Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-135-Ն
Տիպ
Օրենք
Тип
Ինկորպորացիա (16.07.2005-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.818
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.05.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.06.2005
Дата вступления в силу
16.07.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով, իսկ 3-րդ մասում «երեք» բառը` «յոթ» բառով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 121-րդ հոդվածով.

«Հոդված 121.

Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին

Ավագանու հերթական նիստից  առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի  ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով  և ինտերնետային ցանցի միջոցով:

Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է  դրված լինեն  համայնքի  ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում:

Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:

Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու և դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

 

«Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա  ժամկետում, կարող է պահանջել հրավիրել  ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը իր կարծիքով հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը (այսուհետ` բողոքարկվող որոշում) հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:

Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչև համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռևս չի կատարվել, և եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:

Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որևէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:

Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:
      Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.»:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 77-րդ հոդվածի 3-6-րդ մասերը։

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ գլխով.

«Գ լ ու խ  71.

 

Վարչական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ

 

Հոդված 771.

Վարչական հսկողության բովանդակությունն ու սահմանները

 

Վարչական հսկողությունը  տարածվում է  համայնքի  ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի    ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

 Համայնքի  ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով (այսուհետ` իրավական հսկողություն):

 Համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ  վարչական հսկողությունը սահմանվում է այդ լիազորությունների իրականացման օրինականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով (այսուհետ` մասնագիտական հսկողություն):

Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Հոդված 772.

Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները

Իրավական և  մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ), որոնք իրականացնում են իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

Մարզպետը իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան։

Առանձին դեպքերում մարզպետը իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ։

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:

Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:

Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ մասնագիտական և իրավական հսկողություն կարող  են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի   գրավոր համաձայնությամբ, նրա կամ մարզպետի պահանջով:

Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն արդարադատության նախարարությունն է:

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով:

Հոդված 773.

Վարչական հսկողության կանխարգելիչ (պրևենտիվ) միջոցները

Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով խորհրդատվություն մատուցել նրանց իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:

Իրավական և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են  տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով, սեփական և պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված, տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 774.

Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ և փաստաթղթեր ստանալու իրավունքը

Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաև սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների և անգործության իրավաչափությունը, ինչպես նաև պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:

Իրավական հսկողության բարձրագույն մարմինը և մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները սույն օրենքի 772 -րդ հոդվածով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակած լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով և «Հայաստանի Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 775.

Վարչական  հսկողություն իրականացնելիս կիրառվող միջամտող միջոցառումները

Համայնքի ավագանու` օրենսդրությանը հակասող որոշումները փոփոխելու համար մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ։

Մարզպետի պահանջով հրավիրվող նիստում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատական կարգով:

Համայնքի ղեկավարի` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին հակասող որոշումները փոփոխելու նպատակով մարզպետն իրավունք ունի դիմելու համայնքի ղեկավարին:

 Մարզպետի դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է քննարկել մարզպետի դիմումը և դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ մարզպետի դիմումը չընդունելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անհապաղ ուղարկել մարզպետին: Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից բողոքարկվող որոշումն օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին չհամապատասխանեցնելու դեպքում մարզպետը կարող է բողոքարկվող որոշումն անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետն իրավունք ունի նրանց առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները: Իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի դիմելու դատարան` տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:

Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա մարզպետը վերահսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատի տվյալ բնագավառի լիազոր մարմինը:

Սույն մասով մարզպետի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ և չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:

Մարզպետը, ինչպես նաև մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները` որպես մասնագիտական հսկողություն իրականացնող մարմին, իրավունք ունեն համայնքի ղեկավարին գրավոր ցուցումներ տալու նաև պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ձևի և բովանդակության վերաբերյալ: Այդ ցուցումը կարող է տրվել ինչպես առանձին համայնքի ղեկավարին, այնպես էլ բոլոր համայնքների ղեկավարներին:

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաև սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր և հիմնավորված:

Հոդված 776.

Վարչական հսկողության միջոցառումների բողոքարկումը

Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են  բողոքարկվել դատարան:»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 24
Երևան
ՀՕ-135-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան