Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.06.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
04.06.2021
Дата вступления в силу
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1081/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/1081/02/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան  

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

 

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով,

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ «Լուս Ընդ Լի Պրոֆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Վարդան, Վլադիմիր, Վարսենիկ Քերոբյանների, Արման Մուշեղյանի, Լիլիա Գրիգորյանի, Էմմա Միրզոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,



Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով բռնագանձել 10.528 ԱՄՆ դոլար և 2.983.175 ՀՀ դրամ: Միաժամանակ, սկսած 23.06.2017 թվականից մինչև համաձայնագիր 1-ով վարկի մնացորդը` 2.465.690,60 ՀՀ դրամը, Բանկին վերադարձնելու օրը հաշվարկել և Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով բռնագանձել թիվ 1 համաձայնագրի թիվ 1.2 կետով նախատեսված տարեկան 15 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված գումարը: Սկսած 23.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով բռնագանձել Լրացուցիչ համաձայնագրի թիվ 2.1.1 և թիվ 2.1.2 կետերով նախատեսված տույժերը` հաշվարկված թիվ 1 համաձայնագրով վարկի մնացորդի` 2.465.690,60 ՀՀ դրամի ժամկետանց մասի և 2.465.690,60 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի` 0,4 տոկոսի չափով: Սկսած 23.06.2017 թվականից մինչև թիվ 2 համաձայնագրով վարկի մնացորդի գումարը` 7.616,40 ԱՄՆ դոլարը, Բանկին վերադարձնելու օրը հաշվարկել և Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով բռնագանձել թիվ 2 համաձայնագրի թիվ 1.2 կետով նախատեսված տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված գումարըՍկսած 23.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով բռնագանձել Լրացուցիչ համաձայնագրի թիվ 2.1.1 և թիվ 2.1.2 կետերով նախատեսված տույժերի գումարը` հաշվարկված թիվ 2 համաձայնագրով վարկի մնացորդի` 7.616,40 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 7.616,40 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով: Գումարի բռնագանձումը տարածել Արման Մուշեղյանին պատկանող և Բանկում գրավադրված «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 30 շենքի 1-ին հարկի բացվածք» հասցեում գտնվող անշարժ գույքի և Լիլիա Գրիգորյանին, Վարդան, Վլադիմիր և Վարսենիկ Քերոբյաններին պատկանող՝ Բանկում գրավադրված «Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 12 շենքի թիվ 49 բնակարան» հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Տ. Փոլադյան) (այսուհետ՝ Դատարան) 24.11.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է: Դատարանը վճռել է Բանկի հայցն ընդդեմ Ընկերության, Վարդան, Վլադիմիր, Վարսենիկ Քերոբյանների, Արման Մուշեղյանի, Լիլիա Գրիգորյանի, Էմմա Միրզոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել. Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից հօգուտ Բանկի համապարտությամբ բռնագանձել 2.983.175 ՀՀ դրամ, որից՝ վարկի մնացորդ՝ 2.465.690,60 ՀՀ դրամ, տոկոսագումար՝ 162.150,80 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ՝ 342.001,20 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ՝ 13.332,40 ՀՀ դրամ /համաձայնագիր 1-ին/ և 10.528,44 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից՝ վարկի մնացորդ՝ 7.616,40 ԱՄՆ դոլար, տոկոսագումար՝ 1.166,97 ԱՄՆ դոլար, ժամկետանց գումարի տույժ՝ 995.64 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսի տույժ՝ 749.43 ԱՄՆ դոլար /համաձայնագիր 2-րդ/: Սկսած 23.06.2017 թվականից մինչև համաձայնագիր 1-ով վարկի մնացորդի գումարը` 2.465.690,60 ՀՀ դրամը բանկին վերադարձնելու օրը հաշվարկել և պատասխանողներ Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել համաձայնագիր 1-ի 1.2 կետով նախատեսված տարեկան 15 տոկոս տոկոսադրույքը, սկսած 23.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և պատասխանողներ Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել լրացուցիչ համաձայնագրի 2.1.1 և 2.1.2 կետերով նախատեսված տույժերի գումարը` հաշվարկված համաձայնագիր 1-ով վարկի մնացորդի` 2.465.690,60 ՀՀ դրամի ժամկետանց մասի և 2.465.690,60 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով, սկսած 23.06.2017 թվականից մինչև համաձայնագիր 2-ով վարկի մնացորդի գումարի` 7.616,40 ԱՄՆ դոլարը բանկին վերադարձնելու օրը հաշվարկել և պատասխանողներ Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել համաձայնագիր 2-ի 1.2 կետով նախատեսված տարեկան 14 տոկոս տոկոսադրույքը, սկսած 23.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և պատասխանողներ Ընկերությունից, Վարդան Քերոբյանից, Լիլիա Գրիգորյանից, Էմմա Միրզոյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել լրացուցիչ համաձայնագրի 2.1.1 և 2.1.2 կետերով նախատեսված տույժերի գումարը` հաշվարկված համաձայնագիր 2-ով վարկի մնացորդի` 7.616,40 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 7.616,40 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով: Դատարանը նաև վճռել է պարտքի գումարի մնացորդը տարածել պատասխանող Արման Մուշեղյանին պատկանող և բանկում գրավադրված «ՀՀ Կոտայքի մարզի, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, 30 շենք, 1-ին հարկի բացվածք», հասցեում գտնվող անշարժ գույքի և պատասխանողներ Վարդան Քերոբյանին, Լիլիա Գրիգորյանին, Վլադիմիր Քերոբյանին և Վարսենիկ Քերոբյանին պատկանող՝ Բանկում գրավադրված «ՀՀ Կոտայքի մարզի, ք. Աբովյան, 3Մ/Շ, 12 շենք,բն. 49» հասցեում գտնվող անշարժ գույքի վրա:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.11.2018 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ՝ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.11.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Արևիկ Ջալալյանի ):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ, 375-րդ, 377-րդ հոդվածները, «Սնանկության մասին» օրենքի 39-րդ, 43-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը որոշումը հիմնավորել է բացառապես հիմնական պարտապանին վերաբերող իրավական դրույթների շրջանակում՝ չանդրադառնալով սույն քաղաքացիական գործով սնանկ չճանաչված, սակայն պարտապանի հետ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և կնքված պայմանագրերով համապարտ պատասխանատվություն կրող պատասխանողների պատասխանատվության ծավալին:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է օրենքի պահանջից չբխող որոշում, քանի որ գործի վարույթը կարճվել է ամբողջությամբ՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ որոշմամբ նշված «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դրույթները վերաբերում են բացառապես սնանկ ճանաչված պարտապանին, այլ ոչ թե համապարտ պատասխանատվություն կրող մյուս պատասխանողներին՝ հատկապես այն դեպքում, երբ որոշում կայացնելիս դեռևս առկա չէ պարտատերերի հաստատված ցուցակ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երաշխավորներ Էմմա Միրզոյանը, Լիլիա Գրիգորյանը և Վարդան Քերոբյանը՝ որպես համապարտ պատասխանատվություն կրող երաշխավորներ, Բանկի առջև պատասխանատվություն են կրում նույն ծավալով, ինչ Ընկերությունը, իսկ սնանկ ճանաչված է միայն Ընկերությունը:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.11.2018 թվականի որոշումը մասնակիորեն՝ երաշխավորներ Էմմա Միրզոյանի, Լիլիա Գրիգորյանի և Վարդան Քերոբյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, և բեկանված մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ բեկանված մասով օրինական ուժ տալ Դատարանի դատական ակտին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Բանկի և Ընկերության միջև 21.05.2012 թվականին կնքված թիվ 341751 հիմնական վարկային պայմանագրի համաձայն` Բանկը պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում պայմանագրի հիման վրա կնքվելիք լրացուցիչ համաձայնագրերով պատասխանողին միանվագ կամ մաս առ մաս տրամադրում է վարկեր, վարկային գծեր, բանկային երաշխիքներ, օվերդրաֆտներ, Բանկի կողմից առաջարկվող այլ ֆինանսական գործիքներ՝ առավելագույնը համախառն 15.000.000 ՀՀ դրամ գումարի սահմանաչափով՝ պայմանագրով և/կամ համաձայնագրերով սահմանված պայմաններով և ժամկետներում վարկը և դրա նկատմամբ հաշվարկված տոկոսները վերադարձնելու պայմանով՝ մինչև 21.05.2022 թվականը գործողության ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 17-20):

2. Բանկի և վարկառուի միջև 23.05.2012 թվականին կնքված վարկ տրամադրելու մասին թիվ 341751 լրացուցիչ համաձայնագրի համաձայն` Ընկերությանը տրամադրվել է 6.500.000 ՀՀ դրամի չափով վարկ, տարեկան 15% տոկոսադրույքով մինչև 08.06.2017 թվականը վերադարձնելու ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 22-24):

3. Բանկի և վարկառուի միջև 30.08.2013 թվականին կնքված վարկ տրամադրելու մասին թիվ 412149 լրացուցիչ համաձայնագրի համաձայն վարկառուին տրամադրվել է 14.200 ԱՄՆ դոլարի չափով վարկ, տարեկան 14% տոկոսադրույքով մինչև 25.08.2018 թվականը վերադարձնելու ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 25-27):

4. Ի ապահովում 21.05.2012 թվականին կնքված թիվ 341751 հիմնական վարկային պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման` Բանկի, Ընկերության և Էմմա Միրզոյանի, Լիլիա Գրիգորյանի, Վարդան Քերոբյանի միջև 21.05.2012 թվականին և 30.08.2013 թվականին կնքվել են համապատասխանաբար թիվ N335845 և թիվ N335846, այնուհետև թիվ N343754 սեփականության իրավունքով պատկանող գույքով և դրամական միջոցներով երաշխավորության պայմանագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս պարտավորվել են իրենց բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով համապարտ պատասխանատվություն կրել Բանկի առջև՝ 21.05.2012 թվականին կնքված հիմնական վարկային պայմանագրով Ընկերության կողմից Բանկի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար (հատոր 1-ին, գ.թ. 28-29, 30-31, 32-33):

5. Ի ապահովում 21.05.2012 թվականին կնքված թիվ 341751 հիմնական վարկային պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման` Բանկի, Ընկերության և գրավատուներ Լիլիա Գրիգորյանի, Վարդան, Վլադիմիր և Վարսենիկ Քերոբյանների միջև 21.05.2012 թվականին կնքվել է թիվ N1C253527 պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի պայմանագիրը, որով Բանկի հանդեպ Ընկերության ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվել է գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող «Կոտայքի մարզ, ք. Աբովյան, 3-րդ միկրոշրջան, 12-րդ շենք, 49-րդ բնակարան» հասցեում գտնվող անշարժ գույքը: Բանկի գրավի իրավունքը ստացել է պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 34-37, 44-45):

6. Ի ապահովում 21.05.2012 թվականին կնքված թիվ 341751 հիմնական վարկային պայմանագրով վարկառուի ստանձնած պարտավորությունների կատարման` Բանկի, Ընկերության և գրավատու Արման Մուշեղյանի միջև 30.08.2013 թվականին կնքված թիվ N1C319858 պարտապան չհանդիսացող անձանց անշարժ գույքի գրավի պայմանագրի համաձայն հօգուտ բանկի գրավադրվել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «ՀՀ Կոտայքի մարզի, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, 30-րդ շենք, 1-ին հարկի բացվածք» հասցեում գտնվող անշարժ գույքը: Բանկի գրավի իրավունքը ստացել է պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 38-41, 42-43):

7. Ընկերության՝ գրաֆիկով վարկային պայմանագրի քաղվածքի համաձայն՝ 23.06.2017 թվականի դրությամբ Ընկերության պարտքը Բանկին կազմում է 2.983.175 ՀՀ դրամ (որից՝ վարկի մնացորդ՝ 2.465.690,60 ՀՀ դրամ, տոկոսագումար՝ 162.150,80 ՀՀ դրամ, ժամկետանց գումարի տույժ՝ 342.001,20 ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի տույժ՝ 13.332,40 ՀՀ դրամ) և 10.528,44 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (որից՝ վարկի մնացորդ՝ 7.616,40 ԱՄՆ դոլար, տոկոսագումար՝ 1.166,97 ԱՄՆ դոլար, ժամկետանց գումարի տույժ՝ 995.64 ԱՄՆ դոլար, ժամկետանց տոկոսի տույժ՝ 749.43 ԱՄՆ դոլար) (հատոր 1-ին, գ.թ. 12-16):

8. Թիվ ԿԴ1/0201/04/16 սնանկության գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2016 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 18-19):

9. Թիվ ԿԴ1/0201/04/16 սնանկության գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2016 թվականի որոշմամբ Ժիրայր Արաբյանը նշանակվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ (հատոր 2-րդ, գ.թ. 20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի և «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ենթակա է կարճման երաշխավորի դեմ ներկայացված գումարի բռնագանձման պահանջի մասին գործի վարույթն այն դեպքում, երբ հիմնական պարտապանը սնանկ է ճանաչված:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը և պարտապանը պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը՝ ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ՝ որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ հոդվածի համաձայն՝ սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները՝ ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

«ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով երաշխավորի պատասխանատվության վերաբերյալ նախկինում հայտնած դիրքորոշումները, արձանագրել է, որ երաշխավորը պարտապանի կողմից պարտավորությունը խախտելու դեպքում պարտատիրոջ առջև պարտապանի հետ միասին պատասխանատվություն կրող անձն է: Նկատի ունենալով, որ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանը չէ, երաշխավորի կողմից հիմնական պարտավորությունը կատարելու դեպքում օրենսդիրը երաշխավորին տվել է իրավունք հիմնական պարտապանի նկատմամբ ձեռք բերել պահանջի իրավունք՝ իր կողմից կատարած պարտավորության չափով: Այլ կերպ ասած` այն դեպքերում, երբ երաշխավորը հիմնական պարտավորության պարտապանի փոխարեն կատարում է պարտավորությունը, ապա հիմնական պարտավորության պարտատիրոջ փոխարեն սկսում է հանդես գալ որպես պարտատեր (տե՛ս, թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է երաշխավորին հիմնական պարտատիրոջ կողմից պահանջ ներկայացնելու առանձնահատկություններին:

Այսպես, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետի համաձայն՝ մորատորիումի գործողությունը չի տարածվում ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի՝ երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք՝ այդ պահանջների մասով:

2. Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: Այդ դեպքում ապահովված պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում՝ ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները և վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում ապահովված պարտատերը նույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված՝ պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

(...)

7. Եթե ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաև երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում՝ երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետևանքով չբավարարված) մասը (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված՝ պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների և վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը՝ չապահովված պարտատեր՝ չապահովված պահանջի չափով:

(...)

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի՝ պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման՝ որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետով նախատեսված պահանջ (չապահովված պարտատերերի պահանջներ, ներառյալ՝ պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած՝ հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների) »:

Վերոգրյալ՝ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն ընդդեմ Հարություն Վարդանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը երաշխավորությամբ ապահովված պահանջը դիտարկել է որպես ապահովված պահանջ: Նկատի ունենալով, որ օրենսդիրն ապահովված պահանջների համար նախատեսել է հատուկ կարգավորում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ըստ վերոնշյալ կարգավորման՝ մասնավորապես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ երաշխավորությամբ ապահովված պարտատերը կարող է երաշխավորությամբ ապահովված իր պահանջն ուղղակիորեն ներկայացնել երաշխավորին սնանկության վարույթից առանձին, իսկ նման պահանջ չներկայացնելու կամ պահանջը լրիվ չբավարարվելու դեպքում այդ պահանջը ներկայացնել սնանկության վարույթում:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ այն դեպքում, երբ երաշխավորությամբ ապահովված պարտավորության պարտատերն իր պահանջն ուղղակիորեն ներկայացնում է սնանկության վարույթում՝ ընդգրկվելով պարտատերերի ցուցակում, ապա այդ դեպքում պարտատերը համարվում է ապահովված պարտատեր: Հաշվի առնելով, որ ապահովված պարտատեր համարվելը չի կարող լինել ինքնանպատակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նման դեպքում պարտատիրոջ պահանջը բավարարվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածին համապատասխան (Ապահովված պահանջները և դրանց բավարարումը): Ընդ որում, նման դեպքում պարտատիրոջ պահանջները՝ որպես ապահովված պահանջ, սնանկության վարույթի շրջանակներում կարող են բավարարվել երաշխավորի միջոցների հաշվին: Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները, օրենսդրի տրամաբանությունը, մասնավորապես` երաշխավորությամբ ապահովված պահանջն ապահովված պահանջների և դրանց բավարարման վերաբերյալ նշված օրենքի 43-րդ հոդվածում ներառելիս, գտնում է, որ օրենսդիրը չի բացառում, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում։ Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության գործով կառավարիչը՝ որպես սնանկության վարույթում պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռությունն ապահովող հիմնական անձ, երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան երաշխավորի դեմ՝ ստացված գումարն ուղղելով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարմանը։ Ստացված միջոցներն անբավարար լինելու դեպքում պարտատերը մնացած պահանջի մասով համարվում է չապահովված պարտատեր՝ հետագա բավարարում ստանալով արդեն ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված առաջնահերթության:

Ինչ վերաբերում է երաշխավորի դեմ սնանկության վարույթից դուրս պահանջ ներկայացնելու հնարավորությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ հոդվածների վերլուծության արդյունքում գտնում է, որ նման պահանջ ներկայացնելու իրավունքը չի ներառում հիմնական պարտապանի հետ միաժամանակ երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությունը: Այսինքն՝ հիմնական պարտապանի նկատմամբ սնանկության վարույթի առկայության պայմաններում երաշխավորի դեմ պահանջ ներկայացնելու հնարավորությունը վերաբերում է միայն հայցային վարույթի կարգով գույքային պահանջ ներկայացնելուն, այլ ոչ թե նաև վերջինիս սնանկ ճանաչելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգերին։ Ի տարբերություն գրավով ապահովված պահանջատիրոջ պահանջների, որոնց համար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված են գրավադրված գույքի, ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով իրացման ընթացակարգեր, ապա նույն օրենքը չի նախատեսում երաշխավորի գույքի իրացման ընթացակարգ։ Փաստորեն, օրենքը երաշխավորության հիմքով պարտատիրոջ պահանջը համարելով ապահովված, համենայնդեպս չի նախատեսել ապահովված պահանջի բավարարման կամ գույքի իրացման ընթացակարգ։ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը չի բացառել, որ երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները կարող են բավարարվել երաշխավորի գույքի իրացման արդյունքում։ Ուստի, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության գործով կառավարիչը երաշխավորության հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար կարող է հայցով դիմել դատարան` երաշխավորի գույքի հաշվին ապահովված պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ օրենսդիրը երաշխավորության հիմքով նախատեսելով պարտատիրոջ պահանջների ապահովված լինելը, չի նախատեսում նույն հիմքով ապահովված պահանջատիրոջ պահանջների բավարարման ընթացակարգ (տե՛ս, թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև 21.05.2012 թվականին կնքված թիվ 341751 հիմնական վարկային պայմանագրի կատարման ապահովման նպատակով Բանկի, Ընկերության և Էմմա Միրզոյանի, Լիլիա Գրիգորյանի, Վարդան Քերոբյանի միջև 21.05.2012 թվականին և 30.08.2013 թվականին կնքվել են համապատասխանաբար երաշխավորության պայմանագրերը, որոնց համաձայն՝ վերջիններս պարտավորվել են իրենց բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներով, ինչպես նաև սեփականության իրավունքով իրենց պատկանող ամբողջ գույքով համապարտ պատասխանատվություն կրել Բանկի առջև՝ 21.05.2012 թվականին կնքված հիմնական վարկային պայմանագրով Ընկերության կողմից Բանկի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար թիվ ԿԴ1/0201/04/16 սնանկության գործով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.12.2016 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Դատարանը հաստատված է համարել, որ Ընկերության կողմից վարկային պարտավորությունների խախտում թույլ տալու հետևանքով Ընկերության, Էմմա Միրզոյանի, Լիլիա Գրիգորյանի, Վարդան Քերոբյանի համար ծագել է համապարտ դրամական պարտավորություն Բանկի հանդեպ, ուստի վճռել է Բանկի հայցն ընդդեմ պատասխանողների՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով գործին մասնակից չդարձված Ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանի վերաքննիչ բողոքը, գտել է, որ. «պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից գործի վարույթի կարճումը կարգավորում է այն խնդիրը, որ ընդհանուր դատական համակարգում (այլ դատարաններում) պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չքննվեն բռնագանձման կամ սնանկության վարույթին առնչվող դատական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով։ Այսինքն՝ նման վեճերը պետք է քննվեն սնանկության գործի շրջանակներում»: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ կարճման է ենթակա պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին դատարանի վարույթում քննվող (ընթացիկ) քաղաքացիական գործի վարույթը: Ուստի, քանի որ տվյալ դեպքում առկա է Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճել է՝ ղեկավարվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի, Ընկերության և երաշխավորներ Էմմա Միրզոյանի, Լիլիա Գրիգորյանի, Վարդան Քերոբյանի միջև կնքված երաշխավորության պայմանագրերով երաշխավորները ստանձնել են համապարտ պատասխանատվություն Բանկի հանդեպ Ընկերության ունեցած պարտավորությունների համար, իսկ սնանկ ճանաչվել է միայն Ընկերությունը: Այսինքն՝ Բանկը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև թիվ ԵՄԴ/0049/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմամբ, իրավունք ուներ երաշխավորների դեմ հայց ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով նյութական իրավունքի նորմը, կարճել է գործի վարույթն ամբողջությամբ՝ արդյունքում թույլ տալով Բանկի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին մասնակիորեն ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները` «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

 

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից:

Նույն հոդվածի 3-րդ մասի՝ մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրության համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության սնանկության գործով կառավարիչ Ժիրայր Արաբյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի ուժով ազատված է սույն գործով հայցադիմում ներկայացնելու, ինչպես նաև դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից:

Այս եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «իա.1» կետի այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ կառավարիչներն ազատված են դատական բողոքարկման բոլոր փուլերում պետական տուրքի վճարման պարտականությունից, հետևաբար չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն՝ թե՛ դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում՝ անկախ գործի ելքից (տե´ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետևաբար՝ նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար: Նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար՝ ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նաև հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ՝ պետական տուրքի վճարումից ազատումն է:

Մյուս կողմից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանող Ընկերության կառավարիչը պարտավոր չէ պետությանը հատուցել Բանկի կողմից բերված վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրի գումարը, որոնց վճարումից Ընկերության սնանկության գործով կառավարիչն ազատված է օրենքի ուժով:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, Բանկը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար վճարել է օրենքով սահմանված չափով պետական տուրքը, հետևաբար ներկայացված բողոքը բավարարվելու պայմաններում Բանկի կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.11.2018 թվականի որոշման՝ թիվ ԿԴ1/1081/02/17 քաղաքացիական գործի վարույթն Էմմա Միրզոյանի, Լիլիա Գրիգորյանի և Վարդան Քերոբյանի դեմ ներկայացված պահանջների մասով կարճելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.11.2017 թվականի վճռին։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան