Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-167-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (03.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.24/54(426) Հոդ.1025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.07.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.08.2005
Дата вступления в силу
03.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հուլիսի 8-ին

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-217, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի «ա» կետը «տարածքների» բառից հետո լրացնել «կայուն զարգացման և դրանց» բառերով, իսկ «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետում «հինգերորդ մասի «ա»-«գ» կետերով» բառերը փոխարինել «չորրորդ մասի «ա» և «բ» կետերով» բառերով, իսկ «սահմանված» բառից հետո ավելացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով նախատեսված դեպքերում` նաև այլ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 101-րդ հոդվածի «դ» կետում «հինգերորդ» բառը փոխարինել «չորրորդ» բառով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Տեղական ինքնակառավարման մարմինները (բացառությամբ թաղային համայնքների) կարող են ընդունել բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությունը, որը, ելնելով տեղական առանձնահատկություններից, չհակասելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման պահանջներին, սահմանում է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման և կառուցապատման կանոնները տվյալ համայնքում:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 143-րդ հոդվածով՝

«Հոդված 143. Քաղաքաշինական գործունեության և հողօգտագործման կանոնակարգումը համայնքի վարչական սահմաններում

Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է բնակավայրի գլխավոր հատակագծով (բացառությամբ թաղային համայնքների) և գոտիավորման նախագծերով:

Համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` տարածքային ռեսուրսների և կառուցապատման փաստացի վիճակի վերլուծության և համալիր գնահատականի հիման վրա հիմնավորում և ամրագրում է համայնքի տարածքային զարգացման ուղղությունները, որոշում է սոցիալական, մշակութային, արդյունաբերական, գյուղատնտեսական, բնապահպանական, ինժեներական և տրանսպորտային համակարգերի տեղադրման ու զարգացման, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքի պաշտպանության, բնական լանդշաֆտների, բնության հուշարձանների, պատմամշակութային ժառանգության պահպանման միջոցառումները, հիմնական (բազային) գոտիավորմամբ կանոնակարգում է բնակավայրի (բնակավայրերի) և դրա (դրանց) սահմաններից դուրս քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող տարբեր նպատակային և գործառական նշանակության հողերի օգտագործման խնդիրները, սահմանում է դրանց նկատմամբ պարտադիր պահանջները և տարածքների իրացման և կառուցապատման հերթականությունը:

Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերն առաջին անգամ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց փոփոխությունները (առանց հողերի նպատակային նշանակության փոփոխության) իրականացնում են ըստ անհրաժեշտության և հաստատում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Բնակավայրերի, դրանց առանձին մասերի, բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող քաղաքաշինական նպատակներով նախատեսված տարածքների գոտիավորումն ըստ օժանդակ գոտիների կանոնակարգվում է գոտիավորման նախագծերով (այսուհետ՝ գոտիավորման նախագիծ)` «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով, համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով (այսուհետ` բնակավայրի գլխավոր հատակագիծ) սահմանված հիմնական (բազային) գոտիավորման հիման վրա:

Մինչև տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի, ինչպես նաև բնակավայրից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա բոլոր տարածքների համար` բնակավայրի գլխավոր հատակագծի կազմում:

Տասնհինգ հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում գոտիավորման նախագիծը կազմվում է բնակավայրի գլխավոր հատակագծով առաջնահերթ կառուցապատման համար առանձնացված տարածքների համար:

Թաղային համայնքների գոտիավորման նախագծերը մշակվում են Երևանի գլխավոր հատակագծով սահմանված հաջորդականությամբ և ժամկետներում:

Համայնքի վարչական սահմաններում (բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված տարածքների) հողօգտագործումը կանոնակարգվում է հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 17. Քաղաքաշինական փաստաթղթերը

 

1. Քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են և բաժանվում են երկու խմբի՝ քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթեր և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր:

2. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների,  դրանց խմբերի կամ առանձին հատվածների համար:

3. Քաղաքաշինական գործունեությունը տարածական պլանավորման բնագավառում` տնտեսական, սոցիալական, մշակութային և բնապահպանական գործոնների փոխկապակցված տարածական ամրագրումն է և նպատակաուղղված է կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը` քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման) փաստաթղթերում տարաբնակեցման համակարգերի, տարածքների համաչափ զարգացման և նպատակային օգտագործման հիմնական ուղղություններն ու պայմանները սահմանելու միջոցով:

4. Քաղաքաշինական ծրագրային (կամ տարածական պլանավորման, այսուհետ` տարածական պլանավորման) փաստաթղթեր են՝

ա) Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծերը.

բ) Հայաստանի Հանրապետության մարզերի, ինչպես նաև մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող տարածքային հատակագծման նախագծերը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի գլխավոր հատակագծերը.

դ) գոտիավորման նախագծերը.

ե) բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների, բնության հատուկ պահպանվող տարածքների նախագծերը.

զ) լանդշաֆտային, առողջարանային, ռեկրեացիոն, գործառական այլ համակարգերի տարածքային կազմակերպման, ինչպես նաև արտադրական կարողությունների, ինժեներական, տրանսպորտային, կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների տեղաբաշխման նախագծերը` հանրապետության և առանձին վարչատարածքային միավորների կամ դրանց խմբերի համար:

5. Սույն հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված փաստաթղթերի մշակումը պարտադիր է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության և մարզերի համար, «գ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների համար, իսկ «դ» կետով սահմանված փաստաթղթերինը` համայնքների և համայնքների սահմաններից դուրս գտնվող կառուցապատված կամ կառուցապատման ենթակա տարածքների համար:

6. Սույն հոդվածի չորրորդ մասի «ե» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

7. Սույն հոդվածի չորրորդ մասի «զ» կետով սահմանված փաստաթղթերը մշակվում են ըստ անհրաժեշտության և հաստատվում են պատվիրատուի կողմից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

8. Սույն հոդվածի չորրորդ մասով ներառված փաստաթղթերը կազմելիս պարտադիր կարգով հաշվի են առնվում սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման այլ փաստաթղթերի դրույթները` կազմվող փաստաթղթին առնչվող մասով:

 9. Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի դրույթները հաշվի են առնվում ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում՝ տվյալ ծրագրին առնչվող մասով:

10. Սույն հոդվածի  չորրորդ մասի «ա» և «բ»  կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման փաստաթղթերը մշակվում են պետական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են սույն օրենքի 10-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան:

11. Սույն հոդվածի չորրորդ մասի «գ» և «դ»  կետերով սահմանված պարտադիր մշակման ենթակա տարածական պլանավորման  փաստաթղթերը մշակվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին և հաստատվում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (բացառությամբ սույն օրենքի 143 հոդվածի երրորդ  մասով սահմանված դեպքերի):

12. Երևանի գլխավոր հատակագիծը և դրանում կատարվող փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

13. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օգտագործման պայմանները չեն կարող հակասել հաստատված քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

14. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են՝

ա) կառուցապատման նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով գործառական տարածքների հատակագծման և բարեկարգման նախագծերը.

բ) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։

15. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը, ելնելով հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջներից, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման և քաղաքաշինական պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։

16. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

17. Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից նախագծային փաստաթղթեր մշակողին տրվող նախագծային առաջադրանքը չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին:

18. Սույն հոդվածի 16-րդ կետով սահմանված մարմնի կողմից համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը հաստատում է քաղաքաշինական օբյեկտի սեփականատերը կամ նրա լիազորած անձը, բացառությամբ քաղաքացիների սեփական կարիքների համար մշակված նախագծային փաստաթղթերի, որոնք սահմանված կարգով համաձայնեցումից հետո համարվում են հաստատված:

19. Հաստատված քաղաքաշինական փաստաթղթերը հիմք են հանդիսանում քաղաքաշինական գործունեության վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար։

20. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի հինգերորդ մասի «ե» կետը «նշանակության» բառից հետո լրացնել «և հատուկ պահպանվող» բառերով, իսկ վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով:

Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, իսկ նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե կառուցապատողը նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված մարմնին:

Երևան քաղաքում շինարարության թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարվում է համապատասխան թաղային համայնքի բյուջե` ըստ օբյեկտի գտնվելու վայրի:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Քանդման թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե նոր կառուցվող օբյեկտի շինարարությունը հնարավոր չէ առանց նույն վայրում գտնվող շենքի (շենքերի) և(կամ) շինության (շինությունների) քանդման, ապա սահմանված կարգով տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, հանդիսանում է նաև քանդման թույլտվություն:

Եթե կառուցապատվող հողամասի ճարտարագիտական ուսումնասիրություններն առանց քանդման անհնարին են, ապա քանդման թույլտվությունը տրվում է  ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միաժամանակ՝ մինչև շինարարության թույլտվություն ստանալը:

Երևան քաղաքում քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարվում է համապատասխան թաղային համայնքի բյուջե` ըստ օբյեկտի գտնվելու վայրի:»:

 

Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 261-րդ հոդվածով`

«Հոդված 261. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները

 

Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով, 26-րդ հոդվածի վեցերորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված գործառույթների կատարման լիազորությունները` Երևանի քաղաքապետի որոշմամբ, կարող են փոխանցվել համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին:

Երևանի թաղային համայնքի տարածքում սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը հետևյալ օբյեկտների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով`

ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում երեք հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինություններ.

բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ  վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

Երևանի թաղային համայնքի տարածքում համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը` կիրառելով վարչական պատասխանատվության միջոցներ:»:

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայության դեպքերում, մինչև դրանց մշակումն ու հաստատումը, տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «դ» կետով, 14-րդ  հոդվածով, 17-րդ հոդվածի 16-րդ և 18-րդ կետերով, 20-րդ  հոդվածի հինգերորդ մասով, 23-րդ  հոդվածի երկրորդ մասով, 24-րդ հոդվածի երկրորդ մասով, 25-րդ հոդվածի երկրորդ մասով և 26-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության մարզպետն իրականացնում է մինչև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով նախատեսված պետական սեփականություն համարվող հողերը որպես սեփականություն համայնքներին փոխանցելը:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան
ՀՕ-167-Ն

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան