Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.05.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.05.2021
Дата вступления в силу
21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/12262/05/18

Վարչական գործ թիվ ՎԴ/12262/05/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սամվել Բարխոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Արա Ճորուխյանի և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի` Երևանի քաղաքապետի 15.04.2014 թվականի թիվ 1447-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու և որպես հետևանք` Երևանի քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշումը, Երևանի քաղաքապետի և Արա Ճորուխյանի միջև 26.05.2014 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, 03.06.2014 թվականին Ծարավ Աղբյուրի փողոց թիվ 177/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Բարխոյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 15.04.2014 թվականի թիվ 1447-Ա որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշումը, Քաղաքապետի և Արա Ճորուխյանի միջև 26.05.2014 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, 03.06.2014 թվականին Ծարավ Աղբյուրի փողոց թիվ 177/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 11.02.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սամվել Բարխոյանի միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի 11.02.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշման` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասի դեմ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և բողոքարկված մասով Դատարանի 11.02.2019 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացվել Սամվել Բարխոյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թեև Սամվել Բարխոյանը նշել է, որ Քաղաքապետի 15.04.2014 թվականի թիվ 1447-Ա, 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշումների, Քաղաքապետարանի և Արա Ճորուխյանի միջև 26.05.2014 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագրի և 03.06.2014 թվականի Երևանի Ծարավ Աղբյուրի փողոց թիվ 177/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված գրանցման վերաբերյալ իմացել է միայն Քաղաքապետարանի 21.11.2018 թվականի պատասխան գրությունից, սակայն գործում առկա ապացույցներից հստակ երևում է, որ Սամվել Բարխոյանն ի սկզբանե տեղյակ է եղել այդ ակտերի գոյության մասին: Մասնավորապես` 25.09.2018 թվականին Սամվել Բարխոյանի փաստաբանը դիմում է ներկայացրել Քաղաքապետարան և խնդրել է ներկայացնել վեճի առարկա անշարժ գույքի` մինչև աճուրդը եղած վիճակի մասին տեղեկատվություն: Այսինքն` Սամվել Բարխոյանը վիճարկման հայցը դատարան ներկայացնելուց առաջ արդեն իսկ վարչական մարմնի կողմից տեղեկացված է եղել այն մասին, որ վեճի առարկան առանձին գույքային միավոր է, և աճուրդի միջոցով վաճառվել է այլ անձի, ինչը հիմք է տալիս ենթադրելու այն մասին, որ Քաղաքապետարանի կողմից պատասխան գրությամբ վիճարկվող վարչական ակտերը տրամադրվել են Սամվել Բարխոյանին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Սամվել Բարխոյանը, տեղեկանալով վարչական ակտի գոյության մասին, ներկայացրել է վարչական բողոք և Քաղաքապետարանի 21.11.2019 թվականի պատասխանից հասկացել է, որ իր կողմից վարչական կարգով ներկայացված բողոքը մերժվել է, ապա այն իրականությանը չի համապատասխանում, քանի որ նշված «բողոքը» ներկայացվել է 16.11.2019 թվականին և այն չի հանդիսացել վարչական բողոք, այլ եղել է Քաղաքապետի մոտ ընդունելություն կազմակերպելու խնդրանք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Սամվել Բարխոյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սամվել Բարխոյանը չի հանդիսանում վիճարկվող ակտերի հասցեատեր, հետևաբար այդ ակտերը կարող են նրա կողմից վիճարկվել այն պահից սկսած երկամսյա ժամկետում, երբ վերջինս տեղեկացել է իր իրավունքների ենթադրյալ խախտումների մասին: Սամվել Բարխոյանը բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման միջնորդությունը ներկայացրել է այն հիմնավորումներով, որ խնդրի մասին տեղեկացել է, երբ սկսել են մայթը քանդել: Իսկ 15.04.2014 թվականի վարչական ակտի մասին իրազեկվել է 05.10.2018 թվականին: Հայցվորը փորձել է հարցը լուծել վարչական կարգով, սակայն վարչական մարմինը որևէ առարկայական գործողություններ չի կատարել և 21.11.2018 թվականին հայտնել է, որ քանդված մայթը վերականգնվել և ասֆալտապատվել է: Այսպիսով` հայցվորի համար միայն 21.11.2018 թվականի գրությունից է պարզ դարձել, որ վարչական մարմինը հրաժարվում է բավարարել բողոքը, որից հետո էլ ձեռնամուխ է եղել դատարան հայց ներկայացնելուն:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից` երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, «2ԷԴ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5086/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սամվել Բարխոյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (հայցադիմումն առաջին անգամ ներկայացվել է 17.12.2018 թվականին)` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել Քաղաքապետի 15.04.2014 թվականի թիվ 1447-Ա որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշումը, Քաղաքապետի և Արա Ճորուխյանի միջև 26.05.2014 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 03.06.2014 թվականին Ծարավ Աղբյուրի փողոց թիվ 177/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարված գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 3-8, 62-69): Դատարանի 25.12.2018 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է, իսկ 11.02.2019 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ (հատոր 1-ին, գ.թ. 121-128):

Հայցվորը հայցադիմումին կից ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ ինչպես ինքը, այնպես էլ գույքի նախկին սեփականատեր Սերգեյ Լոռեցյանը խնդրի մասին տեղեկացել են մայթը քանդելու ժամանակ, իսկ 15.04.2014 թվականի վիճարկվող ակտի մասին իրազեկվել են 05.10.2018 թվականին: Սամվել Բարխոյանը սկզբնական շրջանում փորձել է հարցը լուծել վարչական կարգով, մինչդեռ վարչական մարմինը որևէ առարկայական գործողություններ չի ձեռնարկել և չի ապահովել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրացման համար, որից հետո էլ դիմել է դատարան: Տվյալ դեպքում Քաղաքապետի վիճարկվող որոշումներով խախտվել են հայցվորի իրավունքները, մասնավորապես` խոչընդոտներ են ստեղծվել սեփականության իրավունքի լիարժեք իրացման համար:

Դատարանը 11.02.2019 թվականի որոշմամբ Սամվել Բարխոյանի ներկայացրած՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարել է այն պատճառաբանություններով, որ հիմնական հայցապահանջով վարչական ակտի գոյության մասին հայցվորին ավելի վաղ տեղեկանալու վերաբերյալ այլ ապացույցի բացակայության պայմաններում, Դատարանը հայցվորի կողմից նշված փաստարկով հաստատված է համարել, որ վերջինս վիճարկվող վարչական ակտի գոյության մասին տեղեկացել է իր միջնորդության մեջ նշած ժամկետում, որպիսի ժամկետից հաշվված էլ երկամսյա ժամկետում` 17.12.2018 թվականին ներկայացրել է հայցադիմումը: Դատարանը ներկայացված միջնորդությունը հիմնավոր համարելու հիմքում դրել է նաև այն փաստը, որ հայցվորը չի հանդիսացել վիճարկվող վարչական ակտի հասցեատեր, ինչից հետևում է, որ նա ողջամտորեն տեղեկացված չի եղել դրա առկայության մասին, ուստիև գտել է, որ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ այդ ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով` կապված վիճարկվող վարչական ակտի մասին փաստացի տեղեկացված չլինելու հետ (հատոր 1-ին, գ.թ. 121-125):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

 

Մինչդեռ վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում հայցվորը վիճարկել է Քաղաքապետի 15.04.2014 թվականի թիվ 1447-Ա որոշումը մասնակիորեն` Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 177/1 հասցեում գտնվող 174,19քմ մակերեսով հողամասն աճուրդով օտարելու նպատակով առանձնացնելու և ընդհանուր օգտագործման հողերից բնակելի կառուցապատման հողերի դասակարգելու մասով, ինչպես նաև որպես հետևանք վիճարկել է նաև Քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշումը, Քաղաքապետի և Արա Ճորուխյանի միջև 26.05.2014 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 03.06.2014 թվականին նշված հասցեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Սամվել Բարխոյանը հայցադիմումին կից ներկայացրել է միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ և որպես այդ միջնորդության հիմնավորում նշել է, որ ինչպես ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց, թիվ 177 հասցեի անշարժ գույքի նախկին սեփականատեր Սերգեյ Լոռեցյանը, այնպես էլ ինքը վիճարկվող վարչական ակտերի մասին տեղեկացել են 05.10.2018 թվականից` Քաղաքապետարանի պատասխան գրությունից: Այնուհետև բազմաթիվ բողոքներով փորձել է խնդիրը լուծել վարչական կարգով, սակայն Քաղաքապետարանի 21.11.2018 թվականի թիվ 19/Դ3569 պատասխան գրությունից եզրահանգելով, որ վարչական մարմինը հրաժարվում է բավարարել իր բողոքը, հայցվորը վարչական ակտերը վիճարկել է դատական կարգով:

Սույն գործի փաստերից բխում է, որ ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Է. Նալբանդյանի 25.09.2018 թվականի հ.Ն-1261 գրության` Քաղաքապետարանը 05.10.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց, թիվ 177/1 հասցեում գտնվող հողամասը ներկայացվել է աճուրդային կարգով վաճառքի, և Քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշմամբ հողամասն օտարվել է (հատոր 1-ին, գ.թ. 108): Ի պատասխան հայցվորի 16.11.2018 թվականի հ. Բ-3569 դիմումի` Քաղաքապետարանը 21.11.2018 թվականի թիվ 19/Բ3569 գրությամբ հայտնել է, որ Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց, թիվ 177/1 հասցեում Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում քանդված մայթը վերականգնվել է (հատոր 1-ին, գ.թ. 87):

Վճռաբեկ դատարանը, համադրելով սույն գործի փաստերը ստորադաս ատյանների պատճառաբանությունների հետ, արձանագրում է, որ և´ հայցվորն իր կողմից ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության մեջ, և´ ստորադաս ատյանների պատճառաբանություններում նշվել է, որ Սամվել Բարխոյանը վիճարկվող վարչական ակտերի գոյության մասին իրազեկվել է 05.10.2018 թվականին: Մասնավորապես` ի պատասխան հայցվորի ներկայացուցիչ Է. Նալբանդյանի 25.09.2018 թվականի հ.Ն-1261 գրության` Քաղաքապետարանը 05.10.2018 թվականի գրությամբ հայտնել է, որ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի փողոց, թիվ 177/1 հասցեում գտնվող հողամասը ներկայացվել է աճուրդային կարգով վաճառքի, և Քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշմամբ հողամասն օտարվել է:

Նշվածը Վճռաբեկ դատարանին բավարար հիմք է տալիս փաստելու, որ Սամվել Բարխոյանն առնվազն 05.10.2018 թվականից իրազեկված է եղել է վեճի առարկա հողամասը Քաղաքապետի համապատասխան որոշմամբ այլ անձի օտարված լինելու վերաբերյալ, որից էլ ուղղակիորեն բխում է, որ հայցվորը 05.10.2018 թվականից տեղյակ է եղել նաև վիճարկվող վարչական ակտերի վերաբերյալ, մինչդեռ հայցադիմումն առաջին անգամ վարչական դատարան մուտքագրել է 17.12.2018 թվականին, այսինքն` վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի խախտմամբ:

Հաջորդիվ անդրադառնալով հայցվորի կողմից ներկայացված այն պատճառաբանությանը, որ ի պատասխան իր 16.11.2018 թվականի հ. Բ-3569 դիմումի, Քաղաքապետարանի՝ 21.11.2018 թվականի թիվ 19/Բ3569 գրությունից է գիտակցել, որ վարչական մարմինը հրաժարվում է բավարարել իր բողոքը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ գրությունների բովանդակությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցվորը ոչ թե վիճարկվող ակտերը բողոքարկել է վարչական կարգով, այլ` 16.11.2018 թվականի հ. Բ-3569 դիմումով ներկայացնելով խնդիրը, մասնավորապես` նշված տարածքում մայթի քանդված լինելը, խնդրել է ընդունելություն Քաղաքապետի մոտ, որի կապակցությամբ էլ Քաղաքապետարանը պատասխանել է վերջինիս, որ Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց, թիվ 177/1 հասցեում Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների արդյունքում քանդված մայթը վերականգնվել է:

Այսինքն` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Քաղաքապետարանի 21.11.2018 թվականի գրությունը Քաղաքապետարանի կողմից հայցվորին տրամադրված տեղեկատվական բնույթի պատասխան է և չի կարող դիտարկվել որպես վարչական բողոքի մերժում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քաղաքապետարանի 05.10.2018 թվականի պատասխան գրությամբ Սամվել Բարխոյանն իրազեկված լինելով վիճարկվող վարչական ակտերի գոյության մասին՝ չի ապացուցել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը, հետևաբար վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ վերջինիս միջնորդությունն անհիմն է։

Վերոգրյալից հետևում է, որ Սամվել Բարխոյանը կորցրել է Քաղաքապետի 15.04.2014 թվականի թիվ 1447-Ա որոշումը մասնակիորեն և որպես հետևանք Քաղաքապետի 21.05.2014 թվականի թիվ 1936-Ա որոշումը, Քաղաքապետի և Արա Ճորուխյանի միջև 26.05.2014 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, 03.06.2014 թվականին Ծարավ Աղբյուրի փողոց թիվ 177/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ վիճարկման հայցով դատարան դիմելու իրավունքը:

Նման պայմաններում վիճարկման հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը ենթակա չէր բավարարման, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասով վերացնել ՀՀ վարչական դատարանի 11.02.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. բարսեղյան

Ս. Անտոնյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան