ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Երևան 2 սեպտեմբերի 2021 թ. |
|
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ՝ |
||
Բարձրագույն դատական խորհրդի
|
| |
մասնակցությամբ՝ |
Լ. Մելիքջանյանի, Ս. Միքայելյանի, Ա. Մխիթարյանի, Վ. Քոչարյանի, | |
Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար
|
Ս. Գրիգորյանի,
| |
Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացուցիչ
|
Դ. Գասպարյանի,
| |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
|
Ա. Հովհաննիսյանի, | |
քարտուղարությամբ՝ |
Ա. Շիլաջյանի |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պաշտոնակատարի ՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի հուլիսի 20-ի N 57-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի պետի 24․05․2021 թվականի զեկուցագիրը։Արդարադատության նախարարի պաշտոնակատարի (այսուհետ՝ Նախարար)26․05․2021 թվականի N 41-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Արման Հովհաննիսյանի (այսուհետ՝ նաև Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Նախարարի 20․07․2021 թվականի N 57-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Նախարարը, վկայակոչելով 1978 թվականի մարտի 17-ի «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության» 3-րդ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 479-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերը, նշել է. «Դատավորի կողմից հանձնման միջնորդությունը մերժելը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի անտեսմամբ, տեղի է ունեցել 1978 թվականի մարտի 17-ի «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության» 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ:»։
Նախարարը միջնորդությամբ անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքրոշմանը և նշել, որ վերջինս արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման1: Հենց այս պատճառով էլ, դատարանը համարում է, որ in absentia դատավճիռները, որպես այդպիսին չեն հակասում արդար դատաքննության իրավունքին։ Այնուամենայնիվ, երբ ներպետական իրավունքը թույլ է տալիս in absentia դատավճռի կայացումը, դատավճռի մասին իմանալով անձը պետք է հնարավորություն ունենա իրեն մեղսագրված արարքի հիմքերի վերաբերյալ որոշակի տվյալներ ստանալ2:
Միաժամանակ նշել է, որ այս հարցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը հստակ է և այս կանոնից ցանկացած շեղում, որի արդյունքում անձը հնարավորություն չի ունենա իր նկատմամբ դատավճիռ կայացրած դատարանի կողմից դրա հիմքերի մասին հավաստիացում ստանալու ինչպես իրավունքի, այնպես էլ փաստերի վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձն ինքն է զիջել դատաքննությանը մասնակցելու իր իրավունքը, համարվում է Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում, իսկ դատաքննությանը ներկա գտնվելու անձի իրավունքը կենսական նշանակություն ունի արդար դատաքննության իրավունքի համատեքստում3:
Ըստ միջնորդության՝ վերը նշված ՄԻԵԴ դիրքորոշումները վկայակոչված են նաև Դատավորի բացատրության մեջ, որոնք ընդհանուր առմամբ բացահայտում են քննարկման առարկա տարբերակված վարույթի բովանդակությունն ու առանձնահատկությունները, ինչը, սակայն, ոչ մի դեպքում կասկածի տակ չի դնում և չի էլ կարող դնել in absentia կարգով կայացված դատավճիռների օրինական ուժի մեջ մտած լինելը։
Բացի այդ, Նախարարը նշել է, որ այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ Դատավորի բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, համաձայն որի. «(…) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը «in absentia» ընթացակարգով դատաքննության անցկացման հնարավորություն չի նախատեսում, հետևապես՝ նման ընթացակարգով դատաքննության արդյունքում կայացված դատավճիռն որևէ դեպքում չի կարող Հայաստանի Հանրապետությունում կիրառվել և/կամ ազդեցություն ունենալ։»։ Դատավորի փաստարկմամբ՝ նշված ընթացակարգով կայացված դատավճիռները չեն կարող հիմք ընդունվել Հայաստանի Հանրապետության կողմից, հատկապես չեն կարող արարքի վաղեմության ժամկետի հաշվարկման դադարի և այդպիսի ընթացակարգով կայացված դատավճռի հիման վրա դատավճռի վաղեմության ժամկետի հաշվարկման սկզբի հիմք դիտարկվել, քանի որ ներպետական օրենսդրությամբ սահմանված չէ անձի բացակայությամբ դատավճռի կայացում։
Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգիրքն արարքի վաղեմության ժամկետների հաշվարկման կանոններում որևէ տարանջատում չի սահմանում Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության դատարանի կողմից կայացված դատավճիռների միջև։ Ընդ որում, նման տարանջատում սահմանելն ինքնին չէր էլ կարող տրամաբանական համարվել, քանզի Դատավորի կողմից ներկայացված հիմնավորումների համատեքստում կստեղծվեր մի իրավիճակ, երբ ընթացակարգային տարբերությունների արդյունքում այլ պետությունների կողմից կայացված դատական ակտերն իրավական որևէ ուժ չէին ունենա այլ պետության տարածքում։ Նման մոտեցումը կհանգեցներ նաև առհասարակ հանձնման ինստիտուտի իմաստազրկմանը։
«Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի գործնական կիրառման մասին» Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի՝ 1975 թվականի մայիսի 21-ի թիվ (75)12 բանաձևի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայցվող պետության իրավասու մարմինները վաղեմության ժամկետի հաշվարկման կասեցման կամ դրա դադարման դեպքում Հայցող պետության տարածքում կայացված ակտերը կամ իրադարձությունները հաշվի են առնում այնքանով, որքանով դրանք նույնական ազդեցություն կունենան Հայցվող պետության տարածքում։
Սույն դեպքում հայցող պետության՝ Վրաստանի Հանրապետության կողմից ներկայացված ակտը Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից ներկայացված օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է, որը հայցվող պետության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն արարքի վաղեմության ժամկետի հաշվարկման դադարի և դատավճռի վաղեմության ժամկետի հաշվարկի սկզբի հիմք է, ուստի չի կարող հաշվի չառնվել Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից։ Հատկանշական է նաև, որ վկայակոչված բանաձևն ընդունվել է 1975 թվականին, այսինքն՝ 1978 թվականին ընդունված «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության» ընդունումից դեռևս 3 տարի առաջ, երբ in absentia դատավճիռների վերաբերյալ հատուկ կարգավորումները չկային, իսկ նշված բանաձևը, սահմանելով ակտեր կամ իրադարձություններ (…), նույնական ազդեցություն կունենան Հայցվող պետության տարածքում դիտարկում է արարքի վաղեմության ժամկետների հաշվարկման կանոնների այլ դեպքեր։
Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքերում վաղեմության ժամկետների հաշվարկների վերաբերյալ կարգավորումների համադրումից պարզ է դառնում, որ Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) արարքի վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցագործության կատարման օրվանից մինչև անձին մեղադրանք առաջադրելու օրը։ (…)4: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «(…) վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը։»5 Դատավորը, մեջբերված նորմերը դիտարկելով բանաձևում տեղ գտած կանոնի հետ, եզրակացրել է որ նման հանգամանքները կարող են դիտարկվել այնպիսի տարբերությունների դեպքում, երբ, դիցուք, Վրաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից անձին մեղադրանք առաջադրելու որոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող դիտարկվել որպես արարքի վաղեմության ժամկետը կասեցնող հանգամանք։ Ընդ որում, նման հաշվարկման կանոնների տարբերությունները Կոնվենցիան վավերացրած պետությունների օրենսդրություններում բազմաթիվ են։
Միևնույն ժամանակ, քրեադատավարական կարգավորումների համաձայն, դատարանի պարտականությունը՝ հանձնման միջնորդությունների քննարկման շրջանակներում, հանձնման որոշման՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցը ստուգելն է։
Վերոգրյալի հիման վրա, Նախարարը նշել է, որ Դատավորի կողմից հանձնման միջնորդությունը մերժելը՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի անտեսմամբ, տեղի է ունեցել 1978 թվականի մարտի 17-ի «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության» 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասով, Oրենսգրքի 479-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, որոնք թույլ են տրվել դիտավորությամբ, քանի որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված հանգամանքները և իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հանձնման մասին միջնորդությամբ Դատարանի քննությանը ներկայացված փաստական տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ վերջինս գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, ինչն էլ հանգեցրել է հանձնման միջնորդությունը ոչ իրավաչափ մերժելուն և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին չհետևելուն։
Սույն կարգապահական վարույթի շրջանակներում քննության առարկա հանդիսացող գործողություններով Դատավորը, թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, արդյունքում դրսևորել է նաև այնպիսի վարքագիծ, որի պայմաններում անաչառ և անկողմնակալ դիտորդի մոտ կասկածի տակ է դրել նաև Դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը տվյալ գործով։
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են նաև վարքագծի կանոնների խախտման։ Մասնավորապես նման փաստական հանգամանքների պայմաններում Դատավորը, ունենալով բավարար գործիքակազմ և միջոցներ օրինական դատական ակտ կայացնելու համար, այդուհանդերձ, անտեսել է Վրաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից և հանձնման միջնորդության հիմքում դրված օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, ինչը հանգեցրել է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին չհետևելուն։
Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտումը կատարվել է դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ, ինչն արտահայտվում է նման բնույթի նյութական և դատավարական խախտումների կատարմամբ՝ իր անաչառությունը կասկածի տակ դնելով։ Նման բնույթի գործողությունները ոչ միայն կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը, այլ որպես հետևանք հանգեցնում են նաև դատական իշխանության հեղինակազրկմանը։
Միաժամանակ, Նախարարը միջնորդությամբ նշել է, որ Դատավորը թույլ է տվել Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով նյութական և դատավարական իրավունքի նորմերի դիտավորությամբ խախտումներ, որը դրսևորվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռի անտեսմամբ հանձնման միջնորդությունը մերժելով, ինչը տեղի է ունեցել 1978 թվականի մարտի 17-ի «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրության» 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 479-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ։ Դատավորը թույլ է տվել նաև Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ զերծ չի մնացել այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը, ինչպես նաև զերծ չի մնացել իր վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։
Նկարագրված փաստական հանգամանքներում, հաշվի առնելով Դատավորի գործողությունները ներկայացված միջնորդությունը քննելիս, ինչպես նաև Դատավորի ներկայացրած բացատրության բովանդակությունը, հայտնի է դառնում, որ Դատավորի կողմից նկարագրված դատավարական և վարքագծի նորմերի խախտումները՝ կատարվել են դիտավորությամբ և արդարադատություն իրականացնող սուբյեկտի կողմից իր արարքների ոչ իրավաչափ բնույթը գիտակցելով։
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը ներկայացրել է բացատրություն Նախարարին և պատասխան՝ Բարձրագույն դատական խորհրդին՝ հայտնելով, որ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ կայացված թիվ ԵԴ/0071/15/21 որոշման մեջ կարգապահական խախտումներ և նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը in absentia ընթացակարգով դատաքննության անցկացման հնարավորություն չի նախատեսում, հետևապես նման ընթացակարգով դատաքննության արդյունքում կայացված դատավճիռն որևէ դեպքում չի կարող Հայաստանի Հանրապետությունում կիրառվել և/կամ ազդեցություն ունենալ:
Միաժամանակ, Դատավորը նշել է, որ «(…) կարգապահական վարույթի հարուցումը, բավարար չափով հիմնավոր չլինելուց զատ, ի սկզբանե անօրինական է, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի համար խիստ կասկածելի զուտ այն պատճառով, որ վարույթը հարուցվել է Ձեր իսկ ներկայացված միջնորդությունը մերժելու արդյունքում: Հետևաբար, ճիշտ կլինի՝ արդեն իսկ կողմնակալ լինելու հիմքով կասկածելի գործընթացը դադարեցվի»:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից 19.08.2021 թվականին հրավիրված նիստի ժամանակ Դատավորը ներկայացրել է միջնորդություն այն մասին, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումն ապօրինի է և տեղի է ունեցել օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատարանի անկախությունը խախտելու և կամայականության արգելքի սկզբունքների խախտմամբ։Մասնավորապես իր միջնորդությունում Դատավորը նշել է․ «Օրենսգիրք 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`
● Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը,
● Լիազոր մարմինը,
● Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Ընդ որում, Լիազոր մարմին է հանդիսանում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը, ով, ըստ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարը:
Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորն իրավունք ունի հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքներից:»:
Այնուհետև Դատավորը հղում է կատարել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ագրոկոմպլեկսն ընդդեմ Ուկրաինայի գործով վճռով արտահայտած դիրքորոշմանը՝ նշելով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «անկախ և անաչառ տրիբունալի» կողմից քննությունն ապահովելու պարտականության շրջանակը չի սահմանափակվում դատական համակարգով: Դրանով նաև պարտականություններ են դրվում գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության և պետական իշխանության այլ մարմինների վրա՝ անկախ դրանց աստիճանից՝ հարգելու դատարանների վճիռներն ու որոշումները և դրանցով առաջնորդվելու, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն այդ վճիռների ու որոշումների հետ: Այսպիսով, պետության կողմից դատարանների իշխանության նկատմամբ հարգանքը դատարանների նկատմամբ հանրային վստահության, իսկ ավելի լայն իմաստով՝ օրենքի գերակայության համար անփոխարինելի նախապայման է: Դատական համակարգի անկախության և անաչառության սահմանադրական երաշխիքները բավարար չեն դրա համար։ Դրանք պետք է արդյունավետորեն ներառված լինեն ամենօրյա վարչական դիրքորոշման և գործելակերպի մեջ6:
Դատավորը նշել է նաև, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմված «Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային ստանդարտների և լավագույն փորձի մասին» ձեռնարկի համաձայն՝ Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (CCJE) 2002 թվականին թողարկված թիվ 3 եզրակացության մեջ նշել է, որ այն անձինք, ովքեր հայտարարում են, որ տուժել են դատավորի մասնագիտական սխալի կամ սխալ վարքի պատճառով, պետք է կարողանան բողոք ներկայացնել, ինչը կարող է հետագայում հանգեցնել կարգապահական վարույթի հարուցման:
Սովորաբար, դատավորների դեմ այդպիսի անհատական բողոքները ներկայացվում են նույնականացվող բողոքաբերների կողմից, որոնք նաև կողմ են այն գործի, որը քննում է համապատասխան դատավորը: Հատկապես այն դեպքերում, երբ գանգատ ներկայացնում են այն անձինք, որոնք ուղղակիորեն չեն կրում դատավորի ենթադրյալ անօրինական գործողությունների հետևանքները, կամ օրինակ անանուն բողոքաբերների դեպքում, պետք է գործի նշված բողոքների ֆիլտրման պատշաճ մեխանիզմ: Դատավորների դեմ անհատական բողոքներ թույլ տալը չի նշանակում, որ կա անհատապես կարգապահական վարույթ հարուցելու կամ սկսելու իրավունք. փոխարենը, ֆիլտրման վերոհիշյալ մեխանիզմը պետք է գնահատի գործի հանգամանքները՝ խուսափելու համար այն իրավիճակներից, երբ դատավորները քաշքշուկների մեջ են ներքաշվում դատավարության հիասթափված մասնակիցների կողմից, և կարճի ակնհայտ անհիմն, անլուրջ կամ անհեթեթ բողոքների հիման վրա վարույթի հարուցումը հնարավորինս վաղ փուլում:
Ֆիլտրման մեխանիզմը գործարկող մարմինը կարող է ստանալ նաև դատավորի պարզաբանումները և իր տիրապետության գտնվող բոլոր նյութերի լույսի ներքո որոշել, թե արդյոք առկա է առերևույթ կարգապահական խախտում՝ վարույթ հարուցելու համար: Եթե պատասխանը դրական է, գործն ուղարկվում է կարգապահական վարույթն իրականացնող մարմնին7:»:
Դատավորը միջնորդությամբ հղում է կատարել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ինչպես նաև «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին և նշել, որ «Օրենսգրքի համալիր ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ կարգապահական վարույթ հարուցող կողմին բացարկ հայտնելու ուղղակի օրենսդրական հնարավորություն առկա չէ: Մինչդեռ, բացարկի ինստիտուտը պետք է դիտարկել առավել լայն ասպեկտով, որպիսի պայմաններում տրամաբանական եմ գնահատում այն դատողությունը, որ վարույթ հարուցող մարմինն ինքը պետք է հանդես գա բացարկի միջնորդությամբ՝ հաշվի առնելով անկողմնակալ դիտորդի մոտ կանխակալ երևալու ողջամիտ հավանականությունը: Այնուամենայնիվ, կարգապահական վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավասություն առկա է, ուստի ներկայացնում եմ այն հետևյալ հիմնավորմամբ:
Սույն դեպքում կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման կայացումը, իսկ նման իրադրությունում իրավասու մարմինն ուղղակի շահագրգիռ կողմ է եղել քննվող միջնորդությամբ: Այլ խոսքով՝ դատավորի կողմից կայացված որոշումը չի համապատասխանել ՀՀ արդարադատության նախարարի իրավական սպասումներին, որպիսի պայմաններում նրա կողմից կարգապահական վարույթի հարուցումն անաչառ դիտորդի տեսանկյունից կարող է համարվել կողմնակալ, իսկ ամենակարևորը՝ դատարանի գործունեությանը միջամտելու առնչությամբ ողջամիտ կասկածներ հարուցել: Բանն այն է, որ ՀՀ արդարադատության նախարարի ներկայացված միջնորդության մերժման պատճառով վերջինի կողմից վարույթի նախաձեռնումը չի համապատասխանում իրավական տրամաբանությանը, իսկ նման միտումը հնարավոր է հանգեցնել այնպիսի արատավոր պրակտիկայի, երբ դատավորները կարող են կաշկանդված լինել ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունները մերժելու հարցում: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ արդարադատության նախարարը միջնորդություն է ներկայացնում, ապա տրամաբանական է, որ նա համոզված է դրա հիմքերի ու հիմնավորումների օբյեկտիվության ու պատճառաբանվածության մեջ, իսկ նման միջնորդություն քննող դատավորի կողմից ՀՀ արդարադատության նախարարի իրավական դիրքորոշումներին, պատկերացումներին ու մոտեցումներին կամ ներքին համոզմունքին հակառակ որոշման կայացումը կարող է հղի լինել կարգապահական վարույթի հարուցման վտանգով: (…):
Վերոգրյալի հաշվառմամբ՝ օրենսդիրը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման իրավասությամբ օժտել է նաև այլ մարմինների, մասնավորապես՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Ընդ որում, հիշյալ երկու մարմինները կոլեգիալ են, որոշումները կայացվում են քննարկումների ու քվեարկության արդյունքում, իսկ ՀՀ արդարադատության նախարարը որոշում է կայացնում միանձնյա: Սակայն անգամ հանձնաժողովների կողմից վարույթի հարուցումը՝ անաչառ դիտորդի մոտ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմնակալության առնչությամբ կասկածների առկայության պայմաններում, չի կարող օրինական համարվել, քանի որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի կողմնակալությունը ողջամտորեն կարող է հանգեցնել ամբողջ հանձնաժողովը կողմնակալ բնութագրվելու իրական ռիսկին, իսկ նման պայմաններում դատավորի՝ իր արարքի համար արդար և անաչառ մարմնի կողմից անկողմնակալ գնահատականի արժանանալու իրավունքը ողջամտորեն կարող է չհամարվել երաշխավորված:»:
Դատավորը միաժամանակ հղում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 որոշմանը, որտեղ Բարձրագույն դատական խորհուրդն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը․ «Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներից մեկի՝ նախագահի անաչառությունը դրվում է հիմնավոր կասկածի տակ և այն փաստը, որ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում կան նաև անաչառ անդամներ, չունի նշանակություն»:
Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր այդ որոշմամբ արդար դատաքննության խախտման վտանգ է տեսել նույնիսկ այն ժամանակ, երբ կարգապահական վարույթը հարուցվել է հանձնաժողովի անդամներից մեկի անաչառության հարցը կասկածի տակ լինելու պայմաններում, այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամը, այդ թվում՝ հենց նախագահը, կոլեգիալ մարմնի կողմից քվեարկության արդյունքում կարգապահական վարույթի հարուցման հարցում ունի ընդամենը մեկ ձայնի իրավունք:
Անդրադառնալով հարուցված կարգապահական վարույթին՝ Դատավորը նշել է, որ տվյալ դեպքում խոսք է գնում ոչ թե կոլեգիալ, այլ միանձնյա որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնի գործողությունների մասին, որպիսի պայմաններում էլ ավելի է կարևորվում դատավորի նկատմամբ իրականացվող վարույթում (հարուցման փուլում) վերջինի իրավունքների պատշաճ ապահովումն ու երաշխավորումը: Այլ կերպ՝ այս դեպքը, ի տարբերություն Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ որոշմամբ քննարկման առարկա դարձած իրավիճակի, անհամեմատելի է՝ կապված որոշում կայացնելու առումով վճռորոշ նշանակություն ունենալու, անաչառության և շահերի բախման տեսանկյունից:
Դատավորը նշել է, որ թեև օրենսդրորեն ՀՀ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթի հարուցման ուղղակի արգելք սահմանված չէ, սակայն խնդրին պետք է մոտենալ համակողմանի գնահատմամբ: Առավել ընդունելի կլիներ ՀՀ արդարադատության նախարարի կողմից հաղորդման ներկայացումն Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որպեսզի բացառվեին ՀՀ արդարադատության նախարարի կողմնակալության վերաբերյալ բոլոր հնարավոր ենթադրությունները:
Ելնելով վերոնշյալ մեկնաբանություններից՝ Դատավորը նշել է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը տեղի է ունեցել շահագրգիռ մարմնի կողմից, որպիսի հանգամանքն առնվազն անօրինական է դարձնում դրա հարուցումը և խնդրել է կարճել Արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը:
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
1. Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի քաղաքային դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով Արտեմ Կազարյանը in absentia կարգով մեղավոր է ճանաչվել 2002 թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2000 թվականի մայիսի 30-ի խմբագրությամբ) 19-րդ հոդվածի և 109-րդ հոդվածի «ժ» կետով նախատեսված՝ խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու համար։ Նշված արարքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին։
2. Արտեմ Կազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
3. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից 2021 թվականի մարտի 29-ին Արտեմ Կազարյանը հայտնաբերվել և ձերբակալվել է։
4. Նախարարի կողմից 2021 թվականի մարտի 29-ին միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ Արտեմ Կազարյանին Վրաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ։
5. Դատարանը 2021 թվականի ապրիլի 7-ին ներկայացված վերը նշված միջնորդությունը մերժել է՝ Արտեմ Սամվելի Կազարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։
6. Դատարանի որոշման դեմ 2021 թվականի ապրիլի 16-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք։
7. Վերաքննիչ քրեական դատարանի (նախագահությամբ՝ Ա․ Դանիելյան)՝ 2021 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ներկայացված բողոքն ամբողջությամբ բավարարվել է, հանձնման միջնորդությունը՝ բավարարվել։
8. Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք Արտեմ Կազարյանի պաշտպանների կողմից, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 7-ի որոշմամբ մերժվել է։
9. Նախարարի 26․05․2021 թվականի N 41-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
10. Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2021 թվականի օգոստոսի 19-ին հրավիրված նիստի ժամանակ Դատավորը ներկայացրել է միջնորդություն իր նկատմամբ հարուցված վարույթը կարճելու մասին այն հիմնավորմամբ, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումն ապօրինի է և տեղի է ունեցել օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատարանի անկախության և կամայականության արգելքի սկզբունքների խախտմամբ։
5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորի միջնորդությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումը.
- արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու է կողմի միջնորդությամբ ստուգել կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն` Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Լիազոր մարմինը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին կետով նախատեսված դեպքերում։
Օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝
1) ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.
2) վարույթ հարուցող մարմնից ստանալու կարգապահական վարույթի նյութերի պատճենները.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները իրականացնելու անձամբ կամ փաստաբանի միջոցով:
Օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորն իրավունք ունի հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու և միջնորդություններ անելու։
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ կարգապահական վարույթի ընթացքում, ինչպես կարգապահական վարույթ հարուցողին, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդին, դատավորը կարող է ներկայացնել գրավոր բացատրություններ, ապացույցներ և անել միջնորդություններ, որոնք էլ նպատակ են հետապնդում ապահովել Սահմանադրությամբ նախատեսված հիմնական իրավունքի՝ արդար դատաքննության իրավունքի իրացումը։
Օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
(…)»:
Սահմանադրության 63-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:
Հաշվի առնելով այն, որ Բարձրագույն դատական խորհուրդն անդրադառնում է հարուցված վարույթը կարճելու հիմքերին՝ առանց վարույթ հարուցող մարմնի պատճառաբանությունների հիմնավորվածությանը և օրինականությանն անդրադառնալու, ապա Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ քննարկման առարկա պետք է դարձնի կարգապահական վարույթի հարուցման օրինականության հարցը և հատկապես արդար դատաքննության հիմնարար իրավունքի տեսանկյունից, կարևորելով դրա դերն ու նշանակությունը, պատասխանի այն հարցերին, թե արդյոք Նախարարը նման վարույթ հարուցելով հանդես է եկել որպես անկողմնակալ և անաչառ մարմին և արդյոք նման պայմաններում նրա կողմից կարգապահական վարույթի հարուցումը՝ անաչառ դիտորդի տեսանկյունից կարող է համարվել կողմնակալության դրսևորում, իսկ ամենակարևորը՝ դատարանի գործունեությանը միջամտելու առնչությամբ ողջամիտ կասկածներ հարուցել, և արդյոք անգամ միջնորդությամբ հիշատակված հիմքերի առկայության պայմաններում Նախարարը չէր կարող օգտվել կարգապահական վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված մեկ այլ մարմնին դիմելու իր իրավունքից:
Նշված հարցադրումների պարզման համար էական նշանակություն ունի այն, որ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել հենց վարույթ հարուցող մարմնի՝ Նախարարի, ներկայացրած միջնորդության վերաբերյալ Դատավորի կողմից կայացված որոշումը, և հատկապես այն պարագայում, երբ Դատավորը կայացրել է միջնորդությունը մերժելու մասին որոշում:
Նշվածից հետևում է, որ նման իրադրությունում Լիազոր մարմինը քննվող միջնորդությամբ ուղղակի շահագրգիռ կողմ է եղել և ինչպես նշել է Դատավորը, կայացված որոշումը չի համապատասխանել Նախարարի իրավական սպասելիքներին:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու սահմանադրական պարտականությունը կատարելու համար Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ օժտվել է համապատասխան լիազորություններով, որոնցից մեկն էլ հանդիսանում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելը։
Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետը Բարձրագույն դատական խորհրդին ոչ միայն իրավազորում է որոշել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հարցը, այլև հնարավորություն է ընձեռում, դատարանի և դատավորի անկախության երաշխավորման դիրքերից ելնելով, լուծել բոլոր այն հարցերը, որոնք կառնչվեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի հետ: Իսկ լուծել այդ հարցերը նշանակում է իրավական վերաբերմունք արտահայտել, թե որքանով է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ողջ գործընթացը՝ կարգապահական վարույթ հարուցելուց մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունումը, գտնվել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորությունների և պահանջների շրջանակներում, որոնք կոչված են ապահովելու դատարանների և դատավորների անկախությունը:
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նշել, որ թեև սահմանադրական արդարադատության իրականացումը՝ հատկապես օրենքի և Սահմանադրության մեջ նշված այլ նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելը, Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է, այնուամենայնիվ, սահմանադրականության ստուգումը բոլոր դատարանների պարտականությունն է (տե՛ս 2019 թվականի հունվարի 25-ի թիվ ՍԴԱՈ-7 որոշման կետ. 4.10)։
Որպես Սահմանադրության գերակայության ապահովման միջոց, հանրային իշխանության բոլոր մարմինները` Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրենց լիազորությունների շրջանակներում, մեկնաբանում և կիրառում են Սահմանադրությունը, հատկապես, Սահմանադրության 3-րդ հոդվածին համահունչ, իսկ սույն գործով խոսքն անմիջականորեն գործող իրավունքի, այն է` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների մասին է, որոնցով սահմանափակված է ամբողջ հանրային իշխանությունը։ Եվ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներն էլ համապատասխանաբար ամրագրում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն առ «արդյունավետ դատական պաշտպանություն» և «արդար դատաքննություն»:
Որպես դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համար պատասխանատու սահմանադրական բարձր իրավազորություններով օժտված մարմին, Բարձրագույն դատական խորհուրդն իրավազոր է լուծել կարգապահական պատասխանատվության հետ կապված ներառյալ այն հարցերը, որոնք ի հայտ են գալիս կարգապահական վարույթի հարուցման փուլում:
Սահմանադրության 173-րդ հոդվածի ուժով.
1. դատարանները և դատավորները պետք է լինեն անկախ,
2. դատական իշխանության անկախությունը պետք է դրսևորվի այդ իշխանության իրացման բոլոր հարթություններում՝ ներառյալ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը լուծելիս,
3. դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքներից է բողոքարկման համակարգը, և
4. դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելն էլ հանդիսանում է անկանխակալ դիտորդի մոտ կանխակալության տպավորություն ստեղծող դատավորի վարքագծային շեղումը բողոքարկելու կառուցակարգ:
Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ Օրենքը չի նախատեսում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչին բացարկ հայտնելու ուղղակի իրավադրույթ, սակայն ՀՀ օրենսդրությունն իր համակարգային իրավակարգավորումներում թույլատրում և պաշտպանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչին բացարկ հայտնելու իրավունքը:
Բարձրագույն դատական խորհուրդը 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «KՃVESI v. ROMANIA գործով՝ Կարևորությունը սույն վարույթի առումով. դատարանը նշում է, որ անձի իրավունքները կարող են լինել նյութական, դատավարական և այլընտրանքային, երբ ներպետական օրենսդրությամբ ճանաչված նյութական իրավունքը պայմանավորված է դատավարական իրավունքի միջոցով դատարաններում այդ իրավունքն իրացնելով։ Ինքնին այն փաստը, որ որևէ մարմին օժտված է անձին արտոնություն տրամադրելու կամ չտրամադրելու հայեցողությամբ, չի նշանակում, որ անձը չունի նման իրավունք։ Մեր դեպքում անձը դիմել է ԿՀՀ անդամի (նախագահի) ինքնաբացարկի և որպես հետևանք կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթը կարճելու հարցերով և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշի՝ բավարարել, թե մերժել այն։
Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ ներպետական օրենսդրությամբ վերապահված իրավունքները կարող են լինել նյութական կամ դատավարական կամ այլընտրանքային՝ երկուսի համադրությունը: Այն դեպքում, երբ ներպետական օրենսդրությամբ ճանաչված նյութական իրավունքը պայմանավորված է դատավարական իրավունքի միջոցով դատարաններում այդ իրավունքն իրացնելով, չի կարող կասկածի տակ դրվել այդ իրավունքի գոյությունը՝ 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով: Միայն այն փաստը, որ իրավական դրույթի ձևակերպումը պարունակում է հայեցողության տարր, ինքնին չի բացառում իրավունքի առկայությունը: Դատարանը գտել է, որ 6-րդ հոդվածը կիրառվում է այն դեպքում, երբ դատական գործընթացները վերաբերում են դիմողի իրավունքի միջամտությանը հանգեցնող հայեցողական որոշման (պարբ. 107):
ՄԻԵԴ-ը մի շարք գործերով որոշել է, որ ազգային օրենսդրությունը թեև անհրաժեշտաբար չի ճանաչում, որ անհատն օժտված է սուբյեկտիվ իրավունքով, միևնույն ժամանակ անձին շնորհում է իր գործի քննության օրինական ընթացակարգով անցկացվելու իրավունքով, ներառելով այնպիսի հարցերի վերաբերյալ վճիռներ կայացնելու դատարանի պարտականությամբ, ինչպիսիք են թե արդյո՞ք անձի վերաբերյալ կայացրած որոշումը զուգորդվել է կամայականությամբ կամ լիազորությունների վերազանցությամբ կամ արդյո՞ք տեղ են գտել ընթացակարգային անճշտություններ։ Այս իրավիճակը հանդիպում է որոշակի որոշումներում, երբ այս կամ այն մարմինն օժտված է առավելություն կամ արտոնություն շնորհելու պարզ հայեցողական իշխանությամբ, և մյուս կողմից այդպիսի որոշման հասցեատեր հանդիսացող անձն էլ օժտված է դատարան դիմելու իրավունքով, որն էլ, եթե գտնի, որ որոշումն իրավաչափ չէր, կարող է անվավեր ճանաչել այն։ Այս դեպքում կիրառելի է Դաշնագրի 6«1 Հոդվածը, պայմանով, որ առավելություն կամ արտոնություն տրամադրելն առաջ է բերում (ծնում է) քաղաքացիական իրավունք (պարբ. 108):
Ինչ վերաբերում է որոշմամբ բարձրացված այն հարցին, թե արդյո՞ք ԴՕ-ն նախատեսում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորին, հղում կատարելով ԿՎ հարուցման ենթադրյալ ընթացակարգային խախտումներին, միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին կարճելու վարույթը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ երբ ողջամիտ համոզմունք ունենք, որ ՀՀ օրենսդրությունն իր համակարգային իրավակարգավորումներում թույլատրում և պաշտպանում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչին բացարկ հայտնելու իրավունքը, դա շարունակության մեջ ենթադրում է այն իրավունքը, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորը, հղում կատարելով ԿՎ հարուցման ենթադրյալ ընթացակարգային խախտումներին, կարող է միջնորդել Բարձրագույն դատական խորհրդին կարճելու վարույթը: Եվ սա այն տրամաբանության մեջ է, որ ԿՎ հարուցման ենթադրյալ ընթացակարգային խախտումներով, որոնցով ԿՎ փուլում անկանխակալ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվել դատական իշխանության կողմնակալ իրացման, Բարձրագույն դատական խորհրդում իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթն է այն սահմանադրաիրավական հարթակը, որտեղ պետք է քննարկվի դատական իշխանության անկախությունը վտանգող դրսևորումների գնահատումը:»:
Անդրադառնալով որոշմամբ բարձրացված այն հարցին, թե արդյո՞ք Բարձրագույն դատական խորհուրդն իրավասու է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ ստուգել կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախկինում արձանագրել, իսկ ներկայումս էլ վերահաստատում է, որ երբ առկա է ողջամիտ համոզմունք առ այն, որ ՀՀ օրենսդրական իրավակարգավորումներով թույլատրում և երաշխավորվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում պաշտպանվող դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնի ներկայացուցչին բացարկ հայտնելու իրավունքը, ապա կարգապահական վարույթի հարուցման փուլում այդ իրավունքի չիրացման կամ թերի իրացման նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, իրավունքն ունի դիտարկումներ անել և այդ դիտարկումների արդյունքում արտահայտել համապատասխան վերաբերմունք:
Բարձրագույն դատական խորհրդի կողմից այս գործառույթի իրականացումը նպատակ է հետապնդում երաշխավորել դատարանների և դատավորների անկախությունը։
Բարձրագույն դատական խորհուրդը 13.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 որոշմամբ նշել է նաև, որ. «Բարձրագույն դատական խորհուրդը կարևոր է համարում ընդգծել, որ սույն որոշման մեջ իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումներն իր սահմանադրական լիազորության տարածական մեկնաբանության և կիրառման մասին, չպետք է մեկնաբանվեն որպես իրավունքի բոլոր, ներառյալ սահմանադրական նորմերի վերացական բնույթի մասին պնդում կամ contra legem սկզբունքի կիրառում, ինչը հնարավորություն կտար դատավորներին կայացնել իրենց տեսանկյունից արդարացի թվացող ցանկացած որոշում։ Խորհրդի իրավական դիրքորոշումներին այդպիսի մեկնաբանություն տալը կհանգեցնի կամայականության և չի համապատասխանի իրավական որոշակիության, ինչպես նաև դատական գործունեության հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքներին։ Ու թեև դատարաններն ընդհանուր առմամբ իրավական նորմերը non–liquet (անհստակ) հայտարարելուց ձեռնպահ են մնում` փորձելով գտնել իրենց դատին հանձնված հարցերը հանգուցալուծող կիրառելի իրավանորմեր, դա չի նշանակում, որ չի կարող ծագել մի իրավիճակ, երբ վիճելի հարցերն իրապես չեն ունենա նորմատիվ կարգավորում կամ առկա նորմերի կիրառումը կհանգեցնի անարդար արդյունքի։
Ինչպես այս առիթով նշում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Վ. Լովեն «Այնքանով, որքանով իրավունքի որոշ սկզբունքների տարածական մեկնաբանությունը կարող է ապահովել արդարության հաստատումը, կարիք չկա կիրառել contra legem-ը. քանզի թեև որոշման ընդունումը բխում է արդարություն հաստատելու հրամայականից, այն միշտ էլ հիմնված է իրավունքի մեկնաբանության և կիրառության վրա:»8։
Բարձրագույն դատական խորհուրդն այդպիսով ուղղակիորեն կիրառում է Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված իր սահմանադրական լիազորությունը` լրացնելով ԴՕ-ում իր լիազորությունների և դրանց իրականացման կառուցակարգերի օրենսդրական բացը:»։
Սույն գործով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի՝ իր գործի Բարձրագույն դատական խորհրդում արդարացի կերպով դատական քննության ենթարկվելու իրավունքի մաս է կազմում կարգապահական վարույթի հարուցման օրինականությունը, տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմնի կողմից վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման համար տեսանելի անաչառության առկայությունը, մինչդեռ սույն գործով հարուցող մարմինը եղել է գործով կողմը, որի միջնորդությունը մերժվել է Դատավորի կողմից: Վերջին փաստը, Խորհրդի դիտարկմամբ, պատկանում է այնպիսի հանգամանքների թվին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով վարույթ հարուցող մարմնի անաչառության մեջ: Դատավորի՝ սույն գործով արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ կարգապահական վարույթի հարուցման օրինականության իրավունքի վերականգնման միակ ձևը, սույն գործով կարգապահական վարույթի կարճումն է:
Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ իրավունքի վերականգնման այս ձևի իրացումը կարող էր կանխվել վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծումը նման իրավասությամբ օժտված մեկ այլ մարմնի, մասնավորապես, տվյալ դեպքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին փոխանցելով:
Այլ խոսքերով, Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով՝ մի կողմից, սահմանադրական իր առաքելությունը, իսկ մյուս կողմից՝ դրան, իբրև հասցեատիրոջը թղթակցող, այսինքն՝ Խորհրդի իրավական պաշտպանության ներքո գտնվող արդար դատաքննության առկա իրավունքը, գտնում է, որ չի կարող հրաժարվել իր սահմանադրական առաքելության իրացումից՝ որպես դրա հիմք վկայակոչելով պետական իշխանության մեկ այլ՝ օրենսդիր ճյուղի կողմից այդ իրավունքի իրացման համար այնպիսի մեխանիզմներ ստեղծված չլինելու հանգամանքը, որոնք օրենսդիրը սահմանել է իրավունքի այլ սուբյեկտների դեպքում:
Վերոհիշյալ հիմնավորումների լույսի ներքո, հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ, սույն գործով արդար դատաքննության իրավունքը չի պահպանվել կարգապահական վարույթի հարուցման փուլում և Բարձրագույն դատական խորհուրդը, իրացնելով դատավորների անկախության երաշխավորի իր սահմանադրաիրավական առաքելությունն ու կիրառելով դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման իր արդարադատական սահմանադրական լիազորությունը, ղեկավարվելով Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարել։
2․ Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, կարճել:
3 ․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
_______________________________
1 Colozza v. Italy, 12 February 1985, Series A no. 89, § 29
2 Sanader v. Croatia, no. 66408/12, 12 February 2015, §§ 77-78
3 Sejdovic v. Italy [GC], no. 56581/00, ECHR 2006-II, § 82; Stoichkov v. Bulgaria, no. 9808/02, 24 March 2005, § 56.
4 Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, թիվ 2287, ընդունված՝ 22 հուլիսի 1999թ., հոդված 71 մաս 2, հասանելի՝ https://matsne.gov.ge/en/document/view/16426?publication=209 ։
5 Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ՀՕ-528-Ն, ընդունված՝ 18 ապրիլի 2003թ., հոդված 75 մաս 2, հասանելի՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153898 ։
6 https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-106636%22]}, § 136
7 https://www.osce.org/files/341_JUD_KAZ_27Dec2018_en.pdf
8 Lowe, V. The Role of Equity in International Law /V. Lowe// Australian Year Book of International Law. - 1989 – Թիվ 4 – էջ 67
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ | |
ԱՆԴԱՄՆԵՐ՝ |
Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ | |
Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ | ||
|
Մ. ՄԱԿՅԱՆ | |
Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ | ||
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ | ||
Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2021 թվական: