

8) Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով մասնակիորեն` իր հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 5-8).

9) Դատարանի 25.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3 կետով կայացրած որոշման՝ Ընկերության հայտը մերժելու մասը։ Վճիռը չի բղոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 138-145).

10) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 05.06.2019 թվականին ծանուցում է կազմել Կազմակերպության տնօրենի անվամբ այն մասին, որ «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնման ընթացակարգը Պատվիրատուի ղեկավարի հրամանով կասեցվել է` հիմք ընդունելով Դատարանի կողմից թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում 25.02.2019 թվականին կայացված վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 13)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունըևորի առկայությունը հիմնավորվում ներկայացված պատճառաբանություններով։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված Վերաքննիչ դատարանի որոշումը, հիմք ընդունելով սույն գործի փաստերը, վերաբերում է գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում կայացրած որոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքն, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ                  3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին.

Վերը նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն ի թիվս այլնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք սահմանել է նաև այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա: Ընդ որում, որպես ընդհանուր կանոնից բացառություն օրենսդիրը նախատեսել է այն դեպքը, երբ դատարանը գործի քննության մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն վերջինս չի ցանկացել ներգրավվել այդ գործին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական և հիմնավորված:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումը ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը՝ անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որևէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը:

Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը:

Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգման արդյունավետ միջոցների հնարավորություն:

Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը (տե՛ս, նաև ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին (տե՛ս, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի` արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին: Ինչ վերաբերում է անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի և պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում` գործի քննության փուլում (տե՛ս, Գառնիկ Կուրղինյանը և Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ և Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարությունը պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկով հայտարարել է հրատապ բաց մրցույթ և այդ կապակցությամբ արել է հրավեր: Նախարարության կարիքների համար «Պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների» ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգին սահմանված ժամկետում էլեկտրոնային հայտ են ներկայացրել նաև սույն գործով հայցվոր Ընկերությունը և Կազմակերպությունը:

«ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 2.3 կետում նշել է, որ Ընկերության կողմից 3-րդ, 10-րդ և 11-րդ չափաբաժինների մասով չի ներկայացվել հայտի ապահովում միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, որի հիման վրա հանձնաժողովը մերժել է նրա հայտը վերոնշյալ չափաբաժիններով, և քննարկելով Ընկերության կողմից 1-ին, 2-րդ և 9-րդ չափաբաժինների մասով ներկայացված հայտի ապահովման բանկային երաշխիքը` գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել վերոնշյալ չափաբաժիններով Ընկերության հայտը մերժելու մասին: Միաժամանակ արձանագրության 2.3 կետում նշվել է նաև, որ Կազմակերպության՝ հայտով ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են հրավերով սահմանված պայմաններին (պահանջներին):

Նույն արձանագրության 4.1 կետում նշվել է, որ հայտերի բացման նիստի ավարտի օրը՝ 15.02.2018 թվականին, «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի հանձնաժողովի որոշմամբ ներկայացված գնային առաջարկների հիման վրա ընթացակարգում ըստ չափաբաժինների 1-ին տեղ զբաղեցնող է ճանաչվել նաև Կազմակերպությունը, այնուհետև Նախարարության կողմից կազմակերպված նշված գնման ընթացակարգի արդյունքում հայտարարվել է նաև Կազմակերպության հետ պայմանագիր կնքելու որոշման մասին:

Խորհրդի 06.03.2018 թվականի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/28 որոշմամբ Կազմակերպության կողմից Խորհրդին ներկայացված բողոքը մերժվել է:

Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով մասնակիորեն` իր հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը:

Դատարանի 25.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3 կետով կայացրած որոշման՝ Ընկերության հայտը մերժելու մասը։ Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

«ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 05.06.2019 թվականին ծանուցում է կազմել Կազմակերպության տնօրենի անվամբ այն մասին, որ «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնման ընթացակարգը Պատվիրատուի ղեկավարի հրամանով կասեցվել է` հիմք ընդունելով Դատարանի կողմից թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում 25.02.2019 թվականին կայացված վճիռը:

Կազմակերպությունը` որպես գործին մասնակից չդարձած անձ, Դատարանի 25.02.2019 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրա հիմքում դնելով նաև այն, որ 12.03.2019 թվականին «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտարարվել է Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների ձեռքբերման նպատակով «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգ, որի գնման առարկա են հանդիսացել չկայացած հայտարարված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 3-րդ, 9-րդ և 11-րդ չափաբաժիններով նախատեսված ապրանքները։ Մասնակցության հայտ է ներկայացրել նաև ինքը, որի արդյունքում 3-րդ չափաբաժնի` «Սառնարանային սարքավորումներ» մասով, ճանաչվել է հաղթող մասնակից: Նույն գնման առարկան հանդիսացել է չկայացած հայտարարված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնով նախատեսված ծառայությունը: 18.04.2019 թվականին համապատասխան կայքում հրապարակվել է իր հետ «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի 3-րդ չափաբաժնի մասով պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարություն: 06.06.2019 թվականին Կազմակերպությունը հարցում է ուղարկել «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգը գնահատող հանձնաժողովին առ այն, թե ինչու Նախարարության և իր միջև «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի շրջանակներում դեռևս չի կնքվում պայմանագիր, ինչին ի պատասխան հանձնաժողովը հայտնել է, որ նշված գնման ընթացակարգը Պատվիրատուի ղեկավարի հրամանով կասեցվել է` հիմք ընդունելով Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը: Ինքը միայն նշված պատասխանից է տեղեկացել, որ այդ հարցի կապակցությամբ առկա է եղել դատական գործ ու Դատարանի վճիռ, որով դադարեցվել է նաև «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով Ընկերության հայտը մերժելու մասին որոշումը։ Ընդ որում, այդ չափաբաժնի մասով նախկինում հայտեր ներկայացրել էին միայն ինքը և Ընկերությունը: Նշված երկու հայտերի մերժման արդյունքում է կազմակերպվել «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման նոր ընթացակարգը, որով հաղթող է ճանաչվել ինքը: Մինչդեռ Դատարանի 25.02.2019 թվականի վճռի հիման վրա Նախարարությունը որոշում է կայացրել  «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգը կասեցնելու և Կազմակերպության հետ պայմանագիր չկնքելու մասին:

Վերաքննիչ դատարանը 04.10.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ քննարկվող քաղաքացիական գործն առնչվել է Ընկերության կողմից հայտ ներկայացվելուն և այն համապատասխան պահանջներին համապատասխանելուն ու գործի նյութերի հետազոտմամբ Վերաքննիչ դատարանը չի հայտնաբերվել որևէ ապացույց, որի հիմնավորմամբ կարելի էր արձանագրել բողոք բերող անձի կողմից բողոքի հիմքում դրված հանգամանքն այն մասին, որ կայացված դատական ակտը վերաբերվում է Կազմակերպության իրավունքներին կամ պարտականություններ է ստեղծում վերջինիս համար, հետևաբար բացակայում են իրավական որոշակիության սկզբունքը խախտելու համար էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքները:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...)

3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, (...).

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր. (...)։

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: (...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է`

1) բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ

2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: (...)

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորս աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե պայմանագիր չի կնքվում:

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի N 526-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» (այսուհետ՝ Կարգ) 40-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝  հանձնաժողովը հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից որոշում և հայտարարում է ընտրված և հաջորդաբար տեղեր զբաղեցրած մասնակիցներին: (...)

Կարգի 58-րդ կետի համաձայն՝ եթե գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր չի կնքվում, ապա այդ ընթացակարգը չկայացած է հայտարարվում, և օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է գնման նոր ընթացակարգ: (...)։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գնման արդյունքում բավարարվում է պատվիրատուի կարիքը՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանված գնման ընթացակարգերի կիրառմամբ պայմանագիր կնքելով։ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ գնման ընթացակարգի արդյունքում հաղթողի՝ ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է միայն անգործության ժամկետից հետո՝ հնարավորություն տալով գնման ընթացակարգում չհաղթած մասնակիցներին՝ բողոքարկելու ընտրված մասնակից ընտրելու, պայմանագիր կնքելու կամ, օրինակ, իրենց հայտերը մերժելու մասին որոշումները։ Ընդ որում, եթե այդ մասնակցի բողոքարկումն ավարտվում է վերջինիս օգտին, ապա պայմանագիր չի կնքվում, իսկ գնման ընթացակարգն էլ ճանաչվում է չկայացած։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դատական գործերով, որոնք առնչվում են որևէ հիմքով պայմանագիր կնքելու որոշումների վիճարկմանը (այդ թվում՝ անուղղակիորեն հայտի մերժման որոշման վիճարկմամբ), պետք է ներգրավվի տվյալ ընտրված մասնակիցը՝ նկատի ունենալով, որ հայցը բավարարվելու դեպքում պայմանագիր չի կնքվելու, իսկ ընտրված մասնակիցը զրկվելու է իր կանխատեսած հնարավոր ակնկալիքից։ Հետևաբար, եթե վերջինս չի ներգրավվել դատական գործին, ապա կիրառելի են գործին մասնակից չդարձված անձանց վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումները։

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով Ընկերության կողմից հայց է ներկայացվել Դատարան` «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականին ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը մասնակիորեն` Ընկերության հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Կազմակերպությունը, վերը նշված փաստերի և դրանք հաստատող ապացույցների հաշվառմամբ, գնային առաջարկների հիման վրա ընթացակարգում ըստ չափաբաժինների 1-ին տեղ զբաղեցնող է ճանաչվել, իսկ այնուհետև Նախարարության կողմից հայտարարվել է նաև Կազմակերպության հետ պայմանագիր կնքելու որոշման մասին, սակայն «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնման ընթացակարգը Պատվիրատուի ղեկավարի հրամանով կասեցվել է` հիմք ընդունելով հենց սույն գործով Դատարանի կողմից 25.02.2019 թվականին կայացված վճիռը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը, որով բավարարվել է Ընկերության հայցը, շոշափում է նաև Կազմակերպության իրավունքները և օրինական շահերը` անմիջականորեն խախտելով ու ուղղակիորեն առնչվելով վերջինիս իրավունքներին և պարտականություններին։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կայացված դատական ակտը վերաբերում է Կազմակերպության իրավունքներին, ուստիև վերջինս պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 25.02.2019 թվականի վճռի` գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության իրավունքների և պարտականությունների վրա ազդեցության առկայության պայմաններում Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը բոլոր դեպքերում ենթակա էր բեկանման, իսկ Կազմակերպությունը պարտավոր չէր ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման:

Ավելին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը վերաբերում է ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ

կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

    

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործով 2021 թվականի հունիսի 17-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

   

«17» հունիսի 2021 թվական

   

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի հունիսի 17-ին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թվականի որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ «Դամբայ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Հունան Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքը՝  ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իր հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականին ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Տ. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2019 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2.Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով հայտեր են ներկայացրել միայն Ընկերությունը և Կազմակերպությունը, որոնց հայտը այդ չափաբաժնի մասով մերժելու արդյունքում 12.03.2019 թվականի «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների ձեռքբերման նպատակով նույն ծածկագրով գնանշման հարցման նոր ընթացակարգ հայտարարելու մասին, որի գնման առարկա է դարձել նաև չկայացած հայտարարված նույն ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնով նախատեսված ծառայությունը: Դրանից հետո «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով Կազմակերպությունը ճանաչվել է առաջին տեղ զբաղեցնող մասնակից և որոշում է կայացվել վերջինիս հետ պայմանագիր կնքելու մասին: Սակայն Դատարանի կողմից 25.02.2019 թվականին կայացված վճռի հիման վրա Նախարարությունը կայացրել է  «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգը կասեցնելու և Կազմակերպության հետ՝ ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով նախատեսված ապրանքի գնման համար պայմանագիր չկնքելու մասին որոշում։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 25.02.2019 թվականի վճռի հիման վրա «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի 9-րդ չափաբաժնի մասով առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու հիմքով դադարել է այդ չափաբաժնի մասով գնման անհրաժեշտությունը, ինչն էլ հանգեցրել է տվյալ գնումը Կազմակերպությունից չկատարելուն, որի արդյունքում Դատարանի 25.02.2019 թվականի վճիռն անխուսափելիորեն ազդում է Կազմակերպության իրավունքների վրա, քանի որ պետության կողմից հայտարարված գնման գործընթացում առաջին տեղ զբաղեցնելու փաստով Կազմակերպությունն ունեցել է իրավաչափ ակնկալիք, որ ծառայությունների մատուցման պայմանագիրը կկնքվի հենց իր հետ, և ծառայությունների մատուցման արդյունքում վերջինս կունենա որոշակի շահույթ:

Վերաքննիչ դատարանը 04.10.2019 թվականին նման որոշում կայացնելու արդյունքում Կազմակերպությանը զրկել է լսված լինելու իրավունքից՝ խախտելով վերջինիս արդար դատաքննության իրավունքը, իսկ դրա արդյունքում՝ նաև սեփականության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Դատարան նոր քննության, և ամբողջությամբ կասեցնել Դատարանի 25.02.2019 թվականի վճռի կատարումը:

      

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանը նշել է, որ`

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1)Նախարարությունը պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու առաջարկով հայտարարել է հրատապ բաց մրցույթ և այդ կապակցությամբ արել է հրավեր (հատոր 1-ին, գ.թ. 106-116).

2)Նախարարության կարիքների համար «Պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների» ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգին սահմանված ժամկետում էլեկտրոնային հայտ են ներկայացրել նաև սույն գործով հայցվոր Ընկերությունը և գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպությունը (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

3) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 2.3 կետում նշել է, որ Ընկերության կողմից 3-րդ, 10-րդ և 11-րդ չափաբաժինների մասով չի ներկայացվել հայտի ապահովում միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, որի հիման վրա հանձնաժողովը մերժել է նրա հայտը վերոնշյալ չափաբաժիններով», և քննարկելով Ընկերության կողմից 1-ին, 2-րդ և 9-րդ չափաբաժինների մասով ներկայացված հայտի ապահովման բանկային երաշխիքը` գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել վերոնշյալ չափաբաժիններով Ընկերության հայտը մերժելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

4) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 2.3 կետում նշել է նաև, որ Կազմակերպության՝ հայտով ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են հրավերով սահմանված պայմաններին (պահանջներին) (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

5) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 29.01.2018 թվականին կազմված թիվ 4 արձանագրության 4.1 կետում նշել է, որ «հայտերի բացման նիստի ավարտի օրը՝ 15.02.2018 թվականին, «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՀԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգի հանձնաժողովի որոշմամբ ներկայացված գնային առաջարկների հիման վրա ընթացակարգում ըստ չափաբաժինների 1-ին տեղ զբաղեցնող են ճանաչվել «Տեխնոֆրիզ» ՍՊԸ-ն, «Միքսգրուպ» ՍՊԸ-ն, «ԱՐԱՄ ԶԱՐԳԱՐՅԱՆ» ԱՁ-ն, Կազմակերպությունը և «Դահոս» ՍՊԸ-ն (հատոր 1-ին, գ.թ. 24, 25).

6) Նախարարության կողմից իր կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված                               «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում հայտարարվել է նաև Կազմակերպության հետ պայմանագիր կնքելու որոշման մասին (հատոր 2-րդ, գ.թ. 15, 16).

7) ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) 06.03.2018 թվականի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/28 որոշմամբ Կազմակերպության կողմից Խորհրդին ներկայացված բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 10-23).

8) Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով մասնակիորեն` իր հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված                               «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը (հատոր 1-ին, գ.թ. 5-8).

9) Դատարանի 25.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3 կետով կայացրած որոշման՝ Ընկերության հայտը մերժելու մասը։ Վճիռը չի բղոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 138-145).

10) «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով ընթացակարգի գնահատող հանձնաժողովը 05.06.2019 թվականին ծանուցում է կազմել Կազմակերպության տնօրենի անվամբ այն մասին, որ «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԾՁԲ-7/9» ծածկագրով գնման ընթացակարգը Պատվիրատուի ղեկավարի հրամանով կասեցվել է` հիմք ընդունելով Դատարանի կողմից թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում 25.02.2019 թվականին կայացված վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 13)։

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս. Անտոնյանս, Ա. Բարսեղյանս, Տ. Պետրոսյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

 

Վերոգրյալով պայմանավորված՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք սույն գործով կայացված դատական ակտը վերաբերում է Կազմակերպության` որպես գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձինք առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով (2005 թվականի փոփոխություններով) ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն  իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), անդրադառնալով <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որն ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res jսdicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս, Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի ՄԻԵԴ-ի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս, <<Հայր և որդի Ադամյաններ>> ՍՊԸ-ն ընդդեմ <<Հինգերորդ Աստղ>> ՍՊԸ-ի, երրորդ անձինք <<Անելիք բանկ>>ՓԲԸ-ի և <<Երդիկ>> ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը 25.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3 կետով կայացրած որոշման՝ Ընկերության հայտը մերժելու մասը։ Վճիռը չի բղոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանը 04.10.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության՝ որպես գործին մասնակից չդարձած անձ ներկայացրած վերաքննիչ բողոքը  մերժել է, և Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ քննարկվող քաղաքացիական գործն առնչվել է Ընկերության կողմից հայտ ներկայացվելուն և այն համապատասխան պահանջներին համապատասխանելուն ու գործի նյութերի հետազոտմամբ Վերաքննիչ դատարանը չի հայտնաբերվել որևէ ապացույց, որի հիմնավորմամբ կարելի էր արձանագրել բողոք բերող անձի կողմից բողոքի հիմքում դրված հանգամանքն այն մասին, որ կայացված դատական ակտը վերաբերվում է Կազմակերպության իրավունքներին կամ պարտականություններ է ստեղծում վերջինիս համար, հետևաբար բացակայում են իրավական որոշակիության սկզբունքը խախտելու համար էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դատարանի 25.02.2019 թվականի վճիռը, որով բավարարվել է Ընկերության հայցը, շոշափում է նաև Կազմակերպության իրավունքները և օրինական շահերը` անմիջականորեն խախտելով ու ուղղակիորեն առնչվելով վերջինիս իրավունքներին և պարտականություններին։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դատական գործերով, որոնք առնչվում են որևէ հիմքով պայմանագիր կնքելու որոշումների վիճարկմանը (այդ թվում՝ անուղղակիորեն հայտի մերժման որոշման վիճարկմամբ), պետք է ներգրավվի տվյալ ընտրված մասնակիցը՝ նկատի ունենալով, որ հայցը բավարարվելու դեպքում պայմանագիր չի կնքվելու, իսկ ընտրված մասնակիցը զրկվելու է իր կանխատեսած հնարավոր ակնկալիքից։ Հետևաբար, եթե վերջինս չի ներգրավվել դատական գործին, ապա կիրառելի են գործին մասնակից չդարձված անձանց վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումները։

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին՝ հարկ ենք համարում արձանագրել հետևյալը՝

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...)

3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջը իրավունքների շնորհումը.

4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.

7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

9) հայտի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

10) պայմանագրի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց. (...)

23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը. (...):

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`

1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.

2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնում կատարելու ընթացակարգերն են`

1) էլեկտրոնային աճուրդը.

2) մրցույթը.

3) գնանշման հարցումը.

4) մեկ անձից գնումը:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 4-րդ բաժնով սահմանվում է մրցույթի՝ որպես գնման նախընտրելի ձևի անցկացման կարգը:

«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 4-րդ կետի համաձայն՝ գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է՝

1) գնումների պլանավորում.

2) գնման գործընթացի կազմակերպում (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը).

3) պայմանագրի կնքում.

4) պայմանագրի կատարում և կառավարում:

Կարգի 7-րդ բաժնով մանրամասն կարգավորվում է պայմանագրի կնքման գործընթացը:

 «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

 «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`ըստ գնման ձևերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի և պայմանագրի ապահովման պահանջները:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն առանձնացրել է հայտի ապահովում և պայմանագրի ապահովում իրավական եզրույթները, ընդ որում, հայտի ապահովումը երաշխավորում է մրցույթի առաջին փուլում հայտատուի համար ծագող պարտավորությունները, իսկ պայմանագրի ապահովումը՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները, բացի այդ Կառավարության վրա պարտականություն է դրվել հաստատել ըստ գնման ձևերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի և պայմանագրի ապահովման պահանջները:

Դիմելով Դատարան Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իր հայտը մերժելու մասով, անվավեր ճանաչել Նախարարության կարիքների համար պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականին ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3-րդ կետով կայացրած որոշումը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով գնման ընթացակարգ: Ընկերությունը «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2» ծածկագրով ընթացակարգին մասնակցելու նպատակով ներկայացրել է հայտ, որում որպես հայտի ապահովում, գնահատող հանձնաժողովին է ներկայացրել նաև «Արցախբանկ» ՓԲ ընկերության կողմից 26.01.2018 թվականին տրամադրված թիվ 224/06/01 բանկային երաշխիքը հետևյալ բովանդակությամբ. «Ընդունելով ի գիտություն, որ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Բենեֆիցար) հետ կնքվելիք ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾՁԲ-7/2 բաց մրցույթից բխող պարտավորությունների (հայտի ապահովում) կատարման ապահովման նպատակով «Բագրևանյան Ղողանջ» ՍՊԸ-ն (այսուհետև՝ Պրինցիպալ) պարտավոր է ներկայացնել բանկային երաշխիք 20.810.000 (քսան միլիոն ութ հարյուր տասը հազար) ՀՀ դրամ գումարի չափով (այսուհետև՝ Երաշխիքային գումար) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև՝ Երաշխավոր) ստանձնում է անվերապահ պարտավորություն հանդես գալ իբրև Պրինցիպալի և նրա իրավահաջորդների (ժառանգների) հետ համապարտ պարտապան, ի ապահովումն նշված մրցույթին մասնակցելուց բխող Պրիցիպալի պարտավորությունների պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով կատարման: Պրինցիպալի կողմից նշված մրցույթին մասնակցելուց բխող պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, Պայմանագրից խուսափելու կամ հրաժարվելու դեպքում Բանկը պարտավորվում է անհապաղ վճարել Բենեֆիցարին պահանջված գումարը՝ երաշխիքային գումարի սահմաններում, ինչպես նաև իրավունք է վերապահում Բենեֆիցարին, առանց Բանկին նախնական պահանջ ներկայացնելու, անվիճելի և անառարկելի կարգով վճարման պահանջագրով գանձել համապատասխան գումար, երաշխիքային գումարի սահմաններում, Բանկի՝ ՀՀ Կենտրոնական բանկում կամ ցանկացած թղթակից բանկում բացված ցանկացած այլ հաշվից: Սույնով Բանկը հանձնարարում է ՀՀ Կենտրոնական բանկին, ինչպես նաև իր բոլոր թղթակից բանկերին, սույն երաշխիքի ամբողջ ժամկետի ընթացքում Բենեֆիցարի առաջին իսկ պահանջով և հետագա բոլոր պահանջներով Բանկի թղթակցային հաշիվներից անվիճելի կարգով գանձել պահանջվող գումարը՝ սույն երաշխիքի բնօրինակը ներկայացնելու դեպքում: Սույն երաշխիքը տրվում է մեկ օրինակից, և չի կարող հետ կանչվել կամ վաղաժամկետ դադարեցվել Բանկի կողմից: Սույն երաշխիքը ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև 20 հուլիսի 2018թ.»:

Մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականին ժամը 11:00-ին տեղի ունեցած նիստի թիվ 4 արձանագրության 2.3 կետի համաձայն` ««Բագրևանյան Ղողանջ» ՍՊ ընկերության կողմից 3-րդ, 10-րդ, և 11-րդ չափաբաժինների մասով չի ներկայացվել հայտի ապահովում միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, որի հիման վրա էլ հանձնաժողովը մերժել է նրա հայտը վերոնշյալ չափաբաժիններով: Քննարկելով «Բագրևանյան Ղողանջ» ՍՊ ընկերության կողմից 1-ին, 2-րդ և 9-րդ չափաբաժինների մասով ներկայացված հայտի ապահովման բանկային երաշխիքը գնահատող հանձնաժողովը որոշում կայացրեց վերոնշյալ չափաբաժիններով մերժել նրա հայտը»:

Խորհրդի 06.03.2018 թվականին կայացրած թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/28 որոշման համաձայն` ««Բագրևանյան Ղողանջ» ՍՊԸ-ի կողմից որպես հայտի ապահովում ներկայացված բանկային երաշխիքը չի համապատասխանում ՀՀ կառավարության 11.08.2011 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 1145-Ն որոշմամբ հաստատված և «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԾԲ-7/2» ծածկագրով բաց մրցույթի հրավերով նախատեսված երաշխիքի օրինակելի ձևին և իր բովանդակությամբ էականորեն տարբերվում է նշված օրինակելի ձևի բովանդակությունից: «Բագրևանյան Ղողանջ» ՍՊ ընկերության հայտը՝ հայտի ապահովման բանկային երաշխիքի մասով չի համապատասխանում հրավերի պահանջներին և Կարգի 41-րդ կետի համաձայն ենթակա չէ շտկման: Հետևաբար` խորհուրդը գտնում է, որ մերժելով «Բագրևանյան Ղողանջ» ՍՊ ընկերության հայտը, գնահատող հանձնաժողովը գործել է իրավաչափ:
Ելնելով վերոգրյալից ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է՝ «Բագրևանյան Ղողանջ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին 20.02.2018 թվականի ներկայացված բողոքը՝ մերժել»:

Նշված մրցույթում 1-ին տեղ զբաղեցրել է բողոք բերող անձ` «Դամբայ» ՍՊ ընկերությունը, բողոքի հիմքում ներկայացնելով այն փաստը, որ մրցույթում հաղթող է ճանաչվել և բողոքարկվող դատական ակտն անմիջականորեն վերաբերվում է իր իրավունքներին և պարտականություններին:

Այս պայմաններում, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Դատարանի վճիռն առնչվում է բացառապես այդ գործով հայցվորի ու պատասխանողի իրավունքներին ու պարտականություններին, քանի որ վճռով անվավեր է ճանաչվել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար  պարենային սարքավորումների վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի   նիստի թիվ 4 արձանագրության  2.3 կետով կայացրած որոշման Ընկերության հայտը մերժելու մասը: Միևնույն ժամանակ գտնում եմ, որ  հայտարարված բաց մրցութում հաղթող ճանաչվելն ինքնին չի նշանակում, որ մրցույթի դեռևս կազմակերպման փուլում ներկայացվող հայտն ընդունելը մերժելու մասին որոշումը որևէ կերպ առնչվում է հետագայում մրցույթը հաղթած մասնակցի իրավունքներին, այսինքն՝ սույն գործով կայացված դատական ակտը չի առնչվում բողոքաբերի իրավունքներին և պարտականություններին:

Գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, գտնում ենք, որ դրանք հիմնավոր են և բխում են վերը նշված իրավական դիրքորոշումներից, քանի որ ինչպես արդեն իսկ վերը նշվեց, գործին մասնակից չդարձված անձինք առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն բացառապես այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ է: Տվյալ դեպքում դատական ակտը նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Կազմակերպությունը վերաքննիչ բողոքով հիմնավորեր վիճարկվող որոշումն անվավեր ճանաչվելու արդյունքում իր իրավունքների և պարտականություններ ծավալի փոփոխության առկայությունը: Մինչդեռ Կազմակերպությունը, ինչպես ներկայացված վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոքում վկայակոչելով փաստեր այն մասին, որ Ընկերության հայտը մերժելուց հետո կազմակեևրպված մրցույթում հաղթող է ճանաչվել, չի հիմնավորել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար  պարենային սարքավորումներրի վերանորոգման ձեռքբերման նպատակով կազմակերպված բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 29.01.2018 թվականի   նիստի թիվ 4 արձանագրության  2.3 կետով կայացրած որոշման և այն անվավեր ճանաչելու դեպքում իր որ իրավունքն է խախտվել: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանն իր հերթին եզրակացություն կատարելով այդ փաստերի վերաբերյալ ապացույցների անբավարար լինելու մասին` վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2019 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:

  

Դատավորներ`

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Տ. պետրոսյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական: