Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (14.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
14.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
14.05.2021
Дата вступления в силу
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0006/16/19

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0006/16/19

Նախագահող դատավոր՝

 Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ա. Մկրտչյան
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի՝ Ստավրոպոլի շրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի 12.09.2018 թվականի դատական ակտը ճանաչելու և Հայաստանի Հանրապետությունում կատարման թույլատրելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2020 թվականի որոշման դեմ Լիպարիտ Գրիգորյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Ստավրոպոլի շրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի 12.09.2018 թվականի դատական ակտը և թույլատրել դրա կատարումը Հայաստանի Հանրապետությունում:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.11.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.02.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 14.11.2019 թվականի որոշումը վերացվել է, և կայացվել է նոր որոշում` դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիպարիտ Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 53-րդ և 59-րդ հոդվածները, ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-115-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 200-րդ, 346-րդ, 353-355-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՌԴ դատական ակտը չի համապատասխանում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին Քիշնևում ընդունված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի 59-րդ հոդվածի «գ» կետով սահմանված և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ գլխում տեղ գտած 354-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին, քանի որ ՌԴ դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրեն պատշաճ չի ծանուցել, որի հետևանքով ինքը զրկվել է դատավարությանը մասնակցելու հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՌԴ դատարանի կողմից տրված տեղեկանքը և դատական ակտում կատարված գրառումը չեն կարող հանդիսանալ վերաբերելի պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ ինքը պատշաճ ծանուցվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՌԴ դատական ակտի ճանաչումը և դրա կատարման թույլատվությունը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է մերժման, քանի որ ինքը չի մասնակցել դատավարությանն այն պատճառաբանությամբ, որ իրեն կամ իր լիազորված անձին պատշաճ կարգով և ժամանակին չեն հանձնել դատարան ներկայանալու ծանուցագիր։

Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2019 թվականի «ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանը 21.02.2020 թվականին որոշում է կայացրել Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Դատարանի 14.11.2019 թվականի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու` դիմումը բավարարելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 105-108).

2) նշված որոշումը կայացնելուց հետո գործը զեկուցող դատավոր Հարություն Ենոքյանն իր կնիքով չի կնքել որոշման յուրաքանչյուր էջը. միայն որոշման եզրափակիչ մասն է կնքված բողոքը քննած դատավորներ Հարություն Ենոքյանի, Տարոն Նազարյանի և Գագիկ Խանդանյանի կողմից ու ստորագրված (հատոր 2-րդ, գ.թ. 105-108):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի յուրաքանչյուր էջը կնքված չլինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքին՝ անկախ այդ մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: (…)

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ՝ «Առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը»։

Տվյալ դեպքում սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է եզրափակիչ դատական ակտ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման յուրաքանչյուր էջը կնքվում է գործը զեկուցող դատավորի կնիքով, իսկ որոշման եզրափակիչ մասն ստորագրում և կնքում են բողոքը քննած դատավորները:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը զեկուցող դատավորը պարտավոր է վերաքննիչ դատարանի կողմից կայացված եզրափակիչ դատական ակտի յուրաքանչյուր էջը կնքել իր կնիքով, իսկ բողոքը քննած դատավորները, այդ թվում նաև` գործը զեկուցող դատավորը, պարտավոր են ստորագրել և կնքել այդ դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ։

Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ այն կայացրած դատավորի կողմից, դատական ակտը կայացրել է այն դատավորը, որը տվյալ գործը քննող դատարանի կազմում ընդգրկված չէ, դատական նիստի արձանագրումը կատարվել է այնպիսի թերություններով, որոնք անհնար են դարձնում բողոքի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը, դատական ակտը չունի պատճառաբանական մաս, ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ ու հեղինակավոր և պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն:

Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական։

Այդպիսի խախտում է, օրինակ, դատական ակտն ստորագրված կամ կնքված չլինելը, որի դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից։

Այսինքն՝ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը, քանի որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտն ստորագրված կամ կնքված չէ, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 14.11.2019 թվականի որոշմամբ՝ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումը՝ Ստավրոպոլի շրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի 12.09.2018 թվականի դատական ակտը ճանաչելու և դրա կատարումը Հայաստանի Հանրապետությունում թույլատրելու մասին, մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 21.02.2020 թվականին եզրափակիչ դատական ակտ՝ որոշում է կայացրել Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Դատարանի 14.11.2019 թվականի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու` դիմումը բավարարելու մասին։ Նշված որոշումը կայացնելուց հետո գործը զեկուցող դատավոր Հարություն Ենոքյանն իր կնիքով չի կնքել որոշման յուրաքանչյուր էջը. միայն որոշման եզրափակիչ մասն է կնքված բողոքը քննած դատավորներ Հարություն Ենոքյանի, Տարոն Նազարյանի և Գագիկ Խանդանյանի կողմից ու ստորագրված։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիպարիտ Գրիգորյանը՝ դրանում որպես բողոք բերելու հիմքեր նշելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 53-րդ և 59-րդ հոդվածները, ՌԴ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 113-115-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 66-րդ, 200-րդ, 346-րդ և 353-355-րդ հոդվածները խախտված լինելը, ինչպես նաև պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 14.11.2019 թվականի «ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանի Միներալնիե Վոդիի քաղաքային դատարանի դատական ակտը Հայաստանի Հանրապետության տարածքում ճանաչելու և հարկադիր կատարումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

Այսինքն՝ Լիպարիտ Գրիգորյանը վճռաբեկ բողոքում չի նշել Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված դատավարական իրավունքի նորմի խախտման և Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի մասին:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանի 21.02.2020 թվականի որոշման յուրաքանչյուր էջը գործը զեկուցող դատավոր Հարություն Ենոքյանն իր կնիքով չի կնքել` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 7-րդ մասի խախտում:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Դատարանի 14.11.2019 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը քննելու նպատակով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: