ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/2451/05/18
Վարչական գործ թիվ ՎԴ/2451/05/18
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մայիսի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ինտեգրալ Պետրոլեում» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Նախարարությանը պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Ընկերության 28.12.2012 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրելու մասին, ու անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի 12.01.2018 թվականի թիվ 03/29.2/99-18 գրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2019 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.07.2019 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2019 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Աշոտ Աբրահամյան և Հայկ Եգանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ, 67-րդ, 94-րդ, 124-րդ և 146-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով քննվող գործի փաստերը սույն գործի լուծման համար չեն կարող ունենալ նշանակություն, քանի որ հայցվորի կողմից հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունման փաստը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, պետք է հաստատվի սույն վարչական գործի շրջանակներում՝ նկատի ունենալով, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունը ծագել է Նախարարության կողմից բարենպաստ վարչական ակտ չընդունվելու հիմքով, իսկ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշվելու է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս չի հիմնավորել և նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն՝ չի նշել այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար ունեն իրավաբանական նշանակություն, ինչպես նաև չի նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 05.06.2019 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
Չափազանց կարևոր է 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի իրավաչափությունը պարզելը, ինչը հնարավոր է միայն թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործի շրջանակներում։ Նշվածը հաշվի առնելով՝ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. իրավաչա՞փ է արդյոք պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցնելն այն դեպքում, երբ բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին հայցվորի դիմումը վարչական մարմնի կողմից մերժվելուց հետո նույն՝ բացառիկ իրավունքը տրամադրվել է այլ անձի, և այդ իրավունքը վերջինիս տրամադրելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափությունը վիճարկվում է մեկ այլ վարչական գործի շրջանակներում։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով որոշում, վճիռ կամ դատավճիռ կայացնելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի վարույթի կասեցումը դատարանի կողմից տվյալ գործով դատավարական գործողությունների ժամանակավոր դադարեցումն է վարույթի հետագա զարգացմանը խոչընդոտող օբյեկտիվ հանգամանքների առկայության հիմքով, որոնք արգելակում են նրա հետագա շարժը, և որոնց ծագման պահին հնարավոր չէ հստակ որոշել, թե դրանք երբ կվերանան: Ըստ այդմ, գործի վարույթի կասեցումը՝ որպես դատավարական ինստիտուտ, անմիջականորեն շաղկապված է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի հետ: Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը ենթադրում է, որ ցանկացած դատական գործ պետք է քննվի և լուծում ստանա հնարավորինս սեղմ ժամկետում՝ առանց արհեստականորեն ձգձգելու դրա ընթացքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ որպես իրավական երաշխիք, նպատակաուղղված է պաշտպանել դատավարության բոլոր մասնակիցներին ընթացակարգային ավելորդ ձգձգումներից (տե՛ս Stögmüller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը): Նշված իրավական սկզբունքի միջոցով ընդգծվում է արդարադատությունն առանց հետաձգումների իրականացնելու կարևորությունը, քանի որ այդպիսի հետաձգումները կարող են նվազեցնել արդարադատության արդյունավետությունն ու վնաս հասցնել դրա նկատմամբ հանրային վստահությանը (տե՛ս H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը):
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այս կամ այն դատական գործով վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի տվյալ գործին բնորոշ առանձնահատուկ հանգամանքների հիման վրա: Այլ կերպ ասած՝ գործի քննության երկարատևությունը կարող է իրավաչափ համարվել միայն առանձնահատուկ հանգամանքների առկայության դեպքում, և հակառակը՝ գործի քննության անհարկի ձգձգումներն այդպիսի հանգամանքների բացակայության դեպքում վկայում են արդար դատաքննության իրավունքի խախտման մասին:
Այսպես, Եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ դատավարության տևողության «ողջամտությունը» պետք է գնահատվի յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո՝ հիմք ընդունելով հետևյալ չափանիշները. (1) գործի բարդությունը, (2) դիմումատուի վարքագիծը, (3) հանրային իշխանության վարքագիծը, (4) տվյալ գործի կարևորությունը դիմումատուի իրավական և փաստական վիճակի համար (տե՛ս Frydlender v. France (30979/96) գործով Եվրոպական դատարանի 27.06.2000 թվականի վճիռը, 43-րդ կետ):
Այս կամ այն դատական գործով իրականացվող դատավարության տևողության «ողջամտության» գնահատման վերոգրյալ երրորդ չափանիշը՝ հանրային իշխանության վարքագիծը, առաջին հերթին ենթադրում է, որ պետությունը պատասխանատու է գործի քննության այն հետաձգումների համար, որոնք առաջացել են դատական իշխանության մարմինների գործողությունների պատճառով (տե՛ս Somjee v. The United Kingdom (42116/98) գործով Եվրոպական դատարանի 15.10.2002 թվականի վճիռը, 72-րդ կետ): Եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտում է արձանագրել, մասնավորապես, այն դեպքում, երբ դատարանը ոչ իրավաչափ կերպով (առանց բավարար հիմքերի) կասեցրել է իր կողմից քննվող գործի վարույթը մինչև մեկ այլ դատական գործով վերջնական դատական կայացումը (տե՛ս König v. Germany (6232/73) գործով Եվրոպական դատարանի 28.06.1978 թվականի վճիռը, 104-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գործի վարույթը մինչև մեկ այլ դատական գործով վերջնական դատական ակտ կայացնելը կասեցնելու հարցին և արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, վերը նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս Մանուկ Ղազանչյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի թիվ ՎԴ/0393/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքը ենթադրում է դատարանի կողմից քննվող գործի և սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի այնպիսի փոխկապվածություն, որի առկայության պայմաններում դատարանի վարույթում գտնվող գործի քննությունը հնարավոր չէ մինչև վիճելի իրավահարաբերության ծավալից դուրս գտնվող, սակայն տվյալ գործի համար պարտադիր նշանակություն ունեցող հարցի կարգավորումը սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով գործի վարույթի կասեցումը կարող է արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի տեսանկյունից իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակներում կայացվելիք վերջնական դատական ակտով պետք է հաստատվեն այնպիսի իրավաբանական փաստեր, կամ պետք է հանգուցալուծվեն այնպիսի իրավական հարցեր, առանց որոնց դատարանի վարույթում գտնվող գործի լուծումը հնարավոր չէ, իսկ այդ հարցերի քննարկումը և դրանց վերաբերյալ գնահատականներ տալը դուրս է տվյալ գործով վարչական դատարանի իրավասության շրջանակներից (տե՛ս, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 28.12.2012 թվականի թիվ 132-Ա հրամանով հրամայվել է Ընկերությանը հինգ տարի ժամկետով տալ նավթային գործունեության իրավունք, որի հիման վրա նույն օրն Ընկերությանը տրվել է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/001 արտոնագիրը (հատոր 1-ին, գ.թ. 98-100):
Ընկերությունը 26.12.2017 թվականին դիմում է ներկայացրել Նախարարություն՝ 28.12.2012 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 12.01.2018 թվականի գրությամբ մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 74)։
Ընկերությունը 26.02.2018 թվականին դիմել է Նախարարություն՝ նավթային գործունեության իրավունք տրամադրելու պահանջով։ Նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի 13.03.2018 թվականի գրությամբ Ընկերության տնօրենին հայտնվել է, որ Ընկերությունն ունեցել է նավթային գործունեության իրավունք 2012-2017 թվականներին (արտոնագիր թիվ ԵՀԹ-29/001, տրված 28.12.2012 թվականին): Նշված իրավունքի գործողության ժամկետը լրացել է 28.12.2017 թվականին: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի համաձայն՝ ՀՀ 2-րդ պայմանական տարածքում հինգ տարի ժամկետով նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության արտոնագիր է տրվել «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին: Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով՝ Ընկերության դիմումի քննարկումը կարճվել է (հատոր 3-րդ, գ.թ. 64):
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Նախարարությանը պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ Ընկերության 28.12.2012 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրելու մասին, ու անվավեր ճանաչել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի 12.01.2018 թվականի թիվ 03/29.2/99-18 գրությունը: Նշված պարտավորեցման հայցի հիման վրա հարուցվել է սույն վարչական գործը:
Դրանից հետո Ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Նախարարության՝ պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Է. Շախկյանի 13.03.2018 թվականի թիվ 07/29.2/1287-18 գրությունն ու ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանը: Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա հարուցվել է թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործը (հատոր 3-րդ, գ.թ. 50-52):
Դատարանը, պատճառաբանելով, որ «թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով Ընկերության կողմից վիճարկվում է նաև (...) 20.02.2018թ. թիվ 20-Ա հրամանը, որով ՀՀ 2-րդ պայմանական տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության արտոնագիր է տրամադրվել «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին, իսկ Ընկերությունը թիվ ՎԴ/2451/05/18 գործով խնդրում է պարտավորեցնել պատասխանողին երկու տարով երկարաձգել նույն` ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության իր արտոնագրի (արտոնագիր` թիվ ԵՀՈՒԱ-29/001) գործողության ժամկետը և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրել (...)», և գտնելով, որ «սույն վարչական գործի քննությունը չի կարող շարունակվել և այն պետք է կասեցվի, քանի դեռ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտ չի կայացվել», 05.06.2019 թվականին որոշում է կայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով սույն վարչական գործի վարույթը կասեցնելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 14):
Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ Դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, 19.07.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու մասին (հատոր 4-րդ, գ.թ. 49-52):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը բարենպաստ վարչական ակտ ընդունել, այն է` պարտավորեցնել Ընկերության 28.12.2018 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրելու մասին որոշում կայացնել` անվավեր ճանաչելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի 12.01.2018 թվականի թիվ 03/29.2/99-18 գրությունը:
Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և վարչական մարմնին պարտավորեցնելով այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում ու դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Փաստորեն, սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցն այն է, թե արդյոք Ընկերության 28.12.2018 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրելու մասին որոշում կայացնելուն Նախարարությանը պարտավորեցնելն իրավաչափ է, թե` ոչ, որն էլ (նշված հարցին դրական պատասխան տալու դեպքում) ինքնին կհանգեցնի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի՝ Ընկերության դիմումը մերժելու մասին 12.01.2018 թվականի թիվ 03/29.2/99-18 գրության անվավերության:
Մյուս կողմից՝ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության աշխատակազմի ժամանակավոր պաշտոնակատար Է. Շախկյանի 13.03.2018 թվականի թիվ 07/29.2/1287-18 գրությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանը: Հետևաբար այդ վարչական գործի շրջանակներում քննության առարկա է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի իրավաչափության հարցը: Այսինքն՝ այդ վարչական գործով դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պարզել նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի անվավեր ճանաչելու համար օրենքով սահմանված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
Համադրելով սույն վարչական գործով և թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով վիճելի իրավահարաբերությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական գործերն ունեն որոշակի առնչություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն վարչական գործի և թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործի միջև առկա չէ այնպիսի փոխկապվածություն, որ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով պարզման ենթակա հանգամանքները պարտադիր նշանակություն կարող են ունենալ սույն վարչական գործի քննության և լուծման համար, և մինչև թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործի շրջանակներում որոշակի հարցեր պարզելն անհնարին դարձնեն սույն գործի քննությունը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության 28.12.2012 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրելու մասին որոշում կայացնելուն Նախարարությանը պարտավորեցնելու իրավաչափության հարցը պետք է որոշվի սույն գործով՝ անկախ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով վիճարկվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի անվավերության հանգամանքից: Այսինքն՝ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի անվավերությունը որևէ կերպ չի կարող ազդել սույն գործով բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու վրա, քանի որ Նախարարությանը Ընկերության 28.12.2012 թվականի թիվ ԵՀԹ-29/001 արտոնագրի գործողության ժամկետը երկու տարով երկարաձգելու և նույն ժամկետով համապատասխան արտոնագիր տրամադրելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու իրավաչափության հարցը ենթակա է պարզման սույն գործով՝ դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա ու պայմանավորված չէ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով վիճարկվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի 20.02.2018 թվականի թիվ 20-Ա հրամանի իրավաչափ լինելու կամ ոչ իրավաչափ լինելու հանգամանքով:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ տվյալ դեպքում Ընկերությունը, դիմելով պատասխանողին, այդ ժամանակ ակնկալել է որոշակի վարչական ակտի ընդունում, ուստի այդ վարչական ակտն ընդունելուն պատասխանողին պարտավորեցնելու իրավաչափության հարցի պարզումը չի կարող կախվածության մեջ դրվել Ընկերության կողմից համապատասխան դիմումը պատասխանողին ներկայացվելուց և վերջինիս կողմից այն մերժվելուց հետո նույն իրավունքն այլ անձի տրամադրված լինելու կամ չլինելու հանգամանքից։ Ընդ որում, այս տեսանկյունից որևէ նշանակություն չունի հայցվող բարենպաստ վարչական ակտով տրամադրման ենթակա իրավունքի՝ բացառիկ կամ ոչ բացառիկ լինելու հանգամանքը։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակառակ մեկնաբանման դեպքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին Ընկերության դիմումը մերժելուց հետո նույն իրավունքն այլ անձի տրամադրելը կարող է էապես սահմանափակել վարչական մարմնի կողմից իրականացված վարչարարությունից Ընկերության պաշտպանության հնարավորությունը, ընդհուպ՝ վերջինիս զրկել իր իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից, ինչն անընդունելի է։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով կայացվելիք վերջնական դատական ակտով չեն կարող հաստատվել այնպիսի իրավաբանական փաստեր, առանց որոնց սույն վարչական գործի հետագա քննությունն ու վերջնական լուծումը հնարավոր չէ: Տվյալ դեպքում սույն վարչական գործի վարույթը կասեցնելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված իրավական և փաստական հիմքերը բացակայում են, քանի որ առկա չէ թիվ ՎԴ/5469/05/18 վարչական գործով հաստատման ենթակա և սույն գործի քննության ու լուծման համար էական իրավաբանական նշանակություն ունեցող որևէ իրավաբանական փաստ, որը չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում: Դա նշանակում է, որ սույն վարչական գործի վարույթի կասեցումն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրիչ հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի տեսանկյունից չի կարող իրավաչափ համարվել: Հետևաբար սույն վարչական գործի վարույթը ենթակա չէր կասեցման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.07.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 05.06.2019 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|