Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.05.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
21.05.2021
Дата вступления в силу
21.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Սնանկության գործ թիվ ԵԴ/0812/04/18

Սնանկության գործ թիվ ԵԴ/0812/04/18

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյանի

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ Սաթիկ Հարությունյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Սաթիկ Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Սաթիկ Հարությունյանին ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.12.2018 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 14.06.2019 թվականի որոշմամբ պարտապան Սաթիկ Հարությունյանի պարտավորությունների համար գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2019 թվականի որոշմամբ Սաթիկ Հարությունյանի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2019 թվականի որոշմամբ Սաթիկ Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2020 թվականի որոշմամբ Սաթիկ Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաթիկ Հարությունյանը (ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ ներկայումս վերաքննիչ բողոքը բերվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով, սխալ եզրահանգում է արել այն մասին, որ Դատարանի 14.06.2019 թվականի որոշումը բողոքարկվել է այն նույն հիմքով, ինչ 01.10.2019 թվականին, և սխալմամբ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ եզրակացրել է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Մինչդեռ 01.10.2019 թվականին վերաքննիչ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքների նորմերի խախտման հիմքով ու միաժամանակ միջնորդություն է ներկայացվել բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, որը, սակայն, Վերաքննիչ դատարանը հարգելի չի համարել և այդ հիմքով էլ մերժել է բողոքը վարույթ ընդունելը:

Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, Սաթիկ Հարությունյանին զրկել է դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է (տե´ս, «Կոնվերս բանկ» ՓԲԸընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2019 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված իրավական նորմը:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման հիմքերն են`

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

3) նոր երևան եկած կամ նոր հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ բողոք բերելու հիմքերը սահմանված են նույն օրենսգրքի 418-րդ և 419-րդ հոդվածներով:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքում պետք է նշվեն դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար։

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում սպառիչ թվարկել է այն հիմքերը, որոնցով դատական ակտը ենթակա է բողոքարկման, դրանք են՝ նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքը: Օրենսդիրը նշված հիմքերը նախատեսել է որպես դատական ակտի բողոքարկման ինքնուրույն և առանձին հիմքեր՝ քաղաքացիական դատավարության մասնակիցների կազմից որոշներին իրավունք վերապահելով այդ հիմքերով բողոքարկելու դատական ակտը։

Միևնույն ժամանակ օրենսդիրը վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց համար սահմանել է վարքագծի պարտադիր կանոն՝ նրանց համար պարտականություն նախատեսելով ինչպես նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման կամ սխալ կիրառման հիմքով վերաքննիչ բողոք, այնպես էլ նոր երևան եկած կամ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելիս բողոքում, համապատասխանաբար, նշել բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա և դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր երևան եկած կամ նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը, թե ինչու է այն հիմք դատական ակտի վերանայման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժում է նույն օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված հիմքերով և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը տվյալ հիմքով կարող է մերժվել բացառապես այն դեպքում, երբ նույն գործով արդեն իսկ առկա է վերաքննիչ դատարանի որոշում, որով համապատասխան դիրքորոշում է հայտնվել (գնահատական է տրվել) նույն այն հիմքերով ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ, որոնցով կրկին անգամ ներկայացվել է վերաքննիչ բողոքը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 14.06.2019 թվականին որոշում է կայացրել պարտապան Սաթիկ Հարությունյանի պարտավորությունների համար գրավադրված գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանի միջնորդությունը բավարարելու մասին:

Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչը՝ դրանում որպես բողոքի հիմք բացառապես նշելով Դատարանի կողմից ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ թույլ տալը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2019 թվականի որոշմամբ տվյալ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Դրանից հետո Դատարանի 14.06. 2019 թվականի որոշման դեմ կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչը՝ այս անգամ արդեն դրանում որպես բողոքի հիմք բացառապես նշելով նոր երևան եկած հանգամանքի առկայությունը։

Վերաքննիչ դատարանի 19.03.2020 թվականի որոշմամբ Սաթիկ Հարությունյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «13.12.2019 թվականին բողոքաբերի կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանի` 19.12.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարման ենթակա չլինելու հիմքով։ Տվյալ դեպքում Դատարանի` 14.06.2019 թվականի որոշումը, ըստ էության, բողոքարկվել է այն նույն հիմքով, որով բողոքարկվել էր 01.10.2019 թվականին»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ենթարկել տարածական մեկնաբանման և այն տարածել այն դեպքի վրա, երբ առկա է նույն գործով, նույն որոշման դեմ գործին մասնակցող նույն անձի կողմից նույն հիմքով բերված բողոքով արդեն իսկ կայացված` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշում»։

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում ինչպես վերը նշված օրենսդրական կարգավորումներից, այնպես էլ դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումից, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Սաթիկ Հարությունյանի ներկայացուցիչը Դատարանի 14.06.2019 թվականի որոշման դեմ վերաքննիչ բողոքները ներկայացրել է այն բողոքարկելու տարբեր հիմքերով, որի պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավունք չուներ կիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում՝ դրա արդյունքում սահմանափակելով Սաթիկ Հարությունյանի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 19.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: