Գլխավոր տեղեկություն
Номер
N 226-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2021
Принят
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Дата принятия
31.08.2021
Подписан
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.08.2021
Дата вступления в силу
03.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 օգոստոսի 2021 թվականի

Երևան 

N 226-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը և 2-րդ մասը, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» N 25-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ

Գ. Գևորգյան

Հավելված

Մրցակցության պաշտպանության

հանձնաժողովի 2021 թվականի

օգոստոսի 31-ի N 226-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող)` Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` Հանձնաժողովում գործունեության կազմակերպման կանոնները, այդ թվում` նրա աշխատանքի արդյունավետության ապահովմանն ուղղված պայմանները:

2. Սույն կարգի նպատակն է ապահովել Հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

3. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքին և սույն կարգին համապատասխան:

4. Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Հանձնաժողովի նախագահի օգնականը (այսուհետ` մամուլի քարտուղար):

5. Հանձնաժողովի գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին հավատարմագրելու համար յուրաքանչյուր լրատվական գործունեություն իրականացնող կարող է գրավոր դիմում ներկայացնել Հանձնաժողով` նշելով`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ազգանունը, անունը, հայրանունը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը, եթե հայրանունը նշված է անձնագրում, բնակության վայրի հասցեն.

2) լրագրողի ներկայացրած զանգվածային լրատվության միջոցի անվանումը.

3) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների համարները.

4) օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:

6. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` Հանձնաժողովում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով ներկայացվել է լրագրողի հավատարմագրման դիմում:

7. Մամուլի քարտուղարը հավատարմագրման դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին մամուլի քարտուղարի գրությունն ուղարկվում է լրատվական գործունեություն իրականացնողին:

8. Հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի նախագահի կողմից: Լրագրողին հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը ստացվելուց հետո այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դիմումի ստացման օրը և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են` լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման ժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:

9. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 11-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերից որևէ մեկը:

10. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:

11. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող:

12. Հավատարմագրված լրագրողների և զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող լուսանկարչի և տեսաձայնագրման օպերատորի ցուցակը, հանձնվում է անցագրային կետ: Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարելուց անմիջապես հետո:

13. Հանձնաժողովը լրագրողի հավատարմագրումը դադարեցնում է, եթե`

1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.

2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

3) նա տարածել է Հանձնաժողովի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.

4) առկա է Հանձնաժողովի՝ առնվազն երեք նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու մասին որոշում․

5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը և դադարեցվել է լրագրողի ներկայացրած զանգվածային լրատվության բոլոր միջոցների տարածումը:

6) օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:

14. Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով: Մամուլի քարտուղարը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին եռօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

 

15. Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Հանձնաժողովի տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:

16. Հանձնաժողովը`

1) չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն․

2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ․

3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված լրագրողներին տրամադրում է միաժամանակ․

4) հավատարմագրված լրագրողներին տեղեկացնում է Հանձնաժողովի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ որոնց կարող են ներկա գտնվել լրագրողները (այսուհետ` Հանձնաժողովի միջոցառում կամ միջոցառումներ):

17. Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար, այդ թվում՝ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:

18. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`

1) ստանալու զանգվածային լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.

2) նախապես տեղեկացված լինելու Հանձնաժողովի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու միջոցառման վերաբերյալ հասանելի նյութերին.

3) ներկա լինելու Հանձնաժողովի միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.

4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.

5) տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

19. Հանձնաժողովի միջոցառմանը մասնակցել կամ ներկա կարող է գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե մամուլի քարտուղարի հետ ձեռք բերված չէ այլ պայմանավորվածություն և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:

20. Հանձնաժողովի միջոցառումների շրջանակից դուրս լրագրողի այցելությունը Հանձնաժողով համաձայնեցվում է մամուլի քարտուղարի հետ:

21. Հանձնաժողովի միջոցառումներին ներկա գտնվելու նպատակով, ինչպես նաև Հանձնաժողովի միջոցառումների շրջանակից դուրս մամուլի քարտուղարի համաձայնությամբ Հանձնաժողով այցելելու դեպքում լրագրողը Հանձնաժողով է այցելում անձը հաստատող փաստաթղթի հիման վրա՝ հնարավորության դեպքում կրելով լրագրողական անվանաքարտ (բեյջ)։

22. Լրագրողները, լուսանկարիչները և օպերատորները Հանձնաժողովի միջոցառումներին ներկա են գտնվում հաշվի առնելով միջոցառման վայրում առկա տեղերի քանակը Հանձնաժողովի նիստերի դեպքում՝ չսահմանափակելով վարույթի մասնակիցների՝ նիստին մասնակցելու հնարավորությունը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: