Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.09.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.10.04-2021.10.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2021
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.09.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2021
Дата вступления в силу
10.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0002/06/19

Գործ թիվ ԼԴ/0002/06/19

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան

      

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

   

նախագահությամբ`

Ե. Դանիելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի սեպտեմբերի 10-ին

ք. Երևանում

   

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արմեն Վարուժանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

  

Պ Ա Ր Զ Ե Ց

   

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2019 թվականի հունվարի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում (այսուհետ՝ նաև նախաքննության մարմին) հարուցվել է թիվ 71100619 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով:

Նույն օրը Արմեն Վարուժանի Հարությունյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունվարի 13-ի որոշմամբ Ա.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2019 թվականի հունվարի 14-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով:

2. 2019 թվականի հունվարի 14-ին Նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով կիրառելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Միաժամանակ, պաշտպան Ա.Պապիկյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:

3. Մեղադրյալ Ա.Հարությունյանի պաշտպան Ա.Պապիկյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է և մեղադրյալ Ա.Հարությունյանին անհապաղ ազատ արձակել կալանքից:  

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Արմեն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Սամվել Հասանյանի, Գևորգ Մանուկյանի և Անդրանիկ Առաքելյանի հետ, նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ 2019 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 1920-ի սահմաններում, իր վարած Մերսեդես-Բենց մակնիշի, 34 SZ 783 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վերոհիշյալ անձանց հետ մեկնել է Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 74/1 հասցեի շենքի մոտ, որտեղ օժանդակելով հանցակիցների գործողություններին՝ վերացրել է խոչընդոտները, այն է՝ նրանց սպասել է ավտոմեքենայում, իսկ Սամվել Հասանյանը, Գևորգ Մանուկյանը և Անդրանիկ Առաքելյանը տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը վնասելու եղանակով ապօրինի մուտք են գործել Վարուժան Սաքանյանին պատկանող, վարձակալական հիմունքներով Արսեն Մարտիրոսյանին հանձնված, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 74/1-13 հասցեում գտնվող բնակարան, սակայն հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել՝ բնակարանում հափշտակելու համար անհրաժեշտ գույք չհայտնաբերելու պատճառով, որից հետո իր վարած վերոհիշյալ ավտոմեքենայով Սամվել Հասանյանին, Գևորգ Մանուկյանին և Անդրանիկ Առաքելյանին տեղափոխել է դեպքի վայրից (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 14-ի դատական նիստի ձայնագրառման համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով, որ անհրաժեշտ է պատշաճ ծանուցագիր ուղարկել մեղադրյալ Ա.Հարությունյանի բնակության վայրի հասցեով, դատական նիստը հետաձգել և նշանակել է 2019 թվականի հունվարի 15-ին2:

6.1. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 15-ի դատական նիստի ձայնագրառման համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը, նկատի ունենալով, որ մեղադրյալը պատշաճ չի ծանուցվել և անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ծանուցել մեղադրյալին, դատական նիստը հետաձգել և նշանակել է 2019 թվականի հունվարի 21-ին3:

6.2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 21-ի դատական նիստի ձայնագրառման համաձայն՝ միջնորդության քննարկմանը ներկայացել են մեղադրյալ Ա.Հարությունյանը և պաշտպան Ա.Պապիկյանը, սակայն չի ներկայացել քննիչ Հ.Մարգարյանը: Վերջինս Առաջին ատյանի դատարանին տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ միջնորդության քննարկմանը, քանի որ տվյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով: Դատարանը, նկատի ունենալով, որ պարզ չէ, թե ում վարույթում է գտնվում քրեական գործը, դատական նիստը հետաձգել և նշանակել է 2019 թվականի հունվարի 29-ին4:

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի որոշման համաձայն՝ «(…) Դատարանը անդրադառնալով մեղադրյալ Արմեն Վարուժանի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու քննիչի կողմից ներկայացրած հիմքերին, գտնում է, որ դրանք նույնպես առկա են:

Դատարանը փաստում է, որ մեղադրյալ Արմեն Հարությունյանին վերագրվում է ծանր հանցագործության կատարում և գտնում է, որ տվյալ դեպքում մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը նշանակություն ունեն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում: Ելնելով այդ հանգամանքից դատարանը հիմնավոր է համարում քննիչի մտավախությունը, ըստ որի մեղադրյալ Արմեն Վարուժանի Հարությունյանն ազատության մեջ մնալով, պատժի սպառնալիքով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով:

Դատարանի նման եզրահանգումները հիմնված են գործի նյութերում առկա այն փաստական տվյալներով, որ մեղադրյալ Արմեն Հարությունյանը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ձերբակալվելուց հետո նրա ձերբակալման առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ ազատ արձակվելուց անմիջապես հետո թաքնվել է քննությունից, որից կարելի է ողջամտորեն ենթադրել, որ ազատության մեջ գտնվելու դեպքում կրկին կարող է թաքնվել, ինչպես նաև փախուստի մեջ գտնվող Սամվել Հասանյանի հետ պայմանավորվել և գործի հանգամանքները նրա հետ համաձայնեցված ներկայացնել իրենց շահերին համապատասխան:

Այսպիսով` դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արմեն Վարուժանի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու համար ներկայացված հիմքերը և պայմանները բավարար են (…)»5:

8. Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 27-ի որոշման համաձայն«(…) [Խ]ափանման միջոց կալանավորում ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը դատարանը պարտավոր է քննել անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ օրը` առանց որևէ բացառության: Դրան համապատասխան օրենսդիրը նաև սահմանել է, որ ազատության մեջ գտնվող և պատշաճ կարգով ծանուցված մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը խոչընդոտ չէ միջնորդության քննությանը:

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոնշյալ իմպերատիվ պահանջի հետ տրամաբանորեն կապված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածում ամրագրված այն կանոնը, որ ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր (մաս 1-ին): Ինչը նշանակում է, որ եթե դատարանը խափանման միջոց կալանավորման կիրառման վերաբերյալ միջնորդությունը քննել և որոշումը կայացրել է վերոնշյալ ժամկետի խախտմամբ, ապա այդ որոշումն անօրինական է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է քննիչի միջնորդությունը բավարարելու մասին որոշմանը, քանի որ այդ դեպքում գործ ունենք անձի հիմնարար իրավունքի սահմանափակման հետ:

Սույն գործի փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդությունը քննարկել և որոշում է կայացրել վերոնշյալ պահանջների խախտմամբ:

Ինչպես երևում է նյութերի ուսումնասիրությունից՝ նախաքննության մարմնի միջնորդությունը մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացվել է դատարան 14.01.2019 թվականին և նույն օրը մակագրվել դատավորին: Նույն օրը դատավորը նշանակել է դատական նիստ, որը մեղադրյալի չներկայանալու պատճառաբանությամբ հետաձգվել և նշանակվել է 15.01.2019 թվականին:

15.01.2019 թվականի նիստը ևս չի կայացել մեղադրյալի չներկայանալու պատճառաբանությամբ, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է 21.01.2019 թվականին, որին ներկա են եղել ինչպես մեղադրյալը, այնպես էլ նրա պաշտպանը, սակայն նիստը հետաձգվել է քննիչի չներկայանալու պատճառաբանությամբ և նշանակվել քննության 29.01.2019 թվականին և այդ օրն էլ դատարանն ավարտել է միջնորդության քննությունը և կայացրել համապատասխան որոշում:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ քննիչի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանը քննել և բավարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված ժամկետի խախտմամբ, որը Վերաքննիչ դատարանի համար բավարար է փաստելու, որ այդ որոշումը հանդիսանում է անօրինական և անհիմն որոշում և ենթակա է բեկանման:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ դատարանը փորձել է ապահովել մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին՝ ինչպես պահանջում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածը, ապա պետք է արձանագրել, որ այն չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ համապատասխան միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար: Բանն այն է, որ եթե առաջին երկու դատական նիստերին չի ներկայացել մեղադրյալը, իսկ դատարանը հետաձգելով միջնորդության քննությունը փորձել է ապահովել օրենքի պահանջի կատարումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին պատշաճ ծանուցելու առումով, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստերի տեղի և ժամանակի մասին, ապա երրորդ նիստին չի ներկայացել քննիչը, իսկ մեղադրյալը և պաշտպանը ներկայացել են, հետևաբար դատական նիստը հետաձգելը արդարացված չի եղել՝ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ է ներկայացվել քննիչի չներկայանալու համար: Ասվածը նշանակում է, որ դատարանը կարող էր քննարկել միջնորդությունը և կայացնել որոշում, մինչդեռ դատարանն այս անգամ ևս հետաձգել է դատական նիստը և նշանակել այլ օր, մասնավորապես՝ 29.01.2019թ.:

Վերոգրյալով պայմանավորված Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավունք չուներ նախաքննության մարմնի միջնորդությունը  քննության առներ դրա ներկայացումից հետո 15-րդ օրը, անտեսելով օրենքի իմպերատիվ պահանջը: Եթե անգամ հիմք ընդունվի այն հանգամանքը, որ առնվազն երկու անգամ միջնորդության քննարկման հետաձգումների պատճառը եղել է ազատության մեջ գտնվող մեղադրյալի չներկայանալը դատական նիստերին, ապա ակնհայտ է, որ նա պատշաճ կարգով ծանուցված չի եղել, իսկ դրանից հետո նա ներկայացել է, հետևաբար օրենքի պահանջների անտեսումն որևէ կերպ հիմնավորված չի կարող լինել:

Հետևաբար, վերոգրյալը բավարար է փաստելու, որ առկա է բողոքարկվող դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք:

Անդրադառնալով կալանավորման հիմքերի առկայության մասին Առաջին ատյանի դատարանի հետևություններին՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանց առկայության մասին դատարանի հետևությունները հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ:

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ եզրահանգման է եկել կալանավորման հիմքերի առկայությունը հաստատելիս:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ինքնին այն փաստը, որ մեղադրյալը ձերբակալումից ազատվելուց հետո ներկայացել է դատարան իր վերաբերյալ կալանավորման հարցը քննարկելուն, ընդ որում՝ մեկ անգամ նիստը հետաձգվել և նշանակվել է 8 օր հետո և նա կրկին ներկայացել է միջնորդության քննարկման դատական նիստին, ավելին` քննիչը չի ներկայացրել որևէ փաստական տվյալ այն մասին, որ ձերբակալումից ազատվելուց հետո մինչև կալանավորման մասին միջնորդությունը քննելու և լուծելու պահը 15 օր լինելով ազատության մեջ մեղադրյալը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ, բավարար է փաստելու, որ կալանավորման հիմքերի մասին դատարանի հետևությունները վերացական դատողություններ են, որոնք չունեն որևէ փաստական հիմք:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա է ևս մեկ հիմք Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և քննիչի միջնորդությունը մերժելու համար (…)»6:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ և 285-րդ հոդվածների այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

10. Բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստերը հետաձգելով, նպատակ է հետապնդել պատշաճ ծանուցել և դատական նիստին ապահովել կա՛մ մեղադրյալի և նրա պաշտպանի, կա՛մ վարույթն իրականացնող մարմնի մասնակցությունը, ինչը հստակ օրենսդրական պահանջ է: Փաստորեն, Առաջին ատյանի դատարանը, յուրաքանչյուր դեպքում հետաձգել է կալանավորման միջնորդությունը քննարկելու նպատակով նշանակված դատական նիստը` այն շարունակելու համար օրենքով սահմանված խոչընդոտների առկայությամբ պայմանավորված:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը դատական ակտում արտահայտել է հակասական դիրքորոշում` մի դեպքում միանշանակ նշելով, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր քննարկման անհապաղ, մյուս դեպքում, ըստ էության, արձանագրելով, որ միջնորդության քննարկումը կարող էր տեղի ունենալ 2019 թվականի հունվարի 21-ին, երբ մեղադրյալն ու պաշտպանը ներկայացել են դատական նիստին: Նման պայմաններում, եթե Վերաքննիչ դատարանն այնուամենայնիվ հնարավոր է համարում միջնորդության քննարկումն այն ներկայացնելուց օրեր անց, ապա հարց է առաջանում, թե ինչու այն չէր կարող տեղի ունենալ 2019 թվականի հունվարի 29-ին։

11. Ըստ բողոքաբերի՝ մեղադրյալ Ա.Հարությունյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, որի կատարման հանգամանքներով և կատարված հանցագործությանը մեկից ավելի անձանց ներգրավվածությամբ պայմանավորված, դեռևս անհրաժեշտ է տևական քննություն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: Հետևաբար, առավել քան կարևոր է բացառել մյուս մեղադրյալների, ինչպես նաև դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ հնարավոր ազդեցությունը:

12. Բողոքաբերը նշել է նաև, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ Ա.Հարությունյանը նաև կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: Քրեական վարույթն իրականացնող մարմինը և Առաջին ատյանի դատարանն այդ եզրահանգման են եկել հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, այն է՝ Ա.Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, որի համար սահմանված է պատիժ միայն ազատազրկման ձևով՝ չորսից ութ տարի ժամկետով, նա դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ձերբակալման առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ ազատ արձակվելուց անմիջապես հետո թաքնվել է քննությունից: Հետևաբար, մեծ է վտանգը, որ ազատության մեջ մնալու դեպքում վերջինս կարող է կրկին թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

12.1. Բացի այդ, Առաջին ատյանի դատարանում քննիչը, իսկ Վերաքննիչ դատարանում դատախազը ներկայացրել են մեղադրյալի կողմից 2019 թվականի հունվարի 14-ից հետո ազատության մեջ գտնվելու ընթացքում քննությունից խուսափելու հանգամանքը: Մասնավորապես, վերջինս, հանդիսանալով ՀՀ ՊՆ 37082 զորամասի պայմանագրային զինծառայող, պարտավոր էր 2019 թվականի հունվարի 14-ին ժամը 20։20-ին ազատ արձակվելուց հետո, հաջորդ օրը՝ 2019 թվականի հունվարի 15-ին՝ առավոտյան ժամը 09։00-ին, ներկայանալ զորամաս և շարունակել իր ծառայությունը, սակայն Ա.Հարությունյանը ոչ միայն չի ներկայացել ծառայության վայր, այլ նրա գտնվելու վայրը անհայտ է եղել: Դա հիմնավորվել է նրանով, որ վերջինիս ծառայության չներկայանալու փաստի առթիվ Վանաձորի Ռազմական ոստիկանության բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվել և ռազմական ոստիկանության աշխատակիցները բազմիցս այցելություն են կատարել նրա բնակության վայր, սակայն նա տանը չի եղել, նրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չի եղել, իսկ նրա ծնողներն էլ հայտնել են, որ որևէ տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի մասին, այսինքն՝ Ա.Հարությունյանը խուսափել և թաքնվել է քննությունից։ Ա.Հարությունյանը ինքնակամ զորամաս է ներկայացել միայն 2019 թվականի հունվարի 17-ին` ժամը 14։00-ի սահմաններում, քաջ գիտակցելով, որ երեք օրից ավելի ժամանակով ծառայությունից անհարգելի բացակայելու դեպքում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով: Ընդ որում` ծառայության վայր ներկայանալուց հետո իր կողմից տրված բացատրության մեջ նշել է, որ տնից բացակայել է, քանի որ ունեցել է անձնական խնդիրներ, որոնց մասին չի ցանկանում բարձրաձայնել։ Ըստ բողոքաբերի այս ամենը վկայում է Ա.Հարությունյանի կողմից քննությունից թաքնվելու բարձր ռիսկայնության մասին:

13. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի որոշմանը:   

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ քննության առնելն Առաջին ատյանի դատարանի որոշումն անվերապահ բեկանելու հիմք է:

15. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»։

16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար (…):

(…)

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է (…)»։

16.1. Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը ձերբակալված կամ կալանավորված անձանց համար երաշխավորում է կալանավորման որոշման օրինականության դատարանի կողմից «սեղմ ժամկետում» քննելու իրավունքը, իսկ կալանքի օրինական չլինելու դեպքում՝ ազատ արձակման որոշում ստանալու իրավունքը7։

16.2. Կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունքի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակում իրականացվող վարույթում ոչ միշտ է անհրաժեշտ ապահովել նույն երաշխիքները, ինչ 6-րդ հոդվածի շրջանակում քրեական կամ քաղաքացիական դատավարությունում, այնուամենայնիվ այն պետք է ունենա դատական բնույթ և ապահովի պատշաճ երաշխիքներ ազատությունից զրկելու տվյալ տեսակի համար8։ Եթե անձի կալանքը տեղավորվում է 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետի շրջանակում, ապա պահանջվում է անցկացնել դատական քննություն9։ Կալանավորված անձին անձամբ կամ ներկայացուցչի միջոցով լսված լինելու հնարավորությունը ընձեռելը ազատությունից զրկելու հարցերով վարույթի կարևորագույն երաշխիքներից է10։ Եվրոպական դատարանը նշել է, որ կալանավորման դեմ բողոքի քննությունն իրականացնող դատարանը պետք է ապահովի դատական վարույթի երաշխիքները։ Վարույթը պետք է լինի մրցակցային և պետք է միշտ ապահովի կողմերի՝ դատախազի և կալանավորված անձի միջև զենքերի հավասարությունը11։ 

17. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի (…) արդարացի (…) դատաքննության իրավունք»:

17.1. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն12,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա13,

- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի14:

17.2. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ այդ իրավունքն ունի բացառիկ նշանակություն՝ անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը։
Ելնելով վերոնշյալ առանձնահատկությունից` դատական պաշտպանության իրավունքի իրացմանը ներկայացվող ձևական բնույթի կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (excessive formalism), որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու չափանիշների և պահանջների չպահպանման արդյունքում վրա հասնող իրավական հետևանքն անհամաչափորեն սահմանափակի անձի` դատարանի մատչելիության իրավունքը։ Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է հանգեցնեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների էության խախտման15:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «[Քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին] [մ]իջնորդությունները դատավորի կողմից պետք է քննվեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան դրանք ստանալու հաջորդ օրը (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՕ-280-Ն օրենքը գործող խմբագրությամբ) համաձայն՝ «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին: Ժամանակին ծանուցված ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ պաշտպանի չներկայանալը չի խոչընդոտում միջնորդության քննմանը: Դատարանը պարտավոր է դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին, եթե նա մասնակցում է գործին (…)»։

18.1. Սույն որոշման 15-17.2-րդ կետերում հիշատակված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանավորման միջնորդությունը դատարանի կողմից «սեղմ ժամկետում» քննելու նպատակով վկայակոչված քրեադատավարական նորմերն իրավաչափորեն նախատեսում են այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան ստանալու հաջորդ օրը քննելու պահանջ։ Մյուս կողմից՝ մեղադրյալի լսված լինելու իրավունքը, կալանավորման հարցի քննարկման վերաբերյալ վարույթի մրցակցային բնույթը և կողմերի միջև «զենքերի հավասարությունը» ապահովելու համար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածը պարտավորեցնում է դատարանին դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցել միջնորդություն ներկայացրած անձին, մեղադրյալին, նրա օրինական ներկայացուցչին, պաշտպանին։ Ընդ որում, մեղադրյալի և (կամ) նրա պաշտպանի՝ դատական նիստին մասնակցությունն ապահովելու օրենսդրական պահանջը կոչված է երաշխավորելու նաև անձի՝ դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը։ Ուստի, միջնորդության՝ օրենքում նշված ժամկետում քննության պահանջը չպետք է գործնականում մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ հանգեցնի այլ դատավարական երաշխիքների, մասնավորապես՝ անձի կողմից իրեն ազատությունից զրկելու հարցի քննարկմանը մասնակցելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և կողմերի հավասարության խախտման: Այլ կերպ՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը «սեղմ ժամկետում» քննելու օրենսդրական հրամայականից շեղումը որոշ դեպքերում կարող է դիտվել իրավաչափ, մասնավորապես՝ եթե պայմանավորված է միջնորդություն ներկայացրած անձի կամ մեղադրյալի՝ դատական նիստին մասնակցությունն ապահովելու համար պատշաճ ծանուցելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Նախաքննության մարմինը 2019 թվականի հունվարի 14-ին միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին16, և նույն օրը՝ 2019 թվականի հունվարի 14-ին, նշանակվել է դատական նիստ: Մեղադրյալ Ա.Հարությունյանի՝ դատական նիստին մասնակցությունն ապահովելու համար, դատական նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ վերջինս պատշաճ ծանուցելու նպատակով՝ դատական նիստերը երկու անգամ հետաձգվել են17:

- 2019 թվականի հունվարի 21-ին նշանակված նիստին ներկայացել են մեղադրյալ Ա.Հարությունյանը և պաշտպան Ա.Պապիկյանը, սակայն այն հետաձգվել է, քանի որ չի ներկայացել քննիչը։ Վերջինս Առաջին ատյանի դատարանին տեղեկացրել է, որ չի կարող ներկայանալ միջնորդության քննությանը, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար18:

- Առաջին ատյանի դատարանի՝ 2019 հունվարի 29-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով19։

- Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 29-ի որոշումը բեկանվել է, նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է, և մեղադրյալ Ա.Հարությունյանն անհապաղ ազատ է արձակվել կալանքից: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննիչի միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը քննել և բավարարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածով նախատեսված ժամկետի խախտմամբ։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ Առաջին ատյանի դատարանը փորձել է ապահովել մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին, ինչպես պահանջում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ այն հիմք չէ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ համապատասխան միջնորդությունը քննելու և որոշում կայացնելու համար: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ եթե առաջին երկու դատական նիստերին չի ներկայացել մեղադրյալը, իսկ Առաջին ատյանի դատարանը, հետաձգելով միջնորդության քննությունը, փորձել է ապահովել օրենքի պահանջի կատարումն ազատության մեջ գտնվող մեղադրյալին պատշաճ ծանուցելու առումով, քանի որ նա պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստերի տեղի և ժամանակի մասին, ապա երրորդ նիստին չի ներկայացել քննիչը, իսկ մեղադրյալը և պաշտպանը ներկայացել են, հետևաբար դատական նիստը հետաձգելն արդարացված չի եղել՝ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ են ներկայացվել քննիչի չներկայանալու համար20:

20. Նախորդ կետում վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 18.1-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննության մարմնի միջնորդության քննարկումը հետաձգել է՝ մեղադրյալի և վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի՝ միջնորդության քննարկմանը մասնակցության օրենսդրական պահանջն ապահովելու համար քայլեր ձեռնարկելու օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով:

20.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտում արտահայտել է հակասական դիրքորոշում` մի դեպքում միանշանակ նշելով, որ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր քննարկման անհապաղ, մյուս դեպքում, ըստ էության, արձանագրելով, որ միջնորդության քննարկումը կարող էր տեղի ունենալ 2019 թվականի հունվարի 21-ին, երբ մեղադրյալն ու պաշտպանը ներկայացել էին դատական նիստին21:

21. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ քննության առնելն Առաջին ատյանի դատարանի որոշումն անվերապահ բեկանելու հիմք է, հիմնավոր չէ:

22. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության, հանգել է ճիշտ հետևության՝ կալանավորման հիմքերի բացակայության առնչությամբ22:

Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 11-12.1-րդ կետերում նշված փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի նյութերում առկա փաստական տվյալներով դրանք իրենց հաստատումը չեն գտնում:

23. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թեև թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի (մինչ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՕ-280-Ն օրենքը գործող խմբագրությամբ) պահանջների խախտումներ, սակայն կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

   

Ո Ր Ո Շ Ե Ց

    

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արմեն Վարուժանի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 27-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

  

_________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 35:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 53, էլեկտրոնային կրիչ:

3  Տե՛ս նույն տեղում:

4  Տե՛ս նույն տեղում:

5  Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 65-76:

6  Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 31-40:

7  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ilnseher v. Germany [GC] գործով 2018 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատներ թիվ 10211/12 և 27505/14, 251-րդ կետ, Khlaifia and Others v. Italy [GC] գործով 2016 դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 16483/12, 131-րդ կետ)։

8  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ A. and Others v. the United Kingdom [GC] գործով 2009 թվականի փետրվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ 3455/05, 203-րդ կետ, Idalov v. Russia [GC] գործով 2012 թվականի մայիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 5826/03, 161-րդ կետ։

9  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Nikolova v. Bulgaria [GC] գործով 1999 թվականի մարտի 25-ի վճիռը, գանգատ թիվ 31195/96, 58-րդ կետ, Assenov and Others v. Bulgaria 1997 թվականի հուլիսի 10-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, 162-րդ կետ:

10  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kampanis v. Greece գործով 1995 հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 17977/91, 47-րդ կետ։

11  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Sanchez-Reisse v. Switzerland գործով 1986 թվականի հոկտեմբերի 21-ի վճիռ, գանգատ թիվ 9862/82, 51-րդ կետ, Toth v. Austria գործով 1991 թվականի դեկտեմբերի 12-ի վճիռ, գանգատ թիվ 11894/95, 84-րդ կետ, Kampanis v. Greece գործով վերը հիշատակված վճիռը։

12  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

13  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

14  Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

15  Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշման 14-րդ կետը:

16  Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

17  Տե՛ս սույն որոշման 6-րդ և 6.1-րդ կետերը:

18  Տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը:

19  Տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը:

20  Տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը:

21  Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

       

Նախագահող`

Ե. Դանիելյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան