Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1608
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 09.08.2021
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
02.08.2021
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
02.08.2021
Дата вступления в силу
02.08.2021

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 օգոստոսի 2021 թ.

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ՝ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հանրապետության նախագահի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գ. Աթանեսյանի, Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 73-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից 22 օրենքներն Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2021 թվականի մարտի 24-ին:

Գործի քննության առիթը Հանրապետության նախագահի (այսուհետ՝ դիմող)՝ 2021 թվականի ապրիլի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող Օրենքը և հարակից 22 օրենքները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները և փաստարկները

Դիմողը բարձրացնում է Օրենքի դրույթների սահմանադրականության հետ կապված խնդիրներ երեք ուղղությամբ.

1) Հիմք ընդունելով Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը՝ դիմողը գտնում է, որ բուհական ինքնավարությունը ներառում է կազմակերպական, ակադեմիական, մարդկային և ֆինանսական ռեսուսների կառավարման ինքնավարություն: Ընդ որում՝ բուհական ինքնավարության այդ իրավունքը սահմանված է նաև Օրենքի 6-րդ հոդվածով: Սակայն, դիմողի կարծիքով, բուհն օժտված է ինքնավարությամբ, «երբ այն ունի իրավասությունն ու փաստացի հնարավորությունը ինքնուրույն՝ առանց պետության կողմից անհարկի միջամտության, որոշելու իր գործունեության ուղղությունը»: Դիմողն իր այս փաստարկները ներկայացնելիս վկայակոչում է վերաբերելի միջազգային իրավական փաստաթղթերի դրույթներ:

Դիմողը, վկայակոչելով Օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված բուհի կառավարման խորհրդի (ներառյալ բուհի գործադիր մարմնի) լիազորությունների լայն շրջանակը, պնդում է, որ բուհի կառավարման խորհրդի ձևավորման այնպիսի համամասնությունը, որով «խորհրդի անդամների բացարձակ մեծամասնությանը նշանակում է համապատասխան պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարը, խեղաթյուրում է բուհերի ինքնակառավարման սահմանադրական» հայեցակարգն ու փաստացի անհնարին է դարձնում բուհական ինքնավարության կենսագործումը: Հետևաբար՝ դիմողը եզրակացնում է. «Բուհի ինքնակառավարման սահմանադրական երաշխիքը տրամաբանորեն ենթադրում է բուհական ինքնավարությանը և ակադեմիական ազատությանն առնչվող լայն լիազորություններով օժտված կառավարման մարմինների ձևավորման գործընթացում բուհի որոշիչ դերի կամ առնվազն հավասար դերակատարության սահմանում»: Այս եզրակացության հիման վրա դիմողը գտնում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն առերևույթ չեն համապատասխանում Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին:

2) Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք ...»: Սահմանադրական այս դրույթը դիմողը մեկնաբանում է այն իմաստով, որ «ինքնակառավարման շրջանակը, հետևաբար նաև այդպիսի ինքնակառավարման սահմանափակումներն ու պայմանները կարող են նախատեսվել միայն օրենքներով»: Ելնելով դրանից՝ դիմողն Օրենքի 6-րդ հոդվածի («Բուհական ինքնավարությունը և հաշվետվողականությունը») 2-րդ մասը, համաձայն որի՝ «Բուհը, սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան» ունի ակադեմիական ու կազմակերպական գործունեության, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն, դիտարկում է առերևույթ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող այն իմաստով, որ «ինքնակառավարման սահմանները (սահմանափակումները), կարող են նախատեսվել ոչ միայն օրենքներով, այլ նաև այլ նորմատիվ իրավական ակտերով»:

3) Դիմողը, Օրենքի՝ Սահմանադրությանն անհամապատասխանություն է դիտարկում դրա մի շարք դրույթներում ամրագրված՝ բուհական կամ գիտական կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու տարիքային սահմանափակումները կամ այդ պաշտոններում ընտրված անձանց լիազորությունների դադարումը՝ որոշակի տարիքից: Մասնավորապես՝

ա) Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է, որ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին,

բ) Օրենքի 37-րդ հոդվածի 17-րդ մասը սահմանում է, որ 70 տարին լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորն ամբիոնի առաջարկությամբ կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մեկ ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով,

գ) Օրենքի 37-րդ հոդվածի 18-րդ մասը սահմանում է, որ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրության միջոցով վարչական պաշտոնում նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 70 տարին:

Վերլուծելով այս սահմանափակումները՝ դիմողը գտնում է, որ Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասը, 37-րդ հոդվածի 17 և 18-րդ մասերն առերևույթ չեն համապատասխանում Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածներին:

Դիմողը, վկայակոչելով ՄԻԵԴ-ի մի շարք գործերով խտրականության արգելքի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, համարում է, որ վերը նշված դեպքերում Օրենքով նախատեսված տարիքային հիմքով սահմանափակումների մեջ չի տեսնում իրավաչափ նպատակը, ինչպես նաև դրան հասնելու համար ընտրված միջոցի համաչափություն:

Դիմողի ենթադրությամբ, եթե «առաջարկվող տարբերակված մոտեցման հիմքում ընկած է որոշակի տարիքով անձանց առողջական կամ ֆիզիկական վիճակի առանձնահատկությունների վերաբերյալ կանխավարկածը, ապա կարծում ենք, որ այդպիսի հիմքով ապրիորի տարբերակում սահմանելն ինքնին օբյեկտիվ և իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ, իսկ, բոլոր բնագավառներում տեղի ունեցող սրընթաց զարգացումների համատեքստում, ժամանակակից աշխարհում տարիքը per se չի կարող դիտարկվել որպես սահմանափակ արդյունավետությամբ աշխատանքի պատճառ, հատկապես՝ գիտակրթական ոլորտում»:

 

2. Պատասխանողի դիրքորոշումը

Պատասխանողը դիմումում բարձրացված՝ Օրենքի՝ Սահմանադրությանը երեք ուղղություններով հակասելու վերլուծությունների դեմ առաջ է քաշում հետևյալ հակափաստարկները.

1) Վերլուծելով բուհական ինքնակառավարման իրավունքի հասկացությունը, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ, 39-րդ կետերը, 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև 27-րդ հոդվածը («Բուհի կառավարման խորհրդի ձևավորումը»)՝ հանգում է եզրակացության, որ բուհական ինքնակառավարման իրավունքը լայն հասկացություն է, որը ներառում է «ինչպես ակադեմիական ազատությունն ու հետազոտությունների ազատությունը, այնպես էլ կազմակերպական, այդ թվում՝ մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու գործառույթները ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավասությունը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կանոնադրությանը համապատասխան:

Հանրային բուհի կառավարման խորհրդի 5 անդամի՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակվելն ինքնին չի կարող դիտարկվել որպես բուհերի ինքնակառավարման իրավունքի խախտում: Լիազոր մարմնի ղեկավարի կողմից անդամների նշանակման հարցը բուհի ինքնավարության իրավունքի համատեքստում քննարկելիս պետք է դիտարկել նաև այդ անդամների՝ օրենսդրությամբ ամրագրված իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց գործունեության երաշխիքները»:

Վկայակոչելով Օրենքի 24-րդ հոդվածը՝ պատասխանողը հիմնավորում է, որ բուհի կառավարման երեք մարմիններից (կառավարման խորհուրդ, ակադեմիական խորհուրդ, կառավարման գործադիր մարմին) կառավարման խորհուրդը մշտապես գործող մարմին է, որի անդամ չի կարող դառնալ որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամը կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը: Այնուհետև վկայակոչելով Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ կառավարման խորհրդի նախագահի և անդամների իրավունքների ու պարտականությունների կարգավորման/ամրագրման իրավական ձևը, խորհրդի անդամին ներկայացվող չափանիշները՝ եզրակացնում է, « .... որ բուհն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով, խոսք չի կարող գնալ բուհի ինքնակառավարման իրավունքի խախտման մասին»: Պատասխանողը հարկ է համարում նաև ընդգծել, որ կառավարման խորհրդի անդամների՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակումն ինքնին որևէ կերպ չի կարող ընկալվել որպես լիազոր մարմնից կախվածության հիմք և անկաշկանդ գործելուն խոչընդոտ:

2) Պատասխանողը, անդրադառնալով դիմողի այն պնդմանը, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին, եզրակացնում է, որ Օրենքի «Բուհական ինքնավարությունը և հաշվետվողականությունը» վերտառությամբ այդ հոդվածը՝ «ի կատարումն Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի, սահմանում է բուհի ինքնակառավարման իրավունքի շրջանակները, որոնք թվարկված են հոդվածի 2-րդ մասում: Վիճարկվող օրենսդրական ակտն ինքնին հանդիսանում է օրենք՝ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով, ուստի դիմումն այս մասով ևս անհիմն է»:

3) Պատասխանողը, համադրելով Օրենքի՝ տարիքային սահմանափակումներ նախատեսող՝ 25-րդ հոդվածի 10-րդ, 37-րդ հոդվածի 17-րդ, 18-րդ մասերը, ինչպես նաև Սահմանադրության 28 և 29-րդ հոդվածները, վկայակոչելով ՄԻԵԴ-ի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ « .... գիտական կազմակերպության տնօրենի համար որպես սահմանային տարիք 65 տարեկանը, իսկ բուհում վարչական պաշտոնում նշանակված անձի համար՝ 70 տարեկանը նախատեսելը արդարացված է՝ հաշվի առնելով նրանց կողմից կատարվող աշխատանքի բնույթը և առանձնահատկությունները: Մասնավորապես, օրենսդրի կողմից նման կարգավորում նախատեսելիս հաշվի է առնվել այդ տարիքում անձանց ֆիզիկական ու առողջական վիճակի և նրանց համար սահմանված աշխատանքային պարտականությունների ծավալի հարաբերակցությունը: Պատահական չէ, որ գիտական կազմակերպության տնօրենի համար որպես սահմանային տարիք նախատեսվել է ավելի ցածր տարիքային շեմ, քանի որ նա իրականացնում է գիտական կազմակերպության ողջ ընթացիկ գործունեության ղեկավարումը, ինչն իրենից ենթադրում է ավելի մեծ ծանրաբեռնվածություն»:

Ինչ վերաբերում է 70 տարին լրացած անձի կողմից ակադեմիական պաշտոն զբաղեցնելու՝ Օրենքով նախատեսված առանձնահատկությանը, ապա, ըստ պատասխանողի, այս դեպքում ևս օրենսդիրը, ելնելով նույն տրամաբանությունից, սահմանել է, որ վերջինս կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր: Նման մոտեցումը միանգամայն արդարացված է՝ հաշվի առնելով ակադեմիական պաշտոն զբաղեցնող անձի կողմից իրականացվող աշխատանքի բնույթը:

Պատասխանողը հիմնավորում է, որ ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է խտրականության: Տարբերակված այն մոտեցումը, որն ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմք, հետապնդում է իրավաչափ նպատակ, խտրականություն չէ:

Պատասխանողն այս դիրքորոշումների համատեքստում խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ Օրենքի վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը որոշելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ամրագրված իրավակարգավորումները համահու՞նչ են արդյոք Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությանը,

- արդյոք բուհերի ինքնակառավարման իրավունքի շրջանակը սահմանելու օրենսդրի հայեցողությունը սահմանափակված է,

- արդյոք բուհերի ինքնակառավարման իրավունքի շրջանակը կարող է սահմանվել օրենքից ցածր աստիճանակարգության նորմատիվ իրավական ակտով,

- արդյոք Օրենքում որոշ պաշտոնների համար տեղ գտած տարիքային սահմանափակումները խնդրահարույց են Սահմանադրության 29-րդ հոդվածի տեսանկյունից:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում վեր հանել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի իրավաբանական բովանդակությունը, համաձայն որի` «բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների սահմանադրական այդ իրավունքի իրավական բովանդակությունն են կազմում հետևյալ կարևոր իրավադրույթները.

ա) բարձրագույն ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետությունում ունեն ինքնակառավարման իրավունք,

բ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքի շրջանակները սահմանվում են օրենքով,

գ) բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը ներառում է նաև ակադեմիական և հետազոտության ազատությունները:

Ինքնակառավարումը դասական իմաստով նշանակում է կազմակերպված սոցիալական ընդհանրության կամ հաստատության (կազմակերպության) անկախությունն ու ինքնուրույնությունը՝ սեփական գործերը կառավարելիս, իր կենսագործունեության հարցերը լուծելիս: Պետությունը սահմանում է ինքնակառավարվող սուբյեկտների գործունեության օրենսդրական հիմունքները և ուղղակի չի միջամտում դրանց ու դրանց ստեղծած մարմինների գործունեությանը, այլ օրենքով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վերահսկողություն:

Սահմանադրությունը և օրենքներն ինքնակառավարմամբ օժտում են նաև որոշակի հանրային (պետական) մարմիններին ու հաստատություններին (կազմակերպություններին)` դրանց գործունեության ոլորտի կամ լիազորությունների յուրահատկության ուժով, ինչը նպատակամղված է ոլորտին կամ գործառույթին հարիր ձեռնահաս, օպերատիվ որոշումների ընդունմանը, դրանց առջև դրված սոցիալական առաքելության կենսագործմանը: Հաստատությունների (կազմակերպությունների) ինքնակառավարման աստիճանը նախանշվում է օրենքով, որպես կանոն, ներառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են ֆինանսականը, տնտեսականը, կազմակերպական-կառավարչականը, կադրայինը (մարդկային ռեսուրսները):

Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնակառավարման իրավունքը, վերջիններիս օժտել է ոչ միայն ինքնակառավարմանը բնորոշ ընդհանուր տարրերով (որոնք, ինչպես նշվեց՝ բաղկացած են կազմակերպական-կառավարչական (ներառյալ կադրային) և ֆինանսական բաղադրիչներից, և ինքնակառավարվող սուբյեկտների անքակտելի հատկություններն են), այլ նաև լրացուցիչ, դրանց սոցիալական և մշակութային դերին բնորոշ բաղադրատարրերով՝ ակադեմիական (կրթության ոլորտ) և հետազոտությունների (գիտական ոլորտ) ազատությամբ:

Սահմանադրական դատարանը շեշտում է պետության և հասարակության զարգացման, վերջիններիս գոյապահպանման հարցերում կրթության և գիտության առանցքային, հիմնարար նշանակությունը: Կրթությունն առաջադիմության, մշակույթի պահպանման, զարգացման անհրաժեշտ պայմանն է, իսկ կրթվելն անհատի զարգացման գործընթացն է՝ միտված գիտելիքների, հմտությունների տիրապետմանը, արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Կրթությունը ոչ միայն մարդու, այլև ողջ հասարակության զարգացման գործոն է, այն որոշում է մարդու կյանքի բազում կողմերը և որպես արդյունք՝ մարդու հասարակական ակտիվության աստիճանը, աշխարհայացքն ու արժեքները: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ կրթությունը զարգացնելու պետության պարտավորությունը դիտարկվել է որպես սահմանադրական կարգի հիմունք, այսինքն՝ պետական ու հասարակական հիմնական սկզբունք: Պետության նպատակն է կրթությունը դարձնել հասարակության զարգացումը և առաջադիմությունն ապահող գործիք:

Կրթության և գիտության դեպքում նոր գիտելիքի որոնման շարունակական գործընթացին, որը վերջին հաշվով պետք է հանգեցնի ճշմարիտ գիտելիքի, օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, հնարավոր է հասնել որոշակի ազատ միջավայրում, միջավայր, որը զերծ է կանխակալ մոտեցումներից, ինչն իր հերթին թույլ է տալիս հետազոտողին գիտելիքի որոնման այդ գործընթացում (դրա արդյունքում) հասնելու (մոտենալու) օբյեկտիվ ճշմարտությանը և ոչ թե «ստանալու» «նախապես ծրագրված, ցանկալի» արդյունք: Այդպիսի ճշմարիտ գիտելիքին հասնելու համար անհրաժեշտ է՝

նախ՝ գիտելիքի որոնման գործընթացը զերծ պահել քաղաքական, գաղափարախոսական և այլ նախապաշարմունքներից (որոնց դեպքում ստացվում է ոչ թե ճշմարիտ գիտելիք, այլ ցանկալի արդյունք),

երկրորդ՝ գիտելիքի որոնման շարունակական այդ գործընթացում սխալի, սխալվելու հանդեպ հանդուրժողական, իսկ որոշ դեպքերում դրական վերաբերմունք (քանի որ սխալի բացահայտումը թույլ է տալիս կատարելագործել առաջ քաշված վարկածները, զարգացնել դրանք՝ ըստ այդմ մոտեցնելով ճշմարտությանը) ձևավորելը (ինչը գրեթե բացառվում է «անքննելի ճշմարտությունների», քաղաքական գաղափարախոսությունների դեպքում):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հենց ասվածի լույսի ներքո պետք է դիտարկել նաև Սահմանադրության (2015թ. փոփոխություններով) 38-րդ հոդվածի 3-րդ մասում բնորոշված՝ բուհերի՝ օրենքով սահմանված շրջանակներում ինքնակառավարման՝ ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատության իրավունքը՝ այն դիտարկելով ոչ այնքան ինքնանպատակ, որքան միջոց՝ բուհի ինքնակառավարման բաղադրատարր հանդիսացող ակադեմիական և հետազոտությունների ազատությամբ հասնելու կրթության և գիտության զարգացմանը՝ որպես արդյունք ապահովելով հասարակության գոյապահպանումն ու հարընթաց զարգացումը:

Միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում շեշտադրվում է մի կողմից ակադեմիական հանրության խոցելիությունը «անբարենպաստ քաղաքական ճնշումներից, որոնք կարող են քայքայել ակադեմիական ազատությունը», մյուս կողմից՝ այն արձանագրումները, որ ակադեմիական՝ ժամանակակից աշխարհի և հանրության պահանջմունքները բավարարելու առաքելությունը լավագույնս կարող է իրականացվել, երբ բուհերը «բարոյապես և ինտելեկտուալ առումով անկախ են» բոլոր քաղաքական կամ տնտեսական ուժերից:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բուհերի՝ ակադեմիական (այդ թվում՝ հետազոտական) ազատության երաշխավորումը դառնում է հենց այն նպաստավոր նախադրյալը, որը խթան է կրթության և գիտության զարգացման համար՝ ապահովելով դրանց համար առանցքային կարևորության արդյունավետ ազատ միջավայր:

4.2. Սահմանադրական դատարանը շեշտում է, որ ակադեմիական ազատությունն ունի մի քանի հայեցակետ (ասպեկտ). մի կողմից դիտարկվում է իբրև կրթության հիմնական իրավունքի բաղադրատարր, որն ուղղակիորեն առնչվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքի հետ, այսինքն` դրա կրողն են բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտները (ուսանողական ու գիտական-մանկավարժական կազմը), մյուս կողմից՝ այն դիտարկվում է ինստիտուցիոնալ առումով, իբրև բուհերի ինքնավարության տարր՝ ակադեմիական և հետազոտական՝ իրենց գործառույթներն իրացնելիս «արտաքին» միջամտություններից հնարավորինս ազատ լինելու տեսանկյունից:

Ակադեմիական և հետազոտական ազատությունը որպես կրթության իրավունքի տարր լինելու տեսանկյունից անհրաժեշտ է շեշտադրել «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 13-րդ հոդվածին նվիրված (որը վերաբերում է կրթության իրավունքին) ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով կոմիտեի համընդհանուր մեկնաբանությունում արված այն արձանագրումը, որ կրթության իրավունքը կարող է իրացվել այն դեպքում, երբ այն ուղեկցվում է անձնակազմի և ուսանողների ակադեմիական ազատությամբ:

Նույն մեկնաբանությունում նշվում է, որ ակադեմիական հանրության անդամներն անհատապես կամ կոլեկտիվ կերպով ազատ են ստանալու, զարգացնելու, փոխանցելու գիտելիքներ և գաղափարներ հետազոտությունների, ուսուցանելու, սովորելու, քննարկումների, փաստաթղթավորման, արտադրման, ստեղծագործության կամ գրելու միջոցով: Մեկնաբանություններում նաև նշվում է, որ ակադեմիական ազատությունը ներառում է նաև հաստատությունում կամ համակարգում աշխատող անձանց կողմից նշված հաստատության կամ համակարգի մասին ազատորեն կարծիքներ արտահայտելու, իրենց գործառույթներն առանց խտրականության կամ պետության կամ այլ սուբյեկտի կողմից ճնշումների ենթարկվելու վախի կատարելու, մասնագիտական կամ ներկայացուցչական ակադեմիական մարմինների աշխատանքներին մասնակցություն ունենալու իրավունքը:

Հարկ է արձանագրել, որ ակադեմիական ազատության համանման ընկալում է տեղ գտել նաև միջազգային իրավական այլ փաստաթղթերում, օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականում, որի 27-րդ հոդվածում մասնավորապես նշվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսական կադրերն ունեն ակադեմիական ազատության իրավունք, այսինքն` առանց որևէ կաշկանդվածության ուսուցման և քննարկումների ազատության իրավունք, հետազոտություններ իրականացնելու, այդ թվում՝ դրանց արդյունքները տարածելու և հրապարակելու ազատություն, այն համակարգի կամ ինստիտուտի մասին ազատորեն կարծիք արտահայտելու ազատություն, որում նրանք աշխատում են, ազատություն ինստիտուցիոնալ գրաքննությունից, ինչպես նաև մասնագիտական կամ ներկայացուցչական գիտական մարմիններում մասնակցություն ունենալու ազատություն: Բարձրագույն կրթության ուսումնական կազմի բոլոր անդամները պետք է իրավունք ունենան կատարելու իրենց գործառույթներն առանց որևէ խտրականության և պետության կամ այլ որևէ այլ աղբյուրի կողմից ճնշումներից վախենալու:

Վերոշարադրյալի հիման վրա և հիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի այն պահանջը, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում տեղ գտած ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, իբրև կրթության իրավունքի բաղադրատարր բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների իրավունք, ներառում է սովորելու և դասավանդելու (սովորեցնելու), հետազոտություններ իրականացնելու, դրա արդյունքները տարածելու և հրապարակելու, ներկայացուցչական ինչպես նաև գիտական մարմիններին մասնակցություն ունենալու, քննարկումների ազատության, այդ թվում նաև՝ այն համակարգի կամ ինստիտուտի մասին, որում աշխատում են, ազատորեն կարծիք արտահայտելու ազատություն:

Ակադեմիական և հետազոտական ազատությունը ենթադրում է, որ բացառվի բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների նկատմամբ իրենց գործառույթների իրականացման ընթացքում խտրական վերաբերմունքը կա՛մ պետության, կա՛մ այլ սուբյեկտի կողմից ճնշումները, օրենսդրական մակարդակում պետք է ստեղծվեն որոշակի ինստիտուցիոնալ երաշխիքներ: Իբրև այդպիսի ինստիտուցիոնալ երաշխիք հանդես է գալիս բուհական ինքնավարության արդյունավետ երաշխավորումը պետության կողմից:

Ու թեև Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բուհերի ինքնակառավարման իրավունքի շրջանակի որոշումը վերապահված է օրենսդրին, սակայն ելնելով նույն հոդվածում 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում տեղ գտած այն շեշտադրումից, որ բուհերի ինքնակառավարման իրավունքը ներառում է ակադեմիական և հետազոտությունների ազատությունը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի հայեցողությունը բուհի ինքնակառավարման շրջանակը սահմանելիս սահմանափակված է, և օրենսդիրն իրավասու չէ այդ շրջանակն այնչափ «նեղացնել», որ ինքնաբերաբար հանգեցնի բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատության իրավունքի սահմանափակմանը՝ այն վերջիններիս համար վերածելով առավելապես վերացական և պատրանքային իրավունքի:

Այս առումով, օրինակ, բուհերում դասախոսական կազմի՝ դասավանդելու ազատությունն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մակարդակում երաշխավորել նաև դասախոսական կազմի՝ դասավանդողի աշխատատեղի ազատ, մրցակցային և թափանցիկ պայմաններում անկախ և անկողմնակալ մարմնի կողմից ընտրվելու հնարավորությունը: Դասախոսի դասավանդման ազատությունն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մակարդակում դասախոսական կազմի համար երաշխավորել աշխատատեղը և բացառել դրանից զրկումը (աշխատանքից ազատումը)՝ որոշակի քաղաքական դրդապատճառներից ելնելով: Այս առումով կարևոր է երաշխավորել, որ նշված պաշտոնից զրկումը հնարավոր է մասնագիտական անձեռնահասության կամ իր գործառութային պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար, այլ օբյեկտիվ պատճառներով (սահմանային տարիքին հասնելու, ֆինանսական դրդապատճառների բերումով և այլն)՝ այդպիսով իսկ բացառելով տարատեսակ խտրական հիմքով պայմանավորված՝ աշխատանքից ազատման-ընդունման հնարավորությունը:

Մյուս կողմից, օրինակ, ելնելով այն հանգամանքից, որ դասավանդելու ազատության իրավունքը կարող է որոշակիորեն սահմանափակվել առարկայական ծրագրերի շրջանակում անցկացվելիք նյութի շրջանակներով, և հետևաբար՝ ակադեմիական ազատության վրա հնարավոր ճնշումները բացառելու և դասավանդելու ազատության՝ դասավանդողի կողմից նյութի բովանդակությունը (ինչ սովորեցնել) և մեթոդը (ինչպես սովորեցնել) որոշելու ազատության իրացվելիության համար անհրաժեշտ է, որ ամրագրվեն առարկայական, կրթական ծրագրերի կազմմանը դասախոսական կազմի մասնակցությունն ապահովող երաշխիքներ:

Վերոշարադրյալից բխում է, որ բուհական ինքնավարությունը (1) անհրաժեշտ պայման և նախադրյալ է բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատության ապահովման և երաշխավորման համար, հետևաբար՝ (2) այդ ինքնավարությունը չպետք է խոչընդոտի (անհամաչափորեն սահմանափակի) վերոնշյալ սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատությունը:

Նմանատիպ դիրքորոշումներ են տեղ գտել նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականում (1997թ.) նախատեսված են ակադեմիական ազատության և ինստիտուցիոնալ ինքնավարության սահմանումները: Այդ փաստաթղթի 18, 19 և 21-րդ կետերի համաձայն՝

- բուհական ինքնավարությունն ակադեմիական ազատության ինստիտուցիոնալ ձևն է, որն անհրաժեշտ նախապայման է բարձրագույն ուսումնական հաստատություններին և դասախոսական կազմին վերապահված գործառույթների պատշաճ իրականացման համար,

- ինքնակառավարումը, կոլեգիալությունը և համապատասխան ակադեմիական առաջնորդությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների նպատակային ինքնավարության էական բաղադրիչներն են,

- անդամ պետությունը պարտավոր է պաշտպանել բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ դրանց ինքնավարությանն արտաքին աղբյուրներից սպառնացող վտանգների դեպքում:

ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանության 40-րդ կետի համաձայն՝ ակադեմիական ազատությունը պահանջում է բարձրագույն կրթության հաստատությունների ինքնավարություն: Ինքնավարությունն ինքնակառավարման այն աստիճանն է, որն անհրաժեշտ է բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից արդյունավետ որոշում կայացնելու համար` կապված նրանց ակադեմիական աշխատանքի, ստանդարտների, կառավարման և դրանց հետ կապված գործունեության հետ:

Եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»-ը հռչակում է համալսարանների առաքելությունն ապահովող հիմնարար սկզբունքները, ինչպես նաև դրանց կենսագործման միջոցները: «Magna Charta Universitatum»-ը համալսարանի առաջին հիմնարար սկզբունքն է համարում ինքնավարությունը՝ ազդարարելով, որ «համալսարանները, լինելով աշխարհագրական բազմազան պայմանների ու պատմական զարգացման տարբերությունների ուժով յուրահատուկ կազմավորված հասարակությունների սրտում, հանդիսանում են ինքնավար հաստատություն, որը քննադատաբար ստեղծում և տարածում է մշակույթ գիտական հետազոտության ու կրթության միջոցով: Արդի աշխարհի կարիքներին պատշաճորեն արձագանքելու համար համալսարանը, իրականացնելով իր գործունեությունը հետազոտությունների ու կրթության ոլորտում, պետք է ունենա բարոյական և մտավոր անկախություն ցանկացած քաղաքական ու տնտեսական իշխանությունից»:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) «Բարձրագույն կրթության կառավարման մոդելի փոփոխություն» վերտառությամբ վերլուծության համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման անհրաժեշտ բաղադրիչներից է այդ հաստատությունների ինքնավարությունը: Բուհերի ինքնավարությունը միայն ակադեմիական ազատությունը չէ, թեև դրանք իրար հետ կապված են: Բուհական ինքնավարությունը հաստատության կարողությունն ու իրավունքն է որոշելու իր գործողությունների ընթացքն առանց պետության անհարկի միջամտության:

Վերը բերված, ինչպես նաև միջազգային մի շարք այլ խորհրդատվական փաստաթղթերի վերլուծության հիման վրա Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար:

Վերոշարադրյալի լույսի ներքո վերլուծելով Օրենքում տեղ գտած մի շարք կարգավորումներ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք խնդրահարույց են Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասի տեսանկյունից:

4.3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով և վերլուծելով Օրենքի բուհական ինքնավարության վերաբերյալ դրույթները, արձանագրում է, որ այն սահմանված է դրա մի շարք հոդվածներով:

Այսպես՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետը, ամրագրելով «բուհական ինքնավարություն» հասկացությունը, սահմանում է, որ դա «բուհի ակադեմիական և կազմակերպական, այդ թվում՝ մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու գործառույթները ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավասությունն» է:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ելնելով Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից, բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը համարում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի պետական քաղաքականության սկզբունք:

Կարգավորման նորմատիվ համակարգում կարևոր նշանակություն ունի Օրենքի 6-րդ հոդվածը («Բուհական ինքնավարությունը և հաշվետվողականությունը»), որն, ըստ էության, սահմանում է 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում ամրագրված իրավական սկզբունք-բնորոշումը: Դրա 1-ին մասն ամրագրում է, որ բուհն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության, կոլեգիալության սկզբունքներով՝ պահպանելով հաշվետվողականության պահանջները, իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում են բուհական ինքնավարության ոլորտները՝ ինքնավար գործունեության շրջանակները, այն է՝ ակադեմիական (երկու ենթաոլորտներով՝ կրթական և հետազոտական կամ գիտական), կազմակերպական, մարդկային ու ֆինանսական ռեսուրսները:

Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը բաղկացած է ինն անդամից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ. անդամներից չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը՝ սահմանելով նրանց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը, իսկ հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը: Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բուհի կառավարման խորհրդի չորս անդամին սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի՝ բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

Օրենքի 30-րդ հոդվածով սահմանված հանրային բուհի կառավարման խորհրդի լիազորությունների ամբողջությունն էական կշիռ ունի բուհական կառավարման համակարգում, և այդ հանգամանքը հնարավորություն է տալիս պնդել, որ կառավարման խորհուրդը սկզբունքային ազդեցություն ունի բուհի գործունեության հիմնարար ուղղությունների, ռազմավարական զարգացման, կառուցվածքային և ֆինանսավորման, հաստիքային միավորների բաշխման և այլ հարցերում: Հատկանշական է, որ բուհերի ինքնակառավարման իրավունքի պատշաճ երաշխավորումն սկսվում է կառավարման խորհրդի անդամների նշանակումով՝ որպես ինքնակառավարման հիմք:

Օրենքով նախատեսվում է հանրային բուհի կառավարման մարմիններից՝ կառավարման խորհրդի (հոգաբարձուների խորհրդի) ձևավորման վրա առանցքային և ուղղակի ազդեցության հնարավորություն համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի կողմից, որն ըստ Օրենքի ստանում է կառավարման խորհրդի 9 անդամներից 5-ին նշանակելու լիազորություն (Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր):

Այս լիազորությունը՝ զուգակցված հանրային բուհի կառավարման խորհրդի անդամի ինքնավարության հստակ և արդյունավետ երաշխիքների բացակայությամբ, խնդրահարույց է Սահմանադրության 38-րդ հոդվածի տեսանկյունից: Թեև Օրենքում տեղ են գտել որոշակի երաշխիքներ (ինչպիսիք են, օրինակ, այն, որ կառավարման խորհրդի անդամ չի կարող լինել անձը, որը որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է կամ զբաղեցնում է քաղաքական պաշտոն (Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ և 4-րդ կետեր), և այդպիսի հանգամանքները դիտարկվում են իբրև կառավարման խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հիմքեր (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր), այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք չեն կարող դիտարկվել իբրև լիազոր մարմնի ղեկավարի կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամի ինքնուրույնության արդյունավետ երաշխիքներ, առնվազն այն պատճառով, որ նշանակող մարմինն ունի նշանակած անդամներին պաշտոնից վաղաժամկետ ազատելու իրավասություն, և այդպիսի հանգամանքն Օրենքով դիտարկվում է իբրև կառավարման խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման հիմք (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ):

Այսպիսի կարգավորումների պարագայում, երբ հանրային բուհի կառավարման խորհրդի անդամների մեծամասնությունը նշանակվում և ազատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից, խիստ պատրանքային է դառնում հանրային բուհի կառավարման խորհրդի նշանակված անդամի ինքնուրույնությունը նշանակող մարմնից, իսկ այդպիսի ինքնուրույնություն դրսևորելու դեպքում, չբացառելով նշանակող մարմնի կողմից կառավարման անդամի ազատումը հենց վերջինիս ինքնուրույնության շարժառիթով պայմանավորված տեսական հնարավորությունը՝ ստեղծվում է իրավիճակ, երբ հանրային բուհի կառավարման խորհրդի մեծամասնությունն ընկնում (հայտնվում) է նշանակող մարմնից (լիազոր մարմնի ղեկավարից) կախվածության մեջ, որպես արդյունք՝ այդպիսով գործադիր իշխանությունից ուղղակի կախվածության մեջ է ընկնում հանրային բուհի կառավարման 3 մարմիններից մեկը:

Մյուս կողմից, ելնելով այն հանգամանքից, որ հանրային բուհի կառավարման մարմիններից մյուսը՝ կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը (տնօրենը, պետը), ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մաս), և հաշվի առնելով նախորդ պարբերությունում արված եզրահանգումը՝ ստեղծվում է իրավիճակ, որ գործադիր իշխանությունը (հանձին՝ համապատասխան լիազոր մարմնի (ղեկավարի) անուղղակի ազդեցություն է ունենում (կարող է ունենալ) նաև հանրային բուհի կառավարման մարմիններից մյուսի՝ կառավարման գործադիր մարմնի կազմավորման վրա: Այս համատեքստում հաշվի առնելով նաև Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 9-րդ կետերի համադրված վերլուծությունից բխող հանրային բուհի կառավարման խորհրդի այն առանցքային լիազորությունը, ըստ որի՝ կառավարման խորհուրդն իրավասու է բուհի գործունեության և զարգացման ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը երկու անգամ անընդմեջ չընդունելով քննարկել և քվեարկել ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը և վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, միաժամանակ ելնելով արդեն իսկ շեշտադրված կառավարման խորհրդի՝ անդամների մեծամասնության նշանակման և ազատման վրա լիազոր մարմնի (ղեկավարի) ազդեցությամբ պայմանավորված կախվածությունից, մեծանում է գործադիր իշխանության ազդեցությունը նաև բուհի կառավարման գործադիր մարմնի՝ ռեկտորի վրա՝ մեծացնելով վերջինիս գործադիր իշխանությունից անուղղակի կախվածությունը (առնվազն ավելացնելով այդպիսի ռիսկերը)՝ անկախ ռեկտորի ինքնուրույնությունն ապահովող՝ Օրենքում տեղ գտած որոշ երաշխիքներից (ինչպիսիք են, օրինակ, Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ, 32-րդ հոդվածի 8-րդ և 37-րդ հոդվածի 13-րդ մասերի համադրված վերլուծությունից բխող հանրային բուհի ռեկտորի բաց մրցույթի միջոցով ընտրության, վերջինիս որևէ կուսակցության մարմնի ղեկավար անդամ չլինելու, քաղաքական զսպվածություն և չեզոքություն դրսևորելու երաշխիքները):

Վերոշարադրյալի հաշվառմամբ և նկատի ունենալով այն, որ հանրային բուհի ռեկտորն ինքն է նշանակում բուհի պրոռեկտորներին (մասնաճյուղի տնօրենի տեղակալներին) (Օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մաս) և աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում բուհի աշխատողներին (Օրենքի 32-րդ հոդվածի 9-րդ մասի 6-րդ կետ), նաև այն, որ հանրային բուհի կառավարման երրորդ մարմնի՝ բուհի ակադեմիական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (որն ակադեմիական խորհրդի նախագահն է), պրոռեկտորները, մասնաճյուղերի ղեկավարները, բուհի կառուցվածքային միավորների ղեկավարները (Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մաս), Օրենքով նախատեսված կանոնակարգումներով ստեղծվում է մի իրավիճակ, ըստ որի՝ գործադիր իշխանությունը (հանձինս՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգում լիազոր մարմնի և նրա ղեկավարի) ստանում է հանրային բուհի կառավարման բոլոր երեք մարմինների վրա առանցքային ազդեցություն: Եվ հաշվի առնելով նաև, որ այդ մարմինների լիազորությունների թվում են այնպիսիները, որոնք անմիջականորեն առնչվում են բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատության հարցերին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոնշյալ օրենսդրական կարգավորումներով անհամաչափորեն սահմանափակվում է հանրային բուհերի ինքնավարությունը, ինչը որպես հետևանք վտանգում է բուհերում՝ գիտակրթական գործընթացի սուբյեկտների ակադեմիական և հետազոտական ազատությունը՝ վերջիններիս համար այդ իրավունքը դարձնելով առավելապես պատրանքային և ոչ իրական:

Բուհական ինքնավարության և ինքնակառավարման տեսանկյունից խնդրահարույց է նաև Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, ըստ որի՝ սահմանված ժամկետում բուհի կառավարման խորհրդի չորս անդամին չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում՝ այդ անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը: Այս իրավակարգավորման առաջնային նպատակը բուհական կառավարման անընդհատության ապահովումն է, որը կենսական նշանակություն ունի ցանկացած կազմակերպության գործունեության համար և ինքնին խնդրահարույց չէ: Միևնույն ժամանակ, վերոհիշյալ, ինչպես նաև Օրենքի այլ դրույթներում առկա չեն կարգավորումներ բուհական ինքնավարության և ինքնակառավարման պաշտպանության և վերականգնման համապատասխան երաշխիքներ սահմանելու վերաբերյալ: Մասնավորապես, սահմանված չէ Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ համալրված անդամների լիազորությունների ժամանակավոր լինելու և բուհի կողմից համապատասխան թեկնածուներ առաջադրելու իրավունքը ցանկացած ժամանակ իրացնելու հնարավորությունը: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ բուհական ինքնակառավարման էությունից բխում է, որ բուհական կառավարման մարմինների գործունեության անընդհատության խնդիրը պետք է լուծվի բուհական ինքնակառավարման սկզբունքի համատեքստում և պարունակի այնպիսի երաշխիքներ, որոնք կապահովեն բուհի՝ կառավարման խորհրդի համապատասխան անդամների առաջադրման իրավունքը՝ անկախ լիազոր մարմնի ղեկավարի կողմից դրանք համալրված լինելու հանգամանքից:

4.4. Անդրադառնալով դիմողի կողմից բարձրացվող՝ Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի, 37-րդ հոդվածի 18-րդ մասի՝ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներին ենթադրյալ անհամապատասխանության հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացրած հիմնավորումները վերաբերում են վիճարկվող հոդվածներով նախատեսված որոշակի վարչական պաշտոնների համար տարիքային սահմանափակումների մասով խտրականության արգելքի դիտանկյունից ենթադրյալ խնդրահարույց կարգավորումներին, այդ թվում՝ ընտրովի վարչական պաշտոններ զբաղեցնող անձանց, համապատասխանաբար՝ գիտական կազմակերպության տնօրենի դեպքում՝ 65 տարին (Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մաս), իսկ բուհում (մասնաճյուղում) վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրված անձի դեպքում՝ 70 տարին լրանալուն (Օրենքի 37-րդ հոդվածի 18-րդ մաս):

Սահմանադրության 29-րդ հոդվածի («Խտրականության արգելքը») համաձայն՝ «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»։

 Սահմանադրական դատարանը նախկինում խտրականության արգելքի սահմանման մասին իր դիրքորոշմամբ նշել է, որ « .… խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ» (ՍԴՈ-1224):

Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձանց նկատմամբ վերը նշված վարչական պաշտոններում պաշտոնավարման սահմանափակումները կիրառվում են նրանց տարիքի հիմքով՝ 65 կամ առանձին դեպքերում՝ 70 տարին լրացած անձանց վերը հիշատակված պաշտոններում պաշտոնավարումը սահմանափակելով։ Հետևաբար՝ խնդրո առարկա իրավակարգավորումներով նախատեսված տարիքի հիմքով տարբերակված վերաբերմունքը ենթակա է քննության Սահմանադրության 29-րդ հոդվածի ներքո։

Նույն կամ համանման կարգավիճակում անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի սահմանադրական արգելքը ոչ բոլոր դեպքերում է բացառում տարբերակված վերաբերմունքը, այլ միայն այն դեպքերում, երբ նման տարբերակված վերաբերմունքը չունի օբյեկտիվ և ողջամիտ արդարացում։ Համանման տարբերակված վերաբերմունքն օբյեկտիվորեն և ողջամտորեն արդարացված կարող է համարվել միայն այն դեպքում, երբ այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և, որին հասնելու համար ընտրված միջոցը համաչափ է այդ նպատակին (Stec and Others v. the United Kingdom, դիմումներ 65731/01 և 65900/01, 2006 թվականի ապրիլի 12-ի վճիռ, § 51, Lithgow and Others v. the United Kingdom, դիմումներ 9006/80 և այլն, 1986 թվականի հուլիսի 8-ի վճիռ, § 177)։

Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքը չի բացառում այնպիսի տարբերակված վերաբերմունքը, որը հիմնված է էականորեն տարբեր փաստական հանգամանքների օբյեկտիվ գնահատականի վրա, և, որը, հետապնդելով հանրային շահ, ապահովում է հետապնդված հանրային շահի և անձի անհատական իրավունքների նկատմամբ հարգանքի միջև արդարացի հավասարակշռությունը (Schwizgebel v. Switzerland, 2010 թվականի հունիսի 10-ի վճիռ, դիմում թիվ 25762/07, § 78)։

Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1605 որոշմամբ վերլուծելով տեսական գրականության մեջ և պրակտիկայում մասնագիտական պիտանիության վերաբերյալ հարցերը, նշել է, որ մասնագիտական պիտանիությունը հոգեբանական, հոգեֆիզիկական հատկությունների, ինչպես նաև հատուկ գիտելիքների, ունակությունների, փորձի ամբողջություն է, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընդունելի արդյունավետությանը հասնելու համար: Մասնագիտական պիտանիությունը մարդուն ի ծնե բնորոշ հատկություն չէ, ձևավորվում է երկարատև մասնագիտական գործունեության արդյունքում, որը ծավալվում է որոշակի սոցիալ-տնտեսական պայմաններում: Ժամանակի ընթացքում ձևավորվում են ոչ միայն մարդու առանձին գործառնական համակարգերը և հոգեկան գործընթացները (մասնագիտական ընկալումը, հիշողությունը, մտածողությունը և այլն), այլև նրա անձը: Կոնկրետ գործունեության համար մասնագիտական պիտանիությունը հիմնվում է որոշակի հոգեբանական, հոգեֆիզիոլոգիական, մարդաբանական, բժշկական և այլ չափանիշների վրա:

Նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթներով վարչական պաշտոնում նշանակված կամ ընտրված անձանց՝ օրենքով սահմանված տարբերակված հիմքը տարիքն է։ Տարիքով պայմանավորված փոխվում են մարդու ֆիզիոլոգիական, հոգեբանական, մտավոր որակները, հետևաբար տարիքային վերը նշված սահմանափակումները՝ մի դեպքում 65, մեկ այլ դեպքում՝ 70, ունեն օբյեկտիվ հիմքեր։ Այդ սահմանափակումներն ունեն ողջամիտ հիմնավորում, որովհետև տարիքին զուգընթաց որպես կանոն տեղի է ունենում աշխատունակության, աշխատանքային ու գիտական գործունեության, նախաձեռնողականության որոշակի կորուստ, ինչը կարող է ազդել աշխատանքի որակի վրա։ Իհարկե այդ ազդեցությունն ունի դրսևորման առանձնահատկություններ՝ կապված մարդու անհատական որակներից ու աշխատանքի տեսակից։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (2004թ. խմբագրությամբ) առնչությամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, գտել է, որ « .... աշխատանքային հարաբերությունների հաստատման (պահպանման) խնդրում օրենքով կամ աշխատանքային պայմանագրով առանձին աշխատողների առնչությամբ սահմանային տարիք նախատեսելն արդարացված է, եթե այն հետապնդում է իրավաչափ նպատակներ, մասնավորապես պայմանավորված է կատարվող աշխատանքի բնույթով կամ առանձնահատկությամբ։ Այս առումով, սահմանադրական դատարանն արդարացի է համարում հանրային (պետական և համայնքային) ծառայության բնագավառը կարգավորող օրենսդրության ակտերով ծառայողի պաշտոնավարման սահմանային տարիք նախատեսելուն զուգընթաց գործատուի և կենսաթոշակային տարիքի հասած ու աշխատանքային նորմատիվ պահանջները բավարարող աշխատողի միջև երկկողմ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու իրավական հնարավորության նախատեսումը և դրա հիման վրա աշխատանքային հարաբերությունների կայունությունն ապահովելը» (ՍԴՈ-792 որոշման 6-րդ կետ):

Դիմողի բարձրաձայնած հարցի շրջանակում Սահմանադրական դատարանի գնահատման առարկան է գիտական կազմակերպության 65 տարին լրացած տնօրենների, ակադեմիական ոլորտի 70 տարին լրացած բուհական աշխատողների, ինչպես նաև բուհական համակարգում վարչական պաշտոններ զբաղեցնող և 65 տարին լրացած անձանց՝ ի տարբերություն իրենց ավելի երիտասարդ գործընկերների, նշված պաշտոններում պաշտոնավարումը շարունակելու անհատական իրավունքների՝ մի կողմից, և հանրային շահի՝ մյուս կողմից, միջև արդարացի հավասարակշռության առկայությունը։ Սույն գործով վիճարկվող իրավադրույթների սահմանադրականության գնահատման շրջանակներում Սահմանադրական դատարանը հանրային շահի մեջ է ներառում բուհերի և գիտական կազմակերպությունների պատշաճ, արդյունավետ գործունեությունը, մատուցվող կրթության բարձր որակի ապահովման իրավաչափ նպատակի սպասարկումը, որի իրականացման անմիջական մասնակիցները գիտական ու ակադեմիական պաշտոնյաններն ու աշխատողներն են:

Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով սույն գործի շրջանակներում քննարկվող տարիքային սահմանափակումների որպես տարբերակում նախատեսող վերաբերմունքի օբյեկտիվ հիմքերի և ողջամիտ հիմնավորման, հետապնդվող իրավաչափ նպատակների և դրան ուղղված սահմանափակման միջոցների միջև համաչափության վերաբերյալ վերլուծությունը, գտնում է, որ գիտական կազմակերպության 65 տարին լրացած տնօրենների, ակադեմիական ոլորտի 70 տարին լրացած բուհական աշխատողների, ինչպես նաև բուհական համակարգում վարչական պաշտոններ զբաղեցնող և 65 տարին լրացած անձանց նկատմամբ նշված պաշտոններում պաշտոնավարման սահմանափակումների տեսքով տարբերակված վերաբերմունքը միտված է իրավաչափ հանրային շահի ապահովմանը, իսկ դրան ուղղված անհատական իրավունքների սահմանափակումները համատեղելի են Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների սահմանափակման չափանիշների իրավական շրջանակներին, համապատասխանում են աշխատանքային իրավունքում պետության որդեգրած աշխատանքային և կենսաթոշակային տարիքի ընդհանուր հայեցակարգին։ Հետևաբար՝ խնդրո առարկա տարբերակված վերաբերմունքի վերաբերյալ իրավական կարգավորումները չեն հակասում օրենքի առջև հավասարության և խտրականության արգելքի մասին Սահմանադրության դրույթներին։

4.5. Անդրադառնալով դիմողի բարձրացրած այն հարցին, թե վիճարկվող Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն առերևույթ չի համապատասխանում Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին, քանի որ հնարավորություն է նախատեսում բուհերի ինքնակառավարման շրջանակներն օրենքից բացի նաև այլ նորմատիվ իրավական ակտով սահմանելու համար, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում տեղ գտած կարգավորմամբ՝ օրենսդրի հայեցողությանն է վերապահվում այդ ինքնավարության շրջանակի սահմանումը, ինչը ենթադրում է լրացուցիչ երաշխիք նաև բուհերի ինքնավարության ապահովման, այդ թվում՝ ակադեմիական և հետազոտությունների ազատության տեսանկյունից:

Վերոշարադյալի լույսի ներքո անդրադառնալով վիճարկվող դրույթում տեղ գտած կարգավորումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում տեղ գտած «...սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան» ձևակերպումը ինքին չի կարող մեկնաբանվել այնպես, թե բուհական ինքնավարության շրջանակների սահմանումը, այդ թվում՝ այդ ինքնավարության սահմանափակումը հնարավոր է օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով՝ հակառակ դեպքում կվտանգի Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված երաշխիքը: Հաշվի առնելով նշված սահմանադրական երաշխիքը՝ Օրենքում օգտագործված «...սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով» ձևակերպումը պետք է ընկալվի այն իմաստով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքից բացի, նշված ինքնավարության շրջանակը կարող է սահմանվել միայն այն նորմատիվ իրավական ակտերով, որոնք իրենց իրավաբանական ուժով ցածր չեն օրենքից, ինչը, սակայն, չի բացառում արդեն իսկ օրենքով ուրվագծված շրջանակներում և դրանց հիման վրա օրենքից ավելի ցածր աստիճանակարգության նորմատիվ իրավական ակտերով մանրամասնումը:

Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքի նշված դրույթի ձևակերպումը Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից ինքնին խնդրահարույց չէ:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 170-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 73-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և հարակից՝ «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հիմնադրամների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի մասով, ճանաչել Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴիլանՅԱՆ

 

 2 օգոստոսի 2021 թվականի

ՍԴՈ-1608

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան